Գլուխ 40
Տաճարային աշխատանք և ընտանեկան պատմություն
Երկնային Հայրը ցանկանում է, որ Իր զավակները վերադառնան Իր մոտ
Հիսուս Քրիստոսի Քավությունը հավաստիացնում է մեզանից յուրաքանչյուրին, որ մենք հարություն կառնենք և հավերժ կապրենք: Սակայն եթե մենք պետք է ապրենք հավերժ մեր ընտանիքների հետ Երկնային Հոր ներկայությամբ, մենք պետք է անենք այն ամենը, ինչ Փրկիչը պատվիրում է մեզ: Սա ներառում է մկրտվելը, հաստատվելը և տաճարային արարողությունները ստանալը:
Որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներ, մենք յուրաքանչյուրս մկրտվել ենք և հաստատվել պատշաճ քահանայության իշխանություն կրողի կողմից: Մեզանից յուրաքանչյուրը նաև կարող է գնալ տաճար, ստանալու այնտեղ կատարվող քահանայության փրկող արարողությունները: Սակայն Աստծո զավակներից շատերը չեն ունեցել այդ հնարավորությունները: Նրանք ապրել են մի ժամանակ կամ մի վայրում, երբ ավետարանը մատչելի չի եղել նրանց համար:
Երկնային Հայրը ցանկանում է, որ Իր բոլոր զավակները վերադառնան և ապրեն Իր հետ: Նրանց համար, ովքեր մահացել են առանց մկրտվելու կամ տաճարային արարողությունների, Նա միջոց է տրամադրել դա կատարելու համար: Նա խնդրել է մեզ տաճարում արարողություններ կատարել մեր նախնիների համար:
Տիրոջ Տաճարներ
-
Ինչո՞ւ են տաճարները կարևոր մեր կյանքում:
Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Տաճարները Տիրոջը նվիրագործված հատուկ շինություններ են: Եկեղեցու արժանի անդամները կարող են գնալ այնտեղ, որպեսզի ստանան սուրբ արարողությունները և ուխտեր կապեն Աստծո հետ: Մկրտության պես, այդ արարողություններն ու ուխտերը անհրաժեշտ են մեր փրկության համար: Դրանք պետք է կատարվեն Տիրոջ տաճարներում:
Մենք նաև տաճար ենք գնում ավելին սովորելու Երկնային Հոր և Նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի մասին: Մենք ավելի լավ ենք հասկանում կյանքում մեր նպատակը, և Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ մեր հարաբերությունը: Մեզ ուսուցանվում է մեր նախամահկանացու գոյության, երկրային կյանքի նշանակության և մահից հետո մեր կյանքի մասին:
Տաճարային արարողությունները ընտանիքները հավերժ միասին են կնքում
-
Ի՞նչ է նշանակում կնքվել:
Բոլոր տաճարային արարողությունները կատարվում են քահանայության զորությամբ: Երկրի վրա այդ զորությամբ կատարված արարողությունները կնքվում են կամ կապվում են երկնքում: Փրկիչն ուսուցանեց Իր Առաքյալներին. «Այն որ կապես երկրի վրա, կապուած կլինի երկնքում» (Մատթեոս ԺԶ.19; տես նաև ՎևՈւ 132.7):
Միայն տաճարում կարող ենք մենք որպես ընտանիք հավերժ միասին կնքվել: Տաճարային ամուսնությունը տղամարդուն և կնոջը հավերժ միացնում է որպես ամուսին և կին, եթե նրանք պատվում են իրենց ուխտերը: Մկրտությունը և մյուս բոլոր արարողությունները պատրաստում են մեզ այդ սուրբ իրադարձությանը:
Երբ տղամարդը և կինը ամուսնանում են տաճարում, նրանց երեխաները, որոնք ծնվում են դրանից հետո, նույնպես դառնում են նրանց հավերժական ընտանիքի մասը: Քաղաքացիական ամուսնությամբ պսակված զույգերը կարող են այդ օրհնությունները ստանալ՝ պատրաստվելով և պատրաստելով իրենց երեխաներին տաճար գնալու և միմյանց հետ կնքվելու համար: Ծնողները, որոնք երեխաներ են որդեգրում, կարող են օրինապես իրենց կնքել այդ երեխաներին:
-
Ի՞նչ պետք է զույգն անի, որպեսզի կնքման զորությունը արդյունավետ գործի իրենց ամուսնության մեջ:
Մեր նախնիները մեր օգնության կարիքն ունեն
-
Ի՞նչ պատասխանատվություններ մենք ունենք մեր նախնիների հանդեպ, ովքեր մահացել են առանց քահանայության արարողությունները ստանալու:
