Գլուխ 22
Հոգու պարգևները
Հոգու պարգևները
-
Ինչպիսի՞ հոգևոր պարգևներ է Տերը շնորհում մեզ:
Մկրտությունից հետո մեզանից յուրաքանչյուրը ձեռնադրմամբ ստացել է Սուրբ Հոգու պարգև: Եթե մենք հավատարիմ լինենք, Նրա ներգործությունն անընդհատ մեզ հետ կլինի: Նրա միջոցով մեզանից յուրաքանչյուրը կարող է օրհնվել որոշակի հոգևոր զորություններով, որոնք կոչվում են Հոգու պարգևներ: Այդ պարգևները շնորհվում են նրանց, ովքեր հավատարիմ են Քրիստոսին: «Բոլոր այս պարգևները գալիս են Աստծուց՝ Աստծո զավակների օգտի համար» (ՎևՈւ 46.26): Դրանք մեզ օգնում են գիտենալ և ուսուցանել ավետարանի ճշմարտությունները: Դրանք կօգնեն մեզ օրհնել ուրիշներին: Դրանք մեզ կառաջնորդեն ետ՝ մեր Երկնային Հոր մոտ: Այդ պարգևներն իմաստությամբ օգտագործելու համար, մենք պետք է իմանանք, թե ինչ են դրանք, ինչպես կարող ենք զարգացնել դրանք և ինչպես ճանաչենք Սատանայի դրանց նմանակումները:
Սուրբ գրությունները հիշատակում են Հոգու պարգևներից շատերը: Այդ պարգևները տրված են եղել ճշմարիտ Եկեղեցու անդամներին, երբ այն եղել է երկրի վրա (տես Մարկոս ԺԶ.16–18): Հոգու պարգևների թվում են.
Լեզուների պարգևը (ՎևՈւ 46.24)
Երբեմն անհրաժեշտություն է առաջանում ավետարանով կիսվել մի լեզվով, որն անծանոթ է մեզ: Երբ հայտնվում ենք նման իրավիճակում, Տերը կարող է մեզ օրհնել այդ լեզվով խոսելու կարողությամբ: Շատ միսիոներների է տրվել լեզուների պարգևը (տես այս գլխի նկարը): Օրինակ՝ Երեց Ալոնզո Ա. Հինքլին միսիոներ էր Հոլանդիայում և շատ քիչ էր հասկանում Հոլանդերեն լեզուն, թեև շատ աղոթում էր և ուսումնասիրում: Երբ նա վերադարձավ մի տուն, որտեղ նախկինում եղել էր, մի օրիորդ բացեց դուռը և սկսեց հոլանդերեն շատ բարկացած խոսել նրա հետ: Ի զարմանս իրեն, նա կարողանում էր հասկանալ յուրաքանչյուր խոսք: Նա մեծ ցանկություն զգաց՝ կիսվելու իր վկայությամբ նրա հետ հոլանդերեն: Նա սկսեց խոսել, և խոսքերը դուրս էին գալիս շատ պարզ՝ հոլանդերենով: Սակայն երբ նա վերադարձավ իր միսիայի նախագահին ցույց տալու, որ կարող է խոսել հոլանդերեն, նրա կարողությունը հեռացել էր: Բազում հավատարիմ անդամներ օրհնվել են լեզուների պարգևով: (Տես Joseph Fielding Smith, Answers to Gospel Questions, comp. Joseph Fielding Smith Jr., 5 vols. [1957–66], 2:32–33):
Լեզուների թարգմանության պարգևը (ՎևՈւ 46.25)
Այս պարգևը երբեմն տրվում է մեզ, երբ մենք չենք հասկանում տվյալ լեզուն և անհրաժեշտ է, որ կարևոր տեղեկություն ստանանք Աստծուց: Օրինակ՝ Նախագահ Դեյվիդ Օ. Մակքեյը Նոր Զելանդիայի Սրբերին դիմելիս մեծ ցանկություն զգաց խոսել առանց թարգմանիչի: Նա ասաց նրան, որ հույս ունի, որ Տերը կօրհնի նրանց, որպեսզի նրանք հասկանան իրեն: Նա խոսեց անգլերեն: Նրա ուղերձը տևեց մոտ 40 րոպե: Խոսելիս նա զգում էր շատերի դեմքի արտահայտությունից ու նրանց աչքերի արցունքներից, որ իր ուղերձը հասնում է նրանց: (Տես Answers to Gospel Questions, 2:30–31):
