Գլուխ 26
Զոհաբերություն
Զոհաբերության իմաստը
Զոհաբերությունը նշանակում է Տիրոջը տալ մեր ժամանակից, մեր երկրային ունեցվածքից և մեր եռանդից այն, ինչ պահանջվում է Նրա աշխատանքի առաջխաղացման համար: Տերը պատվիրել է. «Նախ խնդրեցէ՛ք Աստծու արքայութիւնը եւ նրա արդարութիւնը» (Մատթեոս Զ.33): Զոհաբերելու մեր պատրաստակամությունը Աստծո հանդեպ մեր նվիրվածության ցուցանիշն է: Մարդիկ միշտ փորձվել և ստուգվել են՝ տեսնելու համար, թե արդյոք նրանք Աստծո գործերը առաջին տեղում կդնեն:
-
Ինչո՞ւ է կարևոր զոհաբերել այնպես, ինչպես Տերն է խնդրում՝ առանց փոխարենը որևէ բան ակնկալելու:
Զոհաբերության օրենքը կիրառվել է հնում
-
Ո՞րն էր հնում Տիրոջ ուխտի ժողովրդի կատարած զոհաբերությունների կարևորությունը:
Ադամի և Եվայի ժամանակից մինչև Հիսուս Քրիստոսը, Տիրոջ ժողովուրդը կիրառում էր զոհաբերության օրենքը: Նրանց պատվիրվել էր որպես զոհեր մատուցել իրենց հոտերի առաջնեկներին: Այդ կենդանիները պետք է լինեին կատարյալ և անբիծ: Տրվել էր մի արարողություն, որպեսզի ժողովրդին հիշեցվեր, որ Հիսուս Քրիստոսը՝ Հոր Անդրանիկը, պիտի գար աշխարհ: Նա բոլոր առումներով կատարյալ պիտի լիներ, և Նա իրեն զոհ պիտի մատուցեր մեր մեղքերի համար: (Տես Մովսես 5.5–8:)
Հիսուսը եկավ և Իրեն զոհ մատուցեց, ճիշտ ինչպես մարդկանց ուսուցանել էին, որ Նա կանի: Նրա զոհաբերության շնորհիվ՝ Հարության միջոցով, բոլորը կփրկվեն ֆիզիկական մահից, և բոլորը կարող են փրկվել իրենց մեղքերից՝ Հիսուս Քրիստոսին հավատալով:
Քրիստոսի քավիչ զոհաբերությունը նշեց արյան հեղմամբ զոհաբերության վերջը: Այդ արտաքին զոհաբերությունը փոխարինվեց հաղորդության արարողությամբ: Հաղորդության արարողությունը տրվել էր, որպեսզի մեզ հիշեցվի Փրկչի մեծ զոհաբերությունը: Մենք պետք է հաճախ ճաշակենք հաղորդությունից: Հացի և ջրի խորհրդանիշները մեզ հիշեցնում են Փրկչի մարմինը և Նրա արյունը, որը Նա թափեց մեզ համար (տես այս գրքի 23-րդ գլուխը):
-
Ինչո՞ւ է Քավությունը համարվում վերջին ու մեծ զոհաբերությունը:
Մենք դեռ պետք է զոհաբերենք:
-
Ինչպե՞ս ենք մենք պահում զոհաբերության օրենքն այսօր:
Չնայած որ արյունահեղությամբ զոհաբերությանը վերջ տրվեց, Տերը դեռևս մեզանից զոհաբերություն է սպասում: Սակայն այժմ նա պահանջում է ուրիշ տեսակի զոհաբերություն: Նա ասել է. «Դուք այլևս ինձ չպետք է մատուցեք արյուն թափելը… ու ձեր ողջակեզները վերջ պիտի տրվեն: … Եվ որպես զոհ դուք պիտի մատուցեք ինձ կոտրված սիրտ և փշրված հոգի» (3 Նեփի 9.19–20): «Կոտրված սիրտ և փշրված հոգի» նշանակում է, որ մենք պետք է խորը զղջում մատուցենք մեր մեղքերի համար, երբ մենք խոնարհեցնում ենք մեզ և ապաշխարում դրանցից:
Մենք պետք է պատրաստակամ լինենք Տիրոջը զոհաբերելու ամեն բան, ինչ ունենք:
-
Ինչո՞ւ են մարդիկ զոհաբերելու պատրաստակամություն ցուցաբերում:
Պողոս Առաքյալը գրել է, որ մենք պետք է դառնանք կենդանի պատարագ՝ Աստծո համար սուրբ և ընդունելի (տես Հռովմայեցիս ԺԲ.1):
Եթե մենք պետք է կենդանի պատարագ լինենք, մենք պետք է պատրաստակամ լինենք տալու ամեն բան, ինչ ունենք Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու համար, որպեսզի կառուցենք Աստծո արքայությունը երկրի վրա և ջանանք առաջ բերել Սիոնը (տես 1 Նեփի 13.37):
Երիտասարդ մի հարուստ իշխան հարցրեց Փրկչին. «Ի՞նչ գործեմ, որ յավիտենական կեանքը ժառանգեմ»: Հիսուսը պատասխանեց. «Պատուիրանները գիտես՝ մի՛ շնացիր, մի՛ սպանիր, մի՛ գողացիր, սուտ մի՛ վկայիր, մեծարի՛ր քո հօրը եւ մօրը»: Եվ հարուստն ասաց. «Այդ բոլորը պահել եմ իմ մանկութիւնից»: Երբ Հիսուսը լսեց այդ, Նա ասաց. «Դեռ մի բան պակաս է քեզ. ինչ որ ունես, վաճառի՛ր եւ տո՛ւր աղքատներին եւ երկնքում գանձեր կունենաս, և եկ հետևիր ինձ»: Երբ երիտասարդը լսեց այս, տրտմեց։ Նա չափազանց հարուստ էր և նրա սիրտն իր հարստությունների վրա էր: (Տես Ղուկաս ԺԸ.18–23, տես նաև այս գլխի նկարը:)
Երիտասարդ իշխանը լավ մարդ էր: Սակայն երբ փորձության հանդիպեց, նա չկամեցավ զոհաբերել իր աշխարհիկ ունեցվածքը: Մյուս կողմից՝ Տիրոջ աշակերտներ Պետրոսը և Անդրեասը պատրաստ էին զոհաբերելու ամեն ինչ հանուն Աստծո արքայության: Երբ Հիսուսը նրանց ասաց. «Հետևեք ինձ… նրանք իսկոյն թողնելով ուռկանները՝ գնացին նրա յետեւից» (Մատթեոս Դ.19–20):
Աշակերտների նման, մենք կարող ենք Տիրոջը զոհաբերել մեր ամենօրյա սովորությունները: Մենք կարող ենք ասել. «Քո՛ կամքը կատարվի»: Աբրահամն արեց այդ: Նա ապրեց երկրի վրա Քրիստոսից առաջ՝ այն օրերում, երբ զոհերն ու ողջակեզները դեռ պահանջվում էին: Որպես Աբրահամի հավատքի փորձություն, Տերը նրան պատվիրեց զոհ մատուցել իր որդուն՝ Իսահակին: Իսահակը Աբրահամի և Սարրայի միակ որդին էր: Նրան որպես զոհ մատուցելը չափազանց մեծ ցավ էր Աբրահամի համար:
Այնուամենայնիվ, նա և Իսահակը երկար ճանապարհ գնացին դեպի Մորիա սարը, որտեղ պետք է զոհ մատուցեին: Նրանք երեք օր ճամփորդեցին: Պատկերացրեք Աբրահամի մտքերը և նրա սրտի ցավը: Նրա որդին զոհ պիտի դառնար Տիրոջ համար: Երբ նրանք հասան Մորիա սարը, Իսահակը տանում էր փայտը, իսկ Աբրահամը տանում էր կրակը և դանակը դեպի այն վայրը, որտեղ նրանք զոհասեղան պիտի կառուցեին: Իսահակն ասաց. «Հա՛յր…, ահա կրակը, եւ ահա փայտը, հապա ո՞ւր է ողջակիզելու ոչխարը»: Աբրահամը պատասխանեց. «Աստուած կը հոգայ իր ողջակիզելու ոչխարի մասին, որդեա՛կ»: Ապա Աբրահամը զոհասեղան շինեց և վրան դրեց փայտը: Նա Իսահակին կապեց և դրեց փայտի վրա: Ապա վերցրեց դանակը, որ սպանի Իսահակին: Այդ պահին Տիրոջ հրեշտակը կանգեցրեց նրան՝ ասելով. «Աբրահա՛մ… ձեռք մի՛ տուր պատանուն, նրան որեւէ վնաս մի՛ պատճառիր. որովհետեւ այժմ համոզուեցի, որ դու երկիւղ ունես Աստծու նկատմամբ եւ ինձ համար չես խնայի քո որդուն»: (Տես Ծննդոց ԻԲ.1–14):
Աբրահամի ուրախությանը պետք է որ չափ չլիներ, երբ այլևս չէր պահանջվում զոհաբերել իր որդուն: Բայց նա այնքան էր սիրում Տիրոջը, որ պատրաստ էր անելու ինչ-որ Տերը կխնդրեր:
-
Զոհաբերության ինչպիսի՞ օրինակի եք դուք ականատես եղել ձեր իմացած մարդկանց կյանքում: Զոհաբերության ի՞նչ օրինակ եք դուք տեսել ձեր նախնիների կյանքում: Ի՞նչ օրինակ գիտեք Եկեղեցու վաղ անդամների կյանից: Ի՞նչ օրինակ գիտեք սուրբ գրություններից: Ի՞նչ եք սովորել այդ օրինակներից:
Զոհաբերությունը մեզ պատրաստում է ապրելու Աստծո ներկայության մեջ
Միայն զոհաբերության միջոցով մենք կարող ենք արժանի դառնալ ապրելու Աստծո ներկայության մեջ: Միայն զոհաբերության միջոցով մենք կարող ենք հավերժական կյանք վայելել: Շատերը, ովքեր ապրել են մեզանից առաջ, զոհաբերել են ամեն բան, ինչ ունեցել են: Մենք պետք է պատրաստ լինենք միևնույնն անելու, եթե կամենում ենք հարուստ վաստակ ունենալ, ինչպես իրենք:
Հնարավոր է, մեզանից չպանաջվի զոհաբերել բոլոր բաները: Բայց Աբրահամի նման, մենք պետք է կամենանք զոհաբերել ամեն ինչ, որ արժանի դառնանք Տիրոջ ներկայության համար:
Տիրոջ ժողովուրդը միշտ զոհաբերող է եղել՝ մեծ և տարբեր ձևերով: Ոմանք ավետարանի համար անցել են դժվարությունների ու ծաղրանքի միջով: Եկեղեցու նորադարձների ընտանիքներից ոմանք երես են թեքել նրանցից: Ոմանցից երես են թեքել հին ընկերները: Որոշ անդամներ կորցրել է աշխատանքը. ոմանք զոհել են իրենց կյանքը: Սակայն Տերը նկատում է մեր զոհաբերությունը. Նա խոստացել է. «Ամէն ոք, որ թողել է տուն կամ եղբայրներ, կամ քոյրեր, կամ հայր, կամ մայր, կամ կին, կամ որդիներ, կամ ագարակներ՝ իմ անուան համար, հարիւրապատիկ պիտի ստանայ եւ յաւիտենական կեանքը պիտի ժառանգի» (Մատթեոս ԺԹ.29):
Երբ ավետարանի մեր վկայություններն աճում են, մենք ունակ են դառնում ավելի մեծ զոհաբերություններ անելու Տիրոջը: Նկատեք այս իրական օրինակներում կատարված զոհաբերությունները.
