Գլուխ 30
Գթություն
Ի՞նչ է գթությունը
-
Ըստ ձեզ, ո՞րն է գթության սահմանումը:
Փրկչի կյանքն արտացոլում է Նրա մաքուր սերը բոլոր մարդկանց հանդեպ: Նա անգամ Իր կյանքն է տվել մեզ համար: Գթությունն այն մաքուր սերն է, որն ունի մեր Փրկիչը՝ Հիսուս Քրիստոսը: Նա մեզ պատվիրել է սիրել միմյանց ինչպես Նա է մեզ սիրում: Սուրբ գրությունները մեզ ասում են, որ գթությունը բխում է մաքուր սրտից (տես Ա Տիմոթեոս Ա.5): Մենք մաքուր սեր ունենք, երբ ի սրտե, անկեղծ հոգատարություն և կարեկցանք ենք ցուցաբերում բոլոր եղբայրների և քույրերի հանդեպ:
Գթությունն առաքինության հատկանիշներից ամենամեծն է
Մորմոն մարգարեն մեզ ասում է. «Ուստի, հարեք գթությանը, որը բոլորից մեծ է, քանզի բոլոր բաները պիտի խափանվեն, բայց գթությունը Քրիստոսի մաքուր սերն է, և այն տևում է հավերժ» (Մորոնի 7.46–47. տես նաև Ա Կորնթացիս ԺԳ, 2 Նեփի 26.30, Մորոնի 7.44–45, 48):
Փրկիչը մեզ Իր կյանքի օրինակն է տվել, որ հետևենք: Նա Աստծո Որդին էր: Նա կատարյալ սեր ուներ, և Նա մեզ ցույց տվեց ինչպես սիրել: Իր օրինակով Նա մեզ ցույց է տվել, որ մեր մերձավորի հոգևոր և ֆիզիկական կարիքները նույնքան կարևոր են, որքան մեր սեփականը: Նախքան Իր կյանքը մեզ համար տալը, Նա ասել է.
«Այս է իմ պատվիրանը. որ սիրէք միմեանց, ինչպէս որ ես սիրեցի ձեզ»։
«Աւելի մեծ սէր ոչ ոք չունի, քան այն, որ մէկն իր կեանքը տայ իր բարեկամների համար» (Հովհաննես ԺԵ.12–13):
Խոսելով Տիրոջ հետ, Մորոնին ասել է.
«Ես հիշում եմ, որ դու ասել ես, որ սիրեցիր աշխարհը, մինչև իսկ աշխարհի համար վայր դնելով քո կյանքը. …
Եվ այժմ ես գիտեմ, որ սերը, որ դու ունես մարդկանց զավակների համար, գթությունն է. ուստի, եթե մարդիկ գթություն չունենան, նրանք չեն կարող ժառանգել այն տեղը, որը դու պատրաստել ես քո Հոր ապարանքներում» (Եթեր 12.33–34):
Հնարավոր է, որ մեզանից չպահանջվի մեր կյանքը տալ, ինչպես Փրկիչն արեց: Սակայն մենք կարող ենք գթություն ունենալ, եթե դարձնենք Նրան մեր կյանքի առանձքային մասը և հետևենք Նրա օրինակին ու ուսմունքներին: Ինչպես Փրկիչը, մենք նույնպես կարող ենք օրհնել մեր եղբայրների ու քույրերի կյանքն այստեղ՝ երկրի վրա:
-
Ինչո՞ւ է գթությունը բոլոր առաքինություններից ամենամեծը:
Գթությունը ներառում է հիվանդներին, տառապյալներին ու աղքատներին օգնելը
Շատ ուսմունքներ Փրկիչը մեզ տվել է պատմությունների ու առակների ձևով: Բարի Սամարացու առակը մեզ ուսուցանում է, որ մենք պետք է օգնենք կարիքավորներին, անկախ նրանից՝ մեր ընկերներն են, թե ոչ (տես Ղուկաս Ժ.30–37, տես նաև Ջեյմս Ի. Թալմեջ, Jesus the Christ, 3rd ed. [1916], 430–32): Առակում Փրկիչն ասել է, որ մի մարդ ճամփորդում էր մեկ ուրիշ քաղաք: Ճանապարհին նրա վրա հարձակվեցին ավազակները: Նրանք գողացան նրա հագուստները և գումարը և ծեծեցին նրան՝ թողնելով կիսամեռ վիճակում: Մի քահանա էր անցնում՝ տեսավ նրան և թողեց անցավ: Ապա մի ղևտացի անցավ նույն տեղով՝ տեսավ և թողեց անցավ: Ինչևէ, մի Սամարացի, որին հրեաներն առհամարհում էին, անցնում էր նույն տեղով, և երբ տեսավ մարդուն, կարեկցանք զգաց (տես այս գլխի նկարը): Ծնկի իջնելով, բարի Սամարացին կապեց նրա վերքերը և ավանակի վրա տարավ նրան իջևանատուն: Նա վճարեց իջևանատիրոջը, որ հոգ տանի այդ մարդու համար, մինչև որ նա ապաքինվի:
Հիսուսը մեզ ուսուցանել է, որ մենք պետք է կերակրենք սովածներին, ապաստան տանք տնանկներին և հագցնենք մերկերին: Երբ այցելում ենք հիվանդներին և բանտում գտնվողներին, դա կարծես նույնն է, ինչ մենք Նրա համար ենք անում: Նա խոստանում է, որ երբ մենք անենք այս բաները, մենք կժառանգենք Նրա արքայությունը: (Տես Մատթեոս ԻԵ.34–46:)
Կարիք չկա, որ մենք որոշենք, թե մարդ մեր կարիքն ունի, թե՞ ոչ (տես Մոսիա 4.16–24): Եթե մենք նախ հոգում ենք մեր իսկ ընտանիքի կարիքները, ապա մենք պետք է օգնենք նրանց, ովքեր օգնության կարիք ունեն: Այսպես մենք կնմանվենք մեր Երկնային Հորը, որն անձրև է բերում ինչպես արդարների, այնպես էլ անարդարների վրա (տես Մատթեոս Ե.44–45):
Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը մեզ հիշեցրել է, որ կան մարդիկ, ովքեր ավելի շատ կարիք ունեն, քան նյութական իրերի.
«Եկեք մեզ հարց տանք. «Արդյոք այսօր ես արե՞լ եմ որևէ լավ բան աշխարհում: Արդյոք ես օգնե՞լ եմ որևէ կարիքավորի» [Hymns, no. 223]: Սա երջանկության հրաշալի բանաձև է: Սա՝ մեկ այլ մարդու մեջ ոգեշնչված երախտագիտություն առաջացնելու, բավարվածության, ներքին խաղաղության հրաշալի դեղատոմս է:
Մեր ունեցածից բաժին հանելու հնարավորություններն իսկապես անսահմանափակ են, սակայն դրանք նաև անցողիկ են: Կան սրտեր, որ պետք է ուրախացնել: Կան բարի խոսքեր, որ պետք է ասել: Կան պարգևներ, որ պետք է տալ: Կան գործեր, որ պետք է անել: Կան հոգիներ, որ պետք է փրկել» (in Conference Report, Oct. 2001, 72; or Ensign, Nov. 2001, 60):
-
Բարի Սամարացու առակում ինչպե՞ս կնկարագրեիք վիրավորի կողքից անտարբեր անցնողներին: Ինչպե՞ս կնկարագրեիք Սամարացուն: Ի՞նչ ձևերով կարող ենք կիրառել այդ ուղերձը մեր կյանքում:
Գթությունը բխում է սրտից
-
Ինչպե՞ս կարող ենք սիրել մարդկանց, անկախ նրանց մեղքերից ու սխալներից:
Նույնիսկ եթե մենք օգնում ենք կարիքավորին, եթե մենք դա չենք անում կարեկցանքով, մենք գթություն չունենք (տես Ա Հովհաննես Գ.16–17): Պողոս Առաքյալն ուսուցանել է, որ երբ մենք գթություն ունենք, մենք լցված ենք բարի զգացումներով բոլոր մարդկանց նկատմամբ: Մենք համբերատար ենք և բարի: Մենք չենք պարծենում, ոչ էլ հպարտանում, ոչ եսասեր ենք, ոչ էլ կոպիտ: Երբ լցված ենք գթությամբ, մենք չենք հիշում ուրիշների գործած չարիքը, ոչ էլ ուրախանում ենք դրանով: Ոչ էլ բարիք ենք գործում միայն նրա համար, որովհետև օգուտ ունենք դրանից: Փոխարենը, մենք կիսում ենք նրանց ուրախությունը, ովքեր ապրում են ճշմարտությամբ: Երբ գթություն ունենք, մենք հավատարիմ ենք, մենք հավատում ենք մյուսների մեջ լավագույնին և բարի ենք նրանց հանդեպ: Սուրբ գրություններն ուսուցանում են, որ «գթությունը երբեք չի խափանվում»: (Տես Ա Կորնթացիս ԺԳ.4–8:)
