Գրքեր և դասեր
Գլուխ 20. Մկրտություն


Գլուխ 20

Մկրտություն

Նկար
A Hispanic missionary baptizing a Hispanic man in a large font or pool.

Մկրտվելու պատվիրանը

  • Ինչո՞ւ մենք պետք է մկրտվենք:

Այսօր, ինչպեսև Հիսուսի օրերում, կան ավետարանի որոշակի սկզբունքներ և արարողակարգ,, որոնք մենք պետք է սովորենք և որոնց պիտի հնազանդվենք: Ավետարանի սկզբունքը ճշմարիտ համոզմունք է կամ ուսմունք: Արարողությունը ծես կամ հանդիսակարգ է: Ավետարանի առաջին երկու սկզբունքներն են՝ հավատք առ Տեր Հիսուս Քրիստոս և ապաշխարություն: Մկրտությունը ավետարանի առաջին արարողությունն է: Իր Առաքյալներին տրված Տիրոջ հրահանգներից մեկն էր. «Ուրեմն գնացեք բոլոր ազգերը աշակերտեցեք, նորանց մկրտելով Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունովը. Նորանց սովորեցնելով, որ ամեն ինչ որ ձեզ պատուիրեցի՝ պահեն» (Մատթեոս ԻԸ.19–20):

Մենք պետք է մկրտվենք մեր մեղքերի թողության համար

Երբ մեր հավատը դնում ենք Հիսուս Քրիստոսի վրա, ապաշխարում ենք և մկրտվում, մեր մեղքերը ներվում են Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ:

Սուրբ գրություններից մենք սովորում ենք, որ Հովհաննես Մկրտիչը «անապատում մկրտում էր, և ապաշխարության մրտություն քարոզում՝ մեղաց թողության համար» (Մարկոս Ա.4): Պետրոս Առաքյալն ուսուցանում էր. «Ապաշխարեցեք՝ և ձեզանից ամեն մեկը թող մկրտուի Հիսուս Քրիստոսի անունովը՝ մեղքերի թողության համար» (Գործք Բ.38): Պողոսի դարձի գալուց հետո, Անանիան ասաց նրան. «Վեր կաց մկրտուիր և քո մեղքերը լուա» (Գործք ԻԲ.16):

Մենք պետք է մկրտվենք, որպեսզի Հիսուս Քրիստոսի Եկեղեցու անդամ դառնանք

«Բոլոր նրանք, ովքեր իրենց խոնարհեցնում են Աստծո առաջ և ցանկանում են մկրտվել, … որ … ճշմարտապես ապաշխարել են իրենց բոլոր մեղքերից … մկրտությամբ պիտի ընդունվեն իր եկեղեցին» (ՎևՈւ 20.37):

Նախքան Սուրբ Հոգին ստանալը մենք պետք է մկրտվենք

Տերն ասաց. «Եթե դառնաս դեպի ինձ և … ապաշխարես քո բոլոր օրինազանցություններից և մկրտվես, այսինքն՝ ջրով, իմ Միածին Որդու անունով, … դու կստանաս Սուրբ Հոգու պարգևը» (Մովսես 6.52):

Մենք պետք է մկրտվենք, որպեսզի հնազանդություն ցուցաբերենք

Հիսուս Քրիստոսն անմեղ էր, սակայն Նա մկրտվեց: Նա ասաց, որ Իր մկրտությունը անհրաժեշտ էր, որ «ամեն արդարություն կատարվի» (Մատթեոս Գ.15): Նեփի մարգարեն բացատրել է, որ Տերն ասել է իրեն. «Հետևեք ինձ և արեք այն բաները, որոնք դուք տեսաք ինձ՝ անելիս … սրտի ողջ նվիրվածությամբ, գործելով ո՛չ կեղծավորություն, ո՛չ խաբեություն Աստծո առաջ, այլ իսկական վճռականությամբ, ապաշխարելով ձեր մեղքերից, վկայելով Հորը, որ դուք կամենում եք վերցնել ձեզ վրա Քրիստոսի անունը՝ մկրտվելով» (2 Նեփի 31.12–13):

