Գրքեր և դասեր
Գլուխ 23. Հաղորդություն


Գլուխ 23

Հաղորդություն

Jesus Christ depicted preparing the sacrament for the Last Supper.

Քրիստոսը ներկայացրեց հաղորդությունը

  • Ի՞նչ են մեզ սովորեցնում հաղորդության խորհրդանիշները Հիսուս Քրիստոսի քավության մասին:

Մեր Փրկիչը ցանկանում է, որ հիշենք Նրա մեծ քավիչ զոհաբերությունը և պահենք Նրա պատվիրանները: Այդ հարցում մեզ օգնելու համար Նա մեզ պատվիրել է հաճախ հավաքվել և ճաշակել հաղորդությունից:

Հաղորդությունը սուրբ քահանայության արարողություն է, որը մեզ օգնում է հիշել Փրկչի Քավությունը: Հաղորդության ժամանակ մենք ճաշակում ենք հացից և ջրից: Մենք դա անում ենք ի հիշատակ Նրա մարմնի և Նրա արյան, որը նա տվեց որպես զոհաբերություն մեզ համար: Ճաշակելով հաղորդությունից, մենք սրբազան ուխտեր ենք նորոգում մեր Երկնային Հոր հետ:

Իր Խաչելությունից ոչ շատ առաջ Հիսուս Քրիստոսը վերնատանն իր շուրջ հավաքեց Իր Առաքյալներին: Նա գիտեր, որ շուտով մահանալու է խաչի վրա: Իր մահից առաջ դա վերջին անգամն էր, որ Նա կարող էր հավաքվել իր այդ սիրված տղամարդկանց հետ: Նա ցանկանում էր, որ նրանք միշտ հիշեին Իրեն, որ կարողանային ամուր և հավատարիմ լինել:

Նրանց օգնելու համար՝ Նա ներկայացրեց հաղորդությունը: Նա հացը կտրտեց և օրհնեց այն: Ապա նա ասաց. «Վերցրեք. կերեք. սա՝ ի հիշատակ իմ մարմնի, որը ես փրկագին տվեցի ձեզ համար» (Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Մատթեոս ԻԶ.22): Այնուհետև, նա վերցրեց մի գավաթ գինի, օրհնեց այն, տվեց այն Իր Առաքայլներին, որ խմեն, և ասաց. «Սա՝ ի հիշատակ իմ արյան … որը թափվում է բոլոր նրանց համար, ովքեր կհավատան իմ անվանը՝ նրանց մեղքերի թողության համար» ( Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Մատթեոս 26.24. տես նաև Մատթեոս ԻԶ.26–28. Մարկոս ԺԴ.22–24, Ղուկաս ԻԲ.15–20):

Իր հարությունից հետո Փրկիչը եկավ Ամերիկյան մայրցամաք և Նեփիացիներին ուսուցանեց միևնույն արարողությունը (տես 3 Նեփի 18.1–11, 20.1–9): Նրանից հետո, երբ Եկեղեցին վերականգնվեց վերջին օրերին, Հիսուսը կրկին պատվիրեց Իր ժողովրդին ճաշակել հաղորդությունից՝ ի հիշատակ Իրեն, ասելով. «Նպատակահարմար է, որ եկեղեցին հաճախ հավաքվի՝ ճաշակելու հացից և գինուց՝ ի հիշատակ Տեր Հիսուսի» (ՎևՈւ 20.75):