Թարգմանության պարգևը (ՎևՈւ 5.4)
Երբ Եկեղեցու ղեկավարների կողմից մենք կանչվում ենք Աստծո խոսքը թարգմանելու, մենք կարող ենք ստանալ մեր բնական կարողություններից վեր թարգմանելու պարգև: Ինչպես բոլոր պարգևների դեպքում, մենք պետք է արդար ապրենք, ջանասիրաբար ուսումնասիրենք և աղոթենք, որպեսզի ստանանք այն: Երբ անենք այս բաները, Տերն այնպես կանի, որ մենք մեր ներսում ջերմություն կզգանք թարգմանության ճշմարտացիության մասին (տես ՎևՈւ 9.8–9): Ջոզեֆ Սմիթն ուներ թարգմանության պարգևը, երբ թարգմանում էր Մորմոնի Գիրքը: Այդ պարգևը գալիս էր նրան միայն, երբ նա ներդաշնակ էր Հոգու հետ:
Իմաստության պարգևը (ՎևՈւ 46.17)
Մեզանից ոմանք օրհնված են կարողությամբ՝ հասկանալու մարդկանց և ավետարանի սկաբունքները, ինչպես որ դրանք կիրառվում են մեր կյանքում: Մեզ ասված է.
«Եթե մէկը ձեզանից իմաստության պակասություն ունի, թող խնդրի Աստծուց, որ ամենին տալիս է առատությամբ և չի նախատում. և կտրվի նրան:
Միայն թե թող հավատքով խնդրի, առանց երկմտելու: Որովհետև երկմտողը նման է ծովի հողմակոծված և տատանված ալիքին:
Այն մարդը թող չկարծե, որ Տերիցը մի բան կառնե» (Հակոբոս Ա.5–7):
Տերն ասել է. «Մի փնտրեք հարստություն, այլ իմաստություն, և ահա, Աստծո խորհուրդները կբացվեն ձեզ համար» (ՎևՈւ 6.7):
Գիտության պարգևը (ՎևՈւ 46.18)
Ամեն մարդ, որը դառնում է Երկնային Հոր նման, ի վերջո, իմանում է բոլոր բաները: Աստծո մասին և Նրա օրենքների մասին գիտելիքը հայտվում է Սուրբ Հոգու միջոցով (տես ՎևՈւ 121.26): Մենք չենք կարող փրկվել, եթե գիտություն չունենանք այդ օրենքների մասին (տես ՎևՈւ 131.6):
Տերը հայտնի է դարձրել. «Եթե մի մարդ ավելի շատ գիտելիք և բանականություն ձեռք բերի այս կյանքում, իր ջանասիրության և հնազանդության միջոցով, քան մեկ ուրիշը, նա կունենա նույնքան առավելություն գալիք աշխարհում» (ՎևՈւ 130.19): Տերը մեզ պատվիրել է որքան հնարավոր է շատ սովորենք Նրա աշխատանքի մասին: Նա կամենում է, որ մենք սովորենք երկնքի և երկրի մասին, բաների մասին, որոնք եղել են կամ որոնք պիտի լինեն, բաներ, որոնք տանն են, բաներ, որոնք դրսում են (տես ՎևՈւ 88.78–79): Ինչևէ, կան մարդիկ, ովքեր փորձում են միայն ինքնուրույն ուսումնասիրելով գիտելիք ձեռք բերել: Նրանք չեն դիմում Սուրբ Հոգու օգնությանը: Այդ նրանք են, որ ամեն ժամանակ սովորում են, բայց երբեք չեն գալիս ճշմարտության գիտությանը (տես Բ Տիմոթեոս Գ.7): Երբ մենք հայտնությամբ գիտելիք ենք ստանում Սուրբ Հոգուց, Նրա Հոգին խոսում է մեր մտքի և մեր սրտի հետ (տես ՎևՈւ 6.15, 22–24, 8.2, 9.7–9):
