Գլուխ 12
Քավություն
Քավությունն անհրաժեշտ է մեր փրկության համար
-
Ինչո՞ւ է Քավություն անհրաժեշտ մեր փրկության համար:
Հիսուս Քրիստոսը «եկավ աշխարհ … աշխարհի համար խաչվելու, և աշխարհի մեղքերը կրելու, և աշխարհը սրբագործելու, և այն անիրավությունից մաքրելու համար. որ նրա միջոցով կարողանան փրկվել բոլորը» (ՎևՈւ 76.41–42): Մեծ զոհաբերությունը, որ Նա կատարեց, որպեսզի վճարի մեր մեղքերի համար և հաղթի մահին, կոչվում է Քավություն: «Քանզի անհրաժեշտ է, որ մի քավություն արվի. քանզի Հավերժական Աստծո մեծ ծրագրի համաձայն, պետք է մի քավություն արվի, այլապես, ողջ մարդկությունը պետք է անխուսափելիորեն ոչնչանա … այո, բոլորն ընկած են և կորած, և պետք է ոչնչանան, եթե դա չլինի քավության միջոցով» (Ալմա 34.9):
Ադամի Անկումը երկու տեսակի մահ բերեց աշխարհ՝ ֆիզիկական մահ և հոգևոր մահ: Ֆիզիկական մահը մարմնի և հոգու առանձնացումն է: Հոգևոր մահը Աստծուց առանձնացումն է: Եթե մահվան այս երկու տեսակը չհաղթահարվեր Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով, երկու հետևանք կունենայինք՝ մեր մարմինը և հոգին հավերժ առանձին կլինեին, և մենք չէինք կարող կրկին մեր Երկնային Հոր հետ ապրել (տես 2 Նեփի 9.7–9):
Բայց մեր իմաստուն Երկնային Հայրը պատրաստեց հրաշալի, ողորմած ծրագիր, որպեսզի մեզ ազատի ֆիզիկական և հոգևոր մահից: Նա ծրագրեց, որ Փրկիչը գա երկիր և ազատի (փրկագնի) մեզ մեր մեղքերից և մահից: Մեր մեղքերի և մահկանացու մարմնի թուլության պատճառով մենք չէինք կարող ինքնուրույն փրկվել (տես Ալմա 34.10–12): Մեր Փրկիչը պետք է լիներ անմեղ և զորություն ունենար մահվան վրա:
Հիսուս Քրիստոսը միակն էր, որ կարող էր քավել մեր մեղքերը
-
Ինչո՞ւ էր Հիսուս Քրիստոսը միակը, որ կարող էր քավել մեր մեղքերը:
Կան մի քանի պատճառներ, թե ինչու էր Հիսուս Քրիստոսը միակ մարդը, որ կարող էր մեր Փրկիչը լինել: Մի պատճառն այն է, որ Երկնային Հայրը ընտրեց Նրան լինելու Փրկիչը: Նա Աստծո Միածին Որդին էր և, հետևաբար, զորություն ուներ մահվան վրա: Հիսուսը բացականչեց. «Իմ անձը դնում եմ, որպեսզի դարձյալ առնեմ նորան: Ոչ ով նորան վեր չէ առնում ինձանից. այլ ես ինքս եմ ինձանից դնում նորան: Ես իշխանություն ունիմ նորան դնելու և իշխանություն ունիմ նորան դարձյալ առնելու» (Հովհաննես Ժ.17–18):
Հիսուսը նաև արժանացավ լինելու մեր Փրկիչը, որովհետև Նա միակ մարդն էր, որը երբևէ ապրել է երկրի վրա և չի մեղանչել: Դա Նրան արժանի զոհ դարձրեց, որ վճարի մյուսների մեղքերի համար:
Քրիստոսը տառապեց և մահացավ, որ քավի մեր մեղքերը
-
Այս բաժինը կարդալիս ձեզ պատկերացրեք Գեթսեմանի այգում կամ խաչի մոտ՝ որպես Հիսուս Քրիստոսի տառապանքի վկա:
Փրկիչը քավեց մեր մեղքերը՝ տառապելով Գեթսեմանում և Իր կյանքը տալով խաչի վրա: Մեզ համար հնարավոր չէ լիովին հասկանալ, թե ինչպես Նա տառապեց մեր բոլոր մեղքերի համար: Գեթսեմանի Այգում մեր մեղքերի ծանրությունը Նրան այնպիսի տառապանք պատճառեց, որ Նա արյունահոսում էր յուրաքանչյուր ծակոտիով (տես ՎևՈւ 19.18–19): Ավելի ուշ, խաչի վրա կախված Հիսուսը տառապանքով լի մահ կրեց՝ մարդուն հայտնի ամենադաժան ձևով:
Որքան շատ է Հիսուսը սիրում մեզ, որ նման հոգևոր և ֆիզիկական հոգևարք կրեց մեզ համար: Որքան մեծ է Երկնային Հոր սերը, որ Նա Իր Միածին Որդուն ուղարկեց, որ տառապի և մահանա Իր մյուս զավակների համար: «Որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհքը որ իր միածին Որդին տուավ. որ ամեն նորան հավատացողըչկորչի, այլ հավիտենական կյանքն ունենա» (Հովհաննես Գ.6):
Քավությունը և Հարությունը Հարություն են պարգևում բոլորին
Իր Խաչելությունից հետո երրորդ օրը Քրիստոսը կրկին վերցրեց Իր մարմինը և դարձավ առաջին մարդը, որ հարություն առավ: Երբ Նրա ընկերները գնացին փնտրելու Նրան, Նրա գերեզմանը հսկող հրեշտակներն ասացին նրանց. «Այստեղ չէ. որովհետև հարություն առավ, ինչպես ասեց» (Մատթեոս ԻԸ.6): Նրա հոգին կրկին միացավ Նրա մարմնին, որպեսզի այլևս չառանձնանա:
Այսպիսով Քրիստոսը հաղթեց ֆիզիկական մահին: Նրա Քավության շնորհիվ, այս երկրի վրա ծնված ամեն ոք հարություն կառնի (տես Ա Կորնթացիս ԺԵ.21–22): Ճիշտ ինչպես Հիսուսը հարություն առավ, մեր հոգիները կմիավորվեն մեր մարմինների հետ, «այնպես որ նրանք այլևս չեն կարող մեռնել … երբեք չբաժանվելու» (Ալմա 11.45): Այս վիճակը կոչվում է անմահություն: Բոլոր մարդիկ, որ երբևէ ապրել են, հարություն կառնեն, «ծեր ու երիտասարդ, ճորտ ու ազատ, տղամարդ ու կին, ամբարիշտ ու արդար» (Ալմա 11.44):
-
Ինչպե՞ս է Հարության մասին ձեր գիտելիքը օգնել ձեզ:
Քավությամբ հնարավոր է դառնում, որպեսզի նրանք, ովքեր հավատ ունեն առ Քրիստոս, փրկվեն իրենց մեղքերից
-
Մտածեք, թե ինչպես է այս բաժնի առակը օգնում մեզ հասկանալ Քավությունը: Այս առակի մարդիկ ո՞ւմ են ներկայացնում մեր կյանքում:
Փրկչի Քավությունը մեզ համար հնարավոր է դարձնում հոգևոր մահը հաղթահարելը: Թեև բոլոր մարդիկ հարություն կառնեն, հոգևոր մահից կփրկվեն միայն նրանք, ովքեր կընդունեն Քավությունը (տես Հավատո Հանգանակ 1.3):
Մենք ընդունում ենք Քրիստոսի Քավությունը՝ Նրա վրա դնելով մեր հավատը: Այդ հավատի շնորհիվ, մենք ապաշխարում ենք մեր մեղքերից, մկրտվում, ստանում ենք Սուրբ Հոգին և հնազանդվում Նրա պատվիրաններին: Մենք դառնում ենք Հիսուս Քրիստոսի հավատարիմ աշակերտները: Մենք թողություն ենք ստանում, մաքրվում մեր մեղքերից և պատրաստվում վերադառնալ և հավերժ ապրել մեր Երկնային Հոր հետ:
Փրկիչը մեզ ասում է. «Քանզի ահա, ես՝ Աստվածս, տառապել եմ այս բաները բոլորի համար, որպեսզի նրանք չտառապեն … ճիշտ ինչպես ես» (ՎևՈւ 19.16–17): Քրիստոսը կատարեց Իր մասը, որպեսզի քավի մեր մեղքերը: Որպեսզի Նրա Քավությունը լիովին գործի մեր կյանքում, մենք պետք է ձգտենք հնազանդվել Նրան և ապաշխարենք մեր մեղքերից:
Տասներկուսի Խորհրդից Նախագահ Բոյդ Ք. Փաքերը այսպես է մեկնաբանում, ցույց տալով, թե ինչպես է Քրիստոսի Քավությունը հնարավոր դարձնում մեղքից փրկվելը, եթե մենք էլ մեր մասն ենք կատարում:
«Ձեզ մի առակ կպատմեմ:
Մի մարդ կար, որն ինչ-որ մեծ փափագ ուներ: Թվում էր դա իր կյանքում ամենակարևոր բանն էր: Իր ցանկությունն իրականացնելու համար, նա մեծ պարտք վերցրեց:
Նրան զգուշացրեցին այդքան մեծ պարտքի և, հատկապես, իր պարտատիրոջ մասին: Բայց նրա համար չափազանց կարևոր էր թվում դա անելը և իր փափագած իրն ունենալը: Նա վստահ էր, որ հետագայում կկարողանա վճարել դրա դիմաց:
Նա համաձայնագիր ստորագրեց: Նա պետք է որոշ ժամանակի ընթացքում վճարեր իր պարտքը: Նա շատ չէր անհանգստանում դրա համար, քանի որ ժամկետը շատ հեռու էր թվում: Նա այժմ ուներ իր համար բաղձալի բանը, և դա էր ամենակարևորը:
Պարտատերը միշտ նրա մտքի մի հեռավոր անկյունում էր, և նա երբեմն վճարումներ էր կատարում, մտածելով, որ գումարը վերադարձնելու օրը իրականում երբեք չի գալու:
Սակայն, ինչպես միշտ այդ օրը եկավ և համաձայնագրի ժամկետը լրացավ: Պարտքը լիովին չէր վճարվել: Պարտատերը հայտնվեց և պահանջեց լրիվ գումարը:
Միայն այդ ժամանակ նա հասկացավ, որ իր պարտատերը իշխանություն ունի ոչ միայն իր ողջ ունեցվածքը վերցնելու, այլև իրեն բանտ նետելու:
«Ես չեմ կարող վճարել քեզ, քանի որ կարողությունս չի ներում», - խոստովանեց նա:
«Ուրեմն,- ասաց պարտատերը, - ուժի մեջ կմտնի համաձայնագիրը, կվերցնեմ քո ունեցվածքը և դու կգնաս բանտ: Դու տվել ես քո համաձայնությունը: Դա քո ընտրությունն էր: Դու ստորագրել ես համաձայնագիրը, և այժմ այն պետք է գործի մեջ դրվի»:
«Կարո՞ղ եք երկարացնել ժամկետը կամ ներել պարտքը»,- խնդրեց պարտապանը: «Եկեք ինչ-որ կերպ պայմանավորվենք, որպեսզի կարողանամ ունեցվածքս պահել և բանտ չգնալ: Անշուշտ դուք հավատում եք ողորմածությանը: Ողորմած չե՞ք լինի»:
Պարտատերը պատասխանեց. «Ողորմածությունը միշտ միակողմանի է աշխատում: Դա կարող է միայն ի օգուտ քեզ լինել: Եթե ես ողորմածություն ցուցաբերեմ, առանց փող կմնամ: Ես արդարությունն եմ պահանջում: Դու հավատո՞ւմ ես արդարությանը»:
«Ես հավատում էի արդարությանը, երբ համաձայնագիրը ստորագրեցի, - պարտապանն ասաց,- Այն իմ կողմում էր այն ժամանակ, քանի որ մտածում էի, որ այն կպաշտպանի ինձ: Այն ժամանակ ես ողորմածության կարիք չունեի, ոչ էլ կարծում էի, թե երբևէ դրա կարիքը կունենամ: Կարծում էի, որ արդարությունը հավասարապես կծառայի երկուսիս»:
«Արդարությունը պահանջում է, որ դու վճարես ըստ համաձայնագրի կամ պատիժ կրես, - ասաց պարտատերը,- Դա է օրենքը: Դու համաձայնվել ես և այդպես պետք է լինի: Ողորմածությունը չի կարող կողոպտել արդարությանը»:
Այսպիսին էր իրավիճակը՝ մեկը պահանջում էր արդարություն, իսկ մյուսը աղերսում էր ողորմածություն: Չէր կարող դրանցից մեկը մյուսի հաշվին գերիշխել:
«Եթե դու չներես պարտքը, ողորմածություն չի լինի», - ասաց պարտապանը:
«Եթե ես անեմ դա, արդարություն չի լինի», - եղավ պատասխանը:
Կարծես երկու օրենքն էլ չի աշխատում: Դրանք երկու հավերժական իդեալներ են, որոնք կարծես հակասում են միմյանց: Չկա՞ արդյոք միջոց, որ և արդարությունը լիովին գործի, և ողորմածությունը:
Կա միջոց: Արդարության օրենքը կարող է լիովին բավարարվել և ողորմածությունը կարող է լիովին ընդլայնվել, բայց դա ընդգրկում է մեկ ուրիշին ևս: Եվ այդպես եղավ նաև այս դեպքում:
«Պարտապանը ընկեր ուներ: Նա օգնության եկավ: Նա պարտապանին լավ էր ճանաչում: Գիտեր, որ նա կարճատես է: Նա մտածում էր, որ անմտություն է սեփական անձը նման անախորժ վիճակում դնելը: Սակայն, նա ցանկանում էր օգնել, որովհետև սիրում էր նրան: Նա կանգնեց նրանց միջև, պարտատիրոջը դեմ առ դեմ, և այսպիսի առաջարկ արեց:
«Ես կվճարեմ պարտքը, եթե դու ազատես պարտապանին իր համաձայնագրից, որպեսզի նա կարողանա պահել իր ունեցվածքը և չընկնի բանտ»:
Երբ պարտատերը մտածում էր այդ առաջարկի մասին, միջնորդն ավելացրեց. «Դու արդարություն ես պահանջում: Քանի որ նա չի կարող վճարել քեզ, ես կվճարեմ: Դու արդար վերաբերմունքի կարժանանս, և քեզ այլևս ոչինչ պետք չի լինի: Դա արդար չէր լինի»:
Պարտատերը համաձայնվեց:
Ապա միջնորդը շրջվեց դեպի պարտապանը: «Եթե ես վճարեմ քո պարտքը, կընդունե՞ս ինձ որպես քո պարտատեր:
«Օ՜, այո»,- բացականչեց պարտապանը: «Դու ինձ ազատում ես բանտից, ողորմածություն ցուցաբերելով իմ հանդեպ»:
«Ուրեմն, դու պարքդ կվճարես ինձ, և ես կդնեմ ժամկետը»,- ասաց բարերարը: Հեշտ չի լինի, սակայն հնարավոր կլինի: Ես միջոցը կգտնեմ: Դու բանտ չես գնա»:
Այսպիսով, պարտատիրոջը լիովին վճարվեց: Նա արդար վերաբերմունքի արժանացավ: Ոչ մի համաձայնագիր չխախտվեց:
Պարտապանի հանդեպ ողորմածություն ցուցաբերվեց: Երկու օրենքներն էլ կատարվեցին: Միջնորդի շնորհիվ արդարությունը հայցեց իր ողջ բաժինը, և ողորմածությունը լիովին բավարարվեց» (in Conference Report, Apr. 1977, 79–80; կամ Ensign, May 1977, 54–55):
Մեր մեղքերը մեր հոգևոր պարտքերն են: Առանց Հիսուս Քրիստոսի, որը մեր Փրկիչն ու Միջնորդն է, մենք բոլորս պետք է վճարեինք մեր մեղքերի համար՝ կրելով հոգևոր մահ: Սակայն Նրա շնորհիվ, եթե մենք պահենք նրա պայմանները, որոնք են ապաշխարել և պահել Նրա պատվիրանները, մենք կարող ենք վերադառնալ ապրելու մեր Երկնային Հոր հետ:
Հրաշալի է, որ Քրիստոսը մեզ ճանապարհ է տվել բուժվելու մեր մեղքերից: Նա ասաց.
«Ահա, ես եկել եմ աշխարհ … փրկելու աշխարհը մեղքից:
Հետևաբար, ով որ ապաշխարում է և գալիս ինձ մոտ ինչպես մի փոքր երեխա, նրան ես կընդունեմ, քանզի այդպիսիներինն է Աստծո արքայությունը: Ահա, այդպիսիների համար եմ ես իմ կյանքը ցած դրել, և վերցրել այն կրկին. ուստի ապաշխարե՛ք և եկե՛ք ինձ մոտ, դո՛ւք, աշխարհի՛ ծայրեր, և փրկվե՛ք» (3 Նեփի 9.21–22):
-
Մտածեք, ինչպես կարող եք երախտագիտություն ցուցաբերել Քավության պարգևի համար:
Լրացուցիչ սուրբ գրություններ
-
Ալմա 34.9–16 (Քավություն է անհրաժեշտ. Աստծո զոհաբերություն)
-
2 Նեփի 9.7–12 (Քավությունը փրկում է մեզ ֆիզիկական և հոգևոր մահից)
-
Հռովմայեցիս Ե.12–17 (մեկի միջոցով եկավ մահ, մեկի միջոցով եկավ կյանք)
-
Հելաման 14.15–18 (Հիսուսի մահվան նպատակը)
-
Հավատո Հանգանակ 1.3 (բոլորը կարող են փրկվել)
-
Ա Պետրոս Ա.18–20 (Հիսուսը նախակարգված էր)
-
Մատթեոս ԺԶ.21 (Հիսուսի զոհաբերությունն անհրաժեշտ էր)
-
Ղուկաս ԻԲ.39–46 (Հիսուսի տառապանքը պարտեզում)
-
Ա Հովհաննես Ա.7 (Հիսուսը մաքրում է մեղքից)
-
2 Նեփի 9.21–22 (Փրկիչը տառապեց բոլոր մարդկանց համար)
-
Մոսիա 16.6–8 (հարությունը հնարավոր է միայն Հիսուսի միջոցով)
-
Ալմա 11.40–45; Մորմոն 9.12–14 (բոլորը հարություն կառնեն)
-
Եսայիա Ա.18 (մեղքերը պիտի սպիտակ դառնան)
-
Ա Կորնթացիս ԺԵ.40–44; Ալմա 40.23 (Հարության նկարագրությունը)