Գրքեր և դասեր
Գլուխ 13. Քահանայություն


Գլուխ 13

Քահանայություն

Two Fijian men administering to a young girl lying in a bed.

Ի՞նչ է Քահանայությունը:

Քահանայությունը հավերժական զորություն է և Աստծո իշխանություն: Քահանայության միջոցով Նա ստեղծեց և կառավարեց երկինքը և երկիրը: Այդ զորությամբ է տիեզերքը կատարյալ կանոնավոր վիճակում պահվում: Այդ զորությամբ Նա կատարում է Իր գործը և փառքը, որն է՝ «իրականացնել մարդու անմահությունն ու հավերժական կյանքը» (Մովսես 1.39):

Մեր Երկնային Հայրն Իր քահանայության զորությամբ լիազորում է Եկեղեցու արժանի տղամարդ անդամներին: Քահանայությունը հնարավորություն է տալիս նրանց գործել Աստծո անունով՝ ի փրկություն մարդկային ընտանիքի: Դրա շնորհիվ նրանք կարող են լիազորվել քարոզելու ավետարանը, սպասավորել փրկության արարողությունները և կառավարել Աստծո արքայությունը երկրի վրա:

  • Խորհեք Աստծո մեծության մասին, որը թույլ է տալիս արժանի տղամարդկանց և տղաներին կրել Իր քահանայությունը:

Ինչո՞ւ մենք երկրի վրա քահանայության կարիքն ունենք:

Մենք պետք է քահանայության իշխանություն ունենանք գործելու Աստծո անունով, երբ կատարում ենք ավետարանի սուրբ արարողությունները, ինչպիսիք են՝ մկրտությունը, հաստատումը, հաղորդության սպասավորումը և տաճարային արարողությունը: Եթե տղամարդը քահանայություն չունի, թեպետ նա կարող է անկեղծ լինել, Տերը չի ընդունի արարողությունները, որ նա կատարում է (տես Մատթեոս Է.21–23; հավատո Հանգանակ 1.5): Այդ կարևոր արարողությունները պետք է կատարվեն երկրի վրա քահանայություն կրող տղամարդկանց կողմից:

Տղամարդիկ պետք է քահանայություն ունենան, որ նախագահեն Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում և ղեկավարեն Եկեղեցու աշխատանքը աշխարհի բոլոր մասերում: Երբ Քրիստոսը ապրում էր երկրի վրա, Նա ընտրեց Իր Առաքյալներին և կարգեց նրանց, որպեսզի նրանք կարողանային ղեկավարել Իր Եկեղեցին: Նա նրանց քահանայության զորություն և իշխանություն տվեց՝ Իր անունով գործելու համար: (Տես Մարկոս Գ.13–15; Հովհաննես ԺԵ.16:)

Քահանայությունը նաև անհրաժեշտ է երկրի վրա, որպեսզի մենք կարողանանք հասկանալ Տիրոջ կամքը և իրագործենք Նրա նպատակները: Աստված հայտնում է Իր կամքը երկրի վրա Իր լիազորված քահանայության ներկայացուցչին՝ մարգարեին: Մարգարեն, որը Եկեղեցու Նախագահն է, ծառայում է որպես Աստծո խոսնակ Եկեղեցու բոլոր անդամների և երկրի բոլոր մարդկանց համար:

  • Ինչո՞ւ է անհրաժեշտ, որ մարդը արարողություն կատարելիս պատշաճ իշխանություն ունենա:

Ինչպե՞ս են մարդիկ քահանայություն ստանում:

Տերը կարգ է սահմանել, թե ինչպես պետք է Իր քահանայությունը տրվի Իր որդիներին երկրի վրա: Եկեղեցու արժանի տղամարդ անդամը քահանայություն է ստանում: «Ավետարանը քարոզելու և նրա արարողությունները սպասավորելու համար, մարդ պետք է կանչված լինի Աստծո կողմից՝ մարգարեությամբ և իշխանություն ունեցողների ձեռնադրմամբ» (Հավատո Հանգանակ 1.5):

Այս նույն ձևով են մարդիկ նախկինում քահանայություն ստացել, նույնիսկ Մովսեսի օրերում. «Եվ ոչ թե մեկն իր անձի համար պատիվը առնում է. այլ նա որ Աստուածանից կանչուած է, ինչպես Ահարոնը» (Եբրայեցիս Ե.4): Ահարոնը քահանայություն ստացավ Մովսեսից՝ իր քահանայության ղեկավարից (տես Ելից ԻԸ.1): Միայն քահանայություն կրողները կարող են կարգել մյուսներին, և նրանք կարող են դա անել միայն, երբ լիազորված են նրանց կողմից, ովքեր կրում են այդ արարողության բանալիները (տես այս գրքի գլուխ 14-ը):

Տղամարդիկ չեն կարող գնել կամ վաճառել քահանայության զորությունն ու իշխանությունը: Ոչ էլ կարող են իրենց վրա վերցնել այդ իշխանությունը: Նոր Կտակարանում մենք կարդում ենք Սիմոն անունով մի մարդու մասին, որն ապրում էր այն ժամանակ, երբ Քրիստոսի Առաքյալներն էին նախագահում Եկեղեցում: Սիմոնը դարձի եկավ և մկրտվեց Եկեղեցում: Քանի որ նա հմուտ մոգ էր, մարդիկ կարծում էին, թե նա Աստծո զորությունն ուներ: Սակայն Սիմոնը քահանայություն չուներ, և նա գիտեր դա:

Սիմոնը գիտեր, որ Առաքյալները և Եկեղեցու քահանայության մյուս ղեկավարները ունեին Աստծո ճշմարիտ իշխանությունը: Նա տեսնում էր, որ նրանք գործածում են իրենց քահանայությունը, որպեսզի կատարեն Տիրոջ աշխատանքը, և նա ևս ցանկացավ ունենալ այդ զորությունը: Նա ցանկացավ գնել քահանայությունը: (Տես Գործք Ը.9–19:) Սակայն Պետրոսը՝ գլխավոր Առաքյալը, ասաց. «Քո արծաթը քո հետ կորչի. որովհետև դու կարծեցիր, թե Աստուծոյ պարգևը փողով կառնուի» (Գործք Ը.20):

  • Ինչո՞ւ է կարևոր, որ «ոչ մեկն իր անձի համար պատիվը [քահանայությունը] առնում է»:

Ինչպե՞ս են տղամարդիկ պատշաճ ձևով օգտագործում քահանայությունը:

Քահանայությունը պետք է օգտագործվի մեր Երկնային Հոր զավակների կյանքը այստեղ երկրի վրա օրհնելու համար: Քահանայության կրողները պետք է նախագահեն սիրով և բարյացակամորեն: Նրանք չպետք է իրենց ընտանիքներին և մյուսներին ստիպեն հնազանդվել իրենց: Տերն ասել է մեզ, որ քահանայության զորությունը կարող է գործածվել միայն արդարությամբ (տես ՎևՈւ 121.36): Երբ մենք փորձում ենք օգտագործել քահանայությունը հարստություն կամ համբավ ձեռք բերելու կամ այլ եսասիրական նպատակով, «ահա, երկինքները ետ են քաշվում. Տիրոջ Հոգին տրտմում է. և երբ այն ետ է քաշվում, Ամե՛ն այդ մարդու քահանայությանը կամ իշխանությանը» (ՎևՈւ 121.37):

Երբ մարդն օգտագործում է քահանայությունը «համոզումով, երկայնամտությամբ, մեղմությամբ և հեզությամբ և անկեղծ սիրով» (ՎևՈւ 121.41), նա կարող է շատ հրաշալի բաներ անել իր ընտանիքի և ուրիշների համար: Նա կարող է մկրտել, հաստատել և հաղորդությունը սպասավորել, երբ լիազորված է նրանց կողմից, ովքեր կրում են այդ արարողությունների բանալիները: Նա կարող է օրհնել հիվանդներին: Նա կարող է քահանայության օրհնություններ տալ իր ընտանիքի անդամներին՝ քաջալերելով և պաշտպանելով նրանց, երբ նրանք հատուկ կարիքներ ունեն: Նա կարող է նաև օգնել մյուս ընտանիքներին այդ արարողություններով և օրհնություններով, երբ իրեն խնդրում են:

Տղամարդիկ օգտագործում են քահանայության իշխանությունը Եկեղեցում, երբ ծառայում են որպես ճյուղի նախագահ, եպիսկոպոս, քվորումի նախագահ, ցցի նախագահ և միսիայի նախագահ: Տղամարդիկ և կանայք, ովքեր Եկեղեցու պաշտոններ ունեն որպես ծառայողներ և ուսուցիչներ, աշխատում են քահանայության ղեկավարների ղեկավարության ներքո և Սուրբ Հոգու առաջնորդությամբ:

Ի՞նչ օրհնություններ են գալիս, երբ մենք պատշաճ ձևով ենք օգտագործում քահանայությունը:

Տերը մեծ օրհնություններ է խոստացել քահանայության արդար կրողներին, ովքեր քահանայությունն օգտագործում են մյուսներին օրհնելու համար.

«Այն ժամանակ քո վստահությունը կամրանա Աստծո ներկայության մեջ. և քահանայության վարդապետությունը կիջնի քո հոգու վրա, ինչպես ցողը երկնքից:

Սուրբ Հոգին կլինի քո մշտական ընկերը, և քո գավազանը կլինի արդարության ու ճշմարտության անփոփոխ գավազան. և քո տիրապետությունը կլինի հավիտենական տիրապետություն և առանց հարկադրանքի կհոսի դեպի քեզ հավիտյանս հավիտենից» (ՎևՈւ 121.45–46):

Նախագահ Դեյվիդ Օ. Մակքեյը խոստացել է յուրաքանչյուր տղամարդու, որը արդարությամբ է օգտագործում քահանայությունը, որ նրա «կյանքը կքաղցրանա, խորաթափանց կդառնա արագորեն կողմնորոշվելով լավի ու վատի միջև, կդառնա զգայուն և կարեկցող, միևնույն ժամանակ նրա հոգին կամրապնդվի և կդառնա քաջարի ճիշտը պաշտպանելու համար. նա կհամոզվի, որ քահանայությունը երջանկության երբևէ չթուլացող աղբյուր է՝ կենդանի ջրի աղբյուր, որը բխում է դեպի հավերժական կյանք» (Teachings of Presidents of the Church: David O. McKay [2003], 116):

  • Նշեք մի քանի օրհնություններ, որ դուք ստացել եք քահանայության միջոցով:

Լրացուցիչ սուրբ գրություններ

  • ՎևՈւ 84; 107 (հայտնություններ քահանայության վերաբերյալ, ներառյալ երդումի և ուխտի քահանայությունը ՎևՈւ 84.33–40-ում)

  • ՎևՈւ 20.38–67 (բացատրվում են քահանայության պարտականությունները)