Գլուխ 4
Ընտրելու ազատություն
Ազատ կամքը հավերժական սկզբունք է
-
Եթե ինչ-որ մեկը հարցնի ձեզ, թե ինչու է կարևոր ազատ կամք ունենալը, ի՞նչ կպատասխանեք դուք:
«Դու կարող ես ընտրել քեզ համար, քանզի դա տրված է քեզ» (Մովսես 3.17):
Աստված ասել է մեզ Իր մարգարեների միջոցով, որ մենք ազատ ենք ընտրելու բարու և չարի միջև: Մենք կարող ենք ընտրել ազատություն և հավերժական կյանք՝ հետևելով Հիսուս Քրիստոսին: Մենք նաև ազատ ենք ընտրելու գերություն և մահ՝ հետևելով Սատանային: (Տես 2 Նեփի 2.27:) Բարու և չարի միջև ընտրելու իրավունքը և ինքնուրույն գործելը կոչվում է ազատ կամք:
Մեր նախամահկանացու կյանքում մենք բարոյական ազատ կամք ենք ունեցել: Երկրային կյանքի նպատակներից մեկը ցույց տալն է, թե ինչ ընտրություններ ենք կատարելու (տես 2 Նեփի 2.15–16): Եթե մեզ ստիպեին ընտրել ճիշտը, մենք չէինք կարող ցույց տալ, թե ինքներս ինչ կընտրեինք: Ինչպես նաև, մենք ավելի ուրախությամբ ենք կատարում գործեր, երբ ինքնուրույն ենք ընտրություններ կատարում:
Նախամահկանացու Երկնային Խորհրդում բարձրացված հիմնական հարցերից մեկն էր՝ ազատ կամքը: Դա Քրիստոսի հետևորդների և Սատանայի հետևորդների միջև ծագած հակասության հիմնական պատճառներից մեկն էր: Սատանան ասաց. «Ահա, ես այստեղ եմ, ի՛նձ ուղարկիր, ես կլինեմ քո որդին և կփրկագնեմ ողջ մարդկությանը, այնպես որ մեկ հոգի չի կորչի, և անկասկած ես դա կանեմ. ուստի, տուր ինձ քո պատիվը» (Մովսես 4.1): Սա ասելով, նա «ապստամբեց [Աստծո] դեմ և փնտրեց կործանել մարդու կամքի ազատությունը» (Մովսես 4.3): Նրա առաջարկը մերժվեց, և նա դուրս գցվեց երկնքից իր հետևորդների հետ միասին (տես ՎևՈւ 29.36–37):
Ազատ կամքը Փրկության ծրագրի կարևոր մասն է
Ազատ կամքը երկրի վրա մեր կյանքը դարձնում է փորձաշրջան: Իր զավակներին մահկանացու վիճակում ստեղծելը պլանավորելիս Աստված ասաց. «Դրանով մենք նրանց կստուգենք, որպեսզի տեսնենք, թե արդյոք նրանք կանեն այն ամենը, ինչ Տերը՝ իրենց Աստվածը, կպատվիրի նրանց» (Աբրահամ 3.25): Առանց ազատ կամքի պարգևի մենք չէինք կարող ցույց տալ մեր Երկնային Հորը արդյոք կկարողանայինք անել այն ամենը, ինչ Նա պատվիրել է մեզ: Քանի որ կարող ենք ընտրել, մենք պատասխանատու ենք մեր արարքների համար (տես Հելաման 14.30–31):
Երբ մենք ընտրում ենք ապրել մեզ համար Աստծո ծրագրով, մեր ազատ կամքն ամրապնդվում է: Ճիշտ ընտրություններն ավելացնում են ավելի շատ ճիշտ որոշումներ կայացնելու մեր կարողությունը:
Երբ մենք հնազանդվում են մեր Հոր պատվիրաններից յուրաքանչյուրին, մենք աճում ենք իմաստության և ուժեղ բնավորության մեջ: Մեր հավատն ավելանում է: Մեզ համար հեշտանում է ճիշտ ընտրություններ կատարելը:
Մենք սկսել ենք ընտրություններ կատարել լինելով հոգևոր զավակներ մեր Երկնային Հոր ներկայության մեջ: Այնտեղ կատարած մեր ընտրությունների շնորհիվ մենք արժանի դարձանք երկիր գալուն: Մեր Երկնային Հայրը ցանկանում է, որ մենք աճենք հավատի, զորության, գիտելիքի, իմաստության մեջ և այլ լավ բաներում: Եթե մենք պահենք Նրա պատվիրանները և ճիշտ ընտրություններ կատարենք, մենք կսովորենք և կհասկանանք: Մենք կդառնանք Նրա պես: (Տես ՎևՈւ 93.28:)
-
Ինչպե՞ս է ճիշտ ընտրություններ կատարելն օգնում մեզ ավելի շատ ճիշտ ընտրություններ կատարել:
Ազատ կամքը պահանջում է, որ ընտրություն լինի
-
Ինչո՞ւ է անհրաժեշտ հակադրությունը:
Մենք չենք կարող ընտրել արդարակեցությունը, եթե մեր առջև չունենանք բարու և չարի հակադրությունները: Մորմոնի Գրքի մարգարե՝ Լեքին, իր որդի Հակոբին ասել է, որ Աստծո նպատակների իրականացման համար պետք է «հակադրություն լինի բոլոր բաներում: Եթե այդպես չլիներ … արդարությունը չէր կարող իրագործվել, ո՛չ էլ՝ ամբարշտությունը, ո՛չ՝ սրբությունը, ո՛չ էլ՝ թշվառությունը, ո՛չ՝ լավը, ո՛չ էլ՝ վատը» (2 Նեփի 2.11):
Աստված թույլ է տալիս Սատանային հակադրվել բարուն: Աստված ասել է Սատանայի մասին.
