Գլուխ 11
Քրիստոսի կյանքը
Քրիստոսի կյանքը կանխատեսվել էր Իր ծնունդից շատ առաջ
Երկիր եկող յուրաքանչյուր ոք կախված է Հիսուս Քրիստոսից, որն իրականացնում է մեր Փրկիչը լինելու երկնքում տված Իր խոստումը: Առանց Նրա փրկության ծրագիրը կձախողվեր: Քանի որ Նրա առաքելությունը անհրաժեշտ էր, բոլոր մարգարեները, Ադամից մինչև Քրիստոս, վկայել են, որ Նա գալու է (տես Գործք Ժ.43): Քրիստոսից հետո բոլոր մարգարեները վկայել են, որ Նա եկել է: Մենք բոլորս պետք է ուսումնասիրենք Փրկչի կյանքը և հավատարմորեն հետևենք Նրան մեր ողջ կյանքի ընթացքում:
Ադամն իմացավ, որ Փրկչի անունը լինելու է Հիսուս Քրիստոս (տես Մովսես 6.51–52): Ենովքը տեսավ, որ Հիսուսը կմահանա խաչի վրա և հարություն կառնի (տես Մովսես 7.55–56): Նոյը և Մովսեսը նույնպես վկայեցին Նրա մասին (տես Մովսես 1.11; 8.23–24): Մոտ 800 տարի առաջ Փրկիչը ծնվեց երկրի վրա, Եսայիան կանխատեսել էր Նրա կյանքը: Երբ Եսայիան տեսավ, թե ինչպիսի տառապանք և վիշտ պետք է կրի Փրկիչը, որպեսզի վճարի մեր մեղքերի համար, նա բացականչեց.
«Նա անարգուած և մարդկանց երեսից ընկած. հարուածների տեր, և ցավի տեղեակ եղավ: …
… Հիրավի՜ նա մեր ցավերը վեր առավ, և մեր վշտերը բեռնեց իր վրա: …
Նա մեր մեղքերի համար վիրավորուեցավ, մեր անօրենությունների համար հարուածվեցավ: …
Նա անիրավություն կրեց և չարչարուեցավ, բայց իր բերանը չբացավ, ինչպես մի ոչխար որ մորթուելու է տարվում» (Եսայիա ԾԳ.3–5, 7):
Նեփին նաև տեսավ Փրկչի ծննդի և առաքելության տեսիլքը: Նա տեսավ մի գեղեցիկ կույս, և հրեշտակը բացատրեց. «Նայի՛ր, կույսը, որին դու տեսնում ես, Աստծո Որդու մայրն է՝ մարմնական ձևով» (1 Նեփի 11.18): Այնուհետև Նեփին տեսավ կույսին՝ երեխան գիրկը: Հրեշտակը հայտարարեց. «Ահա՛ Աստծո Գառը, այո, հիրավի, Հավերժական Հոր Որդին» (1 Նեփի 11.21):
Հիսուսի ծնունդից մոտ 124 տարի առաջ մեկ այլ Նեփիացի մարգարե Բենիամին թագավորը նույնպես կանխատեսեց Փրկչի կյանքը.
