Գլուխ 17
Հիսուս Քրիստոսի Եկեղեցին այսօր
Հիսուս Քրիստոսի Եկեղեցին վերցվեց երկրի վրայից
-
Ինչո՞ւ Փրկչի մահից ու Հարությունից շատ չանցած Հիսուս Քրիստոսի Եկեղեցին վերցվեց երկրի վրայից:
Երբ Հիսուսն ապրում էր երկրի վրա, Նա հաստատեց Իր Եկեղեցին՝ միակ ճշմարիտ Եկեղեցին: Նա կազմակերպեց Իր Եկեղեցին, որպեսզի ավետարանի ճշմարտություններն ուսուցանվեն բոլոր մարդկանց և ավետարանի արարողությունները ճիշտ իշխանությամբ սպասավորվեն: Այս կազմակերպության միջոցով Քրիստոսը կարողացավ փրկության օրհնությունները բերել մարդկությանը:
Փրկչի երկինք համբարձվելուց հետո, մարդիկ փոխեցին արարողություններն ու վարդապետությունները, որ Նա և Իր Առաքյալներն էին հաստատել: Ուրացության պատճառով, ուղղակի հայտնություն չէր գալիս Աստծուց: Ճշմարիտ Եկեղեցին այլևս երկրի վրա չէր: Մարդիկ տարբեր եկեղեցիներ կազմակերպեցին, որոնք պնդում էին, թե ճշմարիտ են, սակայն հակասող վարդապետություններ էին ուսուցանում: Կրոնի առումով համատարած քաոս էր և վիճաբանություններ էին տեղի ունենում: Տերը կանխատեսել էր ուրացության այս իրավիճակը, ասելով, որ կլինի «սով երկրի վրա, ոչ թե հացի սով և ոչ ջրի ծարավ, այլ Տիրոջ խոսքը լսելու: … Նրանք պիտի ման գան Տիրոջ խոսքը …, և պիտի չգտնեն» (Ամովս Ը.11–12):
-
Ինչպե՞ս է Ամովս Ը.11–12-ում ներկայացված սովը ազդում մարդկանց վրա:
Տերը խոստացավ վերականգնել Իր ճշմարիտ Եկեղեցին
-
Նշեք աշխարհում ի՞նչ պայմաններ կային, որոնք ուղի պատրաստեցին ավետարանի Վերականգնման համար:
Փրկիչը խոստացավ վերջին օրերին վերականգնել Իր Եկեղեցին: Նա ասաց. «Ես այսուհետև զարմանալի բաներ եմ անելու այս ժողովրդի հետ՝ զարմանալիք և զարմանք» (Եսայիա ԻԹ.14):
Երկար տարիներ մարդիկ հոգևոր խավարի մեջ էին ապրում: Քրիստոսից 1700 տարի հետո մարդիկ ավելի ու ավելի էին հետաքրքրություն ցուցաբերում Աստծո և կրոնի վերաբերյալ ճշմարտությունը իմանալու համար: Նրանցից ոմանք հասկանում էին, որ Հիսուսի ուսուցանած ավետարանը այլևս երկրի վրա չէ: Ոմանք գիտակցում էին, որ հայտնություն չի գալիս և ճշմարիտ իշխանություն չկա, և Քրիստոսի կազմակերպած Եկեղեցին այլևս երկրի վրա չէ: Հիսուս Քրիստոսի Եկեղեցին երկրի վրա վերականգնելու ժամանակը եկել էր:
-
Ինչպե՞ս է ավետարանի լրիվության Վերականգնումը «զարմանալի գործ»:
Նոր Հայտնություն Աստծուց
-
Երբ Ջոզեֆ Սմիթը ստացավ իր Առաջին Տեսիլքը, ի՞նչ սովորեց Աստծո մասին:
1820թ. գարնանը աշխարհի պատմության մեջ տեղի ունեցավ ամենանշանակալից իրադարձություններից մեկը: Ժամանակը եկել էր զարմանալի աշխատանքի և զարմանալիքի, որի մասին Տերը խոսել էր: Ջոզեֆ Սմիթը լինելով պատանի, ցանկանում էր իմանալ, թե բոլոր եկեղեցիներից որն էր Հիսուս Քրիստոսի ճշմարիտ Եկեղեցին: Նա գնաց մոտակա անտառը և խոնարհ ու վճռական աղոթեց իր Երկնային Հորը՝ խնդրելով ցույց տալ, թե որ եկեղեցուն պետք է միանա: Այդ առավոտ զարմանալի բան տեղի ունեցավ: Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը հայտնվեցին