Ինչպես է սպասավորվում հաղորդությունը

Սուրբ գրությունները հստակ բացատրում են, թե ինչպես պետք է սպասավորվի հաղորդությունը: Յուրաքանչյուր հանգստության օր Եկեղեցու անդամները հավաքվում են՝ երկրպագելու և ճաշակելու հաղորդությունից (տես ՎևՈւ 20.75): Հաղորդությունը սպասավորվում է քահանայության անհրաժեշտ իշխանություն ունեցողների կողմից: Քահանան կամ Մելքիսեդեկյան Քահանայության կրողը մանրացնում է հացը, ծնկի է իջնում և օրհնում այն (տես ՎևՈւ 20.76): Այնուհետև, սարկավագը կամ այլ քահանայության կրող մատուցում է հաղորդությունը ժողովին: Ապա քահանան կամ Մելքիսեդեկյան Քահանայություն կրողը օրհնում է ջուրը, և այն նույնպես մատուցվում է անդամներին: Երբ Հիսուսը ներկայացրեց հաղորդությունը, նա նրանց տվեց գինի: Սակայն վերջին օրերի հայտնության մեջ Նա ասել է, որ նշանակություն չունի, թե ինչ ենք մենք ուտում կամ խմում հաղորդության ժամանակ, քանի դեռ մենք հիշում ենք Իրեն (տես ՎևՈւ 27.2–3): Այսօր Վերջին օրերի սրբերը գինու փոխարեն ջուր են խմում:

Հիսուսը հայտնել է հաղորդության երկու աղոթքների ճշգրիտ բառերը: Մենք պետք է ուշադրությամբ լսենք այդ գեղեցիկ աղոթքները և փորձենք հասկանալ, թե ինչ ենք խոստանում և ինչ է մեզ խոստացվում: Ահա հացը օրհնելու համար ասվող աղոթքը.

Ո՜վ Աստված, Հա՛յր Հավերժական, խնդրում ենք քեզ, քո Որդու՝ Հիսուս Քրիստոսի անունով, օրհնիր և սրբացրու այս հացը բոլոր նրանց հոգիների համար, ովքեր ճաշակում են այն, որ նրանք կարողանան ուտել, ի հիշատակ Որդուդ մարմնի, և վկայեն քեզ, ո՜վ Աստված, Հա՛յր Հավերժական, որ նրանք հոժար են իրենց վրա վերցնել անունը քո Որդու և միշտ հիշել նրան և պահել նրա պատվիրանները, որոնք նա տվել է իրենց. որպեսզի նրանք նրա Հոգին միշտ իրենց հետ ունենան: Ամեն: (ՎևՈւ 20.77):

Ահա ջուրը օրհնելու համար ասվող աղոթքը.

Ո՜վ Աստված, Հա՛յր Հավերժական, խնդրում ենք քեզ, քո Որդու՝ Հիսուս Քրիստոսի անունով, օրհնիր և սրբացրու այս գինին (ջուրը) բոլոր նրանց հոգիների համար, ովքեր ըմպում են այն, որ նրանք կարողանան անել այդ, ի հիշատակ Որդուդ արյան, որ հեղվել է իրենց համար. որ նրանք կարողանան վկայել քեզ, ո՜վ Աստված, Հա՛յր Հավերժական, որ նրանք միշտ հիշում են նրան, որպեսզի նրանք նրա Հոգին իրենց հետ ունենան: Ամեն: (ՎևՈւ 20.79):

Հաղորդության արարողությունը կատարվում է պարզությամբ և մեծ պատկառանքով:

  • Ուշադիր վերընթերցեք հաղորդության աղոթքները: Մտածեք յուրաքանչյուր արտահայտության մասին:

Հաղորդության ժամանակ նորացվող ուխտերը

  • Ի՞նչ ուխտեր ենք մենք նորացնում հաղորդության ժամանակ: Ի՞նչ օրհնություններ է մեզ խոստանում Տերը, երբ մենք պահում ենք այդ ուխտերը:

Ամեն անգամ, երբ ճաշակում ենք հաղորդությունից, մենք նորացնում ենք մեր ուխտերը Տիրոջ հետ: Ուխտը սրբազան խոստում է Տիրոջ և Նրա զավակների միջև: Մեր կապած ուխտերը պարզորոշ սահմանված են հաղորդության աղոթքներում: Կարևոր է իմանալ, թե որոնք են այդ ուխտերը և ինչ նշանակություն ունեն դրանք:

Մենք ուխտ ենք անում, որ պատրաստ ենք մեզ վրա վերցնել Հիսուս Քրիստոսի անունը: Դրանով մենք ցույց ենք տալիս, որ կամենում ենք լինել Նրա հետ և համարվել Նրա Եկեղեցուց: Մենք պարտավորվում ենք ծառայել Նրան և մեր մերձավորին: Մենք խոստանում ենք, որ ամոթ և անարգանք չենք բերի այդ անվանը:

Մենք ուխտ ենք անում միշտ հիշել Հիսուս Քրիստոսին: Մեր բոլոր մտքերը, զգացումները և գործերը կղեկավարվեն Նրանով և Նրա առաքելությամբ:

Մենք խոստանում ենք պահել Նրա պատվիրանները:

Մենք վերցնում ենք այդ պարտավորությունները մեզ վրա, երբ մկրտվում ենք (տես ՎևՈւ 20.37, Մոսիա 18.6–10): Այդպիսով, երբ ճաշակում ենք հաղորդությունից, մենք նորացնում ենք մկրտության ժամանակ կապած մեր ուխտերը: Հիսուսը մեզ տվել է հաղորդության ճաշակելու օրինակը (տես 3 Նեփի 18.1–12) և ասել է, որ երբ հետևենք այդ օրինակին, ապաշխարելով մեր մեղքերից և հավատալով Նրա անվանը, մենք թողություն կստանանք մեր մեղքերից (տես Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Մատթեոս ԻԶ.24):

Տերը խոստանում է, որ եթե մենք պահենք մեր ուխտերը, մենք միշտ կունենանք Նրա Հոգին մեզ հետ: Մարդը, որ առաջնորդվում է Հոգու կողմից, կունենա գիտելիք, հավատք, զորություն և արդարություն հավերժական կյանք ձեռք բերելու համար:

  • Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի հիշենք այդ խոստումները շաբաթվա ընթացքում:

Հաղորդությունը ճաշակելիս մեր վերաբերմունքը

  • Ինչպե՞ս կարող ենք պատրաստվել հաղորդությունն ընդունելուն: Ի՞նչի մասին կարող ենք մտածել հաղորդության ժամանակ, որը մեզ կօգնի հիշել Փրկչի Քավությունը:

Նախքան հաղորդությունից ճաշակելը, մենք պետք է պատրաստվենք հոգևորապես: Տերը շեշտում է, որ ոչ ոք չպետք է անարժան ճաշակի հաղորդությունից: Դա նշանակում է, որ նախքան հաղորդությունից ճաշակելը մենք պետք է ապաշխարենք մեր մեղքերից: Սուրբ գրություններն ասում են. «Եթե մեկը զանցանք է գործել, թող նա չընդունի, մինչև հաշտություն չկնքի» (ՎևՈւ 46.4): Տերը հրահանգել է Իր տասներկու Նեփիացի աշակերտներին. «Դուք չպետք է թույլ տաք որևէ մեկին գիտակցաբար անարժանորեն ճաշակել իմ մարմնից ու արյունից, երբ դուք սպասավորեք այն. քանզի ով որ ուտում և խմում է իմ մարմինն ու արյունն անարժանորեն, ուտում և խմում է նզովք իր հոգուն» (3 Նեփի 18.28–29):

Հաղորդության ծառայության ժամանակ մենք պետք է հանենք բոլոր աշխարհիկ մտքերը: Մենք պետք է աղոթքի և ակնածանքի զգացում ունենանք: Մենք պետք է մտածենք մեր Փրկչի Քավության մասին և երախտապարտ լինենք դրա համար: Մենք պետք է քննենք մեր կյանքը և զարգանալու ձևեր փնտրենք: Մենք պետք է նաև նորացնենք պատվիրանները պահելու մեր վճռականությունը:

Պարտադիր չէ, որ մենք կատարյալ լինենք հաղորդությունը ճաշակելիս, սակայն պետք է ապաշխարող սիրտ ունենանք: Հաղորդությունը ճաշակելու վերաբերմունքը ազդում է մեր ունեցած փորձառության վրա: Եթե ճաշակում ենք հաղորդությունը մաքուր սրտով, մենք ստանում ենք Տիրոջ խոստացված օրհնությունները:

  • Ինչո՞ւ եք կարծում, որ հաղորդությունից արժանիորեն ճաշակելը մեծացնում է մեր հոգևոր ուժը:

Լրացուցիչ սուրբ գրություններ