Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 88


Բաժին 88

Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեի միջոցով, Կիրթլենդում, Օհայո, 1832թ. դեկտեմբերի 27-ին (History of the Church, 1.302–312): Մարգարեի կողմից այն բնութագրվել էր որպես «Դրախտի ծառից պոկված…. «ձիթենու տերև»՝ Տիրոջ խաղաղության ուղերձն ուղղված մեզ» (History of the Church, 1.316): Պատմական արձանագրություններից երևում է, որ այս հայտնությունը կազմող մասերը ստացվել էին 1832թ. դեկտեմբերի 27-ին ու 28-ին և 1833թ. հունվարի 3-ին:

1–5՝ Հավատարիմ Սրբերն ստանում են այն Մխիթարիչին, որը հավերժական կյանքի խոստումն է. 6–13՝ Բոլոր բաները ղեկավարվում ու կառավարվում են Քրիստոսի Լույսով. 14–16՝ Հարությունը գալիս է Փրկագնման միջոցով. 17–31՝ Հնազանդությունը՝ սելեստիալ, թերեստրիալ կամ թելեստիալ օրենքներին, մարդկանց նախապատրաստում է այդ առանձին արքայություններին ու փառքերին. 32–35՝ Նրանք, ովքեր կկամենան մնալ մեղքի մեջ, կեղտոտ էլ կմնան. 36–41՝ Բոլոր թագավորությունները կառավարվում են օրենքով. 42–45՝ Աստված օրենք է տվել բոլոր բաների համար. 46–50՝ Մարդը կըմբռնի նույնիսկ Աստծուն. 51–61՝ Իր ծառաներին արտ ուղարկող և հերթով նրանց այցելող մարդու առակը. 62–73՝ Մոտեցեք Տիրոջը, և դուք կտեսնեք նրա երեսը. 74–80՝ Սրբագործեք ձեզ և միմյանց ուսուցանեք արքայության վարդապետությունները. 81–85՝ Ամեն մարդ, ով զգուշացվել է, պետք է զգուշացնի իր մերձավորին. 86–94՝ Նշանները, տարերային աղետները և հրեշտակները, ճանապարհ են պատրաստում Տիրոջ գալստյան համար. 95–102՝ Հրեշտակային փողերը կանչում են մեռելներին՝ ըստ իրենց հերթի. 103–116՝ Հրեշտակային փողերը հռչակում են ավետարանի վերականգնումը, Բաբելոնի անկումն ու մեծ Աստծո պատերազմը. 117–126՝ Ուսում փնտրեք, Աստծո տուն (տաճար) հաստատեք և հագեք գթության կապը. 127–141՝ Կարգ է հաստատվում Մարգարեների Դպրոցի համար, ներառյալ ոտնլվայի արարողությունը:

1 Ճշմարիտ, այսպես է ասում Տերը ձեզ, որ հավաքվել եք միասին՝ ստանալու նրա կամքը ձեր վերաբերյալ.

2 Ահա, սա հաճելի է ձեր Տիրոջը, և հրեշտակները ցնծում են ձեզ համար. ձեր աղոթքների ողորմությունները հասել են Սաբաովթի Տիրոջ ականջին և գրվել են սրբագործվածների անունների գրքում, այսինքն՝ նրանց, ովքեր սելեստիալ աշխարհինն են:

3 Ուստի, այժմ ես ուղարկում եմ ձեզ մեկ ուրիշ Մխիթարիչ, այսինքն՝ ձեզ՝ իմ բարեկամներին, որ այն մնա ձեր սրտերում, այսինքն՝ խոստումի Սուրբ Հոգին. մեկ ուրիշ Մխիթարիչ, որը նույնն է, ինչ ես խոստացա իմ աշակերտներին, ինչպես արձանագրված է Հովհաննեսի վկայության մեջ:

4 Այդ Մխիթարիչը խոստումն է, որը ես տալիս եմ ձեզ, որը հավերժական կյանք է, այսինքն՝ սելեստիալ արքայության փառքը.

5 Փառք, որը նույնն է, ինչ Անդրանիկի եկեղեցունը, այսինքն՝ Աստծունը, բոլորից սրբագույնինը, Հիսուս Քրիստոսի՝ իր Որդու միջոցով,–

6 Նա, ով վեր ելավ բարձր, ինչպես և, վայր իջավ բոլոր բաներից ցած, որով և ըմբռնեց բոլոր բաները, որ կարողանա ամենի մեջ և ամենուրեք լինել ճշմարտության լույսը.

