Գլուխ 18
Հավատք առ Հիսուս Քրիստոս
Ի՞նչ է հավատքը:
Առ Տեր Հիսուս Քրիստոս հավատքը ավետարանի առաջնային սկզբունքն է: Դա հոգևոր պարգև է, և այն անհրաժեշտ է մեր փրկության համար: Բենիամին թագավորը հայտարարել է. «Փրկությունը … ոչ մեկին չի գա, բացի դա լինի ապաշխարհության և առ Տեր Հիսուս Քրիստոս հավատքի միջոցով» (Մոսիա 3.12):
Հավատքը «հույս է բաների համար, որոնք տեսանելի չեն, որոնք ճշմարիտ են» (Ալմա 32.21; տես նաև Եբրայեցիս ԺԱ.1): Հավատքը գործի և զորության սկզբունք է, որը ուղղորդում է մեր ամենօրյա գործունեությունը:
Արդյոք կուսումնասիրեինք և կսովորեինք, եթե չհավատայինք, որ իմաստություն և գիտելիք կարող ենք ձեռք բերել: Արդյո՞ք ամեն օր կաշխատեինք, եթե հույս չունենայինք, որ դա անելով մենք ինչ-որ բանի կհասնենք: Արդյո՞ք հողագործը կտնկեր, եթե նա բերքահավաք չակնկալեր: Ամեն օր կատարելով գործեր, մենք հույս ունենք դրանց համար, չնայած չենք տեսնում վերջնական արդյունքը: Սա է հավատքը: (Տես Եբրայեցիս ԺԱ.3:)
Շատ սուրբ գրությունների պատմություններ պատմում են, թե որքան մեծ բաներ են կատարվել հավատքի միջոցով:
Նոյը հավատքով կառուցեց տապանը և փրկեց իր ընտանիքը ջրհեղեղից (տես Եբրայեցիս ԺԱ.7) Մովսեսը բաժանեց Կարմիր Ծովի ջրերը (տես Եբրայեցիս ԺԱ.29): Եղիան կրակ իջեցրեց երկնքից (տես Գ Թագավորաց ԺԸ.17–40): Նեփին սով աղերսեց (տես Հելաման 11.3–5): Նա նաև աղերսեց Տիրոջը սովը դադարեցնել (տես Հելաման 11.9–17): Ծովերը հանդարտվեցին, տեսիլքներ բացվեցին և աղոթքներ պատասխանվեցին, այդ ամենը հավատքի զորության շնորհիվ:
Ուշադիր ուսումնասիրելով սուրբ գրությունները, մենք սովորում ենք, որ հավատքը մեր հոգում ճշմարտության մասին ուժեղ համոզմունք է, որը դրդում է մեզ բարիք գործել: Դա մեզ մոտ հարց է առաջացնում՝ ո՞ւմ պետք է մենք հավատանք:
-
Խորհեք ձեր առօրյա գործերի մասին: Ամեն օր ի՞նչ գործեր եք կատարում, որոնց արդյունքը չեք կարող տեսնել: Ինչպե՞ս է հավատքը ձեզ գործի դրդում:
Ինչո՞ւ պետք է մենք առ Հիսուս Քրիստոս հավատք ունենանք:
Մենք պետք է մեր հավատքը կենտրոնացնենք Տեր Հիսուս Քրիստոսի վրա:
Առ Հիսուս Քրիստոս հավատք ունենալ նշանակում է այնպիսի վստահություն տածել Նրա հանդեպ, որ հնազանդվենք այն ամենին, ինչ Նա պատվիրում է: Երբ մեր հավատքը Հիսուս Քրիստոսի վրա ենք դնում, Նրա հնազանդ աշակերտները դառնալով, Երկնային Հայրը կների մեր մեղքերն ու կպատրաստի մեզ Իր մոտ վերադառնալուն:
Պետրոս Առաքյալը քարոզում էր, որ «ուրիշ անուն էլ չկա երկնքի ներքև մարդկանց տրուած, որով կարելի լինի մեզ փրկուիլ» (Գործք Դ.12; տես նաև Մոսիա 3.17): Հակոբը սովորեցնում էր, որ մարդիկ պետք է ունենան «կատարյալ հավատք առ Իսրայելի Սուրբը [Հիսուս Քրիստոսը], այլապես նրանք չեն կարող փրկվել Աստծո արքայության մեջ» (2 Նեփի 9.23): Առ Փրկիչ հավատքով և ապաշխարելով՝ մենք Նրա Քավությունը լիովին արդյունավետ ենք դարձնում մեր կյանքում: Հավատքով մենք նաև կարող ենք գայթակղություններին դիմակայելու ուժ ստանալ (տես Ալմա 37.33):
Մենք չենք կարող հավատ ունենալ առ Հիսուս Քրիստոս, եթե հավատ չունենք մեր Երկնային Հոր հանդեպ: Եթե մենք հավատում ենք Նրանց, մենք նաև հավատում ենք, որ Սուրբ Հոգին, որին Նրանք ուղարկել են, մեզ կուսուցանի ողջ ճշմարտությունը և կմխիթարի մեզ:
-
