Գլուխ 36
Ընտանիքը կարող է հավերժական լինել
Ընտանիքի կարևորությունը
-
Ինչո՞ւ է մեր Երկնային Հայրը մեզ ուղարկել երկիր որպես ընտանիքի անդամներ:
«Տղամարդու և կնոջ ամուսնությունը հաստատվել է Աստծո կողմից: … Ընտանիքն ամենակարևոր դերն ունի Արարչի ծրագրում՝ Իր զավակների հավերժական ճակատագրի համար» («Ընտանիք՝ Հայտարարություն աշխարհին», Ensign, Nov. 1995, 102):
Երբ Երկնային Հայրը Ադամին և Եվային միասին ամուսնացրեց, Նա պատվիրեց նրանց զավակներ ունենալ (տես Ծննդոց Ա.28): Նա հայտնեց, որ ամուսնության նպատակներից մեկն է մահկանացու մարմիններ տալ Իր հոգևոր զավակներին: Ծնողները գործակցում են մեր Երկնային Հոր հետ: Նա ցանկանում է, որ Իր բոլոր հոգևոր զավակները ֆիզիկական մարմին ստանան և ապրեն երկրային կյանքով: Երբ տղամարդն ու կինը երեխաներ են ունենում այս աշխարհում, նրանք օգնում են մեր Երկնային Հորը իրագործել իր ծրագիրը:
Յուրաքանչյուր նոր երեխա պետք է ուրախությամբ ընդունվի ընտանիքում: Յուրաքանչյուրը Աստծո զավակն է: Մենք պետք է ժամանակ տրամադրենք և ուրախանանք մեր երեխաներով, խաղանք նրանց հետ և ուսուցանենք նրանց:
Նախագահ Դեյվիդ Օ. Մակքեյն ասել է. «Իմ ողջ սրտով ես հավատում եմ, որ հավերժական կյանքին պատրաստվելու համար լավագույն վայրը … տունն է» (“Blueprint for Family Living,” Improvement Era, Apr. 1963, 252): Տանը, մեր ընտանիքներով, մենք կարող ենք սովորել ինքնատիրապետման, զոհաբերության, հավատարմության և աշխատանքի արժեքի մասին: Մենք կարող ենք սովորել սիրել, կիսվել և ծառայել միմյանց:
Հայրերն ու մայրերը պատասխանատու են իրենց զավակներին Երկնային Հոր մասին սովորեցնելու համար: Նրանք պետք է օրինակով ցույց տան, որ սիրում են Նրան, որովհետև պահում են Նրա պատվիրանները: Ծնողները նաև պետք է ուսուցանեն իրենց զավակներին աղոթել և պատվիրաններին հնազանդվել (տես Առակաց ԻԲ.6):
-
Ինչո՞ւ է տունը հավերժական կյանքին պատրաստվելու լավագույն վայրը:
-
Ինչպե՞ս կարող ենք օգնել Եկեղեցու երիտասարդներին հասկանալ ընտանիքի և ամուսնական ուխտի սրբությունը:
Հավերժական ընտանիք
Ընտանիքները կարող են հավերժ միասին լինել: Այս օրհնությունն ունենալու համար մենք պետք է ամուսնանանք տաճարում: Երբ մարդիկ ամուսնանում են տաճարից դուրս, ամուսնությունն ավարտվում է, երբ ամուսիններից մեկը մահանում է: Երբ մենք ամուսնանում ենք տաճարում Մելքիսեդեկյան Քահանայության իշխանությամբ, մենք ամուսնանում ենք ժամանակի և հավերժության համար: Եթե մենք պահում ենք Տիրոջ հետ կապած մեր ուխտերը, մեր ընտանիքները հավերժ միասին կլինեն որպես ամուսին, կին և երեխաներ: Մահը չի կարող մեզ բաժանել:
Ընտանեկան սիրալիր հարաբերություններ
-
Ինչպե՞ս կարող ենք մեր տներն առավել ներդաշնակ դարձնել:
Ամուսիններն ու կանայք պետք է խոհեմ և բարյացակամ լինեն միմյանց հանդեպ: Նրանք երբեք չպետք է անեն կամ ասեն այն, ինչը կվիրավորի մյուսի զգացումները: Նրանք պետք է նաև փորձեն անել հնարավորինս ամեն ինչ, որպեսզի երջանկացնեն միմյանց:
Երբ ծնողները ճանաչում են Աստծուն և ձգտում են լինել Նրա նման, նրանք կուսուցանեն երեխաներին սիրել միմյանց: Մորմոնի Գրքում Բենիամին թագավորը բացատրել է.
