Գրքեր և դասեր
Գլուխ 27. Աշխատանք և անձնական պատասխանատվություն


Գլուխ 27

Աշխատանք և անձնական պատասխանատվություն

A man working indoors on a lathe.

Աշխատանքը հավերժական սկզբունք է

  • Ինչպիսի՞ փորձառություններ եք դուք ունեցել, որոնք ձեզ ցույց են տվել աշխատանքի կարևորությունը:

Մեր Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսն իրենց օրինակով և ուսուցմամբ մեզ ցույց են տվել, որ աշխատանքը կարևոր է երկնքում և երկրի վրա: Աստված աշխատեց, որպեսզի ստեղծի երկինքներն ու երկիրը: Նա այնպես արեց, որ ծովերը մեկտեղ ժողովվեն և ցամաքը հայտնվի: Նա այնպես արեց, որ կանաչ խոտը, խոտաբույսերը և ծառերը աճեն հողի վրա: Նա ստեղծեց արևը, լուսինը և աստղերը: Նա ստեղծեց ամեն կենդանի բան ծովում և ցամաքում: Ապա նա Ադամին և Եվային դրեց երկրի վրա, որ հոգ տանեն և իշխանություն ունենան բոլոր կենդանիների վրա: (Տես Ծննդոց Ա.1–28:)

Հիսուսն ասել է. «Իմ Հայրը մինչեւ այժմ գործում է, ուրեմն ես եւս գործում եմ» (Հովհաննես Ե.17): Նա ասել է նաև. «Ես պէտք է կատարեմ գործերը նրա, ով ինձ ուղարկեց» (Հովհաննես Թ.4):

Մեզ պատվիրված է աշխատել

Եդեմի պարտեզից Ադամի և Եվայի դուրս գալու ժամանակներից աշխատանքը եղել է ապրելու միջոց: Տերն ասել է Ադամին. «Քո երեսի քրտինքով պիտի ուտես հացդ» (Ծննդոց Գ.19): Ադամը և Եվան մշակում էին հողը, որպեսզի հոգային իրենց և իրենց երեխաների կարիքները (տես Մովսես 5.1):

Տերն ասել է Իսրայելի ժողովրդին. «Վեց օր պիտի աշխատես» (Ելից Ի.9):

Վերականգնված Եկեղեցու վաղ օրերին Տերն ասել է Վերջին օրերի սրբերին. «Արդ, ես՝ Տերս, չեմ հավանում Սիոնի բնակիչներին, քանի որ նրանց մեջ կան ծույլեր» (ՎևՈւ 68.31):

Աստծո մարգարեն ասել է. «Աշխատանքը պետք է գահադրվի որպես Եկեղեցու անդամների կյանքի ղեկավարող սկզբունք» (Հեբեր Ջ. Գրանտ, Teachings of Presidents of the Church: Heber J. Grant [2002], 115):

Ընտանեկան պատասխանատվություն

  • Որո՞նք են տունը պահպանելու պարտականություններից մի քանիսը, որ ունեն հայրերը, մայրերը և երեխաները: Ի՞նչ կարող են անել ընտանիքի անդամները, որպեսզի կիսեն աշխատանքի պարտականությունը:

Ծնողներն աշխատում են միասին, որպեսզի ապահովեն իրենց ընտանիքի ֆիզիկական և հուզական բարեկեցությունը: Նրանք երբեք չպետք է սպասեն, որպեսզի ինչ-որ մեկն իրենց փոխարեն կատարի այդ պարտականությունը: Պողոս Առայալը գրել է. «Իսկ եթէ մէկը իւրայիններին եւ մանաւանդ ընտանիքին խնամք չի տանում, հաւատն ուրացել է» (1 Տիմոթեոս Ե.8):

Ամուսինները պետք է Տիրոջից ոգեշնչում փնտրեն և հետևեն մարգարեների խորհրդին, երբ հաստատում են անհատական պարտականություններ: Տուն ստեղծելը, որտեղ ամեն օր ուսուցանվում են ավետարանի սկզբունքները և որտեղ տիրում է սիրո ու կարգապահության մթնոլորտ, նույնքան կարևոր է, որքան ուտելիքի և հագուստի հիմնական անհրաժեշտ կարիքները բավարարելը:

