Գրքեր և դասեր
Գլուխ 39. Մաքրաբարոյության օրենքը


Գլուխ 39

Մաքրաբարոյության օրենքը

Holding hands of a newly married couple.

Զգուշացում ծնողներին

Այս գլուխը պարունակում է մասեր, որոնք փոքր երեխաների համար չեն: Նախքան այս գլխի այդ մասերը նրանց ուսուցանելը, լավ կլինի, որ սպասեք երեխաներն այնքան մեծանան, որ հասկանան ինչ է սեքսուալ հարաբերությունները և վերարտադրությունը: Մեր Եկեղեցու ղեկավարներն ասել են մեզ, որ ծնողները պատասխանատու են ուսուցանելու իրենց երեխաներին վերարտադրության մասին (բեղմնավորման և երեխաներ ունենալու ընթացքի մասին): Ծնողները պետք է նաև ուսուցանեն մաքրաբարոյության օրենքը, որը բացատրվում է այս գլխում:

Ծնողները կարող են սկսել ուսուցանել երեխաներին ճիշտ ձևով վերաբերվել իրենց մարմնին, երբ երեխաները շատ փոքր են: Երեխաների հետ անկեղծորեն, սակայն ակնածանքով խոսելը և իրենց մարմնի օրգանների ու ֆունկցիաների ճիշտ անունները օգտագործելը, կօգնի նրանց մեծանալ իրենց մարմնի համար առանց ավելորդ շփոթության:

Երեխաները բնությամբ հետաքրքրասեր են: Նրանք ցանկանում են իմանալ, ինչպես է իրենց մարմինն աշխատում: Նրանք ցանկանում են իմանալ, որտեղից են երեխաները գալիս: Եթե ծնողները պատասխանեն բոլոր նման հարցերին անմիջապես և այնքան պարզ, որ երեխաները հասկանան, նրանք կշարունակեն իրենց հետաքրքրող հարցերն ուղղել իրենց ծնողներին: Իսկ եթե ծնողները այնպես են պատասխանում հարցերին, որ երեխաները զգում են շփոթված, մերժված կամ չբավարարված, նրանք, հավանաբար, իրենց հարցերով կգնան մեկ ուրիշի մոտ և գուցե ստանան ոչ ճիշտ մտքեր կամ արժանանան ոչ պատշաճ վերաբերմունքի:

Ինչևէ, խելամիտ չէ և կարիք չկա երեխաներին միանգամից ամեն ինչ պատմել: Ծնողները պետք է միայն տան այն տեղեկությունը, ինչի մասին երեխան հարցրել է և կարող է հասկանալ: Պատասխանելով այդ հարցերին ծնողները կարող են ուսուցանել երեխաներին իրենց մարմինը և ուրիշների մարմինը հարգելու կարևորության մասին: Ծնողները պետք է ուսուցանեն երեխաներին համեստ հագնվել: Նրանք պետք է ուղղեն կեղծ գաղափարները և գռեհիկ արտահայտությունները, որ երեխաները սովորում են մյուսներից:

Երբ երեխաները հասունանում են, ծնողները պետք է նրանց հետ անկեղծորեն քննարկեն վերարտադրության մասին: Երեխաները պետք է հասկանան, որ այդ զորությունները բարի են և մեզ են տրվել Տիրոջ կողմից: Նա ակնկալում է մեզանից, որ դրանք օգտագործենք այն սահմաններում, որ Ինքն է տվել մեզ:

Փոքր երեխաները Երկնային Հոր մոտից մաքուր ու անմեղ են գալիս երկիր: Երբ ծնողները աղոթեն առաջնորդության համար, Տերը նրանց կոգեշնչի երեխաներին ուսուցանել ճիշտ ժամանակին և ճիշտ ձևով:

Վերարտադրության զորությունը

  • Ինչո՞ւ պետք է ծնողները ուսուցանեն իրենց զավակներին վերարտադրության և մաքրաբարոյության մասին: Ինչպե՞ս կարող են նրանք ճիշտ ձևով անել դա:

Աստված պատվիրել է յուրաքանչյուր կենդանի էակի վերարտադրել իր տեսակին (տես Ծննդոց Ա.22): Վերարտադրությունը Նրա ծրագրի մասն էր, որպեսզի կյանքի բոլոր տեսակները շարունակեին գոյություն ունենալ երկրի վրա:

Այնուհետև Նա Ադամին և Եվային դրեց երկրի վրա: Նրանք տարբերվում էին Նրա այլ ստեղծագործություններից, որովհետև նրանք Իր հոգևոր զավակներն էին: Եդեմի Պարտեզում, Նա Ադամին և Եվային ամուսնական կապով միացրեց և պատվիրեց նրանց բազմանալ և լցնել երկիրը (տես Ծննդոց Ա.28): Ինչևէ, նրանց կյանքը պետք է ղեկավարվեր ոչ թե բնազդով, այլ բարոյական օրենքներով:

Աստված ցանկացավ, որ Իր հոգևոր զավակները ծնվեին ընտանիքներում, որպեսզի նրանց համար պատշաճ ձևով հոգ տարվեր և նրանք ուսուցանվեին: Մենք Ադամի և Եվայի նման պետք է ֆիզիկական մարմին տանք այդ հոգևոր զավակներին: Առաջին Նախագահությունը և Տասներկու Առաքյալների Քվորումը հաստատել է. «Մենք հայտարարում ենք, որ երկրի վրա կյանքի ստեղծման ուղիները ղեկավարվում են Աստծո կողմից» («Ընտանիք՝ Հայտարարություն աշխարհին, Ensign, Nov. 1995, 102): Աստված պատվիրել է մեզ, որ միայն տղամարդու և կնոջ միջև ամուսնության ժամանակ կարող են սեռական հարաբերություններ լինել: Այս պատվիրանը կոչվում է մաքրաբարոյության օրենք:

Մաքրաբարոյության օրենքը

  • Ի՞նչ է մաքրաբարոյության օրենքը:

Մենք պետք է սեռական հարաբերություններ ունենանք միայն օրինական ամուսնացած մեր ամուսնու հետ: Ոչ ոք, տղամարդ թե կին, չպետք է սեռական հարաբերություններ ունենա ամուսնությունից առաջ: Ամուսնությունից հետո, սեռական հարաբերությունները թույլատրվում են միայն կողակցի հետ:

Իսրայելցիներին Տերն ասել է. «Շնություն մի անիր» (Ելից Ի.14): Այն Իսրայելցիները, որոնք խախտում էին այս պատվիրանը, ծանր պատժի էին ենթարկվում: Տերը կրկնել է այս պատվիրանը վերջին օրերին (տես ՎևՈւ 42.24):

Մեզ ուսուցանվել է, որ մաքրաբարոյության օրենքը ավելին է, քան սեռական կապը: Առաջին Նախագահությունը զգուշացրել է երիտասարդներին այլ սեռական մեղքերի համար.

«Ամուսնությունից առաջ, մի արեք այնպիսի բաներ, որոնք ուժեղ զգացումներ կառաջացնեն, դրանք պետք է արտահայտվեն միայն ամուսնության ժամանակ: Կրքոտ մի համբուրվեք, մյուս անձնավորության վրա մի պառկեք կամ մեկ ուրիշի մարմնի սեռական, սուրբ մասերին մի դիպչեք՝ լինի հագուստով կամ առանց հագուստի: Թույլ մի տվեք մեկ ուրիշին դա անել ձեզ հետ: Նման զգացումներ մի առաջացրեք ձեր մարմնում» (Երիտասարդներին զորացնելու համար» [բրոշյուր, 2001], 27):

Ինչպես մաքրաբարոյության օրենքի այլ խախտումներ, համասեռամոլությունը ծանր մեղք է: Վերջին օրերի մարգարեները խոսել են համասեռամոլության վտանգների մասին, և Եկեղեցին իր մտահոգությունն է հայտնել նման շեղումներ ունեցող մարդկանց համար: Նախագահ Գորդոն Բ. Հինքլին ասել է.