Փրկիչը մեր օրինակն էր, թե ինչպես պետք է զգանք ուրիշների հանդեպ և վերաբերվենք ուրիշներին: Նա արհամարհում էր ամբարշտությունը, սակայն Նա սիրում էր մեղավորներին անկախ նրանց մեղքերից: Նա կարեկցանք ուներ երեխաների, ծերերի, աղքատների և կարիքավորների հանդեպ: Նա այնպիսի մեծ սեր ուներ, որ կարող էր խնդրել մեր Երկնային Հորը՝ ներել զինվորներին, որոնք բևեռներ էին խփել իր ձեռքերին ու ոտքերին (տես Ղուկաս ԻԳ.34): Նա մեզ ուսուցանել է, որ եթե չներենք ուրիշներին, մեր Երկնային Հայրը չի ների մեզ (տես Մատթեոս ԺԸ.33–35): Նա ասել է. «Ես ձեզ ասում եմ. սիրեցէ՛ք ձեր թշնամիներին … որովհետև եթէ սիրէք միայն նրանց, ովքեր ձեզ են սիրում, ձեր վարձն ի՞նչ է» (Մատթեոս Ե.44, 46): Մենք պետք է սովորենք ուրիշների հանդեպ զգալ այն, ինչ Հիսուսն էր զգում:
Զարգացնել գթության հատկանիշը
-
Ինչպե՞ս կարող ենք ավելի գթասիրտ դառնալ:
Գթասիրտ դառնալու ձևերից մեկը Հիսուս Քրիստոսի կյանքն ուսումնասիրելն է և Նրա պատվիրանները պահելը: Մենք կարող ենք ուսումնասիրել, թե ինչպես էր Նա վարվում տարբեր իրավիճակներում և անենք միևնույն բաները նման իրավիճակներում:
Երկրորդ, երբ մենք անգութ ենք , մենք կարող ենք աղոթել, որ դառնանք ավելի գթառատ: Մորմոնը մեզ հորդորում է. «Ուստի, իմ սիրելի եղբայրներ, աղոթեք Հորը, սրտի ողջ կորովով, որ դուք կարողանաք լցված լինել այդ սիրով [գթությամբ], որը նա շնորհել է բոլոր նրանց, ովքեր նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի ճշմարիտ հետևորդներն են» (Մորոնի 7.48):
Երրորդ՝ մենք կարող ենք սովորել սիրել մեզ, ինչը նշանակում է, որ մենք հասկանում ենք մեր ճշմարիտ արժեքը որպես մեր Երկնային Հոր զավակներ: Փրկիչն ուսուցանել է, որ մենք պետք է սիրենք ուրիշներին ինչպես սիրում ենք մեզ (տես Մատթեոս ԻԲ.39): Մեզ սիրելու համար, մենք պետք է հարգենք և վստահենք մեզ: Սա նշանակում է, որ մենք պետք է հնազանդ լինենք ավետարանի սկզբունքներին: Մենք պետք է ապաշխարենք ամեն մի սխալի համար: Մենք պետք է ներենք մեզ, երբ ապաշխարում ենք: Մենք պետք է ավելի շատ սիրենք մեզ, երբ կարողանում ենք զգալ խորը, մխիթարող հավաստիացումը, որ Փրկիչն իսկապես սիրում է մեզ:
Չորրորդ՝ մենք կարող ենք խուսափել այն մտքից, որ մենք ավելի լավն ենք, քան ուրիշները: Մենք կարող ենք համբերատար լինել նրանց սխալների նկատմամբ: Ջոզեֆ Սմիթն ասել է. «Որքան ավելի շատ ենք մոտենում մեր Երկնային Հորը, այնքան ավելի ենք տրամադրվում կարեկցանքով նայելու կորած հոգիների վրա, մենք ցանկություն ենք զգում վերցնել նրանց մեր ուսերին և գցել նրանց մեղքերը մեր ետևը» («Եկեղեցու Նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ» [2007], էջ 456):
Մորմոնի Գրքում մենք կարդում ենք Ենովսի՝ երիտասարդ տղայի մասին, որը ցանկանում էր իմանալ, որ իր մեղքերը ներվել են: Նա մեզ պատմում է.
