Գրքեր և դասեր
Գլուխ 15. Տիրոջ ուխտյալ ժողովուրդ


Գլուխ 15

Տիրոջ ուխտյալ ժողովուրդ

The Old Testament prophet Abraham kneeling in prayer. Abraham is holding a staff in one hand and is looking toward the heavens as he prays. Sarah, the wife of Abraham, is depicted watching and with a look of humor on her face, from a tent portrayed in the background. Abraham and Sarah are depicted as elderly people.

Ուխտերի բնույթը

  • Ի՞նչ է ուխտը: Ինչո՞ւ են Վերջին Օրերի Սրբերը կոչվում ուխտյալ ժողովուրդ:

Ի սկզբանե, Տերը ուխտեր է կապել երկրի վրա Իր զավակների հետ: Երբ Նրա ժողովուրդը ուխտեր (խոստումներ) է կապում Նրա հետ, նրանք գիտեն, թե ինչ է Նա ակնկալում իրենցից և ինչ օրհնություններ կարող են ստանալ Նրանից: Նրանք կարող են ավելի լավ կատարել Նրա աշխատանքը երկրի վրա: Ժողովուրդը, որ ուխտ է կապում Տիրոջ հետ և ում հետ Տերը ուխտեր է կապում, հայտնի են որպես Տիրոջ ուխտյալ ժողովուրդ: Եկեղեցու անդամները Տիրոջ ուխտյալ ժողովրդի մի մասն են:

Ըստ ավետարանի ուխտ նշանակում է սուրբ համաձայնագիր կամ փոխադարձ խոստում Աստծո և մարդու կամ մարդկանց խմբի միջև: Ուխտ կապելիս Աստված օրհնություն է խոստանում պատվիրաններին հնազանդվելու համար: Նա պայմաններ է սահմանում Իր ուխտերի համար, և Նա հայտնում է այդ պայմանները Իր մարգարեներին: Եթե մենք հնազանդվում ենք ուխտի պայմաններին, մենք ստանում ենք խոստացված օրհնությունները: Եթե մենք ընտրում ենք չհնազանդվելը , Նա ետ է պահում օրհնությունները, և որոշ դեպքերում նաև պատժում է:

Օրինակ, երբ մենք միանում ենք Եկեղեցուն, մենք մի քանի ուխտեր ենք կապում Աստծո հետ (տես այս գրքի գլուխ 20): Մկրտության ժամանակ Փրկչի հետ մենք ուխտ ենք կապում, որ կվերցնենք Նրա անունը մեզ վրա: Նա խոստանում է, որ «բոլոր նրանք, ովքեր ապաշխարում ու մկրտվում են իմ անունով, որն է՝ Հիսուս Քրիստոս, և համբերում են մինչև վերջ, պիտի փրկվեն» (ՎևՈւ 18.22): Մենք ուխտ ենք կապում Տիրոջ հետ, երբ հաղորդությունն ենք ընդունում (տես այս գրքի գլուխ 23): Մենք խոստանում ենք մեզ վրա վերցնել Նրա անունը, հիշել Նրան և հնազանդվել Նրա պատվիրաններին: Մենք խոստանում ենք, որ Սուրբ Հոգին կլինի մեզ հետ: (Տես ՎևՈւ 20.77–79:) Երբ ստանում ենք տաճարային արարողությունները, մենք այլ սուրբ ուխտեր ենք կապում և մեզ վեհացում է խոստացվում հավատարիմ հնազանդության համար (տես ՎևՈւ 132; տես նաև այս գրքի գլուխ 47):

Աստված նաև հատուկ ուխտեր է կապել հատուկ մարդկանց կամ խմբերի հետ: Նա հատուկ ուխտեր է կապել Ադամի, Ենովքի, Նոյի, Իսրայելի զավակների և Լեքիի հետ (տես Մովսես 6.31–36, 52; Ծննդոց 9.9–17; Ելից ԺԹ.5–6; 2 Նեփի 1): Նա հատուկ ուխտ է կապել Աբրահամի և նրա ժառանգների հետ, որն այսօր օրհնում է Եկեղեցու անդամներին և երկրի բոլոր ազգերին:

  • Խորհեք Աստծո հետ կապած ուխտերի և այն օրհնությունների մասին, որ նա խոստացել է ձեզ այդ ուխտերը պահելու համար:

Աստծո ուխտը Աբրահամի և նրա ժառանգների հետ

  • Ի՞նչ է Աբրահամյան ուխտը:

Հին Կտակարանի մարգարե Աբրահամը շատ արդարակյաց մարդ էր (տես այս գլխի նկարը): Նա հրաժարվեց երկրպագել իր հոր կուռքերին: Նա պահում էր Տիրոջ բոլոր պատվիրանները: Աբրահամի արդարակեցության շնորհիվ Տերը ուխտ կապեց նրա և նրա ժառանգների հետ:

Տերը խոստացավ Աբրահամին, որ նա անթիվ ժառանգներ կունենա: Նա խոստացավ, որ նրանք բոլորը հնարավորություն կունենան ստանալ ավետարանը, քահանայության օրհնությունները, և վեհացման բոլոր արարողությունները: Այդ ժառանգները, քահանայության զորության շնորհիվ, կտանեն ավետարանը բոլոր ազգերին: Նրանց միջոցով, երկրի բոլոր ընտանիքները կօրհնվեն (տես Աբրահամ 2.11): Այնուհետև Աստված խոստացավ, որ եթե նրանք արդարակյաց լինեն, Նա Իր ուխտը կհաստատի Աբրահամի զավակների սերունդների հետ (տես Ծննդոց ԺԷ.4–8):

  • Ինչպե՞ս են Աբրահամյան ուխտի պատվիրաններն ու խոստումները վերաբերվում մեզ: (Հաշվի առեք, թե ինչպես է այս հարցը կիրառվում տարբեր միջավայրերում, օրինակ՝ տանը, աշխատանքի վայրում, համայնքում կամ որպես միսիոներ:)

Եկեղեցու անդամներն ուխտյալ ժողովուրդ են

  • Ի՞նչ պատասխանատվություններ են կրում Աստծո ուխտյալ ժողովրդներն այսօր և ինչ օրհնություններ են ստանում:

Աբրահամի արյունակից ժառանգները միակ մարդիկ չեն, որոնց Աստված Իր ուխտյալ ժողովուրդն է կոչում: Խոսելով Աբրահամի մասին, Աստված ասաց. «Բոլոր նրանք, ովքեր կընդունեն այս Ավետարանը, կկոչվեն քո անունով, և կհամարվեն քո սերունդը [տոհմը], և վեր կկենան ու կօրհնեն քեզ, որպես իրենց հայր» (Աբրահամ 2.10): Ուստի, մարդկանց երկու խմբեր են ընդգրկվում Աբրահամի հետ կապված ուխտի մեջ. (1) Աբրահամի արդար արյունակից ժառանգները և (2) նրա տոհմի մեջ ընդգրկվածները, որոնք ընդունել են Հիսուս Քրիստոսի ավետարանը և ապրում են դրանով (տես 2 Նեփի 30.2):

Երբ մկրտվում ենք Եկեղեցում, մենք մտնում ենք Աբրահամի, Իսահակի և Հակոբի հետ կապված Տիրոջ ուխտի մեջ (տես Գաղատացիս Գ.26–29): Եթե հնազանդ ենք, մենք ժառանգում ենք այդ ուխտի օրհնությունները: Մենք իրավունք ունենք օգնություն և առաջնորդություն ստանալ Սուրբ Հոգուց: Արժանի տղամարդիկ քահանայություն կրելու իրավունք ունեն: Ընտանիքները կարող են քահանայության օրհնություններ ստանալ: Մենք կարող ենք հավերժական կյանք ձեռք բերել սելեստիալ թագավորությունում: Դրանից առավել մեծ օրհնություններ գոյություն չունեն:

Որպես Տիրոջ ուխտյալ ժողովուրդ, օրհնությունների հետ միասին մենք նաև մեծ պատասխանատվություններ ունենք: Տերը խոստացել է Աբրահամին, որ իր ժառանգների միջոցով ավետարանը կտարվի ողջ աշխարհին: Մենք իրականացնում ենք այս պատասխանատվությունը Եկեղեցու լիաժամկետ միսիոներական ծրագրի և անդամների կողմից կատարվող միսիոներական աշխատանքի միջոցով: Ողջ աշխարհին ավետարանը քարոզելու այս արտոնությունը պատկանում է միայն Տիրոջ Եկեղեցուն և Նրա ուխտյալ ժողովրդին:

Որպես Տիրոջ ուխտյալ ժողովուրդ մենք պետք է պահենք Նրա պատվիրանները: Նա ասել է. «Ես Տերս կապված եմ, երբ դուք անում եք այն, ինչ ես ասում եմ. բայց երբ դուք չեք անում այն, ինչ ես ասում եմ, դուք խոստում չունեք» (ՎևՈւ 82.10): Եթե մենք ավետարանն ընդունելուց հետո դրժենք մեր ուխտը, ուխտը դառնում է անվավեր, և մենք մեղավոր ենք դառնում Աստծո առաջ (տես ՎևՈւ 132.4): Նա ասել է. «Խուսափեք մեղքից, չլինի թե դառը դատաստաններ ընկնեն ձեր գլխին: Քանզի նրանից, ում շատ տրվել է, շատ էլ պահանջվում է. և նա, ով մեղանչում է ավելի մեծ լույսի դեմ, ավելի մեծ դատապարտություն պիտի ստանա» (ՎևՈւ 82.2–3):

Նոր և հավիտենական ուխտ

  • Ի՞նչ ենք մենք խոստանում անել, երբ ընդունում ենք ավետարանը: Ի՞նչ օրհնություններ է Երկնային Հայրը տալիս մեզ, երբ մենք պահում ենք այդ խոստումները:

Ավետարանի լրիվությունը կոչվում է նոր և հավիտենական ուխտ: Այն ներառում է մկրտության, հաղորդության ժամանակ, տաճարում և այլ ժամանակ կապված ուխտերը: Տերը կոչում է այն հավիտենական, որովհետև այն հաստատվել է հավիտենական Աստծո միջոցով, և որովհետև այդ ուխտը երբեք չի փոխվի: Նա այդ նույն ուխտը տվել է Ադամին, Ենովքին, Նոյին, Աբրահամին և այլ մարգարեներին: Այդ իմաստով այն նոր չէ: Բայց Տերը այն նոր է կոչում, որովհետև ամեն անգամ ավետարանը վերականգնվել է այն երկրից վերցվելուց հետո, դա նոր է այն մարդկանց համար, ովքեր ստանում են այն (տես Երեմիա ԼԱ.31–34; Եզեկիել ԼԷ.26):

Երբ մենք ընդունում ենք նոր ու հավիտենական ուխտը, մենք համաձայնվում ենք, որ կապաշխարենք, կմկրտվենք, կստանանք Սուրբ Հոգին, կստանանք մեր օժտումները, կստանանք տաճարային ամուսնության ուխտը, կհետևենք և կհնազանդվենք Քրիստոսին մինչև մեր կյանքի վերջ: Երբ մենք պահում ենք մեր ուխտերը, մեր Երկնային Հայրը խոստանում է մեզ, որ մենք վեհացում կստանանք սելեստիալ արքայությունում (տես ՎևՈւ 132.20–24; տես նաև այս գրքի գլուխ 47-ը):

Այդ խոստումի մեծությունը մահկանացուների համար դժվար է հասկանալ: Պատվիրանները, որ Նա տալիս է, մեր օգուտի համար են, և եթե մենք հավատարիմ ենք, կարող ենք հավերժ վայելել օրհնություններն ու երկնքի ու երկրի գեղեցկությունները: Մենք կարող ենք ապրել Նրա ներկայությամբ և ճաշակել Նրա սերը, կարեկցանքը, զորությունը, մեծությունը, գիտելիքը, իմաստությունը, փառքը և տիրապետությունը:

  • Տիրոջ ուխտյալ ժողովուրդ լինելը ինչպե՞ս է կապված նրա հետ, թե ինչպես ենք հագնվում, գործում և պահում Աստծո պատվիրանները:

Լրացուցիչ սուրբ գրություններ