«Դուք չեք հանդուրժի, որ ձեր զավակները … կռվեն ու վիճեն մեկը մյուսի հետ: …
Բայց դուք կսովորեցնեք նրանց՝ քայլել ճշմարտության և լրջամտության ուղիներով. դուք կսովորեցնեք նրանց՝ սիրել մեկը մյուսին ու ծառայել մեկը մյուսին» (Մոսիա 4.14–15):
Որպես ընտանիքներ մենք կարող ենք օգնել միմյանց վստահություն ձեռք բերել՝ քաջալերելով և անկեղծ գովասանքով: Յուրաքանչյուր երեխա պետք է զգա, որ ինքը կարևոր է: Ծնողները պետք է ցույց տան, որ նրանք հետաքրքրված են այն ամենով, ինչ երեխաներն անում են, և սեր ու հոգածություն ցուցաբերեն իրենց զավակների հանդեպ: Երեխաներն էլ պետք է իրենց սերն արտահայտեն իրենց ծնողների համար: Նրանք պետք է լինեն հնազանդ և փորձեն ապրել այնպես, որ պատիվ բերեն իրենց ծնողներին և իրենց ընտանիքին:
-
Ի՞նչ կարող են ծնողներն անել, որպեսզի քաջալերեն իրենց որդիներին և դուստրերին լավ ընկերներ լինել միմյանց համար: Ի՞նչ կարող են եղբայրներն ու քույրերն անել, որպեսզի ընկերություն զարգացնեն միմյանց միջև:
-
Ի՞նչ կարող են ամուսիններն ու կանայք անել, որպեսզի օգնեն միմյանց երջանիկ լինել:
Ինչպես ունենալ հաջողակ ընտանիք
-
Ի՞նչ եք դուք անում, որպեսզի օգնեք ամրապնդել ձեր ընտանիքը, դարձնելով այն հաջողակ:
Նախագահ Հարոլդ Բ. Լին ուսուցանել է. «Տիրոջ աշխատանքում ամենակարևոր բանը, որ երբևէ կանեք, կլինի ձեր տան պատերի ներսում» (Teachings of Presidents of the Church: Harold B. Lee [2000], 134):
Սատանան գիտի, թե որքան կարևոր դեր ունեն ընտանիքները մեր Երկնային Հոր ծրագրում: Նա փորձում է կործանել դրանք, մեզ թույլ չտալով մոտենալ Տիրոջը: Նա կգայթակղի մեզ անել բաներ, որոնք կբաժանեն մեր ընտանիքները:
Առաջին Նախագահությունը և Տասներկու Առաքյալների Քվորումը հայտարարել են. «Հաջողակ ամուսնություններն ու ընտանիքները հիմնվում և պահպանվում են հավատի, աղոթքի, ապաշխարության, ներողամտության, հարգանքի, սիրո, կարեկցանքի, աշխատանքի և առողջ ու ստեղծարար միջոցառումների սկզբունքներով» (Ensign, Nov. 1995, 102):
Մենք բոլորս ցանկանում ենք ունենալ երջանիկ, հաջողակ ընտանիքներ: Հետևյալ խորհուրդները կօգնեն մեզ հասնել դրան.
-
Ամեն առավոտ և երեկոյան ընտանիքով աղոթեք (տես 3 Նեփի 18.21): Միասին աղոթեք որպես ամուսին և կին:
-
Ամեն շաբաթ ընտանեկան երեկոյի ընթացքում երեխաներին ավետարանը ուսուցանեք:
-
Ընտանիքով կանոնավոր ուսումնասիրեք սուրբ գրությունները:
-
Ընտանիքով միասին որոշ աշխատանքներ կատարեք, օրինակ աշխատանքային ծրագրեր կազմեք, զբոսանքներ կազմակերպեք և որոշումներ կայացրեք:
-
Սովորեք լինել բարի, համբերատար, երկայնամիտ և գթառատ (տես Մորոնի 7.45–48):
-
Կանոնավոր հաճախեք Եկեղեցու հավաքներին (տես ՎևՈւ 59.9–10):
-
Հետևեք Տիրոջ խորհրդին, որ տրված է ՎևՈւ 88.119-ում. «Կազմակերպվեք. նախապատրաստեք ամեն անհրաժեշտ բան. և հաստատեք մի ատուն, այսինքն՝ աղոթքի տուն, ծոմապահության տուն, հավատքի տուն, ուսման տուն, փառքի տուն, կարգ ու կանոնի տուն, Աստծո տուն»:
-
Ընտանիքի պատմություն կազմեք, տաճարային աշխատանք կատարեք և տաճարային կնքող արարողություններ ստացեք:
Ընտանիքն ամենակարևոր միավորն է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում: Եկեղեցին գոյություն ունի, որպեսզի օգնի ընտանիքներին հավերժական օրհնություններ և վեհացում ստանալ: Եկեղեցու կազմակերպություններն ու ծրագրերը նախատեսված են ամրացնելու մեզ անհատապես և օգնելու մեզ հավերժ ապրել որպես ընտանիք:
-
Ի՞նչ կարող են անել ընտանիքները դժվար ժամանակներում, աշխատելով դուրս գալ այդ վիճակից:
-
Ի՞նչ փաստեր գիտեք, երբ ջանքերը, ինչպիսիք են՝ ընտանեկան աղոթքը, ընտանիքով սուրբ գրություններն ուսումնասիրելը, ընտանեկան խորհուրդները, ընտանեկան ճաշի ժամերը, և ընտանեկան երեկոները, փոփոխություն են բերել այդ ընտանիք:
Լրացուցիչ սուրբ գրություններ և այլ նյութեր
-
Մովսես 2.27–28 (տղամարդն ու կինը արարվեցին և օրհնվեցին)
-
Ծննդոց Բ.24 (տղամարդը պետք է հարի իր կնոջը)
-
ՎևՈւ 49.15–16 (Աստված հաստատել է ամուսնությունը)
-
Եփեսացիս Զ.4 (կրթիր երեխային արդարակեցության մեջ)
-
ՎևՈւ 132.15–21 (հավերժական ամուսնություն)
-
ՎևՈւ 88.119–26 (հրահանգներ հաջողակ ընտանիք ունենալու համար)
-
ՎևՈւ 93.40–50 (Տերը պատվիրում է ծնողներին իրենց երեխաներին մեծացնել լույսի և ճշմարտության մեջ)
-
«Ընտանիք՝ Հայտարարություն աշխարհին» (մատչելի է LDS.org կայքում և Եկեղեցու տարբեր հրատարակություններում, ներառյալ Ensign, Nov. 1995, page 102; Երիտասարդներին զորացնելու համար. Կատարել մեր պարտականությունն Աստծո հանդեպ [item number 36550], էջ 44; և Հավատքին հավատարիմ. Ավետարանի վկայակոչում [item number 36863], էջեր 59–61)