«Քանզի ահա, ժամանակը գալիս է և հեռու հեռվում չէ, երբ Ամենակարող Տերը, որն իշխում է զորությամբ, որն էր, և է, ողջ հավերժությունից ողջ հավերժություն, կիջնի ներքև երկնքից՝ մարդկանց զավակների մեջ և կբնակվի կավե տաղավարում, և առաջ կգնա մարդկանց մեջ՝ գործելով հզոր հրաշքներ, ինչպես՝ բժշկելով հիվանդներին, հարություն տալով մեռածներին, իրականացնելով կաղերի քայլելը, կույրերին շնորհելով իրենց տեսողությունը, խուլերին՝ լսելը, և բուժելով ամեն ձևի հիվանդություններ:
Եվ նա դուրս կհանի դևեր կամ չար ոգիներ, որոնք բնակվում են մարդկանց զավակների սրտերում:
Եվ ահա, նա կտանի փորձություններ, և մարմնի ցավ, քաղց, ծարավ և հոգնածություն, նույնիսկ՝ ավելին, քան մարդը կարող է տանել, բացի մահից. քանզի ահա, արյուն կգա յուրաքանչյուր ծակոտիից, այնքան մեծ կլինի նրա տվայտանքն իր ժողովրդի ամբարշտության և պղծությունների համար:
Եվ նա կկոչվի Հիսուս Քրիստոս, Աստծո Որդի, երկնքի և երկրի Հայր, բոլոր բաների Ստեղծող՝ ի սկզբանե. և նրա մայրը կկոչվի Մարիամ» (Մոսիա 3.5–8):
-
Նշեք Հիսուս Քրիստոսի մասին մի քանի հին մարգարեություններ:
Նա Հոր Միածինն էր
-
Ի՞նչ ժառանգեց Հիսուս Քրիստոսը Իր Հորից: Ի՞նչ ժառանգեց Նա Իր մորից:
Փրկչի ծննդյան և կյանքի պատմությունը տրված է Նոր Կտակարանում Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի և Հովհաննեսի գրքերում: Նրանց պատմություններից մենք իմանում ենք, որ Հիսուսը ծնվել է Մարիամ անունով կույսից: Նա նշանված էր և պետք է ամուսնանար Հովսեփի հետ, երբ Տիրոջ հրեշտակը հայտնվեց նրան: Հրեշտակն ասաց նրան, որ նա պետք է լինի Աստծո Որդու մայրը: Նա հարցրեց, թե ինչպես է դա հնարավոր (տես Ղուկաս Ա.34): Հրեշտակն ասաց նրան. «Սուրբ Հոգին կգա քեզ վրա, և Բարձրեալի զորությունը քեզ վրա կհովանավորե, վասն որոյ և այն ծնուած սուրբն էլ Աստուծոյ Որդի կկոչուի» (Ղուկաս Ա.35): Այսպիսով, Հայր Աստվածը դարձավ Հիսուս Քրիստոսի Հայրը:
Հիսուսը միակ մարդն է երկրի վրա, որ ծնվել է մահկանացու մորից և անմահ Հորից: Այդ պատճառով Նա կոչվում է Միածին Որդի: Նա ժառանգեց աստվածային զորություններ Իր Հորից: Իր մորից Նա ժառանգեց մահկանացու մարմին և քաղց, ծարավ, հոգնածություն, ցավ և մահ կրեց: Ոչ ոք չէր կարող Փրկչի կյանքը վերցնել Իրենից, եթե Նա չցանկանար դա: Նա զորություն ուներ այն ցած դնելու և զորություն՝ մահանալուց հետո կրկին բարձրացնելու Իր մարմինը: (Տես Հովհաննես Ժ.17–18:)
Նա կատարյալ կյանք էր վարում
-
Ի՞նչ է Փրկչի կյանքը նշանակում մեզ համար:
Մանկուց ի վեր Հիսուսը հնազանդվել է այն ամենին, ինչ Երկնային Հայրը պահանջել է Իրենից: Մարիամի և Հովսեփի խնամքի ներքո, Հիսուսն աճում էր մյուս երեխաների պես: Նա սիրում էր ճշմարտությունը և հնազանդվում դրան: Ղուկասն ասում է մեզ. «Երեխան աճում էր և զորանում հոգիով՝ իմաստությունով լցուած. և Աստուծոյ շնորհքը նրա վրա էր» (Ղուկաս Բ.40; տես նաև ՎևՈւ 93.12–14):
Երբ արդեն 12 տարեկան էր, Հիսուսը հասկանում էր, որ ուղարկվել էր Իր Հոր կամքը կատարելու: Նա իր ծնողների հետ գնաց Երուսաղեմ: Երբ ծնողները վերադառնում էին տուն, հայտնաբերեցին, որ Նա իրենց խմբի հետ չէր: Նրանք ետ դարձան Երուսաղեմ, որպեսզի փնտրեն Նրան: «Եվ երեք օրից հետո եղավ, որ նրան տաճարում գտան, վարդապետների մեջ նստած, և նրանք լսում էին նրան, և հարցեր էին տալիս նրան» (Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Ղուկաս 2.46): «Եվ ամենքն, որ նրանից լսում էին, զարմանում էին նրա իմաստության և պատասխանների վրա» (Ղուկաս Բ.47):
Հովսեփն ու Մարիամը ուրախացան գտնելով Նրան, սակայն «սքանչացան. և նորա մայրն ասեց նորան. Որդեակ, ի՞նչու համար մեզ այսպես արիր. ահա, հայրդ և ես ցավելով որոնում էինք քեզ»: Հիսուսը պատասխանեց նրան՝ ասելով. «Դուք չգիտեի՞ք թե պետք է, որ ես իմ Հոր տանը լինեմ» (Ղուկաս Բ.48–49):
Իր առաքելությունը կատարելու համար Հիսուսը պետք է կատարեր Իր Երկնային Հոր կամքը: «Ես իմ անձիցը ոչինչ չեմ անում,- հայտարարեց Նա,- այլ ինչպես իմ Հայրը սովորեցրեց ինձ, այն եմ խոսում: … Ես միշտ նորան հաճելի բաներն եմ խոսում» (Հովհաննես Ը.28–29):
Երբ Հիսուսը 30 տարեկան էր, Նա եկավ Հովհաննես Մկրտչի մոտ, որպեսզի մկրտվի Հորդանան Գետում: Հովհաննեսը չէր կամենում մկրտել Հիսուսին, քանի որ գիտեր, որ Հիսուսն ավելի մեծ էր, քան ինքը: Հիսուսը խնդրեց, որ Հովհաննեսը մկրտի Իրեն, որպեսզի «ամեն արդարություն կատարվի»: Հովհաննեսը մկրտեց Հիսուսին, Նրան ամբողջովին ընկղմելով ջրի մեջ: Երբ Հիսուսը մկրտվեց, Նրա Հայրը խոսեց երկնքից, ասելով. «Դա է իմ սիրելի որդին, որին ես հավանեցի»: Սուրբ Հոգին իջավ աղավնու տեսքով: (Տես Մատթեոս 3.13–17:)
Մկրտվելուց հետո, Հիսուսը 40 օր ու գիշեր ծոմ պահեց, որպեսզի լինի Աստծո հետ: Ապա Սատանան եկավ գայթակղելու Նրան: Հիսուսը հաստատակամ դիմադրեց սատանայի բոլոր գայթակղություններին և ապա Սատանային հրամայեց, որ հեռանա: (Տես Մատթեոս Դ.1–11; տես նաև Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Մատթեոս 4.1, 5–6, 8–9, 11:) Հիսուս Քրիստոսը մնաց անմեղ, միակ կատարյալ էակը, որ երբևէ քայլել է երկրի վրա (տես Եբրայեցիս Դ.15; Ա Պետրոս Բ.1–22):
-
Փրկչի կյանքից ո՞ր պատմություններն են հատկապես նշանակալից ձեզ համար:
Նա ուսուցանեց մեզ, ինչպես պետք է սիրել և ծառայել միմյանց
-
Ըստ Փրկչի ուսմունքի, ինչպե՞ս պետք է սիրել և ծառայել միմյանց:
Ծոմ պահելուց և Սատանայի հետ հանդիպելուց հետո, Հիսուսը սկսեց հանրությանը ծառայել: Նա եկավ երկիր ոչ թե միայն մահանալու, այլև մեզ ուսուցանելու, թե ինչպես պետք է ապրել: Նա ուսուցանեց, որ կան երկու մեծ պատվիրաններ. առաջինը՝ սիրել Աստծուն մեր ողջ սրտով, մտքով և զորությամբ, իսկ երկրորդը՝ սիրել մյուսներին, ինչպես սիրում ենք ինքներս մեզ (տես Մատթեոս ԻԲ.36–39): Նրա կյանքը օրինակ է, թե ինչպես մենք պետք է հնազանդվենք այդ երկու պատվիրաններին: Եթե մենք սիրում ենք Աստծուն, մենք պետք է վստահենք և հնազանդվենք Նրան, ինչպես Հիսուսը: Եթե սիրում ենք մյուսներին, մենք կօգնենք նրանց բավարարել իրենց ֆիզիկական և հոգևոր կարիքները:
Հիսուսը իր կյանքը անցկացրեց, ծառայելով մյուսներին: Նա բժշկեց նրանց: Նա կույրին տեսողություն շնորհեց, խուլին լսողություն և արեց այնպես, որ կաղը քայլի: Մի անգամ, երբ Նա բժշկում էր հիվանդներին, արդեն ուշ էր, և մարդիկ քաղցած էին: Նրանց իրենց տներն ուղարկելու փոխարեն, Նա օրհնեց հինգ հատ հացը և երկու ձուկը և հրաշքով կարողացավ կերակրել 5000 մարդու: (Տես Մատթեոս ԺԴ.14–21:) Նա ուսուցանեց, որ երբ տեսնում ենք մարդիկ քաղցած են, մրսած, մերկ կամ միայնակ, մենք պետք է օգնենք նրանց, ինչով կարող ենք: Երբ մենք օգնում ենք մյուսներին, մենք ծառայում ենք Տիրոջը: (Տես Մատթեոս ԻԵ.35–46:)
Հիսուսը սիրում էր մուսներին Իր ողջ սրտով: Երբեմն Նրա սիրտն այնքան էր կարեկցանով լցվում, որ Նա արտասվում էր: Նա սիրում էր փոքր երեխաներին, մեծերին և հեզ ու հասարակ մարդկանց, ովքեր հավատում էին Իրեն: Նա սիրում էր մեղավորներին, և մեծ կարեկցանքով ուսուցանում էր նրանց, որ ապաշխարեն և մկրտվեն: Նա ուսուցանում էր. «Ես եմ ճանապարհը և ճշմարտությունը և կյանքը» (Հովհաննես ԺԴ.6):
Հիսուսը նույնիսկ սիրում էր նրանց, ովքեր մեղանչել էին իր հանդեպ և չէին ապաշխարել: Իր կյանքի վերջում, խաչի վրա կախված, Նա աղոթեց Հորը այն զինվորների համար, ովքեր խաչել էին Իրեն, աղերսելով. «Հայր, թողիր դորանց. որովհետև չգիտեն թե ինչ են անում» (Ղուկաս ԻԳ.34): Նա ուսուցանեց. «Սա է իմ պատվիրանքը, որ իրար սիրեք, ինչպես որ ես ձեզ սիրեցի» (Հովհաննես ԺԵ.12):
-
Ինչպե՞ս կարող ենք մենք ցույց տալ Տիրոջը, որ սիրում ենք Նրան:
Նա կազմակերպեց միակ ճշմարիտ Եկեղեցին
-
Ինչո՞ւ Փրկիչը կազմակերպեց Իր Եկեղեցին և Առաքյալներ կարգեց:
Հիսուսը ցանկացավ Իր ավետարանն ուսուցանել երկրի վրա ապրող բոլոր մարդկանց, և Նա տասներկու Առաքյալներ ընտրեց, որ վկայեն Իր մասին: Նրանք Իր Եկեղեցու առաջին ղեկավարներն էին: Նրանք իշխանություն ստացան Իր անունով գործելու և կատարելու այն, ինչ Նա էր կատարում: Նրանք, ովքեր իշխանություն ստացան նրանցից, նույնպես կարողացան ուսուցանել, մկրտել և Նրա անունով այլ արարողություններ կատարել: Նրա մահից հետո, նրանք շարունակեցին անել Նրա գործը մինչև մարդիկ այնքան չարացան, որ սպանեցին Առաքյալներին:
Նա մեզ փրկագնեց մեր մեղքերից և փրկեց մահից
-
Այս բաժինը ուսումնասիրելիս ժամանակ տրամադրեք խորհելու Քավության իրադարձությունների մասին:
Այս մահականցու ծառայության ավարտին մոտ Հիսուսը պատրաստվեց կատարել ամենամեծ զոհաբերությունը մարդկության բոլոր մեղքերի համար: Նրան մահվան դատապարտեցին, որովհետև Նա վկայեց մարդկանց, որ Ինքը Աստծո Որդին էր:
Իր Խաչելության նախորդ գիշերը, Հիսուսը գնաց Գեթսեմանի կոչվող այգին: Շուտով Նա մեծ տառապանք կրեց և աղոթելիս արտասվեց: Վերջին Օրերի Առաքյալ Օրսոն Ֆ. Վիթնիին թույլատրվեց տեսիլքով տեսնել Փրկչի տառապանքը: Տեսնելով Փրկչին արտասվելիս, նա ասաց. «Ես այնքան էի հուզվել այդ գիշեր, որ ես նույնպես արտասվում էի՝ անկեղծ կարեկցանքից ելնելով: Սիրտս ամբողջովին Նրա հետ էր. ես սիրեցի Նրան իմ ողջ հոգով, և ես միայն ցանկանում էի Նրա հետ լինել» (“The Divinity of Jesus Christ,” Improvement Era, Jan. 1926, 224–25; տես նաև Ensign, Dec. 2003, 10): Հիսուսը «մի քիչ առաջ գնալով իր երեսի վրա ընկավ, աղոթք էր անում և ասում. Իմ Հայր, եթե կարելի է, թող այս բաժակն իմ անցնի. սակայն ոչ թե ինչպես ես եմ կամենում, այլ ինչպես դու» (Մատթեոս ԻԶ.39):
Մեր օրերի հայտնության մեջ Փրկիչը նկարագրում է, թե որքան մեծ էր Իր տառապանքը, ասելով, որ այն ստիպեց Իրեն «ցավից դողալ և արյունահոսել ամեն մի ծակոտիից և տառապել՝ թե՛ մարմնով, թե՛ ոգով» (ՎևՈւ 19.18): Նա տառապեց «համաձայն մարմնի», իր վրա վերցնելով մեր ցավերը, հիվանդությունները, թուլությունները և մեղքերը (տես Ալմա 7.10–13): Մահկանացու մարդը չի կարող ըմբռնել, թե որքան մեծ էր Նրա բեռը: Մահկանացու մարդը չէր կարող կրել մարմնի և հոգու նման հոգևարք: «Նա վայր իջավ բոլոր բաներից ցած … որ կարողանա ամենի մեջ և ամենուրեք լինել ճշմարտության լույսը» (ՎևՈւ 88.6):
Սակայն Նրա տառապանքը դեռևս չէր ավարտվել: Հաջորդ օրը, Հիսուսին ծեծեցին, անարգեցին, նվաստացրեցին՝ նրա վրա թքելով: Նրան տվեցին, որ Իր խաչը տանի, այնուհետև Նրան գամեցին այդ խաչին: Նրան տանջեցին ամենադաժան ձևով, որ մարդը երբևէ հորինել է: Խաչի վրա տանջվելով, Նա հոգևարքի մեջ աղաղակեց. «Իմ Աստուած, իմ Աստուած, ինչո՞ւ թողիր ինձ» (Մարկոս ԺԵ.34): Հիսուսի համար ամենածանր պահին Հայրը հեռացավ Նրանից, որպեսզի Հիսուսը կարողանար ավարտել ողջ մարդկության մեղքերի համար տառապելը, որպեսզի Հիսուսը իր ավարտին հասցներ մեղքի և մահվան ուժերի դեմ հաղթանակը (տես James E. Talmage, Jesus the Christ, 3rd ed. [1916], 660–61):