Անհրաժեշտ է, որ երեխաներն ընտանիքի գործերի իրենց մասն անեն: Անհրաժեշտ է, որ երեխաներն աշխատանքի այնպիսի հանձնարարություններ ունենան, որոնք համապատասխանում են նրանց կարողություններին: Նրանց անհրաժեշտ է գովաբանել իրենց հաջողությունների համար: Աշխատանքի նկատմամբ լավ վերաբերմունքը, սովորություններն ու հմտությունները ձեռք են բերվում տանը ունեցած փորձառությունից:

Երբեմն մարդիկ դժվարություններ են ունենում, երբ փորձում են բավարարել իրենց ընտանիքի կարիքները: Քրոնիկական հիվանդությունները, ամուսնու կորուստը կամ ծնողի խնամքի ավելացումը կարող են մեծացնել տնային պարտականությունների հոգսը: Մեր Երկնային Հայրը հիշում է ընտանիքներին այդ իրավիճակներում և նրանց ուժ է տալիս կատարելու իրենց պարտականությունները: Նա միշտ կօրհնի նրանց, եթե նրանք հավատքով խնդրեն Նրան:

Մենք կարող ենք վայելել մեր աշխատանքը

  • Ինչպե՞ս է մեր վերաբերմունքն ազդում մեր աշխատանքի վրա:

Որոշ մարդիկ աշխատանքը բեռ են համարում: Մյուսների համար դա կյանքի ոգևորիչ մասն է: Կյանքի լիարժեք արտոնությունները վայելելու ձևերից մեկը սովորելն է՝ սիրել աշխատանքը:

Մեզանից ոչ բոլորն են ի վիճակի ընտրել այնպիսի աշխատանք, ինչպիսին ցանկանում են: Մեզանից ոմանք երկար ժամեր աշխատում են միայն գոյության չնչին միջոցների համար: Դժվար է հաճույք ստանալ նման աշխատանքից: Այնուամենայնիվ, ամենաերջանիկ մարդիկ սովորել են հաճույք ստանալ իրենց աշխատանքից, ինչպիսին էլ որ այն լինի:

Մենք կարող ենք մեկմեկու օգնել մեր աշխատանքի մեջ: Ամենածանր բեռն ավելի թեթև է դառնում, երբ ինչ-որ մեկը կիսում է այն:

Աշխատանքի հանդեպ մեր վերաբերմունքը շատ կարևոր է: Հետևյալ պատմությունը ցույց է տալիս, թե մի մարդ ինչ էր տեսնում իր առօրյա աշխատանքի ետևում: Մի ճամփորդ անցնում էր քարհանքի մոտով և տեսավ երեք մարդու աշխատելիս: Նա յուրաքանչյուր մարդուց հարցրեց, թե ինչ է նա անում: Յուրաքանչյուրի պատասխանը տարբեր վերաբերմունք էր ցույց տալիս միևնույն աշխատանքի վերաբերյալ: «Ես քար եմ կտրում», - ասաց առաջին մարդը: Երկրորդը պատասխանեց. «Ես երեք տասանոց եմ վաստակում ամեն օր»: Երրորդ մարդը ժպտաց և ասաց. «Ես օգնում եմ Աստծո տունը կառուցել»:

Ցանկացած ազնիվ աշխատանքով մենք կարող ենք ծառայել Աստծուն: Բենիամին թագավորը՝ Նեփիացի մարգարեն, ասել է. «Երբ դուք ձեր մերձավորների ծառայության մեջ եք, դուք սոսկ ձեր Աստծո ծառայության մեջ եք» (Մոսիա 2.17): Եթե մեր աշխատանքը բավարարում է միայն մեզ և մեր ընտանիքներին, մենք դեռևս օգնում ենք Աստծո զավակներից մի քանիսին:

  • Ինչպե՞ս կարող ենք մենք բարելավել մեր վերաբերմունքը աշխատանքի նկատմամբ:

Աստված դատապարտում է ծուլությունը

Տերը գոհ չէ նրանցով, ովքեր ծույլ են կամ պորտաբույծ: Նա ասել է. «Ծույլը տեղ չի ունենա եկեղեցում, եթե չապաշխարի և չուղղի իր ճանապարհները» (ՎևՈւ 75.29): Նա նաև պատվիրել է. «Ծույլ մի եղիր. քանզի նա, ով ծույլ է, չպետք է ուտի աշխատողի հացը, ոչ էլ հագնի նրա հանդերձները» (ՎևՈւ 42.42):