«Ես այնպես արեցի, որ նա ցած գցվեր.
«Եվ նա դարձավ Սատանա, այո, այսինքն՝ դևը, բոլոր աստերի հայրը, որ խաբի և կուրացնի մարդկանց, և գերության տանի նրանց իր կամքով, նույնիսկ բոլոր նրանց, ովքեր չեն կամենա ականջ դնել իմ ձայնին» (Մովսես 4.3–4):
Սատանան փորձում է անել ամեն ինչ, որ կործանի Աստծո աշխատանքը: Նա փնտրում է «ողջ մարդկության թշվառությունը: … Նա ջանում է, որ բոլոր մարդիկ լինեն թշվառ, ինչպես ինքը» (2 Նեփի 2.18, 27): Նա մեզ չի սիրում: Նա ոչ մի լավ բան չի ցանկանում մեզ (տես Մորոնի 7.17): Նա չի ցանկանում, որ մենք երջանիկ լինենք: Նա ցանկանում է, որ մեզ իր գերիները դարձնի: Նա օգտագործում է շատ դիմակներ, որպեսզի ստրկացնի մեզ:
Հետևելով Սատանայի գայթակղություններին՝ մենք սահմանափակում ենք մեր ընտրությունները: Հետևյալ օրինակը ցույց է տալիս, թե ինչպես է դա աշխատում: Պատկերացրեք ծովափին կա նշան, որն ասում է՝ «Վտանգավոր ջրապտույտ: Այստեղ չի թույլտրվում լողանալ»: Մենք կարող ենք մտածել, որ դա սահմանափակում է: Իրո՞ք այդպես է: Մենք դեռևս շատ ընտրություններ ունենք: Մենք կարող ենք լողանալ մեկ այլ վայրում: Մենք ազատ ենք և կարող ենք քայլել ծովափում և խխունջներ հավաքել: Մենք ազատ ենք դիտելու արևամուտը: Մենք ազատ ենք գնալու տուն: Մենք նաև ազատ ենք՝ անտեսելու նշանը և լողանալու վտանգավոր վայրում: Սակայն երբ ջրապտույտն իր ճանկերի մեջ առնի մեզ և ներքև քաշի, մենք շատ քիչ ընտրություններ կունենանք: Մենք կարող ենք փորձել փրկվել կամ օգնություն կանչել, սակայն կարող ենք խեղդվել:
Թեպետ մենք ազատ ենք ընտրելու մեր գործողությունների ընթացքը, մենք ազատ չենք ընտրելու մեր արարքների հետևանքները: Հետևանքները, լինեն լավ թե վատ, գալիս են որպես մեր կատարած ընտրության բնական արդյունք (տես Գաղատացիս Զ.7; Հայտնություն ԻԲ.12):
Երկնային Հայրը ասել է մեզ, թե ինչպես կարող ենք խույս տալ սատանայի գերությունից: Մենք պետք է միշտ ուշադիր լինենք և աղոթենք՝ խնդրելով Աստծուն օգնել մեզ դիմակայելու սատանայի գայթակղություններին (տես 3 Նեփի 18.15): Մեր Երկնային Հայրը թույլ չի տա, որ մեր դիմակայելու կարողությունից վեր գայթակղվենք (տես Ա Կորնթացիս Ժ.13; Ալմա 13.28):
Աստծո պատվիրանները մեզ հեռացնում են վտանգից և տանում դեպի հավերժական կյանք: Իմաստուն ձևով ընտրելով մենք ձեռք կբերենք վեհացում, հավերժական առաջընթաց և կվայելենք կատարյալ երջանկություն (տես 2 Նեփի 2.27–28):
-
Թվեք մի քանի գործողություններ, որոնք սահմանափակում են մեր ընտրությունները: Թվեք մի քանի գործողություններ, որոնք մեզ ազատություն են պարգևում:
Լրացուցիչ սուրբ գրություններ
-
Մովսես 7.32 (ընտրելու ազատություն)
-
Աբրահամ 3.24–25 (երկրային կյանքը փորձություն է)
-
Ալմա 41.3; Մորոնի 7.5–6 (դատվել ըստ գործերի)
-
2 Նեփի 2.11–16 (անհրաժեշտ է, որ լինի հակադրություն)
-
Մորոնի 7.12–17 (ընտրել բարու և չարի միջև)
-
Բ Պետրոս Բ.19; Հովհաննես Ը.34 (մեղքը գերության է տանում)
-
2 Նեփի 2.28–29; Ալմա 40.12–13 (հատուցում ըստ գործերի)