Գրքեր և դասեր
Գլուխ 3. Հիսուս Քրիստոս` մեր ընտրյալ Ղեկավար և Փրկիչ


Գլուխ 3

Հիսուս Քրիստոս՝ մեր ընտրյալ Ղեկավար և Փրկիչ

Cropped portion of Carl Bloch's painting depicting Christ sitting at a table with the two men with whom He walked on the road to Emmaus.

Փրկիչ և Ղեկավար էր անհրաժեշտ

  • Ինչո՞ւ մենք պետք է հեռանայինք Երկնային Հոր ներկայությունից: Ինչո՞ւ մենք Փրկչի կարիք ունենք:

Երբ մեր փրկության ծրագիրը ներկայացվեց մեզ նախամահկանացու հոգևոր աշխարհում, մենք այնքան երջանիկ էինք, որ ուրախությունից բացականչեցինք (տես Հոբ ԼԸ.7):

Մենք հասկացանք, որ պետք է ժամանակավոր հեռանայինք մեր երկնային տնից: Մենք չպետք է ապրեինք մեր Երկնային Հոր ներկայությամբ: Նրանից հեռու գտնվելով, մենք բոլորս պետք է մեղանչեինք և մեզանից ոմանք պետք է հեռանային ճիշտ ուղուց: Մեր Երկնային Հայրը ճանաչում և սիրում էր մեզանից յուրաքանչյուրին: Նա գիտեր, որ մենք օգնության կարիք կունենայինք, և Նա պլանավորեց, ինչպես կարող էր օգնել մեզ:

Մեզ Փրկիչ էր անհրաժեշտ, որպեսզի վճարեր մեր մեղքերի համար և ուսուցաներ մեզ, ինչպես վերադառնալ մեր Երկնային Հոր մոտ: Մեր Հայրն ասաց. «Ո՞ւմ ուղարկեմ»: (Աբրահամ 3.27): Հիսուս Քրիստոսը, որը կոչվում էր Եհովա, ասաց. «Ահա ես, ինձ ուղարկիր» (Աբրահամ 3.27; տես նաև Մովսես 4.1–4):

Հիսուսը ցանկացավ գալ երկիր, մեզ համար տալ Իր կյանքը և Իր վրա վերցնել մեր մեղքերը: Նա, մեր Երկնային Հոր նման, ցանկացավ, որ մենք ընտրենք հնազանդվել թե չհնազանդվել Երկնային Հոր պատվիրաններին: Նա գիտեր, որ մենք պետք է ընտրելու համար ազատ լինենք, որպեսզի ապացուցենք, որ վեհացմանն արժանի ենք: Հիսուսն ասաց. «Հայր, քո կամքը կատարվի, և փառքը քոնը լինի հավիտյան» (Մովսես 4.2):

Սատանան, որը կոչվում էր Լյուցիֆեր, նույնպես առաջ եկավ՝ ասելով. «Ահա, ես այստեղ եմ, ի՛նձ ուղարկիր, ես կլինեմ քո որդին և կփրկագնեմ ողջ մարդկությանը, այնպես որ մեկ հոգի չի կորչի, և անկասկած ես դա կանեմ. ուստի, տուր ինձ քո պատիվը» (Մովսես 4.1): Սատանան ուզում էր մեզ բոլորիս ստիպել, որ կատարեինք իր կամքը: Ըստ նրա ծրագրի՝ մեզ թույլ չէր տրվելու ընտրել: Նա պետք է վերցներ ընտրելու ազատությունը, որ մեր Հայրն էր տվել մեզ: Սատանան ցանկանում էր ունենալ մեր փրկության համար ողջ պատիվը: Ըստ նրա առաջարկի, երկիր գալու մեր նպատակը պետք է խափանվեր (տես Teachings of Presidents of the Church: David O. McKay [2003], 207):

Հիսուս Քրիստոսը դարձավ մեր ընտրյալ Ղեկավարն ու Փրկիչը

  • Այս բաժինը կարդալիս մտածեք, թե ինչ զգացումներ եք տածում Փրկչի հանդեպ:

Երկու որդիներին լսելուց հետո, Երկնային Հայրն ասաց. «Ես կուղարկեմ առաջինին» (Աբրահամ 3.27):

