Գլուխ 2
Մեր Երկնային ընտանիքը
Մենք մեր Երկնային Հոր զավակներն ենք
-
Ի՞նչ են սուրբ գրություններն ու վերջին օրերի մարգարեներն ուսուցանում մեզ Աստծո հետ մեր հարաբերության մասին:
Աստված միայն մեր Կառավարիչն ու Արարիչը չէ, Նա նաև մեր Երկնային Հայրն է: Բոլոր տղամարդիկ և կանայք իրականում Աստծո որդիներն ու դուստրերն են: «Մարդը, որպես հոգի, ծնվել է երկնային ծնողներից և դաստիարակվել է մինչև հասուն տարիքը Հոր հավերժական ապարանքներում, նախքան կգար երկիր ժամանակավոր [ֆիզիկական] մարմնով» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Ֆ. Սմիթ [1998], 335):
Յուրաքանչյուր անձ, որ երբևէ ծնվել է երկրի վրա, մեր հոգևոր եղբայրը կամ քույրն է: Քանի որ մենք Աստծո հոգևոր զավակներն ենք, մենք Նրա աստվածային հատկանիշները զարգացնելու ներուժ ենք ժառանգել: Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ մենք կարող ենք մեր Երկնային Հոր նման դառնալ և լիարժեք ուրախություն ստանալ:
-
Ինչպե՞ս է Աստծո զավակ լինելու մասին ձեր գիտելիքը ազդում ձեր մտքերի, խոսքերի և գործերի վրա:
Մենք անհատականություն և տաղանդներ ենք զարգացրել երկնքում ապրելու ընթացքում
-
Մտածեք, թե ինչպիսի տաղանդներով և պարգևներով եք դուք օրհնվել:
Սուրբ գրություններն ուսուցանում են մեզ, որ մինչ մարգարեները դեռևս հոգիներ էին երկնքում, պատրաստվել են դառնալու ղեկավարներ երկրի վրա (տես Ալմա 13.1–3): Նախքան նրանք կծնվեին մահկանացու մարմնում, Աստված նրանց նախակարգել (ընտրել) է լինելու ղեկավարներ երկրի վրա: Հիսուսը, Ադամը և Աբրահամը այդ ղեկավարներից էին: (Տես Աբրահամ 3.22–23:) Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է, որ «յուրաքանչյուր մարդ, ով աշխարհի բնակիչներին ծառայելու կոչում ունի, նախակարգվել է այդ հատուկ նպատակին» (Teachings of Presidents of the Church: Joseph Smith [2007], 511): Ինչևէ, երկրի վրա յուրաքանչյուր ոք ազատ է ընդունել կամ մերժել ծառայելու ցանկացած հնարավորություն:
Մենք բոլորս նման չէինք երկնքում: Մենք գիտենք, օրինակ, որ մենք երկնային ծնողների որդիներ և դուստրեր էինք՝ տղամարդիկ և կանայք (տես «Ընտանիք՝ Հայտարարություն աշխարհին», Ensign, Nov. 1995, 102): Մենք տարբեր տաղանդներ և ունակություններ ունեինք, և մենք կանչվել ենք կատարելու տարբեր բաներ երկրի վրա: Մենք կարող ենք ավելին իմանալ մեր «հավերժական հնարավորությունների» մասին, երբ մեր հայրապետական օրհնությունն ենք ստանում (տես Thomas S. Monson, in Conference Report, Oct. 1986, 82; or Ensign, Nov. 1986, 66):
Վարագույրը ծածկում է մեր նախամահկանացու կյանքի հիշողությունները, սակայն մեր Երկնային Հայրը գիտե, ով ենք մենք և ինչ ենք արել, նախքան այստեղ գալը: Նա մեզանից յուրաքանչյուրի համար ընտրել է ժամանակ և վայր, որ ծնվենք և սովորենք դասերը, որոնց կարիքը մենք անձնապես ունենք, և լավագույնը կատարենք մեր անհատական տաղանդներով և անհատականություններով:
-
Ինչպե՞ս են այլ մարդկանց տաղանդներն օրհնել ձեզ: Ինչպե՞ս կարող են ձեր տաղանդներն ու պարգևներն օրհնել մյուսներին:
Մեր Երկնային Հայրը մեզ ներկայացրեց Իր նման դառնալու ծրագիր
-
Ինչպե՞ս է երկրային կյանքն օգնում մեզ դառնալ մեր Երկնային Հոր նման:
Մեր Երկնային Հայրը գիտեր, որ մենք չէինք կարող զարգանալ որոշակի կետից հետո, եթե մենք որոշակի ժամանակով չհեռանայինք Նրան մոտից: Նա ցանկացավ, որ մենք աստվածանման հատկանիշներ զարգացնենք, որոնք Ինքն ունի: Այդ պատճառով, մենք պետք է թողնեինք մեր նախամահկանացու տունը, որպեսզի փորձվեինք և փոձառություն ձեռք բերեինք: Մեր հոգիները պետք է ֆիզիկական մարմին ստանային: Մենք պետք է մահվան միջոցով հեռանայինք մեր ֆիզիկական մարմնից և կրկին ստանայինք այն Հարության ժամանակ: Այնուհետև մենք պետք է ստանայինք անմահ մարմին, ինչպես մեր Երկնային Հայրն ունի: Եթե անցնենք մեր փորձությունները, մենք կարող ենք ստանալ լիարժեք ուրախություն, որ մեր Երկնային Հայրն է ստացել: (Տես ՎևՈւ 93.30–34:)
Մեր Երկնային Հայրը Մեծ Խորհուրդ հրավիրեց, որպեսզի ներկայացնի մեր զարգացման Իր ծրագիրը (տես Teachings of Presidents of the Church: Joseph Smith, 209, 511): Մենք սովորեցինք, որ եթե հետևենք Նրա ծրագրին, մենք Նրան կնմանվենք: Մենք պետք է հարություն առնենք, մենք զորություն կունենանք երկնքում և երկրի վրա, մենք կդառնանք երկնային ծնողներ և կունենանք հոգևոր զավակներ, ճիշտ ինչպես Նա (տես ՎևՈւ 132.19–20):
Մենք իմացանք, որ Նա մեզ համար երկիր կպատրաստի, որտեղ կարող ենք փորձվել (տես Աբրահամ Գ.24–26): Վարագույրը կծածկի մեր հիշողությունը, և մենք կմոռանանք մեր երկնային տունը: Սա անհրաժեշտ էր, որպեսզի առանց մեր Երկնային Հոր հետ ապրելու մասին հիշողության ազդեցության մենք կարողանայինք գործադրել բարու և չարի միջև ընտրելու մեր ազատությունը: Այդպես մենք կարող էինք հնազանդվել Նրան ոչ թե Նրա մասին մեր գիտելիքի կամ հիշողության, այլ Նրա հանդեպ մեր հավատքի շնորհիվ: Նա կօգներ մեզ ընկալել ճշմարտությունը, երբ մենք կրկին լսեինք այն երկրի վրա (տես Հովհաննես ԺԸ.37):
Մեծ Խորհրդում մենք նաև իմացանք, որ մեր զարգացման նպատակն է՝ լիարժեք ուրախություն ունենալ: Սակայն, մենք նաև իմացանք, որ ոմանք կխաբվեն, կընտրեն այլ ուղիներ և կկորցնեն իրենց ճանապարհը: Մենք իմացանք, որ մենք բոլորս փորձություններ կունենանք մեր կյանքում՝ հիվանդություն, հիասթափություն, ցավ, վիշտ և մահ: Սակայն մենք հասկացանք, որ դրանք կտրվեն մեզ մեր փորձառության և մեր բարիքի համար (տես ՎևՈւ 122.7): Եթե մենք ընդունենք այդ փորձությունները, դրանք ոչ թե կխորտակեն, այլ կմաքրագործեն մեզ: Դրանք կսովորեցնեն մեզ դիմացկունություն, համբերություն և գթասրտություն (տես Teachings of Presidents of the Church: Spencer W. Kimball [2006], 15–16):
Այդ խորհրդում մենք նաև սովորեցինք, որ մեր թուլության պատճառով մենք բոլորս, բացի փոքր երեխաներից, մեղանչելու ենք (տես ՎևՈւ 29.46–47): Մենք սովորեցինք, որ Փրկիչը մեզ կօգնի, որ հարությամբ հաղթահարենք մեր մեղքերն ու մահը: Մենք իմացանք, որ եթե հավատանք Նրան, հնազանդվենք Նրա խոսքին և հետևենք Նրա օրինակին, մենք վեհացում կստանանք և կդառնանք մեր Երկնային Հոր պես: Մենք կստանանք լիարժեք ուրախություն:
-
Թվարկեք Երկնային Հոր մի քանի հատկանիշներ: Ինչպե՞ս է փրկության ծրագիրն օգնում մեզ զարգացնել այդ հատկանիշները:
Լրացուցիչ սուրբ գրություններ
-
Եբրայեցիս ԺԲ.9 (Աստված մեր հոգիների Հայրն է)
-
Հոբ ԼԸ.4–7 (նախամահկանացու կյանքն է ակնարկվում)
-
Աբրահամ 3.22–28 (նախամահկանացու կյանքի տեսիլք)
-
Երեմիա Ա.5 (նախամահկանացու կյանքի տեսիլք)
-
ՎևՈւ 29.31–38 (նախամահկանացու կյանքի տեսիլք)
-
Մովսես 3.4–7 (հոգևոր և ժամանակավոր էակներ)
-
Ա Կորնթացիս ԺԵ.44 (հոգևոր և ժամանակավոր էակներ)
-
ՎևՈւ 76.23–24 (ծնված որդիներ և դուստրեր)
-
ՎևՈւ 132.11–26 (զարգացման ծրագիր)