Գլուխ 24. Հանգստության օրը
Հանգստության օրը
Հանգստության օրվա իմաստը
-
Ի՞նչ է հանգստության օրը:
«Հիշիր հանգստության օրը նրան սուրբ պահելու համար» (Ելից Ի.8, տես նաև ՎևՈւ 68.29):
Հանգստության օրը եբրայերեն Շաբաթ բառի թարգմանությունն է, որը նշանակում է հանգիստ:Նախքան Հիսուս Քրիստոսի Հարությունը Հանգստության օրը խորհրդանշում էր Աստծո հանգիստը՝ նրանից հետո, երբ Նա ավարտեց Ստեղծումը: Այն ուխտի նշան էր Աստծո և Իր ժողովրդի միջև: Ծննդոց գրքում կարդում ենք, որ Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը վեց ժամակաշրջանում, որոնք Նա կոչեց օրեր. «Եվ Աստուած կատարեց եօթներորդ օրումն իր գործքը որ արավ. և եօթներորդ օրը հանգստացաւ իր բոլոր գործքիցը որ արաւ։ Աստուած օրհնեց եօթներորդ օրը եւ սրբագործեց այն»: Աստուած օրհնեց եօթներորդ օրը եւ սրբագործեց այն» (Ծննդոց Բ.2–3): Այժմ Հանգստության օրը նաև Հիսուս Քրիստոսի Հարության տոնն է:
Հանգստության օրը կրկնվում է յուրաքանչյուր յոթերորդ օրը: Այն սուրբ օր է՝ Աստծո կողմից կարգված մեզ համար, որ հանգստանանք մեր առօրյա գործերից և երկրպագենք Նրան:
Հանգստության օրվա նպատակը
-
Ինչպե՞ս կբացատրեիք Հանգստության օրվա նպատակը մեկին, որը չգիտի Հանգստության օրվա մասին:
Հիսուսն ուսուցանել է, որ Հանգստության օրը ստեղծվել էր մեր օգտի համար (տես Մարկոս Բ.27): Հանգստության օրվա նպատակը շաբաթվա մեջ մեզ որոշակի օր հատկացնելն է, որ մեր մտքերն ու գործերն ուղղենք առ Աստված: Այն պարզապես մեր գործերից հանգստանալու համար չէ: Այն սրբազան օր է, որը պետք է անցկացնենք երկրպագությամբ ու ակնածանքով: Հանգստանալով մեր առօրյա գործերից՝ մեր մտքերը ազատվում են, որ խորհեն հոգևոր գործերի մասին: Այդ օրը մենք պետք է նորացնենք մեր ուխտերը Տիրոջ հետ և սնենք մեր հոգին Հոգու բաներով:
-
Մտածեք, թե ինչ կարող եք անել, որպեսզի մտքում պահեք Հանգստության օրվա նպատակը, երբ պատրաստվում եք այդ օրվան ամեն օր:
Հանգստության օրվա պատմությունը
Յոթերորդ օրը Աստծո կողմից սրբագործվել է որպես Հանգստության օր երկրի ստեղծման սկզբում (տես Ծննդոց Բ.2–3): Դեռ վաղ ժամանակներից ի վեր յոթերորդ օրը սուրբ պահելու ավանդություն է պահպանվել երկրի տարբեր ժողովուրդների մոտ: Աստված նորացրեց այդ օրվան վերաբերող պատվիրանը Իսրայելացիներին՝ ասելով. «Հիշիր հանգստության օրը նրան սուրբ պահելու համար» (Ելից Ի.8): Հանգստության օրը պահելը նաև նշան էր, որ Իսրայելացիները նրա ուխտի ժողովուրդն են (տես Ելից ԼԱ.12–13, 16, Եսայիա ԾԶ.1–8, Երեմիա ԺԷ.19–27):
Ինչևէ, որոշ հրեա ղեկավարներ բազմաթիվ ոչ անհրաժեշտ կանոններ էին սահմանել Հանգստության օրվա համար: Նրանք որոշել էին, թե որքան կարող էին մարդիկ քայլել, ինչպիսի քարկապներ կարող էին նրանք կապել և այլն: Երբ որոշ հրեա ղեկավարներ քննադատեցին Հիսուս Քրիստոսին Հանգստության օրը հիվանդներին բուժելու համար, Հիսուսը նրանց հիշեցրեց, որ Շաբաթը մարդու համար է:
Նեփիացիները նույնպես պահում էին Հանգստության օրը՝ ըստ Աստծո պատվիրանների (տես Հարոմ 1.5):
Մեր ժամանակներում Տերը կրկնել է Իր պատվիրանը, որ մենք պետք է հիշենք Հանգստության օրը և սուրբ պահենք այն (տես ՎևՈւ 68.29):
Տիրոջ օրը
-
Ինչո՞ւ է Հանգստության օրը յոթերորդ օրից տեղափոխվել առաջին օրը:
Մինչև Իր Հարությունը, Հիսուս Քրիստոսը և Նրա աշակերտները պատվում էին յոթերորդ օրը որպես Հանգստության օր: Նրա Հարությունից հետո Կիրակի օրն էր սուրբ պահվում՝ որպես Տիրոջ օր, ի հիշատակ այդ օրը Նրա Հարությանը (տես Գործք Ի.7, Ա Կորնթացիս ԺԶ.2): Այդ ժամանակից ի վեր Նրա հետևորդները շաբաթվա առաջին օրն էին պահում որպես Հանգստության օր: Երկու դեպքում էլ վեց օր կար աշխատելու համար և մեկ օր՝ հանգստի և երկրպագության համար:
Մեր օրերում Տերը մեզ հստակ պատվիրան է տվել, որ մենք ևս պետք է պատվենք Կիրակին՝ Տիրոջ օրը, որպես Հանգստության օր (տես ՎևՈւ 59.12):
-
Ինչպե՞ս կարող է Հարության մասին հիշողությունը ազդել մեր երկրպագության վրա Հանգստության օրը:
Հանգստության օրը սուրբ պահելը
-
Ի՞նչ է նշանակում Հանգստության օրը սուրբ պահել:
Նախ, Տերը մեզ խնդրում է, որ Հանգստության օրը սրբագործենք: 1831 թվականին Ջոզեֆ Սմիթին տված հայտնության մեջ Տերը Սրբերին պատվիրեց գնալ աղոթքի տուն և մատուցել իրենց հաղորդությունները, հանգստանալ իրենց աշխատանքներից և իրենց տուրքը մատուցել Բարձրյալին (տես ՎևՈւ 59.9–12):
Երկրորդը՝ նա խնդրել է, որ մենք հանգստանանք մեր առօրյա գործերից: Դա նշանակում է, որ մենք չպետք է այնպիսի աշխատանք կատարենք, որը մեր ուշադրությունը կշեղի հոգևոր գործերից: Տերը Իսրայելացիներին ասել է. «Ոչ մի գործ չգործես՝ ոչ դու, ոչ էլ քո որդին՝ ոչ քո աղջիկը, ոչ քո ծառան ու աղախինը, ոչ քո անասունը» (Ելից Ի.10): Մեր մարգարեները մեզ ասել են, որ այդ օրը մենք չպետք է առևտուր անենք, ոչ որս անենք, ոչ էլ ձուկ որսանք, ոչ սպորտային միջոցառումների գնանք, ոչ էլ նմանատիպ որևէ միջոցառման մասնակցենք:
Նախագահ Սփենսեր Վ. Քիմբալը, այնուամենայնիվ, զգուշացրել է, որ եթե մենք Հանգստության օրը պարզապես նստենք և ոչինչ չանենք, մենք այդ օրը սուրբ չենք պահի: Հանգստության օրը կառուցողական մտքերի ու գործերի է դրդում: (Տես Teachings of Presidents of the Church: Spencer W. Kimball [2006], 170:)
Ինչպիսի՞ բաներ կարող ենք մենք անել Հանգստության օրը: Եսայիա մարգարեն առաջարկել է, որ մենք պետք է դադարենք մեր հաճույքով բաներ անել և պետք է «շաբաթը կոչենք հիացմունք, Տիրոջ նվիրվածը՝ պատվական» (Եսայիա ԾԸ.13):