Հիսուս Քրիստոսը ընտրվել և նախակարգվել էր լինելու մեր Փրկիչը: Շատ սուրբ գրություններ ասում են այս մասին (տես, օրինակ, Ա Պետրոս Ա.19–20; Մովսես 4.1–2): Սուրբ գրություններից մեկն ասում է մեզ, որ Հիսուսի ծնվելուց շատ առաջ, Նա հայտնվել է Մորմոնի Գրքի մի մարգարեի, որը հայտնի է որպես Հարեդի եղբայր, և ասել. «Ահա, ես եմ նա, ով պատրաստված էր աշխարհի հիմնադրումից ի վեր՝ փրկագնելու իմ ժողովրդին: Ահա, ես եմ Հիսուս Քրիստոսը: … Ինձանով պիտի ողջ մարդկությունը կյանք ունենա, և դա՝ հավերժորեն, այսինքն՝ նրանք, ովքեր կհավատան իմ անունին» (Եթեր 3.14)

Երբ Հիսուսն ապրում էր երկրի վրա, Նա ուսուցանեց. «Ես իջա երկնքիցը, որ ոչ թե իմ կամքն անեմ, այլ ինձ ուղարկողի կամքը: … Եվ սա է ինձ ուղարկողի կամքը. որ ամեն ով որ տեսնե Որդուն և հավատա նորան, հավիտենական կյանք ունենա. և ես հետին օրումը կհարուցանեմ նորան» (Հովհաննես Զ.38, 40):

Պատերազմ Երկնքում

Քանի որ մեր Երկնային Հայրն ընտրեց Հիսուս Քրիստոսին որպես մեր Փրկիչ, Սատանան բարկացավ և ապստամբեց: Երկնքում պատերազմ եղավ: Սատանան և նրա հետևորդները կռվում էին Հիսուս Քրիստոսի և Նրա հետևորդների դեմ: Փրկչի հետևորդները «հաղթեցին [սատանային]՝ Գառի արյունովը և իրանց վկայության խոսքովը» (Հայտնություն ԺԲ.11):

Այդ մեծ ապստամբության ժամանակ, Սատանան և այն բոլոր հոգիները, ովքեր հետևեցին նրան, հեռացվեցին Աստծո ներկայությունից և դուրս նետվեցին երկնքից: Երկնքի զորքերի մեկ երրորդը պատժվեցին սատանային հետևելու համար (տես ՎևՈւ 29.36): Նրանց մերժվեց մահկանացու մարմին ստանալու իրավունքը:

Որովհետև մենք այստեղ երկրի վրա ենք և մահկանացու մարմին ունենք, մենք գիտենք, որ հետևել ենք Հիսուս Քրիստոսին և մեր Երկնային Հորը: Սատանան և նրա հետևորդները նույնպես երկրի վրա են, բայց որպես հոգիներ: Նրանք չեն մոռացել, թե ով ենք մենք, և նրանք ամեն օր մեր շուրջն են, գայթակղում և հրապուրում են մեզ, որ անենք այն, ինչ հաճելի չէ մեր Երկնային Հորը: Մեր նախամահկանացու կյանքում մենք ընտրել ենք հետևել Հիսուս Քրիստոսին և ընդունել ենք Աստծո ծրագիրը: Մենք պետք է շարունակենք հետևել Հիսուս Քրիստոսին այստեղ՝ երկրի վրա: Միայն Նրան հետևելով մենք կարող ենք վերադառնալ մեր երկնային տուն:

  • Ի՞նչ ուղիներով է Երկնքի Պատերազմը շարունակվում այսօր:

Մենք ուենենք Փրկչի ուսմունքները, որոնց պետք է հետևենք

  • Մտածեք, թե ինչպես են Փրկչի ուսմունքներն ազդել ձեզ վրա:

Ի սկզբանե, Հիսուս Քրիստոսը հայտնել է ավետարանը, որն ասում է մեզ, թե ինչ մենք պետք է անենք, որպեսզի վերադառնանք մեր Երկնային Հոր մոտ: Նշանակված ժամանակ Նա եկավ երկիր: Նա ուսուցանեց փրկության և վեհացման ծրագիրը Իր խոսքով և Իր ապրելակերպով: Նա հաստատեց Իր Եկեղեցին և Իր քահանայությունը երկրի վրա: Նա Իր վրա վերցրեց մեր մեղքերը:

Նրա ուսմունքներին հետևելով մենք կարող ենք ժառանգել մի վայր սելեստիալ արքայությունում: Նա արեց Իր գործը, որպեսզի օգնի մեզ վերադառնալ մեր երկնային տուն: Այժմ մեզանից յուրաքանչյուրը պետք է կատարի իր մասը և արժանանա վեհացմանը:

Լրացուցիչ սուրբ գրություններ