Գլուխ 6
Ադամի և Եվայի Անկումը
Ադամն ու Եվան առաջինը եկան աշխարհ
-
Ի՞նչ փաստեր են օգնում մեզ ըմբռնել, որ Ադամն ու Եվան քաջարի հոգիներ էին:
Աստված պատրաստել է այս երկիրը որպես տուն Իր զավակների համար: Ադամն ու Եվան ընտրվեցին լինելու առաջին ծնողները, որոնք պետք է ապրեին երկրի վրա (տես Մովսես 1.34; 4.26): Մեր Հոր ծրագրում նրանց գործն էր մահկանացու կյանքի սկիզբը դնել աշխարհի վրա: Նրանք պետք է լինեին առաջին ծնողները: (Տես ՎևՈւ 107.54–56:)
Ադամն ու Եվան մեր Հոր ազնվազարմ զավակների շարքում էին: Հոգևոր աշխարհում Ադամը կոչվում էր Միքայել հրեշտակապետ (տես ՎևՈւ 27.11; Հուդա Ա.9): Մեր Երկնային Հայրն ընտրեց նրան, որ Սատանայի դեմ կռվում առաջնորդի արդարակյացներին (տես Հայտնություն ԺԲ.7–9): Ադամն ու Եվան նախակարգվել էին դառնալու մեր առաջին ծնողները: Տերն Ադամին մեծ օրհնություններ խոստացավ. «Ես քեզ դրել եմ, որ լինես գլխավերևում. ազգերի բազմություն կծնվի քեզանից, և դու նրանց վրա իշխան կլինես հավիտյան» (ՎևՈւ 107.55):
Եվան բոլոր կենդանի էակների մայրն էր Մովսես 4.26): Աստված Ադամին և Եվային ամուսնացրեց, որովհետև «լավ չէ, որ մարդը մենակ լինի» (Մովսես 3.18; տես նաև Ա Կորնթացիս ԺԱ.11): Նա կիսում էր Ադամի պատասխանատվությունը և կիսելու էր նաև նրա հավերժական օրհնությունները:
-
Ի՞նչ կարող ենք մենք սովորել Ադամի և Եվայի օրինակներից:
Եդեմի Պարտեզը
-
Ինչպիսի՞ պայմաններում էին Ադամն ու Եվան ապրում Եդեմի Պարտեզում:
Երբ Ադամն ու Եվան տեղադրվեցին Եդեմի Պարտեզում, նրանք դեռևս մահկանացու չէին: Այդ վիճակում «նրանք երեխաներ չէին կարող ունենալ» (2 Նեփի 2.23): Մահ չկար: Նրանք ֆիզիկական կյանքով էին ապրում, որովհետև նրանց հոգիները ֆիզիկական մարմնի մեջ էին բնակվել, որը պատրաստվել էր հողից (տես Մովսես 6.59; Աբրահամ 5.7): Նրանք հոգևոր կյանքով էին ապրում, որովհետև գտնվում էին Աստծո ներկայության մեջ: Նրանք դեռևս բարու և չարի միջև ընտրություն չէին կատարել:
Աստված պատվիրեց նրանց երեխաներ ունենալ: Նա ասաց. «Պտղաբեր եղեք և բազմացեք, լցրեք երկիրը և տիրեք նրան և իշխեք … երկրի վրա շարժվող ամեն կենդանու վրա» (Մովսես 2.28): Աստված ասաց նրանց, որ կարող են ազատորեն ուտել պարտեզի բոլոր ծառերից, բացի մեկից՝ բարու և չարի գիտության ծառից: Այդ ծառի համար Աստված ասաց. «Այն օրը, երբ դու ուտես դրանից, դու անկասկած կմեռնես» (Մովսես 3.17):
Սատանան, չիմանալով Աստծո միտքը, սակայն ձգտելով կործանել Աստծո ծրագիրը, մոտեցավ Եվային Եդեմի Պարտեզում: Նա գայթակղեց Եվային, որ ուտի բարու և չարի գիտության ծառի պտղից: Նա հավաստիացրեց Եվային, որ նա և Ադամը չեն մեռնի, այլ «աստվածների պես կլինեն՝ բարին և չարը գիտեցող» (Մովսես 4.11): Եվան տեղի տվեց գայթակղությանը և կերավ այդ պտուղը: Երբ Ադամը իմացավ, նա ևս որոշեց ճաշակել դրանից: Պտուղն ուտելու հետևանքով Ադամի և Եվայի հետ տեղի ունեցած փոփոխությունը կոչվում է Անկում:
Ադամի և Եվայի Բաժանումն Աստծուց
-
Ի՞նչ ֆիզիկական և հոգևոր փոփոխություններ կատարվեցին Ադամի և Եվայի մեջ իրենց օրինազանցության արդյունքում:
Քանի որ Ադամն ու Եվան կերան բարու և չարի գիտության ծառի պտղից, Տերը նրանց Եդեմի Պարտեզից դուրս հանեց աշխարհ: Նրանց ֆիզիկական վիճակը փոխվեց արգելված պտուղն ուտելու արդյունքում: Ինչպես Աստված խոստացել էր, նրանք մահկանացու դարձան: Նրանք և իրենց երեխաները պետք է ճաշակեին հիվանդություն, ցավ և ֆիզիկական մահ:
Իրենց օրինազանցության պատճառով, Ադամն ու Եվան նաև հոգևոր մահ կրեցին: Դա նշանակում էր, որ նրանք և իրենց երեխաները չէին կարող քայլել և դեմառդեմ խոսել Աստծո հետ: Ադամը, Եվան և իրենց երեխաները բաժանվեցին Աստծուց՝ թե ֆիզիկապես և թե հոգեպես:
Մեծ օրհնություններ եկան օրինազանցության արդյունքում
-
Ինչպե՞ս է Անկումը հնարավորություն ընձեռում մեզ դառնալ մեր Երկնային Հոր պես:
Որոշ մարդիկ հավատում են, որ Ադամն ու Եվան ծանր մեղք գործեցին, երբ բարու և չարի գիտության ծառի պտղից ճաշակեցին: Ինչևէ, վերջին օրերի սուրբ գրություններն օգնում են մեզ հասկանալ, որ նրանց Անկումը անհրաժեշտ քայլ էր կյանքի ծրագրում և մեծ օրհնություն բոլորիս համար: Անկման շնորհիվ մենք օրհնվեցինք ֆիզիկական մարմնով, բարու և չարի միջև ընտրելու իրավունքով և հավերժական կյանք ստանալու հնարավորությամբ: Այդ արտոնություններից ոչ մեկը չէինք ունենա, եթե Ադամն ու Եվան մնային պարտեզում:
Անկումից հետո, Եվան ասաց. «Եթե չլիներ մեր օրինազանցությունը, մենք երբեք [երեխաներ] չէինք ունենա, և երբեք չէինք գիտենա բարին և չարը, և մեր փրկագնման ուրախությունը, և հավերժական կյանքը, որն Աստված տալիս է բոլոր հնազանդներին» (Մովսես 5.11):
Լեքի մարգարեն բացատրել է.
«Եվ, ահա, եթե Ադամն օրինազանցություն չաներ, նա չէր ընկնի [չէր զրկվի Աստծո ներկայությունից], այլ նա կմնար Եդեմի պարտեզում: Եվ բոլոր բաները, որոնք արարվել էին, պետք է մնացած լինեին նույն վիճակում, որում եղել էին արարվելուց հետո: …
Եվ նրանք երեխաներ չէին ունենա. ուստի, նրանք մնացած կլինեին անմեղության վիճակում, չունենալով ուրախություն, քանզի չգիտեին թշվառություն. չանելով բարիք, քանզի նրանք չգիտեին մեղքը:
Բայց, ահա, բոլոր բաներն արվել են նրա իմաստությամբ, ով գիտի բոլոր բաները:
«Ադամն ընկավ, որպեսզի մարդիկ լինեն. և մարդիկ կան, որպեսզի ունենան ուրախություն» (2 Նեփի 2.22–25):
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ է անհրաժեշտ իմանալ Անկման մասին և ինչպես է այն ազդում մեզ վրա:
Լրացուցիչ սուրբ գրություններ
-
1 Նեփի 5.11; 2 Նեփի 2.20 (Ադամն ու Եվան առաջին ծնողներ, ընտանիք)
-
2 Նեփի 2.14–21 (հակադրություն և Անկում. կյանքը փորձաշրջան է)
-
2 Նեփի 2.22–26 (փրկության ծրագրի Անկման մասը)