Գրքեր և դասեր
Գլուխ 25. Ծոմապահություն


Գլուխ 25

Ծոմապահություն

A Fijian man in an outdoor setting.  He is holding a copy of the scriptures and has his eyes closed in prayer.

Ինչպես պատշաճ ծոմ պահել

  • Ի՞նչ կարող ենք անել, որ ծոմապահությունն ուրախ փորձառություն դառնա:

Ադամի ժամանակից ի վեր Աստծո մարդիկ ծոմ են պահել, որ Աստված օգնի նրանց մոտենալ Իրեն և երկրպագել: Հիսուսն իր իսկ օրինակով ցույց տվեց ծոմ պահելու կարևորությունը (տես Ղուկաս Դ.1–4): Վերջին օրերի հայտնությունների միջոցով մենք սովորում ենք, որ Տերը դեռևս ակնկալում է, որ Իր ժողովուրդը հաճախ ծոմ պահի ու աղոթի (տես ՎևՈւ 88.76):

Ծոմ պահել նշանակում է ուտելիք և ըմպելիք չօգտագործել: Ժամանակ առ ժամանակ ծոմ պահելը օգտակար է մեր մարմնի համար և մեր միտքը գործուն է դարձնում:

Փրկիչը մեզ ուսուցանել է, որ նպատակով ծոմ պահելն ավելին է, քան ուտելիք և ըմպելիք չօգտագործելը: Մենք պետք է նաև կենտրոնանանք հոգևոր գործերի վրա:

Երբ ծոմ ենք պահում, մենք պետք է աղոթենք:

Աղոթքը ծոմապահության անհրաժեշտ մասն է: Սուրբ գրություններում ամենուր աղոթքը և ծոմապահությունը միասին են նշվում: Մեր ծոմապահությունը պետք է ուղեկցվի անկեղծ աղոթքով, և մենք պետք է սկսենք և ավարտենք մեր ծոմապահությունը աղոթքով:

Մենք պետք է ծոմ պահենք նպատակով

Ծոմապահությունը կարող է բազմաթիվ նպատակներ ունենալ: Մենք կարող ենք թուլություններ կամ խնդիրներ հաղթահարել ծոմ պահելով և աղոթելով: Երբեմն մենք կարող ենք ցանկանալ ծոմ պահել և աղոթել ուրիշների համար օգնություն կամ առաջնորդություն հայցելու նպատակով, ինչպես օրինակ՝ ընտանիքի անդամի համար, որը հիվանդ է և օրհնության կարիք ունի (տես Մոսիա 27.22–23): Ծոմապահության միջոցով մենք կարող ենք իմանալ բաների ճշմարտությունը, ինչպես Ալմա մարգարեն Մորմոնի Գրքում: Նա ասել է. «Ես ծոմ եմ պահել ու աղոթել շատ օրեր, որ ես ինքս կարողանայի իմանալ այս բաները: Եվ այժմ, ես ինքս գիտեմ, որ դրանք ճշմարիտ են. քանզի Տեր Աստված դրանք հայտնի դարձրեց ինձ Սուրբ Հոգու միջոցով. և դա հայտնության ոգին է, որն իմ մեջ է» (Ալմա 5.46):

Մենք կարող ենք ծոմ պահել ուրիշներին օգնելու համար, որ ընդունեն ճշմարտությունը: Ծոմապահությունը կարող է մեզ մխիթարել վշտի և սգո ժամանակ (տես Ալմա 28.4–6): Ծոմապահությունը մեզ կարող է օգնել խոնարհ դառնալ և ավելի մոտ զգալ մեր Երկնային Հորը (տես Հելաման 3.35):

Ծոմապահության ժամանակ մեր նպատակը չպետք է լինի ուրիշների վրա տպավորություն թողնելը: Տերը խորհուրդ է տվել.

«Երբ ծոմ պահէք, տրտմերես մի՛ լինէք կեղծաւորների նման, որոնք իրենց երեսները տխրեցնում են, որպէսզի մարդկանց այնպէս երեւան, թէ ծոմ են պահում.

Ճշմարիտ եմ ասում ձեզ, ա՛յդ իսկ է նրանց վարձը։

Այլ երբ դու ծոմ պահես, օծի՛ր քո գլուխը եւ լուա՛ քո երեսը, որպէսզի չերեւաս մարդկանց որպէս ծոմ պահող» (Մատթեոս Զ.16–18):

Մենք պետք է ծոմ պահելիս զվարթ լինենք և մեր ծոմապահությունը չգովազդենք ուրիշներին:

  • Ինչպե՞ս է մեր վերաբերմունքն ազդում ծոմի մեր փորձառության վրա:

Ծոմի օրը

Վերջին օրերի սրբերը յուրաքանչյուր ամսվա մեկ կիրակին պահում են որպես ծոմի օր: Այդ օրը երկու հաջորդական ճաշաժամի ընթացքում մենք հրաժարվում ենք ուտելիքից և ըմպելիքից: Եթե մենք ընթրում ենք շաբաթ երեկոյան, ապա ոչինչ չենք ուտի և չենք խմի մինչև կիրակի օրվա ընթրիքը:

Բոլոր անդամները, որոնք ֆիզիկապես ունակ են, պետք է ծոմ պահեն: Մենք պետք է քաջալերենք մեր երեխաներին, իրենց մկրտությունից հետո, որ ծոմ պահեն, սակայն երբեք չպետք է ստիպենք նրանց: Ծոմի օրը հատուկ օր է մեզ համար, որպեսզի Տիրոջ առաջ խոնարհվենք ծոմով ու աղոթքով: Դա մեր մեղքերից ներում և ուժ խնդրելու օր է, որպեսզի հաղթահարենք մեր թուլությունները և ներենք ուրիշներին:

Ծոմի կիրակի օրը Եկեղեցու անդամները հավաքվում են միասին և ճաշակում հաղորդությունից: Նրանք ամրանում են և միմյանց ամրացնում՝ վկայություն բերելով ծոմի և վկայության ժողովին:

  • Ինչպե՞ս եք դուք օրհնվել՝ կիսվելով ձեր վկայությամբ ծոմի և վկայության ժողովին: Ինչպե՞ս եք դուք օրհնվել, երբ ուրիշներն են կիսվել իրենց վկայությամբ:

Ծոմի նվիրատվություններ

  • Ինչո՞ւ ենք մենք ծոմի նվիրատվություններ վճարում:

Երբ մենք ամեն ամիս ծոմ ենք պահում, Տերը խնդրում է, որ մենք օգնենք կարիքավորներին: Մի ձևը, որով մենք անում ենք դա, քահանայության պատշաճ իշխանություն կրողի միջոցով այն գումարը նվիրելն է, որը մենք ծախսած կլինեինք երկու ճաշի համար: Մենք պետք է որքան կարող ենք շռայլ լինենք նվիրելիս: Ծոմի նվրատվության միջոցով մենք միանում ենք Տիրոջը՝ օժանդակելով մեր ավելի պակաս հաջողակ եղբայրներին ու քույրերին:

Մենք օրհնվում ենք, երբ ծոմ ենք պահում

  • Ի՞նչ օրհնություններ կարող ենք ստանալ, երբ մենք պատշաճ ձևով ծոմ ենք պահում:

Եսայիան՝ Հին Կտակարանի մարգարեն, գրել է Տիրոջ հարուստ խոստումների մասին նրանց համար, ովքեր ծոմ են պահում և օգնում կարիքավորներին: Մեզ խոստացվում է խաղաղություն, բարելավված առողջություն և հոգևոր առաջնորդություն: Եսայիան մեզ ասում է այն օրհնությունների մասին, որոնք գալիս են, երբ ծոմ ենք պահում. «Այն ժամանակ այգաբացի պէս պիտի ծաւալուի քո լոյսը, եւ արագօրէն պիտի հասնի քո ապաքինումը, քո առջեւից պիտի ընթանայ քո արդարութիւնը, եւ Աստծու փառքը պիտի պահպանի քեզ։ Այն ժամանակ պիտի կանչես, եւ Աստուած պիտի լսի քեզ. մինչեւ դու խօսես, նա պիտի ասի. Ահա ես» (Եսայիա ԾԸ.8–9):

Ծոմապահությունը բարելավում է մեր կյանքը և ավելացնում մեր ուժը: Այն օգնում է մեզ ապրել ավետարանի մյուս սկզբունքներով, որովհետև այն մեզ մոտեցնում է Տիրոջը:

Ծոմապահությունը ուսուցանում է ինքնատիրապետում:

Ծոմապահությունը մեզ օգնում է ամրացնել բնավորությունը: Երբ պատշաճ ձևով ծոմ ենք պահում, մենք կսովորենք կառավարել մեր ցանկություններն ու կրքերը: Մենք ավելի են ուժեղանում, ինքներս մեզ ապացուցելով, որ ինքնատիրապետում ունենք: Եթե մեր երեխաներին սովորեցնենք ծոմ պահել, նրանք հոգևոր ուժ կզարգացնեն, որպեսզի ավելի մեծ գայթակղություններ հաղթահարեն իրենց կյանքում:

Ծոմապահությունը մեզ հոգևոր ուժ է պարգևում

Երբ իմաստությամբ ու աղոթքով ծոմ ենք պահում, մենք զարգացնում ենք մեր հավատքը: Այդ հավատքով մենք ավելի մեծ հոգևոր զորություն կունենանք: Օրինակ՝ Ալման (Մորմոնի Գրքի մարգարեներից մեկը) պատմում է Մոսիայի որդիների զարմանահրաշ դարձի գալուց տարիներ հետո կրկին նրանց հանդիպելու մասին: Նա մեծ ուրախություն ապրեց, երբ իմացավ, որ նրանք ամրացրել էին իրենց հավատքը և մեծ հոգևոր ուժ էին զարգացրել: Նրանք այդ ուժը ձեռք էին բերել, որովհետև «նրանք նվիրվել էին շատ աղոթքի ու ծոմի. այդ պատճառով նրանք ունեին մարգարեության ոգին ու հայտնության ոգին» (Ալմա 17.3):

Մոսիայի որդիները 14 տարի ուսուցանել էին Լամանացիներին: Քանի որ Մոսիայի որդիները ծոմ էին պահել ու աղոթել, Տիրոջ Հոգին ավելացրել էր նրանց խոսքերի զորությունը: Դա նրանց մեծ հաջողություն էր տվել միսիոներական աշխատանքի մեջ: (Տես Ալմա 17.4):

Փրկիչն ասել է նրանց, ովքեր պատշաճ ձևով ծոմ են պահում. «Քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կը հատուցի քեզ հայտնաբար» (Մատթեոս Զ.18):

  • Ինչպե՞ս կարող ենք մեր հոգևոր ուժը մեծացնել, որպեսզի դիմակայենք գայթակղություններին, որպեսզի հայտնություն ստանանք, որպեսզի արդար գործեր անենք:

Լրացուցիչ սուրբ գրություններ