7 Ճշմարտություն, որը շողում է: Դա Քրիստոսի լույսն է: Ինչպես և, նա արևի մեջ է, և արևի լույսն է, և նրա զորությունը, որի միջոցով այն արարվել է:

8 Ինչպես և, նա լուսնի մեջ է, և լուսնի լույսն է, և զորությունը, որի միջոցով այն արարվել է:

9 Ինչպես և, աստղերի լույսը, և զորությունը, որի միջոցով դրանք արարվել են:

10 Եվ նաև երկրինը, և նրա զորությունը, այսինքն՝ այն երկրինը, որի վրա դուք կանգնած եք:

11 Եվ լույսը, որը շողում է, որը լույս է տալիս ձեզ, նրա միջոցով է, ով լուսավորում է ձեր աչքերը, որը նույն այն լույսն է, որը կենդանացնում է ձեր հասկացողությունը.

12 Լույս, որը դուրս է գալիս Աստծո ներկայությունից, որ լցնի տարածության անսահմանությունը,–

13 Լույս, որը բոլոր բաների մեջ է, որը կյանք է տալիս բոլոր բաներին, որն այն օրենքն է, որով կառավարվում են բոլոր բաները, այսինքն՝ զորությունն Աստծո, որը նստած է իր գահին, որը հավերժության ծոցում է, որը բոլոր բաների մեջ է:

14 Արդ, ճշմարիտ ասում եմ ձեզ, որ փրկագնման միջոցով, որը կատարվել է ձեր համար, իրագործվում է մեռելներից հարությունը:

15 Եվ ոգին ու մարմինը՝ մարդու հոգին են:

16 Եվ մեռելներից հարությունը հոգու փրկագնումն է:

17 Եվ հոգու փրկագնումը նրա միջոցով է, ով կենդանացնում է բոլոր բաները, ում ծոցում հրամանագրված է, որ երկիրը պիտի ժառանգեն նրա աղքատներն ու հեզերը:

18 Հետևաբար, այն սրբագործված պիտի լինի ամեն անիրավությունից, որպեսզի պատրաստ լինի սելեստիալ փառքի համար.

19 Քանզի ստեղծման իր չափը լցնելուց հետո, այն պիտի պսակվի փառքով, նույնիսկ Հայր Աստծո ներկայությամբ.

20 Որ մարմինները, որոնք սելեստիալ արքայությանն են, կարողանան տիրել այն՝ հավիտյանս հավիտենից. քանզի, այդ մտադրությամբ էր այն արարվել ու ստեղծվել, և այդ նպատակով են նրանք սրբագործվում:

21 Եվ նրանք, ովքեր չեն սրբագործվում օրենքի միջոցով, որը ես տվել եմ ձեզ, այսինքն՝ Քրիստոսի օրենքով, պետք է ժառանգեն մեկ այլ արքայություն, այսինքն՝ այն, որը թերեստրիալ արքայությունն է կամ այն, որը թելեստիալ արքայությունն է:

22 Քանզի նա, ով չի կարողանում մնալ սելեստիալ արքայության օրենքում, չի կարողանա մնալ սելեստիալ փառքում:

23 Եվ նա, ով չի կարողանում մնալ թերեստրիալ արքայության օրենքում, չի կարողանա մնալ թերեստրիալ փառքում:

24 Եվ նա, ով չի կարողանում մնալ թելեստիալ արքայության օրենքում, չի կարողանա մնալ թելեստիալ փառքում. հետևաբար, նա արժանի չէ փառքի արքայության: Հետևաբար, նա կմնա մի արքայությունում, որը փառքի արքայություն չէ:

25 Եվ բացի այդ, ճշմարիտ ասում եմ ձեզ, որ երկիրը մնում է սելեստիալ արքայության օրենքի մեջ, քանզի այն լցնում է իր ստեղծման չափը և չի օրինազանցում օրենքը,–

26 Ուստի, այն պիտի սրբագործվի. այո՛, չնայած որ այն կմեռնի, այն վերստին պիտի կենդանանա, և պիտի մնա այն զորության մեջ, որով այն կենդանացվել է, և արդարները կժառանգեն այն:

27 Քանզի, չնայած որ նրանք մահանում են, նրանք ևս վերստին կբարձրանան, որպես հոգևոր մարմին:

28 Նրանք, ովքեր սելեստիալ ոգիներ են, կստանան նույն մարմինը, որը բնական մարմին էր. այսինքն՝ դուք կստանաք ձեր մարմինները, և ձեր փառքը կլինի այն փառքը, որով կենդանացվում են ձեր մարմինները:

29 Դուք, որ կենդանացվում եք սելեստիալ փառքի մի մասով, այնուհետև կստանաք նույնից, նույնիսկ լրիվությունը:

30 Եվ նրանք, ովքեր կենդանացվում են թերեստրիալ փառքի մի մասով, այնուհետև կստանան նույնից, նույնիսկ լրիվությունը:

31 Եվ նաև նրանք, ովքեր կենդանցվում են թելեստիալ փառքի մի մասով, այնուհետև կստանան նույնից, նույնիսկ լրիվությունը:

32 Եվ նրանք, ովքեր կմնան, նույնպես կկենդանացվեն. այնուամենայնիվ, նրանք կրկին կվերադառնան իրենց տեղը, վայելելու այն, ինչ նրանք կամենում են ստանալ, որովհետև նրանք չկամեցան վայելել այն, ինչ կարող էին ստանալ:

33 Քանզի ի՞նչ օգուտ մարդուն, եթե նրան պարգև է տրվում, և նա չի ընդունում այդ պարգևը: Ահա, նա չի ուրախանում այն ամենով, ինչ տրված է իրեն, ոչ էլ ուրախանում է այդ պարգևը տվողով:

34 Եվ բացի այդ, ճշմարիտ ասում եմ ձեզ, որ նա, ով ղեկավարվում է օրենքով, նաև պահպանվում է օրենքով և կատարելագործվում ու սրբագործվում է նույնով:

35 Նա, ով խախտում է օրենքը, և չի մնում օրենքի մեջ, այլ փնտրում է ինքն իր օրենքը դառնալ, և կամենում է մնալ մեղքի մեջ, և ամբողջովին մեղքի մեջ է մնում, չի կարող սրբագործվել օրենքով, ոչ ողորմությամբ, ոչ արդարադատությամբ, ոչ էլ դատաստանով: Հետևաբար, նրանք կեղտոտ էլ պետք է մնան:

36 Բոլոր թագավորություններին տրված է օրենք.

37 Եվ կան բազմաթիվ թագավորություններ. քանզի չկա տարածություն, որտեղ չլինի թագավորություն. և չկա թագավորություն, որտեղ չլինի տարածություն՝ լինի մեծ, թե փոքր թագավորություն:

38 Եվ ամեն մի թագավորության տրված է օրենք. և ամեն մի օրենքում կան նաև որոշակի սահմաններ և պայմաններ:

39 Բոլոր էակները, ովքեր չեն մնում այդ պայմաններում, չեն արդարացվում:

40 Քանզի բանականությունը հարում է բանականությանը. իմաստությունը ստանում է իմաստություն. ճշմարտությունը փարվում է ճշմարտությանը. առաքինությունը սիրում է առաքինությանը. լույսը հարում է լույսին. ողորմությունը գութ ունի ողորմության վրա և պահանջում է յուրայիններին. արդարադատությունը շարունակում է իր ընթացքը և պահանջում է յուրայիններին. դատաստանը քայլում է նրա առջևից, ով նստած է գահին և կառավարում ու իրականացնում է բոլոր բաները:

41 Նա ըմբռնում է բոլոր բաները, և բոլոր բաները նրա առջև են, և բոլոր բաները նրա շրջապատում են. և նա բոլոր բաներից վեր է, և բոլոր բաների մեջ, և բոլոր բաների միջով, և բոլոր բաների շուրջը. և բոլոր բաները նրանով են և նրանից, այսինքն՝ Աստծուց, հավիտյանս հավիտենից:

42 Եվ բացի այդ, ճշմարիտ ասում եմ ձեզ, որ նա բոլոր բաներին տվել է օրենք, որով նրանք շարժվում են՝ իրենց ժամանակի ու իրենց ժամանակաշրջանի մեջ.