Ջոզեֆ Սմիթին: Փրկիչն ասաց նրան, որ չմիանա ոչ մի եկեղեցու, քանի որ ճշմարիտ Եկեղեցին երկրի վրա չէր: Նա նաև ասաց, որ գոյություն ունեցող եկեղեցիների դրույթները «գարշելի էին իր աչքում» (Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.19; տես նաև հատվածներ 7–18, 20): Այդ դեպքից հետո, կրկին ուղղակի հայտնություն եղավ երկնքից: Տերը նոր մարգարե էր ընտրել: Այդ պահից ի վեր երկինքը չի փակվել: Հայտնությունը շարունակվում է մինչ այսօր Իր ընտրյալ մարգարեների միջոցով: Ջոզեֆը պետք է օգներ վերականգնել Հիսուս Քրիստոսի ճշմարիտ ավետարանը:
-
Ինչո՞ւ էր Առաջին Տեսիլքը աշխարհի պատմության ամենակարևոր իրադարձություններից մեկը:
Աստվածային իշխանությունը վերականգնվեց
-
Ինչո՞ւ էր անհրաժեշտ Ահարոնյան և Մելքիսեդեկյան Քահանայությունների վերականգնումը:
Ավետարանը վերականգնելիս Աստված կրկին քահանայությունը տվեց մարդկանց: 1829թ. Հովհաննես Մկրտիչը եկավ, որպեսզի շնորհի Ահարոնյան Քահանայությունը Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին (տես ՎևՈւ 13; 27.8): Պետրոսը, Հակոբոսը և Հովհաննեսը, որոնք հնում Եկեղեցու նախագահությունն էին, եկան և Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին շնորհեցին Մելքիսեդեկյան Քահանայությունը և Աստծո արքայության բանալիները (տես ՎևՈւ 27.12–13): Հետագայում, քահանայության հավելյալ բանալիներ վերականգնվեցին երկնային սուրհանդակների միջոցով, որոնք էին՝ Մովսեսը, Եղիասը և Եղիան (տես ՎևՈւ 110.11–16): Վերականգնումով քահանայությունը վերադարձվեց երկիր: Նրանք, ովքեր այսօր կրում են այս քահանայությունը, իշխանություն ունեն կատարելու, օրինակ մկրտության արարողությունը: Նրանք նաև իշխանություն ունեն ղեկավարելու Տիրոջ արքայությունը երկրի վրա:
Քրիստոսի Եկեղեցին կրկին կազմակերպվեց
-
Այդ իրադարձությունների արդյունքում Եկեղեցին կրկին կազմակերպվեց երկրի վրա:
1830թ. ապրիլի 6-ին Փրկիչը կրկին ղեկավարեց երկրի վրա Իր Եկեղեցու կազմակերպումը (տես ՎևՈւ 20.1): Նր ա Եկեղեցին կոչվում է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցի (տես ՎևՈւ 115.4): Քրիստոսը Իր Եկեղեցու գլուխն է, ճիշտ ինչպես հին ժամանակներում էր: Տերն ասել է, որ սա «միակ ճշմարիտ և կենդանի եկեղեցին է ողջ երկրի երեսի վրա, որը, ես՝ Տերս, հավանում եմ» (ՎևՈւ 1.30):
Ջոզեֆ Սմիթը հաստատվեց որպես Եկեղեցու մարգարե և «առաջին երեց» (տես ՎևՈւ 20.2–4): Ավելի ուշ Առաջին Նախագահությունը կազմակերպվեց, և նա հաստատվեց որպես Նախագահ: Երբ Եկեղեցին առաջին անգամ կազմակերպվեց, միայն հիմնական կմախքը հիմնվեց: Եկեղեցու աճին համընթաց կազմակերպությունը պետք է զարգանար:
Եկեղեցին կազմակերպվեց միևնույն պաշտոններով, որոնք կային հին Եկեղեցում: Այդ կազմակերպության կազմում էին առաքյալները, մարգարեները, յոթանասունականները, ավետարանիչները (հայրապետերը), հովիվները (նախագահող պաշտոնյաները), քահանայապետերը, երեցները, եպիսկոպոսները, քահանաները, ուսուցիչները և սարկավագները: Այդ նույն պաշտոնները կան Նրա Եկեղեցում այսօր (տես Հավատո Հանգանակ 1.6):