«Իմ հոգին քաղցում էր. և ես ծնկի իջա իմ Արարչի առջև, և ես աղաղակեցի առ նա՝ զորեղ աղոթքով և աղաչանքով իմ սեփական հոգու համար. և ողջ օրվա ընթացքում ես աղաղակեցի առ նա, այո, և երբ եկավ գիշերը ես դեռ բարձրացնում էի իմ ձայնը վեր, այնպես որ այն հասավ երկինքներին:
Եվ մի ձայն եկավ ինձ՝ ասելով. Ենովս, քո մեղքերը ներված են քեզ, և դու պիտի օրհնվես» (Ենովս 1.4–5):
Տերը Ենովսին բացատրեց, որ Քրիստոսի հանդեպ իր հավատքի շնորհիվ նրա մեղքերը ներվել են: Երբ Ենովսը լսեց այս խոսքերը, նա այլևս մտահոգված չէր իր մասին: Նա գիտեր, որ Տերը սիրում էր նրան և կօրհներ նրան: Փոխարենը, նա սկսեց մտահոգվել իր ընկերների և հարազատների՝ Նեփիացիների մասին: Նա դուրս թափեց իր ողջ հոգին առ Աստված նրանց համար: Տերը պատասխանեց և ասաց, որ նրանք կօրհնվեն իրենց տրված պատվիրանները պահելու մեջ իրենց արդարության համաձայն: Այդ խոսքերից հետո Ենովսի սերն ավելի շատացավ, և նա աղոթեց ավելի մեծ ճիգեր թափելով՝ Լամանացիների համար, ովքեր Նեփիացիների թշնամիներն էին: Տերը բավարարեց նրա ցանկությունները և նա իր մնացած կյանքն անցկացրեց փորձելով փրկել Նեփիացիների և Լամանացիների հոգիները: (Տես Ենովս 1.6–26:)
Ենովսն այնքան երախտապարտ էր Տիրոջ սիրո և ներողամըտության համար, որ կամեցավ անցկացնել իր կյանքի մնացած մասը՝ օգնելով, որ ուրիշները ևս ստանան այդ պարգևը: Ենովսն իսկապես գթասիրտ դարձավ: Մենք նույնպես կարող ենք գթասիրտ դառնալ: Իրականում, մենք պետք է անենք դա, որպեսզի Հոր արքայությունում ժառանգենք այն տեղը, որը պատրաստվել է մեզ համար:
Լրացուցիչ սուրբ գրություններ
-
Կողոսացիս Գ.12–14 (գթությունը կատարելության կապն է)
-
Ալմա 34.28–29 (մեր աղոթքները զուր կլինեն, եթե մենք չվարվենք գթությամբ)
-
Ա Կորնթացիս ԺԲ.29–ԺԳ.3 (գթության սահմանումը)
-
ՎևՈւ 121.45–46 (եկեք գթությամբ լցված լինենք բոլոր մարդկանց հանդեպ)