Եկեղեցու վաղ օրերից մարգարեներն ուսուցանել են Վերջին օրերի սրբերին անկախ և ինքնապահով լինել և խուսափել ծուլությունից: Ճշմարիտ Վերջին օրերի սրբերը իրենց ապահովելու բեռը կամավոր չեն դնի ուրիշների վրա: Որքան որ ի զորու են, նրանք իրենց և իրենց ընտանիքները կապահովեն կյանքի անհրաժեշտ միջոցներով:

Որքան որ ի զորու են, բոլոր Եկեղեցու անդամները պետք է պատասխանատվություն ստանձնեն հոգալու իրենց հարազատների համար, ովքեր ի զորու չեն հոգալու իրենց մասին:

  • Ի՞նչ ազդեցություն է թողնում ծուլությունը անհատի վրա, ընտանիքի վրա, հասարակության վրա:

Աշխատանք, զվարճանք և հանգիստ

  • Ինչո՞ւ է կարևոր հավասարակշռություն պահպանել աշխատանքի, զվարճանքի և հանգստի միջև:

Յուրաքանչյուրս պետք է պատշաճ հավասարակշռություն պահպանենք աշխատանքի, զվարճանքի և հանգստի մեջ: Կա մի հին ասացվածք. «Ոչինչ չանելը բոլոր աշխատանքներից ամենադժվարն է, որովհետև մարդ չի կարողանում դադար տալ հանգստանալուց»: Առանց աշխատանքի հանգիստն ու ուժերի վերականգնումն անիմաստ են:

Հանգիստը ոչ միայն հաճելի է և անհրաժեշտ, այլ մեզ պատվիրված է հանգստանալ Հանգստության օրը (տես Ելից Ի.10, ՎևՈւ 59.9–12): Վեց օրվա աշխատանքից հետո հանգստի այս օրը թարմություն է բերում հետևող օրերի համար: Տերը նաև խոստանում է «երկրի լիությունը» նրանց, ովքեր պահում են Հանգստության օրը (տես ՎևՈւ 59.16–20; տես նաև այս գրքի 24-րդ գլուխը):

Շաբաթվա մյուս օրերին, ի լրումն աշխատանքի, մենք կարող ենք ժամանակ անցկացնել մեր շնորհները զարգացնելու, մեր նախասիրությունները վայելելու կամ մեզ թարմացնող այլ միջոցառումների վրա:

  • Ի՞նչ կարող ենք մենք անել, որպեսզի լավ հավասարակշռություն պահպանենք աշխատանքի, զվարճանքի և հանգստի միջև: Ինչպե՞ս կարող են ծնողներն օգնել իրենց երեխաներին պահպանել այդ հավասարակշռությունը:

Աշխատանքի օրհնությունը

  • Որո՞նք են այն օրհնություններից մի քանիսը, որոնք գալիս են ազնիվ աշխատանքից:

Աստված հայտնել է Ադամին. «Քո երեսի քրտինքով պիտի ուտես հացդ» (Ծննդոց Գ.19): Բացի ֆիզիկական օրենքից, սա նաև Ադամի հոգին փրկելու օրենք էր: Հոգևոր, մտավոր և ֆիզիկական աշխատանքի մեջ իրական բաժանում չկա: Աշխատանքն անհրաժեշտ է մեզանից յուրաքանչյուրի համար, որպեսզի աճենք, զարգացնենք բնավորությունը և բավարարվածություն զգանք, որը ծույլը չի վայելում:

Նախագահ Դեյվիդ Օ. Մակքեյն ասել է. «Եկեք գիտակցենք, որ աշխատելու արտոնությունը պարգև է, աշխատելու զորությունն օրհնություն է, աշխատելու սերը՝ հաջողություն (Pathways to Happiness [1957], 381):

«Մարդիկ կան, որպեսզի ունենան ուրախություն» (2 Նեփի 2.25): Աշխատանքը լիարժեք ուրախության բանալի է Աստծո ծրագրում: Եթե արդար լինենք, մենք կվերադառնանք ապրելու մեր Երկնային Հոր հետ, և մենք աշխատանք կունենանք անելու: Երբ մենք դառնանք նրա նման, մեր աշխատանքը կդառնա Նրա աշխատանքի նման: Նրա աշխատանքն է «իրականացնել մարդու անմահությունն ու հավերժական կյանքը» (Մովսես 1.39):

Լրացուցիչ սուրբ գրություններ