43 Եվ նրանց ընթացքը սահմանված է, նույնիսկ երկինքների ու երկրի ընթացքը, որոնք ընդգրկում են երկիրն ու բոլոր մոլորակները:

44 Եվ նրանք միմյանց լույս են տալիս իրենց ժամանակի ու իրենց ժամանակաշրջանի մեջ. իրենց րոպեների, իրենց ժամերի, իրենց օրերի, իրենց շաբաթների, իրենց ամիսների, իրենց տարիների ընթացքում,– այդ բոլորը մեկ տարի է Աստծո համար, բայց ոչ մարդու համար:

45 Երկիրը պտտվում է իր թևերով, և արևը տալիս է իր լույսն օրվա մեջ, և լուսինը տալիս է իր լույսը գիշերով, և աստղերը նույնպես տալիս են իրենց լույսը, մինչ նրանք գլորվում են իրենց թևերով՝ իրենց փառքով, Աստծո զորության մեջ:

46 Ինչի՞ նմանեցնեմ ես այդ թագավորությունները, որ կարողանաք հասկանալ:

47 Ահա, այդ բոլորը թագավորություններ են, և որևէ մեկը, ով տեսել է դրանցից անգամ ամենափոքրը, տեսել է Աստծուն իր վեհափառությամբ ու զորությամբ շարժվելիս:

48 Ես ձեզ ասում եմ՝ նա տեսել է նրան. այնուամենայնիվ, նա, ով եկավ յուրայինների մեջ, չընդունվեց նրանց կողմից:

49 Լույսը շողում է խավարում, և խավարը չի ըմբռնում այն. այնուամենայնիվ, օրը կգա, երբ դուք կըմբռնեք նույնիսկ Աստծուն՝ կենդանացված լինելով նրանով և նրա կողմից:

50 Այն ժամանակ դուք կիմանաք, որ տեսել եք ինձ, որ ես եմ, և որ ես եմ ճշմարիտ լույսը, որը ձեր մեջ է, և որ դուք ինձանում եք. այլապես դուք չէիք կարողանա բարգավաճել:

51 Ահա, ես կնմանեցնեմ այդ թագավորություններն արտ ունեցող մի մարդու, որն արտ ուղարկեց իր ծառաներին՝ արտը փորելու:

52 Եվ նա առաջինին ասաց. Գնա և աշխատիր արտում, և առաջին ժամին ես կգամ քեզ մոտ, և դու կտեսնես իմ դեմքի ուրախությունը:

53 Եվ նա երկրորդին ասաց. Դու նույնպես արտ գնա, և երկրորդ ժամին ես քեզ կայցելեմ՝ ուրախությունը դեմքիս:

54 Եվ նաև երրորդին՝ ասելով. Ես քեզ կայցելեմ.

55 Եվ չորրորդին, և այդպես, մինչև տասներկուերորդը:

56 Եվ արտի տերը գնաց առաջինի մոտ, առաջին ժամին, և նրա հետ մնաց ողջ այդ ժամը, և նա ուրախացավ իր տիրոջ դեմքի լույսով:

57 Եվ հետո նա հեռացավ առաջինից, որ կարողանա այցելել երկրորդին նույնպես, և երրորդին, և չորրորդին, և այդպես մինչև տասներկուերորդը:

58 Եվ այդպես, նրանք բոլորն ստացան իրենց տիրոջ դեմքի լույսից, ամեն մարդ իր ժամին, և իր ժամանակին, և իր եղանակին,–

59 Սկսած առաջինից, և այդպես մինչև վերջինը, և վերջինից մինչև առաջինը, և առաջինից մինչև վերջինը.

60 Ամեն մարդ իր հերթին, մինչև որ իր ժամը լրացավ, ճիշտ ինչպես իր տերն էր պատվիրել իրեն, որպեսզի իր տերը փառավորվի իրենով, իսկ նա՝ իր տիրոջով, որ նրանք բոլորը կարողանան փառավորվել:

61 Հետևաբար, ես այս առակին կնմանեցնեմ բոլոր այն թագավորությունները, և նրանց բնակիչներին,– ամեն թագավորություն իր ժամին, և իր ժամանակին, և իր եղանակին, ճիշտ այն հրամանագրի համաձայն, որն Աստված արձակել է:

62 Եվ բացի այդ, ճշմարիտ ասում եմ ձեզ, իմ բարեկամնե՛ր. Ես թողնում եմ ձեզ այս ասածները՝ խորհելու ձեր սրտում, այս պատվիրանի հետ միասին, որը ես տալիս եմ ձեզ, որ դուք պետք է կանչեք ինձ, քանի դեռ ես մոտ եմ,–

63 Մոտեցեք ինձ, և ես կմոտենամ ձեզ. փնտրեք ինձ ջանասիրաբար, և կգտնեք ինձ. խնդրեք, և կստանաք. թակեք, և ձեզ կբացվի:

64 Ինչ որ խնդրեք Հորը՝ իմ անունով, կտրվի ձեզ, այն, ինչը նպատակահարմար է ձեզ համար.