«Նախևառաջ, մենք հավատում ենք, որ տղամարդու և կնոջ միջև ամուսնությունը սահմանված է Աստծո կողմից: Մենք հավատում ենք, որ ամուսնությունը կարող է լինել հավերժական՝ Տիրոջ տանը հավիտենական քահանայության զորությունը գործադրելու շնորհիվ:

Մարդիկ հետաքրքրվում են, թե ինչպիսին է մեր վերաբերմունքը նրանց հանդեպ, ովքեր իրենց համարում են գեյեր և լեզբիաններ: Իմ պատասխանն է՝ մենք սիրում ենք նրանց որպես Աստծո որդիներ և դուստրեր: Նրանք հնարավոր է ունեն որոշակի շեղումներ՝ ուժգին արտահայտված և դժվար կառավարելի: Շատերը տարբեր ժամանակներում տարբեր տեսակի շեղումներ են ունենում: Եթե նրանք չեն վարվում ըստ իրենց շեղումների, ապա կարող են առաջ գնալ ինչպես Եկեղեցու մյուս բոլոր անդամները: Եթե նրանք խախտում են մաքրաբարոյության օրենքը և Եկեղեցու բարոյական չափանիշները, ապա նրանք մյուսների պես ենթարկվում են Եկեղեցու կարգապահության պատժին :

Մենք ցանկանում ենք օգնել այդ մարդկանց, ամրացնել նրանց, աջակցել նրանց իրենց խնդիրներում և օգնել նրանց իրենց դժվարություններում: Սակայն մենք չենք կարող անուշադրության մատնել, եթե նրանք անբարո արարքներ են կատարում, եթե նրանք փորձում են պահել, պաշտպանել և ապրել այսպես կոչված համասեռ ամուսնության վիճակում: Նման բան թույլ տալը, կնշանակի խարխլել Աստծո կողմից հաստատված ամուսնության և դրա բուն նպատակի, ընտանիք ստեղծելու անչափ լուրջ ու սուրբ հիմքը» (in Conference Report, Oct. 1998, 91; or Ensign, Nov. 1998, 71):

Սատանան ցանկանում է, որ մենք խախտենք մաքրաբարոյության օրենքը

  • Ինչպե՞ս է սատանան գայթակղում մարդկանց խախտել մաքրաբարոյության օրենքը:

Սատանայի ծրագիրն է խաբել մեզանից որքան հնարավոր է շատերին, որպեսզի կանխի մեր Երկնային Հոր մոտ վերադառնալն ու Նրա հետ ապրելը: Ամենավնասակար բանը, որ նա կարող է անել՝ հրապուրել մեզ խախտել մաքրաբարոյության օրենքը: Նա խորամանկ է և զորավոր: Նա ցանկանում է մենք հավատանք, որ այս օրենքը խախտելը մեղք չէ: Շատերն են խաբվել: Մենք պետք է պաշտպանվենք չարի ազդեցություններից:

Սատանան գրոհում է համեստության չափանիշները : Նա ցանկանում է, որ մենք հավատանք, որ քանի որ մարդկային մարմինը գեղեցիկ է, այն պետք է ցուցադրել: Մեր Երկնային Հայրը ցանկանում է, որ մեր մարմինը փակ պահենք, որպեսզի մյուսների մոտ անպատշաճ մտքերի տեղիք չտանք:

Սատանան ոչ միայն քաջալերում է մեզ անհամեստ հագնվել, նաև խրախուսում է մեզ անհամեստ կամ անպատշաճ մտքեր ունենալ: Նա դա անում է անբարոյական բնույթ կրող նկարներով, կինոնկարներով, պատմություններով, հումորով, երաժշտությամբ և պարերով: Մաքրաբարոյության օրենքը պահանջում է, որ մեր մտքերը, ինչպես նաև մեր վարքը մաքուր լինեն: Ալմա մարգարեն ուսուցանել է, որ երբ մենք դատվենք Աստծո կողմից, «մեր մտքերը նույնպես կդատապարտեն մեզ. և այդ սոսկալի վիճակում մենք չենք համարձակվի նայել վեր՝ առ Աստված» (Ալմա 12.14):

Հիսուսն ուսուցանեց. «Լսել եք, որ ասուեցավ առաջիններին, թե Շնություն մի՛ անիր:

Բայց ես ասում եմ ձեզ, թե Ամեն ով որ մի կնկա վրա մտիկ տա նրան ցանկանալու համար, նա արդեն շնացավ նրա հետ իր սրտի մեջ» (Մատթեոս Ե.27–28):

Նախագահ Գորդոն Բ. Հինքլին զգուշացրել է. «Դուք ապրում եք սոսկալի գայթակղությունների աշխարհում: Պոռնոգրաֆիան, իր նուրբ գարշելիությամբ, տարածվել է երկրի վրա սոսկալի, կլանող մակընթացության պես: Դա թույն է: Մի դիտեք այն, ոչ էլ՝ կարդացեք: Այլապես այն կկործանի ձեզ: Այն կխլի ձեր ինքնահարգանքը: Այն կկողոպտի կյանքի գեղեցկությունների ձեր ընկալումը: Այն կտապալի ձեզ և կքաշի չար մտքերի և գուցե չար արարքների ճահիճը: Հետու մնացեք դրանից: Խույս տվեք դրանից, ինչպես ժանտախտից, քանի որ այն նույնքան մահացու է: Եղեք առաքինի մտքով և գործով: Աստված հատուկ նպատակով ձեր մեջ դրել է աստվածային մղում, որը կարող է հեշտությամբ խորտակվել ունենալով չար ու կործանիչ ավարտ: Երբ դուք պատանի եք, մշտապես մի ժամադրվեք: Երբ հասնում եք այն տարիքին, որ կարող եք մտածել ամուսնության մասին, այդ ժամանակ սկսեք ժամադրվել: Իսկ դուք, տղաներ, որ դեռևս դպրոցի բարձր դասարանում եք սովորում, դրա կարիքը չունեք, ոչ էլ աղջիկները դրա կարիքն ունեն» (in Conference Report, Oct. 1997, 71–72; or Ensign, Nov. 1997, 51):

Սատանան երբեմն գայթակղում է մեզ մեր զգացմունքներով: Նա գիտի, որ երբ մենք միայնակ ենք, շփոթված ենք կամ ճնշված: Նա ընտրում է թուլության այդ ժամանակը, որպեսզի գայթակղի մեզ խախտել մաքրաբարոյության օրենքը: Մեր Երկնային Հայրը կարող է մեզ ուժ տալ, որպեսզի անվնաս անցնենք այդ փորձությունների միջով:

Սուրբ գրությունները պատմում են մեզ մի երիտասարդի մասին, որի անունը Հովսեփ էր, և նրան շատ էր վստահում իր տերը՝ Պետափրեսը: Պետափրեսը Հովսեփին կառավարիչ էր դրել իր ողջ ունեցվածքի վրա: Պետափրեսի կինը տենչում էր Հովսեփին և գայթակղում էր նրան, դրդելով իր հետ անառակության: Սակայն Հովսեփը դիմադրեց նրան և փախավ նրանից: (Տես Ծննդոց ԼԹ.1–18:)