Մենք պետք է մտածենք Հանգստության օրը արդար բաներ անելու մասին: Օրինակ՝ մենք կարող ենք Հանգստության օրը սուրբ պահել՝ հաճախելով Եկեղեցական ժողովները, կարդալով սուրբ գրությունները և Եկեղեցու ղեկավարների խոսքերը, այցելելով հիվանդներին, ծերերին և մեր հարազատներին, լսելով վեհացնող երաժշտություն և երգելով օրհներգեր, աղոթելով մեր Երկնային Հորը գովաբանությամբ ու գոհաբանությամբ, կատարելով Եկեղեցական ծառայություն, պատրաստելով ընտանեկան պատմության գրանցումներ և գրի առնելով անձնական պատմություններ, պատմելով հավատք ներշնչող պատմություններ, մեր վկայություններով ու հոգևոր փորձառություններով կիսվելով մեր ընտանիքի անդամների հետ, նամակ գրելով միսիոներներին և հարազատներին. նպատակով ծոմ պահելով, և երեխաների և ընտանիքի մյուս անդամների հետ ժամանակ անցկացնելով:
Որպեսզի որոշենք, թե ուրիշ ինչ գործեր պատշաճ կլինի կատարել Հանգստության օրը, մենք կարող ենք մեզ հարցնել. «Արդյո՞ք այս գործը վեհացում և ոգեշնչում կպարգևի»: Արդյո՞ք այն ցույց է տալիս հարգանք Տիրոջ հանդեպ: Արդյո՞ք այն ուղղում է իմ մտքերը դեպի նա:
Հնարավոր է ժամանակ լինի, որ մեզանից պահանջվի աշխատել Հանգստության օրը: Ամեն անգամ, երբ հնարավոր է, մենք պետք է խուսափենք դրանից, սակայն երբ բացարձակապես անհրաժեշտ է աշխատել, մենք պետք է, որքան որ հնարավոր է, պահենք Հանգստության օրվա երկրպագության ոգին մեր սրտում:
-
Մտածեք ինչ-որ բանի մասին, որ կարող եք անել, որպեսզի բարելավեք Հանգստության օրը սուրբ պահելու ձեր ջանքերը: Եթե դուք ծնող եք կամ տատ կամ պապ, մտածեք, թե ինչ կարող եք անել, որպեսզի ձեր երեխաներին կամ թոռներին օգնեք ավելի լավ հասկանալ Հանգստության օրվա իմաստը:
Հանգստության օրը պահելու օրհնությունները
-
Որո՞նք են Հանգստության օրը սուրբ պահելու օրհնություններից մի քանիսը:
Եթե մենք պատվում ենք Հանգստության օրը, մենք կարող ենք հոգևոր և նյութական մեծ օրհնություններ ստանալ: Տերն ասել է, որ եթե մենք պահենք Հանգստության օրը գոհունակությամբ ու զվարթ սրտով, մենք կլցվենք ուրախությամբ: Նա խոստացել է.
«Երկրի լիությունը ձերը կլինի… թե սնունդ և թե հագուստ, թե տներ, թե ամբարներ, թե պտղատու այգիներ, թե պարտեզներ և թե խաղողի այգիներ.
Այո, բոլոր բաները, որ բխում են երկրից, իր ժամանակին, ստեղծված են մարդու օգտի և գործածության համար՝ թե աչքը շոյելու և թե սիրտն ուրախացնելու համար.
Այո, սնունդի և հագուստի համար, համի և հոտի համար, մարմինն ամրացնելու և հոգու կենարարության համար» (ՎևՈւ 59.16–19):
Լրացուցիչ սուրբ գրություններ
-
Ելից ԼԱ.16–17 (Շաբաթը մնայուն ուխտ է Տիրոջ և Իր ժողովրդի միջև)
-
Մոսիա 13.16–19, 18.23, Ելից ԼԵ.1–3, Ղևտացիս ԻԶ.2–4, 6, 12 (Հանգստության օրը սուրբ պահեք)
-
Ղուկաս Զ.1–11 (օրինավոր է Հանգստության օրը բարիք գործել)
-
Ղուկաս ԺԳ.11–17, Հովհաննես Ե.1–18 (Հանգստության օրը բարիք գործելու Հիսուսի օրինակը)