Գլուխ 33
Միսիոներական աշխատանք
Տիրոջ Եկեղեցին Միսիոներական Եկեղեցի է
-
Ինչպե՞ս է միսիոներական աշխատանքը Աստծո ծրագրի մաս Նրա զավակների համար:
Տերը հայտնել է ավետարանի ծրագիրը Ադամին. «Եվ այդպես, Ավետարանը սկսեց քարոզվել ի սկզբանե» (Մովսես 5.58): Ավելի ուշ Ադամի արդարակյաց հետնորդները ուղարկվեցին քարոզելու ավետարանը. «Նրանք … բոլոր մարդկանց, ամենուրեք, կոչ արեցին ապաշխարել. և մարդկանց զավակներին հավատք էին ուսուցանում» (Մովսես 6.23):
Բոլոր մարգարեները միսիոներներ են եղել: Նրանցից յուրաքանչյուրին պատվիրվել է քարոզել ավետարանի պատգամը: Երբ էլ որ քահանայությունը երկրի վրա է եղել, Տիրոջը անհրաժեշտ են եղել միսիոներներ՝ քարոզելու ավետարանի հավերժական սկզբունքները Իր զավակներին:
Տիրոջ Եկեղեցին միշտ եղել է միսիոներական եկեղեցի: Երբ Փրկիչը ապրում էր երկրի վրա, Նա Առաքյալներ և Յոթանասունականներ կարգեց, և նրանց ավետարանը քարոզելու իշխանություն և պատասխանատվություն տվեց: Նրանք հիմնականում քարոզում էին իրենց ժողովրդին՝ Հրեաներին (տես Մատթեոս Ժ.5–6): Հիսուսը հարություն առնելուց հետո, ուղարկեց Առաքյալներին, որ ավետարանը քարոզեն հեթանոսներին: Նա պատվիրեց Առաքյալներին. «Գնացեք բոլոր աշխարհք, ավետարանը քարոզեցեք ամեն արարածի» (Մարկոս ԺԶ.5):
Պողոս Առաքյալը հեթանոսների մոտ ուղարկված մեծ միսիոներ էր: Եկեղեցուն միանալուց հետո, նա իր կյանքի մնացած մասն անցկացրեց նրանց ավետարանը քարոզելով: Իր միսիայի ընթացքում, տարբեր ժամանակներ նրան մտրակել են, քարկոծել և բանտարկել: Բայց նա շարունակում էր ավետարանը քարոզել (տես Գործք ԻԳ.10–12; ԻԶ):
Միսիոներական աշխատանքը կրկին սկսվեց, երբ Տիրոջ Եկեղեցին վերականգնվեց Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով: Այսօր Առաքյալներին և Յոթանասունականներին մեծ պատասխանատվություն է տրված ավետարանը քարոզելու և հետևելու, որ այն քարոզվի ամբողջ աշխարհում: Տերը պատվիրեց Ջոզեֆ Սմիթին. «Հռչակիր իմ ավետարանը՝ երկրից երկիր և քաղաքից քաղաք: … Վկայություն բեր ամենուր, բոլոր մարդկանց մեջ» (ՎևՈւ 66.5, 7): 1830թ. հունիսին Սամուել Հարիսոն Սմիթը՝ Մարգարեի եղբայրը, սկսեց Եկեղեցու համար առաջին միսիոներական ճանապարհորդությունը:
Այդ ժամանակից ի վեր, մեկ միլիոնից ավելի միսիոներներ կանչվել և ուղարկվել են ավետարանը քարոզելու: Նրանք աշխարհ են տանում ուղերձը, որ Հիսուս Քրիստոսը Աստծո Որդին է և մեր Փրկիչը: Նրանք վկայում են, որ ավետարանը վերականգնվել է երկրի վրա Աստծո մարգարեի միջոցով: Միսիոներներին պատասխանատվություն է տրված քարոզելու ավետարանը բոլոր ժողովուրդներին, մկրտելու նրանց և ուսուցանելու անել այն ամենը, ինչ Տերը պատվիրել է (տես Մատթեոս ԻԸ.19–20): Վերջին Օրերի Սուրբ միսիոներներն իրենց հաշվին գնում են աշխարհի տարբեր մասեր՝ քարոզելու ավետարանի ուղերձը:
Ավետարանը կքարոզվի ողջ աշխարհին