Պողոսն ուսուցանել է. «Ձեզ ուրիշ փորձություն չէ պատահել բացի մարդկային փորձությունից. բայց Աստուած հավատրիմ է, որ չի թողիլ ձեզ ձեր կարողությունիցը վեր փորձուելու, այլ փորձության հետ ելքն էլ կպատրաստե, որ կարողանաք համբերել» (Ա Կորնթացիս Ժ.13): Ալման շեշտել է, որ մենք չենք «փորձվի ավելի, քան կարող ենք դիմանալ», եթե «խոնարհեցնենք [մեզ] Տիրոջ առաջին, և կանչենք նրա սուրբ անունը, և արթուն կենանք ու շարունակ աղոթենք» (Ալմա 13.28):

  • Ինչպե՞ս են համեստությունն ու մաքրաբարոյությունը կապված: Ինչպե՞ս կարող են ծնողներն ուսուցանել իրենց զավակներին համեստ լինել հագուստով, խոսքով և վարքով:

  • Ինչպե՞ս կարող ենք պայքարել պոռնոգրաֆիայի տարածման և ազդեցության դեմ:

  • Ի՞նչ խոստումներ է տվել Տերը մեզ, որպեսզի օգնի դիմակայել սատանայի գայթակղություններին:

Մաքրաբարոյության օրենքը խախտելը անչափ լուրջ է

Ալմա մարգարեն վշտացած էր, որովհետև նրա որդիներից մեկը խախտում էր մաքրաբարոյության օրենքը: Ալման ասաց իր որդի Կորիանթոնին. «Չգիտե՞ս, որդիս, որ այս բաները պղծություն են Տիրոջ աչքում. այո, ամենապիղծը՝ բոլոր մեղքերից, բացի դա լինի անմեղ արյուն թափելը կամ Սուրբ Հոգին ուրանալը» (Ալմա 39.5): Անառակությունը իր լրջությամբ մարդասպանությունից հետո հաջորդն է:

Եթե տղամարդը և կինը խախտում են մաքրաբարոյության օրենքը, և դրա արդյունքւոմ կինը հղիանում է, նրանք կարող են գայթակղվել կատարելու մեկ այլ նողկալի մեղք՝ արհեստական վիժեցում: Հազվադեպ է պատահում, որ վիժեցումը արդարացնող պատճառ է ունենում: Եկեղեցու ղեկավարները ասել են, որ երբեմն բացառիկ հանգամանքներ կարող են արդարացնել արհեստական վիժեցումը, օրինակ, երբ հղիությունը արյունապղծության կամ բռնաբարության արդյունք է, երբ գիտակ բժշկի ախտորոշմամբ մոր կյանքը կամ առողջությունը լրջորեն վտանգված է, կամ երբ կրկին գիտակ բժշկի ախտորոշմամբ պտուղը այնպիսի լուրջ արատներ ունի, որոնց պատճառով երեխան չի կարող ապրել ծնվելուց հետո: Ամեն դեպքում նույնիսկ այդ հանգամանքները չեն արդարացնում արհեստական վիժեցումը: Նրանք, ովքեր նման իրավիճակում են հայտնվել, պետք է արհեստական վիժեցման գնան միայն Եկեղեցու իրենց տեղական ղեկավարների հետ խորհրդակցելուց և անկեղծ աղոթքով հատատում ստանալուց հետո:

«Երբ տղամարդը և կինը դեռևս չամուսնացած հղիության հարցի առջև են կանգնել, ամեն ջանք պետք է գործադրվի, որպեսզի նրանց խրախուսվի ամուսնանալ: Երբ հաջողակ ամուսնության հավանականությունը պայմանավորված է անհամապատասխան տարիքով կամ որոշակի հանգամանքներով, չամուսնացած ծնողներին պետք է խորհուրդ տալ երեխային տալ որդեգրման ՎՕՍ ընտանեկան ծառայությունների միջոցով, վստահ լինելով, որ երեխան կկնքվի տաճարին արժանի ծնողների հետ» (First Presidency letter, June 26, 2002, and July 19, 2002):