Իմաստություն և գիտելիք սովորեցնելու պարգևը (Մորոնի 10.9–10)
Ոմանց տրված է հատուկ կարողություն՝ բացատրելու ավետարանի ճշմարտությունները և վկայելու դրանց մասին: Այդ պարգևը կարող է օգտագործվել, երբ մենք դաս ենք ուսուցանում: Այն կարող է օգտագործվել ծնողների կողմից՝ երեխաներին ուսուցանելու համար: Այդ պարգևը նաև օգնում է մեզ ուրիշներին ուսուցանել, որպեսզի նրանք կարողանան հասկանալ ավետարանը:
Իմացության պարգևը, որ Հիսուս Քրիստոսը Աստծո Որդին է (ՎևՈւ 46.13)
Սա եղել է մարգարեների և առաքյալների պարգևը, ովքեր կանչվել են որպես Հիսուս Քրիստոսի հատուկ վկաներ: Ինչևէ, ուրիշներին ևս տրվել է այս պարգևը: Յուրաքանչյուր ոք կարող է վկայություն ստանալ Սուրբ Հոգու հուշումների միջոցով: Նախագահ Դեյվիդ Օ. Մակքեյն ուսուցանել է. «Ոմանց տրված է,– ասում է Տերը Վարդապետություն և Ուխտերում,– Սուրբ Հոգուց, իմանալ, որ Հիսուս Քրիստոսն Աստծո Որդին է, և որ նա խաչվեց աշխարհի մեղքերի համար [տես ՎևՈւ 46.13]: Սրանց է, որ ես նկատի ունեմ, որ ամուր կանգնած են հայտնության վեմի վրա այն վկայությամբ, որը նրանք բերում են աշխարհին» (Teachings of Presidents of the Church: David O. McKay [2003], 166):
Ուրիշների վկայությանը հավատալու պարգևը (ՎևՈւ 46.14)
Սուրբ Հոգու զորությամբ մենք կարող ենք իմանալ ճշմարտությունը բոլոր բաների մասին: Եթե ցանկանում ենք իմանալ, թե արդյոք մարդ ճշմարտությունն է խոսում, մենք պետք է հավատքով հարցնենք Աստծուն: Եթե այն բաները, որոնց մասին աղոթում ենք, ճշմարիտ են, Տերը խաղաղություն կխոսի մեր մտքերին (տես ՎևՈՒ 6.22–23): Այս ձևով մենք կարող ենք իմանալ, երբ ինչ-որ մեկը, անգամ մարգարեն, հայտնություն է ստացել: Նեփին հարցրեց Տիրոջը, որ թույլ տա իրեն տեսնել, զգալ և իմանալ, որ իր հոր երազը ճշմարիտ էր (տես 1 Նեփի 10.17–19):
Մարգարեության պարգևը (ՎևՈւ 46.22)
Նրանք, ովքեր ճշմարիտ վկայություն են ստանում անցյալի, ներկայի և ապագայի վերաբերյալ, ունեն մարգարեության պարգևը: Մարգարեներն ունեն այս պարգևը, սակայն մենք նույնպես կարող ենք այն ունենալ՝ որպես օգնություն մեր կյանքը կառավարելու համար (տես Ա Կորնթացիս ԺԴ.39): Մենք կարող ենք հայտնություններ ստանալ Աստծուց մեզ համար և մեր կոչումների համար, բայց ոչ Եկեղեցու կամ նրա ղեկավարների համար: Երկնքի կարգին հակառակ է այն, որ մարդ հայտնություն ստանա մեկ ուրիշի համար, որի վրա ինքը նախագահություն չունի: Եթե մենք իսկապես ունենք մարգարեության պարգևը, մենք չենք ստանա որևէ հայտնություն, որը համահունչ չէ սուրբ գրություններում Տիրոջ ասածների հետ:
Բժշկության պարգևը (ՎևՈւ 46.19–20)
