Գրքեր և դասեր
Գլուխ 31. Ազնվություն


Գլուխ 31

Ազնվություն

Two men shaking hands

Ազնվությունը փրկության սկզբունք է

  • Ինչպիսի՞ն կլիներ հասարակությունը, եթե բոլորը կատարյալ ազնիվ լինեին:

Հավատո 13-րդ հանգանակն ասում է. «Մենք հավատում ենք ազնիվ լինելուն»: Մորմոնի Գիրքը պատմում է մեզ մարդկանց մի խմբի մասին, ովքեր «տարբերվում էին իրենց ջերմեռանդությամբ առ Աստված և նաև՝ հանդեպ մարդկանց. քանզի նրանք կատարելապես ազնիվ և ուղղամիտ էին բոլոր բաներում. և նրանք հաստատուն էին Քրիստոսի հավատքում, նույնիսկ՝ մինչև վերջ» (Ալմա 27.27): Իրենց ազնվության շնորհիվ, այդ մարդիկ ուշադրության արժանացան իրենց ընկերների և Աստծո կողմից: Կարևոր է սովորել, թե ինչ է ազնվությունը, ինչպես ենք գայթակղվում լինել անազնիվ, և ինչպես կարող ենք հաղթահարել այդ գայթակղությունը:

Լիարժեք ազնվությունը կարևոր է մեր փրկության համար: Նախագահ Բրիգամ Յանգն ասել է. «Եթե մենք ընդունենք փրկությունը այնպես, ինչպես այն տրվել է մեզ, մենք պետք է ազնիվ լինենք մեր յուրաքանչյուր մտքով, մեր մտորումներում, մեր մտքի խորհուրդներում, մեր անձնական շրջապատում, մեր գործարքներում, մեր հայտարարություններում և մեր կյանքի ամեն գործում» (Teachings of Presidents of the Church: Brigham Young [1997], 293):

Աստված ազնիվ է և արդար ամեն ինչում (տես Ալմա 7.20): Մենք նույնպես պետք է ազնիվ լինենք ամեն ինչում, որպեսզի Նրան նմանվենք: Հարեդի եղբայրը վկայել է. «Այո՛, Տե՛ր, ես գիտեմ, որ դու … ճշմարտության Աստված ես և չես կարող ստել» (Եթեր 3.12): Ի տարբերություն, դևը ստախոս է: Իրականում, նա ստերի հայրն է (տես 2 Նեփի 9.9): «Նրանք, ովքեր ընտրում են խաբել և ստել, խորամանկել և խեղաթյուրել, դառնում են նրա գերիները» (Mark E. Petersen, in Conference Report, Oct. 1971, 65; or Ensign, Dec. 1971, 73):

Ազնիվ մարդիկ սիրում են ճշմարտությունն ու արդարությունը: Նրանք ազնիվ են իրենց խոսքում և գործում: Նրանք չեն ստում, չեն գողանում , չեն խաբում:

Ստելը անազնվություն է

Ստելը մյուսներին միտումնավոր խաբելն է: Սուտ վկայությունը՝ ստելու մի տեսակ է: Իսրայելի զավակներին Տերը այս պատվիրանն է տվել. «Քո դրացու դեմ սուտ վկայություն մի անիր» (Ելից Ի.16): Հիսուսը նաև ուսուցանել է սա, երբ նա երկրի վրա էր (տես Մատթեոս ԺԹ.18): Կան ստելու շատ այլ դրսևորումներ: Երբ ճշմարտությունը չենք ասում, մենք դառնում ենք մեղավոր ստելու մեջ: Մենք կարող ենք նաև միտումնավոր խաբել մյուսներին ձեռքի շարժումով կամ հայացքով, լռությամբ, կամ ճշմարտության մի մասը ասելով: Երբ մենք մարդկանց շեղում ենք, որ հավատան ինչ-որ բանի, որը ճիշտ չէ, մենք ազնիվ չենք գործում:

Տերը դժգոհ է այսպիսի անազնվությունից, և մենք պատասխան ենք տալու մեր ստերի համար: Սատանան մեզ ստիպում է հավատալ, որ ստելը նորմալ բան է: Նա ասում է. «Այո՛, ստե՛ք մի քիչ … սրանում ոչ մի վնաս չկա» (2 Նեփի 28.8): Սատանան խրախուսում է մեզ, որ արդարացնենք մեր ստերը: Ազնիվ մարդիկ գիտակցելով սատանայի գայթակղությունները, ողջ ճշմարտությունն են ասում, նույնիսկ, եթե այն իրենց օգտին չէ:

Գողանալը անազնվություն է

Հիսուսն ուսուցանել է. «Մի գողանար» (Մատթեոս ԺԹ.18): Գողանալը վերցնելն է մի բան, որը մեզ չի պատկանում: Մենք գողանում ենք, եթե առանց թույլտվության վերցնում ենք այն, ինչը պատկանում է ինչ-որ մեկին, խանութին կամ համայնքին: Գողանալ է գործատուից ապրանք վերցնելը: Առանց իրավունքի թույլտվության երաժշտություն, կինոնկար, նկար կամ ինչ-որ մեկի կողմից գրված տեքստը կրկնօրինակելը անազնվություն է և գողության տեսակ: Անազնվություն է ավել դրամի մանր կամ ապրանք վերցնելը: Ցանկացած հարցում մեզ հասանելիք բաժնից ավելին վերցնելը գողություն է:

Խաբելը անազնվություն է

Մենք խաբում ենք, երբ տալիս ենք ավելի քիչ, քան պետք է, կամ երբ վերցնում ենք մի բան, որին արժանի չենք: Որոշ աշխատողներ խաբում են իրենց գործատուներին իրենց հասանելիք լրիվ դրույքը չաշխատելով, չնայած որ ստանում են լրիվ աշխատավարձը: Որոշ գործատուներ արդարացի չեն վերաբերվում իրենց աշխատողներին. նրանք վճարում են ավելի քիչ, քան պետք է վճարեին: Սատանան ասում է. «Օգո՛ւտ քաղեք մեկից իր խոսքերի պատճառով, փո՛ս փորեք ձեր հարևանի համար» (2 Նեփի 28.8): Անազնվության դրսևորում է անարդար ձևով առիթից օգտվելը: Ցածրորակ ծառայություն կամ ապրանք մատուցելը խաբել է:

Մենք չպետք է արդարացնենք մեր անազնվությունը

  • Հոգևոր առումով ի՞նչ է տեղի ունենում մեզ հետ, երբ մենք արդարանցում ենք մեր անազնվությունը:

Մարդիկ իրենց անազնվության համար տարբեր արդարացումներ են գտնում: Մարդիկ ստում են, որպեսզի պաշտպանվեն և մյուսների մոտ իրենց մասին լավ կարծիք ստեղծեն: Ոմանք իրենք իրենց արդարացնում են գողանալու համար, մտածելով, որ իրենք արժանի են այդ գողունին, մտադրվելով վերադարձնել այն, մտածում են, որ իրենք դրա կարիքն ավելի շատ ունեն, քան տվյալ ապրանքի տերը: Ոմանք խաբեության են դիմում դպրոցում ավելի լավ գնահատական ստանալու համար, կամ մտածում են՝ «բոլորն էլ անում են դա», կամ էլ որպեսզի հավասարվեն մյուսներին:

Այս և այլ արդարացումները տրվում են որպես անազնվության պատճառներ: Տիրոջ համար ընդունելի պատճառներ չկան: Երբ մենք արդարանում ենք, մենք խաբում ենք մեզ և Աստծո Հոգին այլևս մեզ հետ չի լինում: Մենք դառնում ենք ավելի ու ավելի անարդար:

Մենք կարող ենք լիովին ազնիվ լինել

  • Ի՞նչ է նշանակում լիովին ազնիվ լինել:

Լիովին ազնիվ լինելու համար մենք պետք է ուշադիր զննենք մեր կյանքը: Եթե կան բաներ, որոնցում մենք նվազագույն իսկ չափի անազնիվ ենք, մենք պետք է անմիջապես ապաշխարենք այդ ամենի համար:

Երբ մենք լիովին ազնիվ ենք, չենք կարող ապականվել: Մենք հավատարիմ ենք ամեն վստահության, պարտականության կամ ուխտի, նույնիսկ եթե պետք է զրկվենք գումարից, ընկերներից կամ մեր կյանքից: Այդ դեպքում մենք կարող ենք առանց ամաչելու նայել Տիրոջը, ինքներս մեզ և մյուսներին: Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը խորհուրդ է տվել. «Թող ամեն մարդու կյանք այնպես լինի, որ նրա բնավորությունը մանրազննին քննության առնվի, որ այն լինի բաց գիրք, այնպես որ նա ոչնչից չխորշի կամ չամաչի» (Gospel Doctrine, 5th ed. [1939], 252):

  • Ինչպե՞ս է մեր ազնվությունը կամ անազնվությունը ազդում մեր մասին ունեցած մեր կարծիքի վրա:

Լրացուցիչ սուրբ գրություններ