65 Իսկ եթե դուք խնդրում եք որևէ բան, որը նպատակահարմար չէ ձեզ համար, այն պիտի դառնա ձեր դատապարտությունը:

66 Ահա, այն ինչ դուք լսում եք, մեկի ձայնն է, ով կանչում է անապատում,– անապատում, որովհետև դուք չեք կարողանում տեսնել նրան,– իմ ձայնը, որովհետև իմ ձայնը Հոգի է. իմ Հոգին ճշմարտություն է. ճշմարտությունը հարատևում է և չունի վերջ. և եթե այն կա ձեր մեջ, այն կաճի:

67 Եվ եթե ձեր աչքն ուղղված լինի միայն իմ փառքին, ձեր ամբողջ մարմինը լցված կլինի լույսով, և ձեր մեջ չի լինի խավար. և այն մարմինը, որը լցված է լույսով, ըմբռնում է բոլոր բաները:

68 Հետևաբար, սրբագործեք ձեզ, որ ձեր միտքն ուղղված լինի միայն առ Աստված, և օրերը կգան, որ դուք կտեսնեք նրան. քանզի նա ձեզ համար բաց կանի իր երեսի քողը, և դա կլինի իր ժամանակին, և իր ձևով, և ըստ իր կամքի:

69 Հիշեք այն մեծ և վերջին խոստումը, որը ես ձեզ տվեցի. հեռու վանեք ձեզանից ձեր պարապ մտքերն ու չափից շատ ծիծաղը:

70 Մնացե՛ք, մնացե՛ք այս վայրում, և կանչեք մի հանդիսավոր ժողով, այսինքն՝ նրանցից, ովքեր այս վերջին թագավորության առաջին մշակներն են:

71 Եվ թող, ում որ նրանք զգուշացրել են իրենց ճամփորդության ժամանակ, կանչեն առ Տերը և մի փոքր ժամանակ խորհրդածեն իրենց սրտերում այն զգուշացումների մասին, որոնք ստացել են:

72 Ահա, տե՛ս, ես հոգ կտանեմ ձեր հոտերի համար, և երեցներ կբարձրացնեմ և կուղարկեմ նրանց մոտ:

73 Ահա, ես կարագացնեմ իմ աշխատանքն իր ժամանակին:

74 Եվ ձեզ, որ առաջին մշակներն եք այս վերջին թագավորության մեջ, ես տալիս եմ պատվիրան, որ դուք հավաքվեք միասին, և կազմակերպեք ձեզ, և պատրաստեք ձեզ, և սրբագործեք ձեզ. այո, մաքրագործեք ձեր սրտերը, և մաքրեք ձեր ձեռքերն ու ոտքերն իմ առաջ, որ ես կարողանամ ձեզ մաքուր դարձնել.

75 Որպեսզի ես կարողանամ վկայել ձեր Հորը, և ձեր Աստծուն, և իմ Աստծուն, որ դուք մաքուր եք այս ամբարիշտ սերնդի արյունից. որ ես կարողանամ իրականացնել այս խոստումը, երբ որ կամենամ, այս մեծ և վերջին խոստումը, որը ես տվեցի ձեզ:

76 Նաև, ես ձեզ տալիս եմ պատվիրան, որ այս ժամանակից ի վեր դուք պետք է շարունակեք աղոթքով ու ծոմով:

77 Եվ ես ձեզ տալիս եմ պատվիրան, որ դուք միմյանց պետք է ուսուցանեք արքայության վարդապետությունը:

78 Ուսուցանեք ջանասիրաբար, և իմ շնորհը կուղեկցի ձեզ, որպեսզի դուք ավելի կատարյալ ձևով հրահանգվեք ավետարանի տեսության, սկզբունքի, վարդապետության և օրենքի մեջ, բոլոր բաներում, որոնք վերաբերում են Աստծո արքայությանը, որոնք նպատակահարմար է, որ դուք հասկանաք.