Մարգարեն, որը գործում է Տիրոջ ղեկավարության ներքո, ղեկավարում է Եկեղեցին: Այս մարգարեն նաև Եկեղեցու Նախագահն է: Նա կրում է ողջ իշխանությունը, որն անհրաժեշտ է Տիրոջ աշխատանքը երկրի վրա ղեկավարելու համար (տես ՎևՈւ 107.65, 91): Երկու խորհրդականները աջակցում են Նախագահին: Տասներկու Առաքյալները, որոնք Հիսուս Քրիստոսի անվան հատուկ վկաներն են, ուսուցանում են ավետարանը և Եկեղեցու աշխատանքը համակարգում աշխարհի բոլոր մասերում: Եկեղեցու մյուս գերագույն պաշտոնյաները հատուկ հանձնարարություններով, որոնք են՝ Նախագահող Եպիսկոպոսությունը և Յոթանասունի Քվորումները, ծառայում են Առաջին Նախագահության և Տասներկուսի ղեկավարության ներքո:
Քահանայության պաշտոններն են՝ առաքյալները, յոթանասունականները, հայրապետերը, քահանայապետերը, եպիսկոպոսները, երեցները, քահանաները, ուսուցիչները և սարկավագները: Սրանք այն նույն պաշտոններն են, որ գոյություն են ունեցել առաջին Եկեղեցում:
Եկեղեցին աճել է և այժմ ավելի մեծ է, քան Հիսուսի օրերում էր: Նրա աճի հետ մեկտեղ Տերը Եկեղեցու կազմակերպության հավելյալ միավորներ է հայտնել: Երբ Եկեղեցին լիովին կազմակերպվում է մեկ տարածքում, այն ունի տեղական բաժանմունքներ, որոնք կոչվում են ցցեր: Յուրաքանչյուր ցցում նախագահում են ցցի նախագահը և նրա երկու խորհրդականները: Ցիցն ունի 12 բարձրագույն խորհրդականներ, որոնք օգնում են կատարել Տիրոջ աշխատանքը տվյալ ցցում: Ցցում Մելքիսեդեկյան Քահանայության քվորումները կազմակերպվում են ցցի նախագահի ղեկավարության ներքո (տես այս գրքի գլուխ 14): Յուրաքանչյուր ցից բաժանված է փոքր տարածքների, որոնք կոչվում են ծխեր: Յուրաքանչյուր ծխում նախագահում են եպիսկոպոսն ու երկու խորհրդականները:
Աշխարհի այն տարածքներում, որտեղ Եկեղեցին իր զարգացման ընթացքում է, կան շրջաններ, որոնք նման են ցցերի: Շրջանները բաժանված են ճյուղեր կոչվող փոքր միավորների, որոնք նման են ծխերի:
Կարևորագույն ճշմարտություններ վերականգնվեցին
-
Եկեղեցու Վերականգնման հետ միասին ի՞նչ կարևոր ճշմարտություններ են վերադարձել:
Այսօր Եկեղեցին ուսուցանում է նույն սկզբունքները և կատարում է նույն արարողությունները, որոնք կատարվել են Հիսուսի օրերին: Ավետարանի առաջնային սկզբունքները և արարողություններն են՝ հավատք առ Տեր Հիսուս Քրիստոս, ապաշխարություն, ընկղմամբ մկրտություն, և ձեռնադրում Սուրբ Հոգու պարգևի համար (տես Հավատո Հանգանակ 1.4): Երբ Եկեղեցին վերականգնվեց, այս թանկագին ճշմարտությունները ամբողջությամբ վերադարձան:
Աստծո պարգևի և զորության միջոցով, Ջոզեֆ Սմիթը թարգմանեց Մորմոնի Գիրքը, որը պարունակում է ավետարանի պարզ ու թանկ ճշմարտությունները: Շատ այլ հայտնություններ հետևեցին և գրանցվեցին որպես Վարդապետություն և Ուխտեր և Թանկագին Մարգարիտ (տես այս գրքի գլուխ 10):
Այլ կարևոր ճշմարտությունները, որ Տերը վերականգնեց, ներառում են հետևյալը.