Երբ Փրկիչը իմացավ, որ իր զոհաբերությունը ընդունվել էր Հոր կողմից, Նա բարձրաձայն բացականչեց. «Կատարուած է» (Հովհաննես ԺԹ.30): «Հայր, հոգիս քո ձեռն եմ ավանդում» (Ղուկաս ԻԳ.46): Նա խոնարհեց Իր գլուխը և կամովին Իր Հոգին տվեց: Փրկիչը մահացավ: Դաժան երկրաշարժը ցնցեց երկիրը:
Մի քանի ընկերներ Փրկչի մարմինը դրեցին գերեզմանի մեջ, որտեղ այն մնաց մինչև երրորդ օրը: Այդ ընթացքում Նրա հոգին գնաց և միսիոներական աշխատանք կազմակերպեց մյուս հոգիների համար, որոնք Իր ավետարանը ստանալու կարիքն ունեին (տես Ա Պետրոս Գ.18–20; ՎևՈւ 138): Երրորդ օրը, որ կիրակի էր, Նա վերադարձավ Իր մարմնի մեջ: Նա առաջինն էր, որ հաղթեց մահին: Կատարվեց մարգարեությունը, որ «պետք է նա մեռելներից հարություն առնի» (Հովհաննես Ի.9):
Իր Հարությունից շատ չանցած Փրկիչը հայտնվեց Նեփիացիներին և Իր Եկեղեցին հիմնադրեց Ամերիկաներում: Նա ուսուցանեց մարդկանց և օրհնեց նրանց: Այս հուզիչ պատմությունը տրված է 3 Նեփի 11-28-ում:
Նրա Զոհաբերությունը ցույց տվեց Նրա սերը Իր Հոր և մեր հանդեպ
Հիսուսն ուսուցանեց. «Ոչ ով նորանից ավելի մեծ սեր չունի, որ մեկն իր անձը դնե իր բարեկամների համար: Դուք իմ բարեկամներն եք, եթե անեք ինչ որ ես պատվիրում եմ ձեզ» (Հովհաննես ԺԵ.13–14): Նա կամովին և խոնարհաբար անցավ Գեթսեմանի տանջանքների միջով և խաչի վրա տառապեց, որ մենք կարողանանք ստանալ փրկության ծրագրի բոլոր օրհնությունները: Այդ օրհնությունները ստանալու համար, մենք պետք է գանք Նրա մոտ, ապաշխարենք մեր մեղքերից և սիրենք Նրան մեր ողջ սրտով: Նա ասաց.
«Եվ այս է ավետարանը, որ ես տվել եմ ձեզ, որ ես եկա աշխարհ՝ կատարելու իմ Հոր կամքը, որովհետև իմ Հայրն ուղարկեց ինձ:
Եվ իմ Հայրն ուղարկեց ինձ, որպեսզի ես խաչի վրա բարձրացվեմ. իսկ հետո, երբ խաչի վրա էի բարձրացվել, որպեսզի ես կարողանայի բոլոր մարդկանց ձգել դեպի ինձ … որպեսզի նրանք կարողանան դատվել՝ համաձայն իրենց գործերի: …
Քանզի այն գործերը, որոնք դուք տեսաք ինձ անելիս, դրանք պետք է նաև դո՛ւք անեք: …
Հետևաբար, ինչպիսի՞ մարդ եք դուք պարտավոր լինել: Ճշմարիտ եմ ասում ձեզ՝ ճիշտ ինչպես ես եմ» (3 Նեփի 27.13–15, 21, 27; շեշտադրումն ավելացված է):
-
Ի՞նչ զգացումներ եք ունենում, երբ մտածում եք ձեզ համար կատարած Փրկչի զոհաբերության մասին:
Լրացուցիչ սուրբ գրություններ
-
2 Նեփի 25.12 (Հոր Միածինը մարմնում)
-
Մովսես 6.57 (Հիսուս Քրիստոսը կոչվեց Միածին)
-
Մատթեոս, Մարկոս, Ղուկաս, Հովհաննես (Հիսուս Քրիստոսի կյանքն ու ուսմունքները)
-
Մատթեոս Ժ.1–8; Ղուկաս Թ.1–2 (Առաքյալները կարգվեցին զորությամբ և իշխանությամբ)
-
Մատթեոս ԻԶ–ԻԸ; Մարկոս ԺԴ–ԺԶ; Ղուկաս ԻԲ–ԻԴ; Հավհաննես ԺԸ–Ի (Հիսուսը պարտեզում, մատնությունը, խաչումն ու հարությունը)
-
«Կենդանի Քրիստոսը. Առաքյալների վկայությունը», Ensign, Apr. 2000, 2–3