Գերմանիայում Եկեղեցու անդամներից մեկը տարիներ շարունակ պահել էր իր տասանորդը, մինչև որ հանդիպեց քահանայության իշխանավորի, որը կարող էր վերցնել նրա տասանորդը:
Սփոփող Միության քույրերից մեկը 30 տարի առանց մեկ բացթողման կատարել էր այցելող քույրի իր հանձնարարությունը:
Հարավային Աֆրիկայում Սրբերի մի խումբ երեք օր շարունակ կանգնած ճանապարհ էր գնացել, որ կարողանար լսել և տեսնել մարգարեին:
Մեքսիկայում տարածքի համաժողովի ժամանակ Եկեղեցու անդամները քնել էին գետնի վրա և ծոմ պահել համաժողովի օրերի ընթացքում: Նրանք օգտագործել էին իրենց ողջ գումարը համաժողովին հասնելու համար և ոչինչ չէր մնացել ուտելիքի և ապաստանի համար:
Մի ընտանիք վաճառեց իր մեքենան, որպեսզի ձեռք բերի այն գումարը, որն անհրաժեշտ էր ներդնել տաճարի կառուցման հիմնադրամին:
Մեկ այլ ընտանիք վաճառեց իր տունը, որ գումար ունենար տաճար հաճախելու համար:
Շատ հավատարիմ Վերջին օրերի սրբեր գոյատևելու բավական միջոցներ չունեն, այդուհանդերձ, նրանք վճարում են իրենց տասանորդը և նվիրատվությունները:
Մի եղբայր զոհաբերել էր իր աշխատանքը, որովհետև հրաժարվել էր աշխատել Կիրակի օրը:
Մի ճյուղում երիտասարդները անկաշկանդ և պատրաստակամորեն նվիրում էին իրենց ժամանակը, որպեսզի հոգ տանեին երեխաների համար, որոնց ծնողներն օգնում էին կառուցել ժողովատունը:
Երիտասարդ տղաները և աղջիկները միսիայում ծառայելու նպատակով թողել կամ հետաձգել են իրենց աշխատանքի, կրթության կամ սպորտով զբաղվելու հնարավորությունները:
Բազում մարդկանց շատ օրինակներ կարելի է թվարկել, ովքեր զոհաբերություն են անում Տիրոջ համար: Այնուամենայնիվ, տեղը մեր Երկնային Հոր թագավորությունում արժե ցանկացած զոհաբերություն, որ անում ենք մեր ժամանակից, շնորհներից, եռանդից և կյանքից: Զոհաբերության միջոցով մենք կարող ենք գիտելիք ձեռք բերել, որ մենք ընդունված ենք Տիրոջ կողմից (տես ՎևՈւ 97.8):
-
Ինչ եք կարծում, ինչպե՞ս է զոհաբերելու մեր պատրաստակամությունը կապված Աստծո ներկայության մեջ ապրելու մեր պատրաստվածության հետ:
Լրացուցիչ սուրբ գրություններ
-
Ղուկաս ԺԲ.16–34 (որտեղ ձեր գանձն է, այնտեղ էլ ձեր սիրտն է)
-
Ղուկաս Թ.57–62 (զոհաբերությունը պետք է պատշաճ լինի Աստծո արքայության համար)
-
ՎևՈւ 64.23, 97.12 (այսօր զոհաբերության օր է)
-
ՎևՈւ 98.13–15 (նրանք, ովքեր զոհաբերում են իրենց կյանքը Տիրոջ համար, կգտնեն այն)
-
Ալմա 24 (Ամմոնի ժողովուրդը նախընտրեց զոհաբերել իր կյանքը, քան խախտել իր երդումը Տիրոջ հետ)