Գլուխ 7
Սուրբ Հոգի
Սուրբ Հոգին եկավ Ադամին և Եվային
-
Ինչո՞ւ Ադամն ու Եվան Սուրբ Հոգու առաջնորդության կարիքն ունեին:
Եդեմի Պարտեզից հեռանալուց հետո, Ադամն ու Եվան սկսեցին հող մշակել և այլ գործեր կատարել, որպեսզի կարողանան ապրել: Նրանք շատ երեխաներ ունեցան, և նրանց որդիներն ու դուստրերն ամուսնացան և իրենց երեխաններն ունեցան (տես Մովսես 5.1–3): Այսպիսով, մեր Երկնային Հոր զավակները սկսեցին հեռանալ Նրա ներկայությունից և գալ երկիր, ինչպես նրանց խոստացվել էր (տես Աբրահամ 3.24–25): Երկիր գալով, նրանց մոտ ջնջվեց երկնային տան մասին հիշողությունը: Բայց մեր Հայրը նրանց չզրկեց Իր ազդեցությունից: Նա ուղարկեց Սուրբ Հոգին, որ սփոփի, օգնի և առաջնորդի Իր հոգևոր բոլոր զավակներին:
Ադամն ու Եվան աղոթքով էին դիմում Երկնային Հորը: Նա խոսում էր նրանց հետ և պատվիրաններ տալիս նրանց, որոնց նրանք հնազանդվում էին: Տիրոջ հրեշտակը եկավ և ուսուցանեց Ադամին և Եվային փրկության ծրագիրը: Տերը ուղարկեց Սուրբ Հոգին, որ վկայի Հոր և Որդու մասին և ուսուցանի ավետարանը Ադամին և Եվային: (Տես Մովսես 5.4–9:)
Սուրբ Հոգու զորությամբ Ադամը «սկսեց մարգարեանալ երկրի բոլոր ընտանիքների վերաբերյալ՝ ասելով. Օրհնյալ է Աստծո անունը, քանզի իմ օրինազանցության հետևանքով աչքերս բացվել են, և այս կյանքում ես ուրախություն կունենամ, և կրկին, մարմնի մեջ, ես կտեսնեմ Աստծուն» (Մովսես 5.10): Սուրբ Հոգուց ստացած վկայության շնորհիվ Եվան ասաց. «Եթե չլիներ մեր օրինազանցությունը, մենք երբեք [երեխաներ] չէինք ունենա, և երբեք չէինք գիտենա բարին և չարը, և մեր փրկագնման ուրախությունը, և հավերժական կյանքը, որն Աստված տալիս է բոլոր հնազանդներին» (Մովսես 5.11):
-
Սուրբ Հոգու կողմից առաջնորդվելու մեր կարիքը ինչպե՞ս է նման Ադամի և Եվայի առաջնորդվելու կարիքին:
Սուրբ Հոգու հատկանիշները
-
Ինչպե՞ս է Սուրբ Հոգին տարբերվում Հորից և Որդուց: Ինչո՞ւ է այդ տարբերությունը կարևոր մեզ համար:
Սուրբ Հոգին Աստվածագլխի անդամ է (տես Ա Հովհաննես Ե.7; ՎևՈւ 20.28): Նա «Հոգեղեն անձնավորություն է» (ՎևՈւ 130.22): Նա կարող է մեկ տեղում լինել, սակայն միևնույն ժամանակ Նրա ազդեցությունը կարող է լինել ամենուր:
Երկնային Հայրը, Հիսուս Քրիստոսը և Սուրբ Հոգին կոչվում են Աստվածագլուխ: Նրանք միացած են նպատակով: Յուրաքանչյուրը կարևոր հանձնարարություն ունի փրկության ծրագրում: Մեր Երկնային Հայրը մեր Հայրն ու կառավարիչն է: Հիսուս Քրիստոսը մեր Փրկիչն է: Սուրբ Հոգին հայտնող է և ամեն ճշմարտության մասին վկայող:
Սուրբ Հոգին մեր Երկնային Հոր սուրհանդակն է և հատուկ պարգև է մեզ տրված (տես այս գրքի գլուխ 21):
Սուրբ Հոգու առաքելությունը
-
Նշեք մի քանի ճշմարտություններ, որ Սուրբ Հոգին հայտնում է մեզ:
Սուրբ Հոգու առաքելությունն է՝ վկայություն բերել Հոր և Որդու, և բոլոր բաների ճշմարտության մասին:
Սուրբ Հոգին կվկայի մեզ, որ Հիսուսը մեր Փրկիչն ու Քավիչն է (տես 3 Նեփի 28.11; ՎևՈւ 20.27): Նա կհայտնի մեզ, որ մեր Երկնային Հայրը մեր հոգիների Հայրն է: Նա կօգնի մեզ հասկանալ, որ մենք կարող ենք վեհացում ստանալ մեր Երկնային Հոր պես: (Տես Հռովմեացիս Ը.16–17:) Տիրոջ մարգարեները խոստացել են՝ «Սուրբ Հոգու զորությամբ դուք կարող եք իմանալ ճշմարտությունը բոլոր բաների վերաբերյալ» (Մորոնի 10.5):
Առանց Սուրբ Հոգու մենք չենք կարող իմանալ, որ Հիսուսը Քրիստոսն է: Պողոս Առաքյալը գրել է. «Ոչ ոք չի կարող Հիսուսին Տեր ասել՝ եթե ոչ Հոգով Սրբով» (Ա Կորնթացիս ԺԲ.3): Իր մասին Փրկիչն ասել է. «Եվ սա է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ միայն ճշմարիտ Աստուած. և նորան որ ուղարկեցիր՝ Հիսուսին Քրիստոսին» (Հովհաննես ԺԷ.3): Սուրբ Հոգու զորությամբ է, որ մենք հասկանում ենք Հիսուս Քրիստոսի ավետարանը և ապրում դրանով:
Սուրբ Հոգու համոզիչ զորությունն այնքան մեծ է, որ անկասկած այն, ինչ Նա հայտնում է մեզ, ճշմարիտ է: Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթն ասել է.
«Երբ մարդը հայտնություն է ստանում Սուրբ Հոգուց, այն անմոռանալի տպավորություն է թողնում նրա հոգու վրա, որը հեշտությամբ չի ջնջվում: Դա Հոգին է խոսում հոգու հետ, և այն գալիս է հավաստիացնող ուժով: Հրեշտակի կամ նույնիսկ հենց իր՝ Աստծո Որդու կողմից եկող հայտնությունը կազդի աչքի և մտքի վրա, և ի վերջո կդառնա աղոտ, իսկ Սուրբ Հոգու տպավորությունը նստում է հոգու խորքում և ավելի դժվար է ջնջել» (Answers to Gospel Questions, comp. Joseph Fielding Smith Jr., 5 vols. [1957–66], 2:151):
Նախագահ Սմիթը նաև ասել է. «Սուրբ Հոգու միջոցով ճշմարտությունը միահյուսվում է ջիլերին և մկաններին, այնպես որ այն հնարավոր չէ մոռանալ» (Doctrines of Salvation, comp. Bruce R. McConkie, 3 vols. [1954–56], 1:48):
Որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներ, մենք պետք է արժանի դառնանք ընդունելու մեր Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի այդ հատուկ սուրհանդակին և վկայությունը:
-
Մտածեք այն ժամանակների մասին, երբ Սուրբ Հոգին օգնել է ձեզ աճել ձեր վկայության մեջ: Հարմարության դեպքում, կիսվեք այդ փորձառություններով դասարանի կամ ընդանիքի անդամների հետ:
Լրացուցիչ սուրբ գրություններ
-
Մովսես 5 (Ադամի ընտանիքի պատմությունը)
-
ՎևՈւ 130.22 (ներկայացված է Սուրբ Հոգին)
-
Հովհաննես ԺԴ.26; ԺԵ.26; ԺԶ.13; Ղուկաս ԺԲ.12; 2 Նեփի 31.18; 32.5, 8; 33.1; Ալմա 14.11; 3 Նեփի 27.20; 4 Նեփի 1.48; Մորոնի 10.6–7; ՎևՈւ 8.2–3; 11.12–13; 20.26 (Սուրբ Հոգու դերերը)