-
Մեր Երկնային Հայրը իրական էակ է՝ շոշափելի, մսից և ոսկորից կատարյալ մարմնով, և Հիսուս Քրիստոսը՝ նույնպես: Սուրբ Հոգին հոգեղեն անձնավորություն է:
-
Մենք գոյություն ենք ունեցել նախամահկանացու կյանքում որպես Աստծո հոգևոր զավակներ:
-
Քահանայությունն անհրաժեշտ է ավետարանի արարողությունները սպասավորելու համար:
-
Մենք կպատժվենք մեր անձնական մեղքերի և ոչ թե Ադամի գործած զանցանքի համար:
-
Երեխաները չպետք է մկրտվեն մինչև պատասխանատվության տարիքը (ութ տարեկանը):
-
Երկնքում կան փառքի երեք թագավորություններ, և Տեր Հիսուս Քրիստոսի շնորհով, մարդիկ կհատուցվեն ըստ երկրի վրա կատարած իրենց գործերի և իրենց սրտերի ցանկությունների:
-
Ընտանեկան հարաբերությունները կարող են լինել հավերժական՝ քահանայության կնքող զորության շնորհիվ:
-
Արարողություններն ու ուխտերը անհրաժեշտ են փրկության համար և մատչելի են և ապրողների, և մահացածների համար:
-
Ինչպե՞ս են այդ ճշմարտություններն ազդել ձեր և մյուսների վրա:
Հիսուս Քրիստոսի Եկեղեցին երբեք չի կործանվի
-
Ո՞րն է Եկեղեցու առաքելությունը:
1830թ. վերականգնումից ի վեր Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամությունն աննախադեպ աճել է: Անդամներ կան աշխարհի գրեթե բոլոր երկրներում: Եկեղեցին կշարունակի աճել: Քրիստոսն ասել է. «Արքայության այս Ավետարանը պիտի քարոզվի ողջ աշխարհում, որպես վկայություն բոլոր ազգերի համար» (Ջոզեֆ Սմիթ—Մատթեոս 1.31): Եկեղեցին այլևս չի վերցվի երկրի վրայից: Նրա առաքելությունն է ճշմարտությունը հասցնել յուրաքանչյուր անձնավորության: Հազարավոր տարիներ առաջ, Տերն ասել է, որ «մեկ թագավորություն է վերկացնելու, որ հավիտեանս չի ավերուիլ, և նորա տերությունը ուրիշ ազգի չի տրուիլ … և նա կմնա հավիտեանս» (Դանիել Բ.44):
-
Ինչպե՞ս եք դուք օգնել Աստծո արքայության աշխատանքին: Ի՞նչ կարող եք անել այդ աշխատանքը շարունակելու համար:
Լրացուցիչ սուրբ գրություններ
-
Գործք Գ.19–21; Հայտնություն ԺԴ.6; Դանիել Բ.44–45; Եսայիա Բ.2–4; 2 Նեփի 3.6–15 (Վերականգնում է կանխագուշակվում)
-
ՎևՈւ 110; 128.19–21; 133.36–39, 57–58 (Ավետարանի վերականգնումը)
-
Եփեսացիս Բ.20 (Հիսուս Քրիստոսը Եկեղեցու անկյունաքարը)
-
ՎևՈւ 20.38–67 (Եկեղեցու պաշտոնյաների պարտականությունները)
-
Մատթեոս ԻԴ.14 (ավետարանը պետք է քարոզվի բոլոր ազգերին)