Չափազանց կարևոր է մեր Երկնային Հոր համար, որ Իր զավակները հնազանդվում են մաքրաբարոյության օրենքին: Եկեղեցու անդամները, ովքեր խախտում են այս օրենքը կամ ազդում են մյուսների վրա չհետևել այդ օրենքին, ենթարկվում են Եկեղեցու կարգապահական պատժին:

Նրանք, ովքեր խախտում են մաքրաբարոյության օրենքը, կարող են ներվել

Խաղաղություն կարող է գալ նրանց, ովքեր խախտել են մաքրաբարոյության օրենքը: Տերն ասել է մեզ. «Ամբարիշտը, երբ որ դարձի գա իր բոլոր մեղքերիցը որ արել էր, և պահե իմ բոլոր օրենքները … նորա արած բոլոր հանցանքները պիտի չհիշուին նորան» (Եզեկիել ԺԸ.21–22): Խաղաղություն գալիս է միայն ներման միջոցով:

Նախագահ Քիմբալն ասել է. «Յուրաքանչյուր ներման համար պայման կա: … Ծոմը, աղոթքները, խոնարհությունը պետք է հավասարվեն կամ գերազանցեն մեղքը: Պետք է լինի կոտրված սիրտ և փշրված հոգի: … Պետք է լինեն արցունքներ և սրտի անկեղծ փոփոխություն: Պետք է լինեն մեղքից հրաժարում, չարից հեռացում, սխալի խոստովանություն պատշաճ ձևով կանչված Տիրոջ իշխանավորներին» (The Miracle of Forgiveness [1969], 353):

Շատերի համար, խոստովանությունը ապաշխարության ամենադժվար մասն է: Մենք պետք է խոստովանենք ոչ միայն Տիրոջը, այլև այն մարդուն, որին վիրավորել ենք, օրինակ ամուսնուն կամ կնոջը, և պատշաճ ձևով կանչված քահանայության իշխանավորին: Քահանայության ղեկավարը (եպիսկոպսը կամ ցցի նախագահը) կդիտարկի Եկեղեցում մեր դիրքը: Տերն ասաց Ալմային. «Ով որ օրինազանցի իմ դեմ … եթե նա խոստովանի իր մեղքերն իմ և քո առաջ, և ապաշխարի իր սրտի անկեղծությամբ, նրա՛ն պիտի դու ներես, և ես կներեմ նրան նույնպես» (Մոսիա 26.29):

Սակայն Նախագահ Քիմբալը զգուշացրել է. «Թեպետ ներումն այնքան առատորեն է խոստացվում, խոստում կամ ներման նշույլ անգամ չի տրվում ոչ մի հոգու, ով լիովին չի ապաշխարում: … Մենք չենք կարող ավելի համոզիչ հիշեցնել մարդկանց, որ նրանք չեն կարող մեղանչել և ներվել և ապա մեղանչել կրկին ու կրկին և կրկին անգամ ներվել» (The Miracle of Forgiveness, 353, 360): Նրանք, ովքեր ներում են ստանում և ապա կրկնում այդ մեղքը, պատասխանատու են դառնում իրենց նախկին մեղքերի համար (տես ՎևՈւ 82.7; Եթեր 2.15):

Նրանք, ովքեր պահում են մաքրաբարոյության օրենքը, մեծապես օրհնվում են

  • Ի՞նչ օրհնություններ ենք ստանում, երբ պահում ենք մաքրաբարոյության օրենքը:

Երբ հնազանդվում ենք մաքրաբարոյության օրենքին, մենք կարող ենք ապրել առանց մեղքի կամ ամոթի: Մեր կյանքը և մեր երեխաների կյանքն օրհնվում է, երբ մենք մեզ մաքուր և անբիծ ենք պահում Տիրոջ առաջ: Երեխաները կարող են տեսնել մեր օրինակը և մեր քայլերին հետևել:

Լրացուցիչ սուրբ գրություններ