Ոմանք հավատք ունենք բժշկելու, ոմանք էլ հավատք ունեն բժշկվելու: Մենք բոլորս կարող ենք գործածել բժշկվելու հավատքը, երբ հիվանդ ենք (տես ՎևՈւ 42.48): Շատ քահանայություն կրողներ հիվանդներին բժշկելու պարգև ունեն: Ոմանց էլ կարող է տրվել հիվանդություններ բուժելու գիտելիքը:
Հրաշքներ գործելու պարգևը (ՎևՈւ 46.21)
Տերը բազում անգամ օրհնել է իր ժողովրդին հրաշքների միջոցով: Երբ Յուտայի ռահվիրաները ցանեցին իրենց առաջին բերքը, մորեխների հարձակումը քիչ էր մնացել ոչնչացներ այն: Ռահվիրաներն աղոթեցին, որ Տերը փրկի նրանց բերքը, և Նա ուղարկեց ծովաորորների, որպեսզի խժռեն մորեխներին: Երբ մենք օգնության կարիք ունենանք և խնդրենք հավատքով, եթե դա մեր օգտի համար է, Տերը հրաշքներ կգործի մեզ համար (տես Մատթեոս ԺԷ.20, ՎևՈւ 24.13–14):
Հավատքի պարգևը (Մորոնի 10.11)
Հարեդի եղբայրը մեծ հավատք ուներ: Իր հավատքի շնորհիվ նրան ուրիշ պարգևներ տրվեցին: Նրա հավատքն այնքան մեծ էր, որ Փրկիչը հայտնվեց նրան (տես Եթեր 3.9–15): Առանց հավատքի, ուրիշ ոչ մի պարգև չի տրվի: Մորոնին խոստացել է. «Ով որ ոչ մի բանի չկասկածելով հավատում է Քրիստոսին, ինչ էլ նա խնդրի Հորը՝ Քրիստոսի անունով, կտրվի նրան» (Մորմոն 9.21): Մենք պետք է ձգտենք մեծացնել մեր հավատքը, հայտնաբերենք մեր պարգևները և օգտագործենք դրանք:
Որոշ մարդիկ հավատքի պակասություն ունեն և ժխտում են Հոգու պարգևների գոյությունը: Մորոնին ասել է նման մարդկանց.
«Եվ դարձյալ, ես խոսում եմ ձեզ հետ, որ ուրանում եք Աստծո հայտնությունները, և ասում, թե դրանք վերացել են, որ չկան ոչ մի հայտնություններ, ոչ էլ մարգարեություններ, ոչ պարգևներ, ոչ բժշկություններ, ոչ լեզուներով խոսել, ոչ էլ լեզուներով թարգմանել.
Ահա, ես ասում եմ ձեզ՝ նա, ով ուրանում է այս բաները, չգիտի Քրիստոսի ավետարանը. այո, նա չի կարդացել սուրբ գրքերը. եթե կարդացել է, նա չի հասկանում դրանք» (Մորմոն 9.7–8):
-
Ինչո՞ւ է Տերը մեզ հոգևոր պարգևներ տալիս:
Մենք կարող ենք զարգացնել մեր պարգևները
-
Ինչպես կարող ենք «հետամուտ [լինել] լավագույն պարգևներին»: (ՎևՈւ 46.8):
Տերն ասել է. «Քանզի բոլորին տրված չէ ամեն պարգև. քանզի կան շատ պարգևներ, և ամեն մարդու մի պարգև է տրված Աստծո Հոգուց: Ոմանց տրված է մի բան, ոմանց էլ տրված է մեկ ուրիշ բան, որպեսզի բոլորն այդպիսով օգտվեն» (ՎևՈւ 46.11–12):
Որպեսզի զարգացնենք մեր պարգևները, մենք պետք է հայտնաբերենք, թե ինչ պարգևներ մենք ունենք: Մենք դա անում ենք աղոթքով և ծոմապահությամբ: Մենք պետք է հետամուտ լինենք լավագույն պարգևներին (տես ՎևՈւ 46.8): Երբեմն հայրապետական օրհնությունները մեզ կօգնեն իմանալ, թե ինչ պարգևներ են մեզ տրվել:
Մենք պետք է հնազանդ և հավատարիմ լինենք, որպեսզի ստանանք մեր պարգևները: Այնուհետև, մենք պետք է օգտագործենք այդ պարգևները Տիրոջ գործը կատարելու համար: Դրանք չեն տրվում մեր հետաքրքրությունը բավարարելու համար, ոչ էլ մեր հավատքի պակասության պատճառով մեզ ինչ-որ բան ապացուցելու համար: Հոգևոր պարգևների մասին Տերն ասել է. «Դրանք տրված են նրանց օգտի համար, ովքեր սիրում են ինձ և պահում են իմ բոլոր պատվիրանները, և նրա համար, ով փնտրում է այդպես վարվել» (ՎևՈւ 46.9):
-
Մտածեք որոշ հոգևոր պարգևների մասին, որոնք կամրացնեն ձեզ անհատապես կամ կօգնեն ձեզ ծառայելու Տիրոջը և ուրիշների: Ի՞նչ պետք է դուք անեք, որպեսզի հետամուտ լինեք այդ պարգևներին:
Սատանան նմանակում է Հոգու պարգևները
-
Ինչպե՞ս կարող ենք զանազանել Հոգու ճշմարիտ պարգևները Սատանայի նմանակումներից:
Սատանան կարող է նմանակել լեզուների, մարգերության, տեսիլքների, բժշկումների և այլ հրաշքներ: Մովսեսը ստիպված էր մրցել Սատանայի նմանակումների հետ Փարավոնի գավիթում (տես Ելից Է.8–22): Սատանան ցանկանում է, որ մենք հավատանք իր կեղծ մարգարեներին, կեղծ բժշկողներին և կեղծ հրաշագործներին: Դրանք կարող են մեզ այնքան իրական թվալ, որ տարբերելու միակ ձևը զանազանելու պարգևը Աստծուց խնդրելն է: Ինքը դևը կարող է հայտնվել որպես լույսի հրեշտակ (տես 2 Նեփի 9.9):
Սատանան ցանկանում է մեզ կուրացնել ճշմարտության վերաբերյալ և մեզ ետ պահել Հոգու ճշմարիտ պարգևները փնտրելուց: Ոգեհարցները, աստղագուշակները, բախտագուշակները և կախարդները ոգեշնչված են Սատանայի կողմից, նույնիսկ եթե նրանք հայտարարում են, որ հետևում են Աստծուն: Նրանց գործերը պիղծ են Տիրոջ առաջ (տես Եսայիա ԽԷ.12–14, Բ Օրինաց ԺԸ.9–10): Մենք պետք է խուսափենք Սատանայի զորությունների հետ գործ ունենալուց:
Մենք պետք է զգույշ լինենք Հոգու պարգևների հետ
-
Ինչպե՞ս կարող ենք հարգել հոգևոր պարգևների սրբազան բնույթը:
Տերն ասել է. «Բայց ես պատվիրան եմ տալիս նրանց, որ նրանք չպիտի պարծենան այդ բաներով, ոչ էլ դրանք պատմեն աշխարհի առաջ. քանզի այդ բաները տրված են ձեզ՝ ձեր օգտի և փրկության համար»: (ՎևՈւ 84.73): Մենք պետք է հիշենք, որ հոգևոր պարգևները սրբազան են (տես ՎևՈւ 6.10):
Այս պարգևները մեզ տալու դիմաց Տերը մեզանից սպասում է, որ մենք «գոհություն [հայտնենք] Աստծուն, Հոգով, բոլոր օրհնությունների համար, որոնցով [մենք] օրհնված [ենք]» (ՎևՈւ 46.32):
Լրացուցիչ սուրբ գրություններ
-
3 Նեփի 29.6–7 (պարգևներն ուրացողների ճակատագիրը)
-
Մորոնի 10.7–19 (պարգևները կախված են հավատքից)
-
3 Նեփի 26.17, 27.20, ՎևՈւ 84.64 (մկրտության ժամանակ տրվող պարգև)
-
Ա Կորնթացիս ԺԲ (Հիսուս Քրիստոսի հին Եկեղեցու պարգևները)
-
ՎևՈւ 46.9–26 (Հոգու պարգևներն այսօր՝ Եկեղեցում)