Ինչպե՞ս կարող է առ Հիսուս Քրիստոս հավատքը ազդել մեզ վրա մեր Եկեղեցական կոչումներում, մեր ընտանեկան հարաբերություններում, մեր աշխատանքում: Ինչպե՞ս է առ Հիսուս Քրիստոս հավատքն ազդում հավերժական կյանք ունենալու մեր հույսի վրա:
Ինչպե՞ս կարող ենք մեծացնել մեր հավատքն առ Հիսուս Քրիստոս
Իմանալով, որ շատ օրհնություններ են գալիս առ Հիսուս Քրիստոս հավատք գործադրելու արդյունքում, մենք պետք է ձգտենք ավելացնել Նրա հանդեպ ունեցած մեր հավատքը: Փրկիչն ասել է. «Եթե մանանեխի հատի չափ հավատք ունենաք, … ոչինչ անկարելի չի լինի ձեզ համար» (Մատթեոս ԺԷ.20): Մանանեխի սերմը շատ փոքր է, սակայն այն աճում, մեծ ծառ է դառնում:
Ինչպե՞ս կարող ենք մեծացնել մեր հավատքը: Նույն կերպ, ինչպես որ ավելացնում կամ զարգացնում ենք այլ ունակություններ: Ինչպե՞ս ենք զարգացնում փայտի վրա փորագրելու, հյուսելու, ներկելու, խոհարարական, բրուտագործական կամ որևէ երաժշտական գործիքի վրա նվագելու ունակությունները: Մենք սովորում, վարժվում և աշխատում ենք այդ ուղղությամբ: Այդպիսով մենք բարելավում ենք մեր ունակությունները: Նույնը վերաբերում է հավատքին: Եթե ցանկանում ենք մեծացնել մեր հավատքն առ Հիսուս Քրիստոս, մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ: Ալմա մարգարեն Աստծո խոսքը համեմատում է սերմի հետ, որը պետք է հավատքով սնուցվի.
«Բայց ահա, եթե դուք արթնացնեք և զարթնեցնեք ձեր ունակությունները, մինչև անգամ իմ խոսքերի վրա մի փորձարկմամբ, և գործադրեք հավատքի մի մասնիկ, այո, նույնիսկ եթե դուք չեք կարող ավելին, քան ցանկանալ հավատալ, թողեք այդ ցանկությունը գործի ձեր մեջ, մինչև որ դուք հավատաք, այնպես որ դուք կարողանաք տեղ տալ իմ խոսքերի մի մասին:
Այժմ, մենք կհամեմատենք խոսքը սերմի հետ: Այսպիսով, եթե դուք տեղ տաք, որ մի սերմ ցանվի ձեր սրտում, ահա, եթե այն լինի մի ճշմարիտ սերմ, կամ մի լավ սերմ, եթե դուք դուրս չգցեք այն ձեր անհավատությամբ, այնպես որ դուք չդիմադրեք Տիրոջ Հոգուն, ահա, այն կսկսի ուռչել ձեր կրծքում. և երբ դուք զգաք այդ ուռչելու շարժումները, դուք կսկսեք ասել ինքներդ ձեր մեջ. Պետք է որ անպայման սա լավ սերմ լինի կամ՝ խոսքը լավն է, քանզի այն սկսում է մեծացնել իմ հոգին. այո, այն սկսում է լուսավորել իմ հասկացողությունը: …
Արդ, ահա, մի՞թե սա չի մեծացնի ձեր հավատքը» (Ալմա 32.27–29):
Այսպիսով, մենք կարող ենք մեծացնել առ Աստված մեր հավատքը՝ գործելով Նրա հանդեպ հավատք ունենալու ցանկությամբ:
Մենք կարող ենք նաև մեծացնել մեր հավատքը՝ աղոթելով Երկնային Հորը մեր հույսերի, ցանկությունների և կարիքների համար (տես Ալմա 34.17–26): Բայց մենք չպետք է սահմանափակվենք միայն խնդրելով: Սուրբ գրություններում ասվում է, որ «հավատքը, եթե գործ չունենա, ըստ ինքեան մեռած է» (Հակոբոս Բ.17): Հետևյալ պատմությունը մի մարդու մասին է, որի հավատքը իր գործերով արտահայտվեց:
Այս մարդը ցանկանում էր ուսումնասիրել սուրբ գրությունները, սակայն նա կարդալ չգիտեր: Նա աղոթեց Երկնային Հորը, որ օգնի իրեն կարդալ սովորել: Որոշ ժամանակ անց մի ուսուցիչ եկավ այդ գյուղ, և նա խնդրեց այդ ուսուցչին օգնել իրեն: Նա սովորեց տառերը: Նա սովորեց հնչյուններն ու տառերը միմյանց կապելով բառեր կազմելը: Շուտով նա պարզ բառեր էր կարդում: Որքան շատ էր պարապում, այնքան շատ էր սովորում: Նա շնորհակալություն հայտնեց Տիրոջը ուսուցչին ուղարկելու և իրեն կարդալ սովորեցնելու համար: Այդ մարդը մեծացրեց իր հավատքը, հեզությունը և գիտելիքն այն աստիճանի, որ ծառայեց Եկեղեցում որպես ճյուղի նախագահ:
Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալը բացատրել է. «Հավատքի հետ պետք է լինեն գործեր: Որքան անմիտ է Տիրոջը խնդրել մեզ գիտելիք տալ, սակայն որքան իմաստուն է Տիրոջ օգնությունը խնդրել գիտելիք ձեռք բերելու, գիտելիքի բազմակողմանի ուսումնասիրության, հստակ մտածելակերպի և սովորածը պահպանելու համար» (Faith Precedes the Miracle [1972], 205; շեղագրումն ավելացված է):
Հավատքը ներառում է՝ մեր ուժերի սահմանում աշխատել իրականացնել այն, ինչի համար մենք հույս ունենք և աղոթում ենք: Նախագահ Քիմբալն ասել է. «Հավատքով մենք սերմ ենք տնկում և շուտով տեսնում ենք ծաղկելու հրաշքը: Մարդիկ հաճախ չեն հասկացել և ետ են շրջել այդ ընթացքը»: Նա շարունակում է բացատրելով, որ մեզանից շատերը ցանկանում են առողջ և ուժեղ լինել, սակայն չեն պահում առողջության օրենքները: Մենք ցանկանում ենք բարգավաճել, սակայն չենք վճարում մեր տասանորդը: Մենք ցանկանում ենք մոտ լինել Տիրոջը, սակայն ծոմ չենք պահում և չենք աղոթում: Մենք ցանկանում ենք, որ անձրև գա իր ժամանակին և խաղաղություն տիրի երկրում, սակայն սուրբ չենք պահում Կիրակին և չենք պահում Տիրոջ օրենքները: (Տես Teachings of Presidents of the Church: Spencer W. Kimball [2006], 142:)
Մեր հավատքն ավելացնելու համար կարևոր է, որ լսենք և ուսումնասիրենք Տիրոջ խոսքը: Մենք լսում ենք Տիրոջ խոսքը մեր Եկեղեցու հավաքներին: Մենք կարող ենք ուսումնասիրել Նրա խոսքը սուրբ գրություններում: «Եվ քանի որ բոլորը չէ, որ հավատք ունեն, ջանասիրաբար փնտրեք և իմաստության խոսքեր ուսուցանեք միմյանց. այո՛, իմաստության խոսքեր փնտրեք լավագույն գրքերից. ուսում փնտրեք, այսինքն՝ ուսումնասիրելով և նաև հավատքով» (ՎևՈւ 88.118):
-
Ի՞նչ կապ եք տեսնում մեր հավատքի և մեր գործերի միջև:
Նշեք հավատքի արդյունքում եկող մի քանի օրհնություններ:
Հավատքի պարգևով հրաշքներ են գործվում, հրեշտակներ են հայտնվում, Հոգու այլ պարգևներ են տրվում, աղոթքներ են պատասխանվում, և մարդիկ դառնում են Աստծո որդիներ (տես Մորոնի 7.25–26, 36–37):
«Հավատքի հետ միասին գալիս են … առաքյալներ, մարգարեներ, ավետարանիչներ, հովիվներ, ուսուցիչներ, պարգևներ, իմաստություն, գիտելիք, հրաշքներ, բուժումներ, լեզուներ, լեզուների թարգմանություն և այլն: Այս ամենը գալիս է, երբ հավատք է լինում երկրի վրա, իսկ երբ հավատք չի լինում երկրի վրա, այդ ամենը անհետանում է. քանզի դրանք հավատքի արդյունք են: … Եվ նա, ով հավատք ունի, հավատքով ձեռք է բերում ամեն անհրաժեշտ գիտելիք և իմաստություն, մինչև ճանաչում է Աստծուն և Տեր Հիսուս Քրիստոսին, որին նա ուղարկել է, որին ճանաչելը հավերժական կյանք է» (Lectures on Faith [1985], 83):
-
Նշեք սուրբ գրություններից մի քանի պատմություններ, որտեղ մարդիկ դարձել են ավելի ուժեղ, որովհետև նրանք հավատացել են Հիսուս Քրիստոսին: Ինչպե՞ս է դա արտահայտվել ձեր կյանքում:
Լրացուցիչ սուրբ գրություններ
-
Եբրայեցիս ԺԱ.; Ալմա 32 (հավատքի նկարագրությունը)
-
Ելից ԺԴ.19–22 (Կարմիր ծովի ջրերի բաժանումը)
-
Ծննդոց Զ–Ը (Նոյը և ջրհեղեղը)
-
Մատթեոս Ը.5–33 (հիվանդը բժշկվեց, դիվահարը հանդարտվեց, հավատքի հրաշքներ)
-
Մարկոս 5.25–34 (հավատքով բուժված)
-
Հռովմեացիս Ժ.17 (հավատքը գալիս է Աստծո խոսքը լսելու արդյունքում)