-
Ավետարանով կիսվելու ի՞նչ տարբեր ուղիներ է Տերը պատրաստել մեզ համար:
Վերջին օրերի հայտնության մեջ մեզ ասվել է, որ պետք է վերականգնված ավետարանը տանենք բոլոր ազգերին և ժողովուրդներին (տես ՎևՈւ 133.37): Տերը երբեք մեզ պատվիրան չի տալիս առանց մեզ համար ուղի պատրաստելու, որ կատարենք այն (տես 1 Նեփի 3.7): Տերը մեզ համար ուղիներ է պատրաստել, որոնք մի ժամանակ փակ էին մեր առաջ ավետարանը ազգերի մեջ քարոզելու համար: Երբ մենք շարունակում ենք աղոթել և հավատք գործադրել, Տերը բացում է ուղիներ այլ ազգերի միսիոներական աշխատանքի համար:
Տերը նաև «ոգեշնչում է մեծագույն մարդկանց հայտնագործություններ կատարել, որոնք աշխարհին երբևէ անհայտ ուղիներով առաջ են մղում Տիրոջ աշխատանքը» (Russell M. Nelson, in “Computerized Scriptures Now Available,” Ensign, Apr. 1988, 73): Օրաթերթերը, ամսագրերը, հեռուստատեսությունը, ռադիոն, արբանյակային կապերը, համակարգիչները, ինտերնետը և այլ տեխնոլոգիաներն օգնում են ավետարանի ուղերձը հասանելի դարձնել միլիոնավոր մարդկանց: Մենք, որ ունենք ավետարանի լրիվությունը, պետք է օգտագործենք այս հայտնագործությունները, որպեսզի իրագործենք Տիրոջ պատվիրանը. «Քանզի, ճշմարիտ, ձայնն առաջ պիտի գնա այստեղից դեպի ողջ աշխարհը, և դեպի երկրի ծայրամասերը,– ավետարանը պիտի քարոզվի ամեն [մարդու]» (ՎևՈւ 58.64):
-
Ի՞նչ ուղիներ եք տեսել, որոնցով նորագույն տեխնոլոգիաներն արդյունավետորեն օգտագործվել են ավետարանը հռչակելու համար:
Միսիոներական աշխատանքը կարևոր է
-
Ինչո՞ւ է կարևոր յուրաքանչյուր մարդու համար ավետարանը լսելն ու հասկանալը :
«Որպես Եկեղեցի մեր առաջնային նպատակն է՝ փրկություն և վեհացում բերել մարդկանց զավակների հոգիներին» (Ezra Taft Benson, in Conference Report, Apr. 1974, 151; կամ Ensign, May 1974, 104): Միսիոներական աշխատանքը կարևոր է, որպեսզի աշխարհի ժողովուրդներին հնարավորություն տրվի լսելու և ընդունելու ավետարանը: Նրանց անհրաժեշտ է սովորել ճշմարտությունը, դառնալ դեպի Տերը և իրենց մեղքերից ներում ստանալ:
Երկրի վրա մեր եղբայրներից և քույրերից շատերը կուրացել են կեղծ ուսմունքներից և «ճշմարտությունից հեռու են մնացել, միայն որովհետև չգիտեն որտեղ գտնեն այն» (ՎևՈւ 123.12): Միսիոներական աշխատանքի շնորհով, մենք կարող ենք նրանց բերել դեպի ճշմարտություն:
Տերը պատվիրել է. «Տքնեք իմ այգում վերջին անգամ,– վերջին անգամ կոչ արեք երկրի բնակիչներին» (ՎևՈւ 43.28): Մեր եղբայրներին և քույրերին ավետարանը ուսուցանելով մենք ճանապարհ ենք պատրաստում Փրկչի Երկրորդ Գալստի համար (տես ՎևՈւ 34.6):
Մենք բոլորս պետք է միսիոներներ լինենք
-
Ինչպե՞ս կարող ենք մշտապես մյուսների հետ ավետարանով կիսվելու հնարավորություններ փնտրել: Ինչպե՞ս կարող ենք պատրաստվել նման հնարավորություններին:
Եկեղեցու յուրաքանչյուր անդամ միսիոներ է: Մենք պետք է միսիոներներ լինենք, նույնիսկ եթե մենք պաշտոնապես չենք կանչվել և ձեռնադրվել: Մենք պատասխանատու ենք ավետարանը ուսուցանելու մեր Երկնային Հոր բոլոր զավակներին՝ թե խոսքով և թե գործով: Տերն ասել է մեզ. «Ամեն մարդ, ով զգուշացվել է, պետք է զգուշացնի իր մերձավորին» (ՎևՈւ 88.81): Մարգարեի կողմից մեզ ասվել է, որ նախքան մեր հարևաններին զգուշացնելը, մենք պետք է ցույց տանք, որ սիրում ենք նրանց» (see Teachings of Presidents of the Church: Spencer W. Kimball [2006], 262): Նրանք պետք է զգան մեր ընկերությունն ու ընկերակցությունը:
Մոսիայի որդիները պատրաստակամորեն ընդունեցին ավետարանն ուսուցանելու իրենց պատասխանատվությունը: Երբ նրանք դարձի եկան Եկեղեցի, նրանց սրտերը լի էին կարեկցանքով մյուսների հանդեպ: Նրանք ցանկանում էին ավետարանը քարոզել իրենց թշնամիներին՝ Լամանացիներին. «Քանզի նրանք չէին կարող տանել, որ որևէ մարդկային հոգի ոչնչանար. այո, նույնիսկ սոսկ այն միտքը, որ որևէ հոգի պիտի տաներ անվերջ տանջանք, ստիպում էր նրանց ցնցվել ու դողալ» (Մոսիա 28.3): Երբ ավետարանը մեր կյանքը լցնի ուրախությամբ, մենք նման սեր և կարեկցանք կզգանք մեր եղբայրների և քույրերի հանդեպ: Մենք ցանկություն կունենանք ավետարանով կիսվելու ամեն մեկի հետ, ով ցանկանում է լսել:
Ավետարանով կիսվելու բազմաթիվ եղանակներ կան. Ահա մի քանի առաջարկություն.
-
Մենք կարող ենք ընկերներին և ուրիշներին ցույց տալ ավետարանի ճշմարտություններով ապրելու մեր ուրախությունը: Այդպես մենք կլինենք լույս աշխարհի համար (տես Մատթեոս Ե.16):
-
Մենք կարող ենք հաղթահարել մեր բնական ամաչկոտությունը լինելով ընկերական մյուսների հետ և բարի գործեր կատարելով մյուսների համար: Մենք կօգնենք նրանց տեսնել, որ մենք անկեղծորեն հետաքրքրված ենք իրենցով և անձնական շահ չենք հետապնդում:
-
Մենք կարող ենք ավետարանը բացատրել ոչ անդամ ընկերներին և մյուսներին:
-
Մենք կարող ենք ավետարանի մասին ավելին սովորելու ցանկություն ունեցող ընկերներին տուն հրավիրել միսիոներների կողմից ուսուցանվելու համար: Եթե մեր ոչ անդամ ընկերները հեռու են ապրում, մենք կարող ենք խնդրել, որ նրանց տարածքի միսիոներները այցելեն նրանց:
-
Մենք կարող ենք մեր երեխաներին սովորեցնել ավետարանով կիսվելու կարևորության մասին, և մենք կարող ենք հոգևոր և ֆինանսական հարցերում աջակցել՝ պատրաստելով նրանց միսիա գնալուն: Մենք կարող ենք նաև պատրաստվել լիաժամկետ միսիա ծառայել թոշակի անցնելուց հետո:
-
Մենք կարող ենք վճարել մեր տասանորդը և նվիրատվություն կատարել միսիոներական ֆոնդին: Այդ նվիրատվությունները օգտագործվում են միսիոներական աշխատանքն ընդլայնելու նպատակով:
-
Մենք կարող ենք նվիրատվություն կատարել ծխին, ճյուղին կամ ընդհանուր միսիոներական ֆոնդին՝ ֆինանսական օժանդակություն ցուցաբերելով այն միսիոներներին, որոնց ընտանիքները չեն կարող նրանց աջակցել:
-
Մենք կարող ենք ընտանեկան պատմության հետազոտություն և տաճարային աշխատանք կատարել օգնելով մեր նախնիներին ստանալ ավետարանի լրիվ օրհնությունները:
-
Մենք կարող ենք հրավիրել ոչ-անդամներին մասնակցել ընտանեկան երեկոներին և Եկեղեցու միջոցառումներին, համաժողովներին և հավաքներին:
-
Մենք կարող ենք Եկեղեցու ամսագրեր տալ նրանց: Մենք կարող ենք նաև ավետարանի ուղերձներով կիսվել, օգտագործելով Եկեղեցու պաշտոնական ինտերնետային LDS.org և Mormon.org կայքերում զետեղված մատչելի նյութերը:
Մեր Երկնային Հայրը կօգնի մեզ արդյունավետ միսիոներներ լինել, եթե ավետարանով կիսվելու և առաջնորդության համար աղոթելու ցանկություն ունենք: Նա մեզ կօգնի ավետարանով կիսվելու ուղիներ գտնել մեր շրջապատի մարդկանց հետ:
-
Մտածեք, թե ում հետ կարող եք ավետարանով կիսվել: Որոշեք, թե ինչպես եք անելու դա: Կարող եք նպատակադրվել, նրանց հետ որոշակի օր ավետարանով կիսվելու:
Տերը մեզ օրհնություններ է խոստանում միսիոներական աշխատանքը կատարելու համար
Տերն ասել է Մարգարե Ջոզեֆ Սմիթին, որ միսիոներները մեծ օրհնություններ կստանան: Խոսելով միսիայից վերադարձած միսիոներների հետ՝ Տերն ասել է. «Օրհնված եք դուք, քանզի վկայությունը, որ դուք բերել եք, արձանագրվել է երկնքում, հրեշտակների համար, որ կարդան. և նրանք ցնծում են ձեր համար» (ՎևՈւ 62.3): Նա նաև ասել է, որ ովքեր աշխատում են մյուսների փրկության համար, նրանց մեղքերը կներվեն և փրկություն կգա իրենց հոգիներին (տես ՎևՈւ 4.4; 31.5; 84.61):
Տերն ասել է մեզ.
«Եթե լինի այնպես, որ դուք տքնեք ձեր բոլոր օրերում, ապաշխարություն աղաղակելով այս ժողովրդին, և ինձ մոտ բերեք գեթ մեկ հոգի, որքա՜ն մեծ կլինի ձեր ուրախությունը նրա հետ իմ Հոր արքայությունում:
Եվ արդ, եթե ձեր ուրախությունը մեծ կլինի մեկ հոգու հետ, որին դուք բերել եք ինձ մոտ՝ իմ Հոր արքայություն, որքա՜ն մեծ կլինի ձեր ուրախությունը, եթե դուք շատ հոգիներ բերեք ինձ մոտ» (ՎևՈւ 18.15–16):
-
Ե՞րբ եք միսիոներական աշխատանքից ուրախություն զգացել:
Լրացուցիչ սուրբ գրություններ
-
ՎևՈւ 1.17–23 (Ջոզեֆ Սմիթին պատվիրվում է քարոզել)
-
ՎևՈւ 24.12 (Տերը ամրացնում է նրանց, ովքեր միշտ ձգտում են հայտարարել Նրա ավետարանը)
-
ՎևՈւ 38.41 (հեզությամբ և մեղմությամբ կիսվեք ավետարանով)
-
ՎևՈւ 34.4–6; Գործք Ե.42 (պետք է քարոզել ավետարանը)
-
ՎևՈւ 60.1–2 (Տերը զգուշացնում է նրանց, ովքեր վախենում են ավետարանը քարոզել)
-
ՎևՈւ 75.2–5 (նրանք, ովքեր քարոզում են ավետարանը և հավատարիմ են, կօրհնվեն հավերժական կյանքով)
-
ՎևՈւ 88.81–82 (նրանք, ում զգուշացվել է, պետք է զգուշացնեն իրենց մերձավորներին)
-
Մատթեոս ԻԴ.14 (ավետարանը պետք է մինչև վերջ քարոզվի)
-
Աբրահամ 2.9–11 (ավետարանը և քահանայությունը տրվել են բոլոր ժողովուրդներին)