Մենք պետք է մկրտվենք, որպեսզի սելեստիալ արքայություն մտնենք

Հիսուսն ասել է. «Ով որ հավատում է ինձ և մկրտվում … պիտի ժառանգեն Աստծո արքայությունը: Եվ ով որ չի հավատում ինձ և չի մկրտվում, նզովված պիտի լինի» (3 Նեփի 11.33–34): Մկրտությունը դարբաս է, որի միջով անցնելով կանգնում ենք սելեստիալ արքայություն տանող ուղու վրա (տես 2 Նեփի 31.17–18):

Մկրտության ճիշտ ձևը

  • Ինչպե՞ս մենք պետք է մկրտվենք:

Մկրտության միայն մեկ ճիշտ ձև գոյություն ունի: Հիսուսը հայտնել է Մարգարե Ջոզեֆ Սմիթին, որ մկրտելու համար քահանայության պատշաճ իշխանություն ունեցող մարդը «պետք է ջրի մեջ մտնի այն անձի հետ, որն իրեն ներկայացրել է մկրտության համար: … Այնուհետև, նա պետք է ընկղմի նրան ջրի մեջ և կրկին դուրս բերի ջրից» (ՎևՈւ 20.73–74): Ընկղմումն անհրաժեշտ է: Պողոս Առաքյալն ուսուցանել է, որ ջրի մեջ ընկղմվելը և կրկին ջրից դուրս գալը խորհրդանշում է մահը, թաղումն ու հարությունը: Մկրտությունից հետո մենք նոր կյանք ենք սկսում: Պողոսն ասել է.

«Չգիտե՞ք՝ թե քանիներս որ Հիսուս Քրիստոսով մկրտուեցանք՝ նորա մահվանը մկրտուեցանք:

Մկրտությունովը նորա հետ թաղուեցանք մահի մեջ. որ ինչպես Քրիստոսը Հոր փառքովը մեռելների միջից հարություն առավ, այնպես մենք էլ կյանքի նորոգության մեջ ման գանք:

Որովհետև եթե նորա մահի նմանությունովը նորա հետ տնկուեցանք, ապա նորա հարութեանն էլ նման կլինինք» (Հռովմեացիս Զ.3–5):

Ընկղմամբ մկրտությունը մի մարդու կողմից, որը պատշաճ քահանայություն ունի, մկրտվելու միակ ճշմարիտ ձևն է:

  • Ինչո՞ւ է մկրտություն կատարելու համար իշխանությունը կարևոր:

  • Ինչպե՞ս է ընկղմամբ մկրտությունը նմանվում Փրկչի թաղմանը և Հարությանը:

Մկրտությունը պատասխանատվության տարիքում

  • Ո՞վ պետք է մկրտվի:

Ամեն ոք, ում ութ տարեկանը լրացել է և ով պատասխանատու է իր արարքների համար, պետք է մկրտվի: Որոշ եկեղեցիներ ուսուցանում են, որ փոքր երեխաները պետք է մկրտվեն: Դա չի համապատասխանում Փրկչի ուսմունքներին: Երբ Հիսուսը խոսեց փոքր երեխաների հետ, Նա ասաց. «Այդպիսիներին է երկնքի արքայությունը» (Մատթեոս ԺԹ.14):

Մորմոն մարգարեն ասաց, որ Աստծո առաջ ծաղր է փոքր երեխաներին մկրտելը, որովհետև նրանք չեն կարող մեղանչել: Նույնկերպ, մկրտություն չի պահանջվում այն մարդկանցից, ովքեր մտավոր առումով անկարող են ճիշտը սխալից զատել (տես Մորոնի 8.9–22):

Մնացած բոլոր մարդիկ պետք է մկրտվեն: Մենք պետք է մկրտության արարողությունը ստանանք և հավատարիմ մնանք այդ ժամանակ կապած ուխտերին:

  • Ի՞նչ կարող եք ասել ընկերոջը, որը հավատում է, որ նորածինները պետք է մկրտվեն:

Մկրտվելիս մենք ուխտեր ենք կապում

Շատ սուրբ գրություններ ուսուցանում են մկրտության մասին: Այդ սուրբ գրություններից մեկում մարգարե Ալման ուսուցանեց, որ հավատքն ու ապաշխարությունը քայլեր են, որոնք պատրաստում են մեզ մկրտությանը: Նա ուսուցանել է, որ երբ մկրտվում ենք, մենք ուխտ ենք կապում Տիրոջ հետ: Մենք խոստանում ենք, որ կանենք որոշ բաներ, իսկ Աստված խոստանում է դրա դիմաց օրհնել մեզ:

Ալման բացատրել է, որ մենք պետք է փափագենք կոչվել Աստծո ժողովուրդ: Մենք պետք է ցանկանանք օգնել և սփոփել միմյանց: Մենք պետք է կանգնենք որպես Աստծո վկա բոլոր ժամանակներում, բոլոր բաներում և բոլոր վայրերում: Երբ մենք անենք այդ ամենը և մկրտվենք, Աստված կների մեր մեղքերը: Ալման ասել է մարդկանց, որոնք հավատում էին ավետարանի մասին նրա ուսմունքներին.