Մարիո Կանամելան ամուսնացել է Մարիա Վիտայի հետ 1882թ.: Նրանք ապրել են Տրիպանիում, Իտալիա, որտեղ ընտանիք են ստեղծել և հրաշալի երկար տարիներ ապրել միասին: Մարիոն և Մարիան չէին լսել Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի ուղերձը իրենց կյանքի ընթացքում: Նրանք չէին մկրտվել: Նրանք հնարավորություն չեն ունեցել տաճար գնալու և որպես հավերժական ընտանիք միասին կնքվելու: Մահով նրանց ամուսնությունը ավարտվեց:
Մոտ մեկ դար հետո մեծ վերամիավորում տեղի ունեցավ: Մարիոյի և Մարիայի հետնորդները գնացին Լոս Անջելես Տաճար, որտեղ ծոռը և նրա կինը ծնկի իջան զոհասեղանի մոտ և որպես փոխանորդներ ծառայեցին Մարիոյի և Մարիայի կնքման համար: Արցունքները պատեցին նրանց աչքերը, երբ նրանք կիսեցին Մարիոյի և Մարիայի ուրախությունը:
Մեր նախնիներից շատերը նրանց շարքում են, ովքեր մահացել են երկրի վրա չլսելով ավետարանի մասին: Նրանք այժմ ապրում են հոգևոր աշխարհում (տես այս գրքի գլուխ 41): Այնտեղ նրանց ուսուցանվում է Հիսուս Քրիստոսի ավետարանը: Նրանք, ովքեր ընդունել են ավետարանը, սպասում են տաճարային արարողություններին, որ պետք է իրենց համար կատարվեն: Տաճարում մեր նախնիների համար այդ արարողությունները կատարելիս մենք կարող ենք կիսել այդ ուրախությունը:
-
Ինչպե՞ս է մահացածների համար փրկության վարդապետությունը ցույց տալիս Աստծո արդարադատությունը, կարեկցանքը և ողորմածությունը:
-
Ի՞նչ փորձառություններ եք դուք ունեցել ձեր նախնիների համար տաճարային աշխատանք կատարելիս:
Ընտանեկան պատմություն—Ինչպես ենք մենք սկսում օգնել մեր նախնիներին
-
Որո՞նք են ընտանեկան պատմության աշխատանքը կատարելու կարևոր քայլերը:
Վերջին Օրերի Սրբերին քաջալերվում է մասնակցել ընտանեկան պատմության միջոցառումներին: Այդ միջոցառումների շնորհիվ մենք սովորում ենք մեր նախնիների մասին, և որ մենք կարող ենք արարողություններ կատարել նրանց համար: Ընտանեկան պատմությունը ներառում է երեք հիմնական քայլեր.
-
Գտնել մեր նախնիներին:
-
Պարզել, թե որ նախնիները տաճարային արարողությունների կարիքն ունեն:
-
Հավաստիանալ, որ արարողությունները կատարվել են նրանց համար:
Հիմնականում ծխերն ու ճյուղերը ունեն ընտանեկան պատմության խորհրդատուներ, որոնք կարող են պատասխանել հարցերին և մեզ ուղղել մեզ համար անհրաժեշտ աղբյուրներին: Եթե ծուխը կամ ճյուղը չունի ընտանեկան պատմության խորհրդատու, եպիսկոպոսը կամ ճյուղի նախագահը կարող են ուղղություն տալ:
Գտնել մեր նախնիներին
Մեր նախնիների համար տաճարային արարողություններ կատարելու համար մենք պետք է գտնենք նրանց անունները: Շատ հրաշալի աղբյուրներ կան այսօր մատչելի, որոնք կարող են օգնել մեզ գտնել մեր նախնիների անունները:
Մեր նախնիների մասին տեղեկություն հավաքելու լավ միջոց է պարզել, թե ինչ մենք ունենք մեր տներում: Մենք կարող ենք ունենալ ծննդյան, ամուսնության կամ մահվան վկայականներ: Մենք կարող ենք նաև գտնել ընտանեկան Աստվածաշունչ, մահախոսական, ընտանեկան պատմություններ կամ օրագրեր ու մատյաններ: Ինչպես նաև, մենք կարող ենք հարցնել մեր բարեկամներին, թե ինչ տեղեկություն իրենք ունեն: Մեր տանը մեր նախնիներից ունեցած տեղեկությունը հավաքելուց հետո, մենք կարող ենք փնտրել այլ աղբյուրներում, օրինակ FamilySearch.org կայքում: Մենք կարող ենք նաև այցելել Եկեղեցու տեղական ընտանեկան պատմության կենտրոններից մեկը:
Ինչ կիմանանք, կախված կլինի, թե ինչ տեղեկություն է մեզ մատչելի: Մենք կարող ենք ունենալ միայն մի փոքր ընտանեկան տեղեկություն և հնարավոր է միայն ունենանք մեր ծնողների և տատիկների, պապիկների անունները: Եթե մենք արդեն ունենք ընտանեկան գրառումների մի մեծ հավաքածու, հնարավոր է կարողանանք պարզել տարբեր սերունդների մեր նախնիների անունները:
Մենք կարող ենք գրանցել մեր հավաքած տեղեկությունը ընտանեկան խմբի գրառումների վրա և տոհմաբանական աղյուսակներում:
Պարզեք, թե որ նախնիները տաճարային արարողությունների կարիքն ունեն:
Տաճարային արարողություններ են կատարվել մահացածների համար Եկեղեցու վաղ օրերից ի վեր: Հետևաբար, մեր նախնիների համար որոշ արարողություններ հնարավոր է արդեն կատարվել են: Որպեսզի պարզենք, թե որ նախնիները տաճարային արարողությունների կարիքը ունեն, մենք կարող ենք նայել երկու տեղ: Մեր անձնական ընտանեկան գրառումներում հնարավոր է տեղեկություն լինի կատարված արարողությունների վերաբերյալ: Եթե ոչ, Եկեղեցին գրանցում է տաճարում կատարված բոլոր արարողությունները: Ձեր ծխի կամ ճյուղի ընտանեկան պատմության խորհրդատուն կարող է օգնել ձեզ այդ հարցում:
Հավաստիացեք, որ արարողությունները կատարվել են
Մեր նախնիներից շատերը հոգևոր աշխարհում հնարավոր է անհամբեր սպասում են իրենց տաճարային արարողություններին: Երբ գտնում ենք այդ նախնիների անունները, մենք պետք է արագ կազմակերպենք այդ աշխատանքը նրանց համար:
Ընտանեկան պատմության աշխատանքի օրհնություններից մեկը գալիս է տաճար գնալու և մեր նախնիների համար արարողություններ կատարելու արդյունքում: Մենք պետք է պատրաստվենք տաճարային երաշխավորագիր ստանալուն, որպեսզի հնարավորության դեպքում կարողանանք կատարել այդ աշխատանքը: Եթե մեր երեխաները 12 տարեկան կամ ավել են, նրանք կարող են կիսել այդ օրհնությունները՝ մկրտվելով և հաստատվելով իրենց նախնիների համար:
Եթե մեզ համար հնարավոր չէ տաճար գնալ և արարողություններին մասնակցել, տաճարը կկազմակերպի արարողություններ կատարելը՝ Եկեղեցու այլ անդամների միջոցով:
-
Ինչպե՞ս է Տերը օգնել ձեզ կամ ձեր ընտանիքի անդամներին տեղեկություն գտնել ձեր նախնիների մասին:
Ընտանեկան Պատմության լրացուցիչ հնարավորությունները
-
Նշեք մի քանի պարզ ուղիներ, թե ինչպես կարող է բազմաթիվ այլ պարտականություններ ունեցող մարդը ընտանեկան պատմության աշխատանքին մասնակցել:
Նախնիների համար տաճարային արարողություններ կատարելուց բացի, մենք կարող ենք շատ այլ միջոցներով օգնել նրանց, ովքեր հոգևոր աշխարհում են: Մենք պետք է փնտրենք Հոգու առաջնորդությունը, երբ աղոթքով մտածում ենք, թե ինչ կարող ենք անել: Մեր պայմաններից կախված մենք կարող ենք կատարել հետևյալը.
-
Որքան հնարավոր է հաճախակի գնալ տաճար: Մեզ համար տաճար գնալուց հետո, մենք կարող ենք փրկող արարողություններ կատարել մյուսների համար, որոնք սպասում են հոգևոր աշխարհում:
-
Կատարել հետազոտություն, որպեսզի գտնենք նախնիների անուններ, որոնց ամենադժվարն է գտնել: Ընտանեկան պատմության խորհրդատուները կարող են մեզ հղել տարբեր աղբյուրների:
-
Օգնություն Եկեղեցու ցուցչային ծրագրից: Այդ ծրագրով, անդամները պատրաստում են տոհմաբանական տեղեկություն Եկեղեցու ընտանեկան պատմության համակարգչային ծրագրերում օգտագործելու համար: Այդ ծրագրերը մեզ համար հեշտացնում են մեր նախնիներին գտնելը:
-
Ընտանիքի պատմության տեղեկություն տրամադրեք Եկեղեցու ներկայիս համակարգչային ծրագրերին ընտանեկան պատմության համար: Այս ծրագրերը պարունակում են ողջ աշխարհի մարդկանց կողմից տրամադրված տոհմաբանություններ: Դրանք թույլ են տալիս մարդկանց կիսվել իրենց ընտանիքի տեղեկությամբ: Ընտանեկան պատմության խորհրդատուները կարող են ավելի շատ տեղեկություն տրամադրել Եկեղեցու համակարգչային ծրագրերի վերաբերյալ:
-
Մասնակցեք ընտանեկան կազմակերպություններում: Մենք կարող ենք շատ ավելին կատարել մեր նախնիների համար, երբ աշխատենք ընտանիքի մյուս անդամների հետ միասին:
-
Մտածեք, թե ինչ կարող եք անել, որպեսզի առավելագույնս մեծացնեք ձեր մասնակցությունը տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքում:
Լրացուցիչ սուրբ գրություններ
-
Ա Պետրոս Դ.6 (ավետարանը քարոզվեց մահացածներին)
-
Մաղաքիա Դ.5–6; ՎևՈւ 2.2; 3 Նեփի 25.5–6 (Եղիայի առաքելությունը)
-
Ա Կորնթացիս ԺԵ.29; ՎևՈւ 128.15–18 (մահացածների համար աշխատանք)
-
ՎևՈւ 138 (մահացածների փրկագնում)