«Նայե՛ք, ահա Մորմոնի ջրերը: … Եվ այժմ, քանի որ դուք փափագում եք գալ Աստծո հոտը և կոչվել նրա ժողովուրդը, … ի՞նչ ունեք դուք դեմ Տիրոջ անունով մկրտվելուն՝ որպես մի վկայություն նրա առջև, որ դուք մտել եք նրա հետ ուխտի մեջ, որ դուք կծառայեք նրան և կպահեք նրա պատվիրանները, որ նա կարողանա իր Հոգին ավելի առատորեն դուրս թափել ձեզ վրա» (Մոսիա 18.8, 10): Մարդիկ ուրախությունից ծափահարեցին և ասացին, որ իրենք ցանկանում են մկրտվել: Ալման մկրտեց նրանց Մորմոնի ջրերում: (Տես Մոսիա 18.7–17:)

Ալման ուսուցանեց, որ երբ մկրտվում ենք, մենք ուխտ ենք կապում Տիրոջ հետ, որ

  1. Կմտնենք Աստծո հոտը:

  2. Կկրենք միմյանց բեռը:

  3. Որպես Աստծո վկա կկանգնենք բոլոր ժամանակներում և բոլոր վայրերում:

  4. Կծառայենք Աստծուն և կպահենք Նրա պատվիրանները:

Երբ մենք մկրտվում ենք և պահում ենք մկրտության ուխտերը, Տերը խոստանում է, որ

  1. Կների մեր մեղքերը (տես Գործք Բ.38; ՎևՈւ 49.13):

  2. Իր Հոգին ավելի առատորեն կթափի մեզ վրա (տես Մոսիա 18.10):

  3. Կտա Սուրբ Հոգին, որ ամեն օր մեզ առաջնորդի և օգնի (տես Գործք Բ.38; ՎևՈւ 20.77):

  4. Մեզ առաջ կբերի Առաջին Հարության ժամանակ (տես Մոսիա 18.9):

  5. Մեզ հավերժական կյանք կտա (տես Մոսիա 18.9):

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում կրել միմյանց բեռը, կանգնել որպես Աստծո վկա բոլոր ժամանակներում և բոլոր վայրերում:

Մկրտությունը մեզ նոր սկիզբ է տալիս

Մկրտությունով մենք նոր կյանքի ճանապարհ ենք սկսում: Այդ պատճառով ենք մենք այն կոչում վերածնունդ: Հիսուսն ասել է, որ եթե չծնվենք ջրից ու Հոգուց, մենք չենք կարող մտնել Աստծո արքայությունը (տես Հովհաննես Գ.3–5): Այս սկզբունքը պարզորոշ բացատրվել է Ադամին.

«Քանի որ դուք աշխարհում ծնվել եք ջրով և արյունով և ոգով, որն արարել եմ ես, և այդպես փոշուց կենդանի հոգի դարձավ, ճիշտ այդպես, դուք պետք է վերստին ծնվեք երկնքի արքայության մեջ՝ ջրով և Հոգով, և մաքրվեք արյունով, այսինքն՝ իմ Միածնի արյունով» (Մովսես 6.59):

Պողոս Առաքյալն ասել է, որ մկրտությունից հետո մենք պետք է նոր կյանք սկսենք. «Մկրտությունովը նորա հետ թաղուեցանք. … այնպես մենք էլ պետք է կյանքի նորոգության մեջ ման գանք» (Հռովմայեցիս Զ.4): Մկրտության մեծ օրհնություններից մեկն այն է, որ այն մեզ նոր սկիզբ է պարգևում մեր հավերժական նպատակ տանող ճանապարհին:

  • Ինչպե՞ս է ձեր մկրտությունը, ձեզ համար նոր սկիզբ հանդիսացել:

Լրացուցիչ սուրբ գրություններ

Տպել