79 Բաների մասին, որ երկնքում են, և երկրի վրա, և երկրի տակ. բաներ, որոնք եղել են, որոնք կան, որոնք շուտով պիտի լինեն. բաներ, որոնք տանն են, բաներ, որոնք դրսում են. պատերազմներն ու հուզումներն ազգերի, և դատաստանները, որոնք երկրի վրա են. և նաև գիտելիք՝ երկրների ու թագավորությունների մասին,–

80 Որպեսզի դուք կարողանաք պատրաստ լինել բոլոր բաներում, երբ որ ես կրկին ուղարկեմ ձեզ՝ մեծարելու կոչումը, որին կանչել եմ ձեզ, և առաքելությունը, որով լիազորել եմ ձեզ:

81 Ահա, ես ուղարկել էի ձեզ՝ վկայելու և զգուշացնելու մարդկանց, և ամեն մարդ, ով զգուշացվել է, պետք է զգուշացնի իր մերձավորին:

82 Հետևաբար, նրանք թողնվել են առանց արդարացման, և նրանց մեղքերն իրենց իսկ գլխին են:

83 Նա, ով կանուխ փնտրում է ինձ, կգտնի ինձ, և Տերը չի թողնի նրան:

84 Հետևաբար, մնացեք, և աշխատեք ջանասիրաբար, որ կարողանաք կատարելագործվել ձեր ծառայության մեջ՝ առաջ գնալու հեթանոսների մեջ, վերջին անգամ, բոլոր նրանք, ում որ Տիրոջ բերանը կանվանի, կապելու օրենքն ու կնքելու վկայությունը, և սրբերին նախապատրաստելու դատաստանի ժամվա համար, որը պիտի գա.

85 Որպեսզի նրանց հոգիները կարողանան խույս տալ Աստծո ցասումից, սոսկալի ավերումից, որը սպասվում է ամբարիշտներին, և՛ այս աշխարհում, և՛ գալիք աշխարհում: Ճշմարիտ ասում եմ ձեզ. Թող նրանք, ովքեր առաջին երեցները չեն, շարունակեն այգում, մինչև որ Տիրոջ բերանով կկանչվեն, քանի որ նրանց ժամանակը դեռ չի եկել. նրանց հանդերձները մաքուր չեն այս սերնդի արյունից:

86 Մնացեք այն ազատության մեջ, որով դուք ազատ եք դարձվել. մի խառնվեք մեղքի մեջ, այլ թող ձեր ձեռքերը մաքուր լինեն, մինչև որ Տերը գա:

87 Քանզի շատ օրեր չեն անցնի և երկիրը կդողա ու կերերա այս ու այն կողմ, ինչպես մի հարբած մարդ. և արևը կծածկի իր երեսը և կհրաժարվի լույս տալ. և լուսինը կլողա արյան մեջ. և աստղերը խիստ կբարկանան և իրենց ցած կնետեն, ինչպես թուզը, որն ընկնում է թզենուց:

88 Եվ ձեր վկայությունից հետո, ցասում և զայրույթ է գալիս մարդկանց վրա:

89 Քանզի ձեր վկայությունից հետո, գալիս է վկայությունը երկրաշարժերով, որի հետևանքով երկիրը կհառաչի իր ներսում, և մարդիկ կընկնեն գետնին և չեն կարողանա կանգնել:

90 Եվ գալիս է նաև վկայությունը որոտների ձայնով, և կայծակների ձայնով, և փոթորիկների ձայնով, և իրենց սահմաններից դուրս եկող ծովի ալիքների ձայնով:

91 Եվ բոլոր բաները կլինեն խառնաշփոթության մեջ. և, անկասկած, մարդկանց սրտերը կնվաղեն. քանզի երկյուղը կպատի բոլոր մարդկանց:

92 Եվ հրեշտակներ պիտի թռչեն երկնքի մեջ, աղաղակելով բարձր ձայնով, հնչեցնելով Աստծո փողը՝ ասելով. Պատրաստվե՛ք, պատրաստվե՛ք, ով երկրի՛ բնակիչներ. քանզի մեր Աստծո դատաստանը եկել է: Ահա, տեսե՛ք, Փեսան գալիս է. դուրս եկեք նրան դիմավորելու:

93 Եվ անմիջապես մի մեծ նշան կհայտնվի երկնքում, և բոլոր մարդիկ միասին կտեսնեն այն:

94 Եվ մեկ ուրիշ հրեշտակ պիտի հնչեցնի իր փողը՝ ասելով. Այն մեծ եկեղեցին՝ պղծությունների մայրը, որը ստիպել է բոլոր ազգերին խմել իր պոռնկության ցասման գինուց, որը հալածում է Աստծո սրբերին, որը թափեց նրանց արյունը,– նա, ով նստած է շատ ջրերի վրա և ծովի կղզիների վրա,– ահա, նա որոմներն է երկրի. նա կապված է խրձերով. նրա կապերն ամրացված են՝ ոչ ոք չի կարող արձակել դրանք. հետևաբար, նա պատրաստ է այրվելու: Եվ նա պիտի հնչեցնի իր փողը՝ երկար և բարձր, և բոլոր ազգերը պիտի լսեն այն:

95 Եվ լռություն կլինի երկնքում, կես ժամ շարունակ. և, անմիջապես, դրանից հետո, երկնքի վարագույրը կբացվի, ինչպես մագաղաթն է փաթաթվելուց հետո բացվում, և Տերը կբացի իր երեսի քողը.

96 Եվ սրբերը, որոնք երկրի վրա են, որոնք ապրում են, կկենդանացվեն և կհափշտակվեն վեր, որ դիմավորեն նրան:

97 Եվ նրանք, ովքեր ննջել են իրենց գերեզմաններում, առաջ կգան, քանզի նրանց գերեզմանները կբացվեն. և նրանք նույնպես կհափշտակվեն վեր, որ դիմավորեն նրան երկնքի սյուների մեջ,–

98 Նրանք Քրիստոսինն են՝ առաջին պտուղները, նրանք, ովքեր առաջինը պիտի իջնեն նրա հետ, և նրանք, ովքեր երկրի վրա են և իրենց գերեզմաններում, ովքեր առաջինն են հափշտակվում վեր, որ դիմավորեն նրան. և այդ բոլորը՝ Աստծո հրեշտակի փող հնչեցնելու ձայնով:

99 Եվ դրանից հետո, մեկ ուրիշ հրեշտակ կհնչեցնի, որը երկրորդ փողն է. և ապա գալիս է փրկագնումը նրանց, ովքեր Քրիստոսինն են՝ նրա գալստի ժամանակ. որոնք ստացան իրենց բաժինն այն բանտում, որը պատրաստված է նրանց համար, որպեսզի նրանք ստանան ավետարանը, և դատվեն մարմնի մեջ գտնվող մարդկանց պես:

100 Եվ բացի այդ, մեկ ուրիշ փող պիտի հնչի, որը երրորդ փողն է. և այն ժամանակ գալիս են մարդկանց հոգիները, որոնք պետք է դատվեն, և գտնվեն դատապարտության տակ.

101 Եվ դրանք մնացած մեռելներն են. և նրանք կրկին չեն ապրի, մինչև որ հազար տարին չլրանա, ոչ էլ կրկին՝ մինչև երկրի վերջը:

102 Եվ մեկ ուրիշ փող պիտի հնչի, որը չորրորդ փողն է՝ ասելով. Նրանց մեջ, ովքեր պիտի մնան մինչև այդ մեծ և վերջին օրը, այսինքն՝ վերջը, կգտնվեն այնպիսիք, որոնք դեռևս կեղտոտ են:

103 Եվ մեկ ուրիշ փող պիտի հնչի, որը հինգերորդ փողն է, որը հինգերորդ հրեշտակն է, որը հանձնում է հավիտենական ավետարանը,– երկինքների մեջ թռչելով՝ դեպի բոլոր ազգերը, ցեղերը, լեզուները և ժողովուրդները.

104 Եվ սա պիտի լինի նրա փողի հնչումը, ասելով բոլոր մարդկանց, որոնք և՛ երկնքում, և՛ երկրի վրա, և՛ երկրի տակ են,– քանզի ամեն ականջ պիտի լսի դա, և ամեն ծունկ պիտի ծալվի, և ամեն լեզու պիտի խոստովանի, մինչ նրանք լսում են փողի հնչումը, որն ասում է. Վախեցեք Աստծուց, և փառք տվեք նրան, ով նստած է գահին, հավիտյանս հավիտենից. քանզի նրա դատաստանի ժամը եկել է:

105 Եվ բացի այդ, մեկ ուրիշ հրեշտակ պիտի հնչեցնի իր փողը, որը վեցերորդ հրեշտակն է՝ ասելով. Ընկե՜լ է նա, ով բոլոր ազգերին ստիպում էր խմել իր պոռնկության ցասման գինուց. ընկե՜լ է նա, ընկե՜լ է:

106 Եվ բացի այդ, մեկ ուրիշ հրեշտակ պիտի հնչեցնի իր փողը, որը յոթերորդ հրեշտակն է՝ ասելով. Վերջացա՜վ. վերջացա՜վ: Աստծո Գառը հաղթել է և միայնակ կոխ տվել գինու հնձանը, այսինքն՝ Ամենազոր Աստծո ցասման կատաղության գինու հնձանը:

107 Եվ այն ժամանակ պիտի հրեշտակները պսակվեն նրա զորության փառքով, և սրբերը պիտի լցվեն նրա փառքով, և ստանան իրենց ժառանգությունը և հավասարեցվեն նրան:

108 Եվ ապա, առաջին հրեշտակը կրկին կհնչեցնի իր փողը բոլոր ապրողների ականջներում, և հայտնի կդարձնի առաջին հազարամյակի մարդկանց գաղտնի արարքները և Աստծո հզոր գործերը:

109 Եվ ապա, երկրորդ հրեշտակը կհնչեցնի իր փողը և հայտնի կդարձնի մարդկանց գաղտնի արարքները, և նրանց սրտի խորհուրդներն ու մտադրությունները, և Աստծո հզոր գործերը երկրորդ հազարամյակում,–

110 Եվ այդպես շարունակ, մինչև որ յոթերորդ հրեշտակը կհնչեցնի իր փողը. և նա կկանգնի ցամաքի վրա և ծովի վրա, և կերդվի նրա անունով, ով նստած է գահի վրա, որ այլևս ժամանակ չի լինի. և Սատանան պիտի կապվի, այն հին օձը, որը դև է կոչվում, և չպիտի արձակվի հազար տարվա ընթացքում:

111 Եվ հետո, նա պիտի արձակվի մի փոքր ժամանակով, որ կարողանա հավաքել իր զորքերը:

112 Եվ Միքայելը, յոթերորդ հրեշտակը, այսինքն՝ հրեշտակապետը, ի մի կհավաքի իր զորքերը, այսինքն՝ երկնքի զորքերը:

113 Եվ դևը պիտի հավաքի իր զորքերը. այսինքն՝ դժոխքի զորքերը, և առաջ պիտի գա՝ Միքայելի ու նրա զորքերի դեմ պատերազմելու:

114 Եվ հետո գալիս է մեծ Աստծո պատերազմը. և դևն ու նրա զորքերը դուրս պիտի գցվեն իրենց իսկ տեղը, այնպես որ նրանք այլևս որևէ ձևով զորություն չեն ունենա սրբերի վրա:

115 Որովհետև Միքայելը պիտի պատերազմի նրանց պատերազմները, և պիտի հաղթի նրան, ով փնտրում է գահը նրա, որ նստած է գահին, այսինքն՝ Գառի:

116 Դա է փառքն Աստծո և սրբագործվածների. և նրանք այլևս մահ չեն տեսնի:

117 Հետևաբար, ճշմարիտ ասում եմ ձեզ, իմ բարեկամնե՛ր. Կանչեք ձեր հանդիսավոր ժողովը, ինչպես ձեզ պատվիրեցի:

118 Եվ քանի որ բոլորը չէ, որ հավատք ունեն, ջանասիրաբար փնտրեք և իմաստության խոսքեր ուսուցանեք միմյանց. այո՛, իմաստության խոսքեր փնտրեք լավագույն գրքերից. ուսում փնտրեք, այսինքն՝ ուսումնասիրելով և նաև հավատքով:

119 Կազմակերպվեք. նախապատրաստեք ամեն անհրաժեշտ բան. և հաստատեք մի տուն, այսինքն՝ աղոթքի տուն, ծոմապահության տուն, հավատքի տուն, ուսման տուն, փառքի տուն, կարգ ու կանոնի տուն, Աստծո տուն.

120 Որ ձեր մուտքը լինի Տիրոջ անունով. որ ձեր ելքը լինի Տիրոջ անունով. որ ձեր բոլոր ողջույնները լինեն Տիրոջ անունով՝ դեպի Բարձրյալը պարզած ձեռքերով:

121 Հետևաբար, վերջ տվեք բոլոր ձեր դատարկախոսություններին, ամեն ծիծաղին, բոլոր հեշտասեր ցանկություններին, ձեր բոլոր հպարտությանը և թեթևամտությանը, և ձեր բոլոր ամբարիշտ արարքներին:

122 Ուսուցիչ նշանակեք ձեր մեջ, և թող բոլորը միանգամից խոսնակ չլինեն. այլ տվյալ պահին թող մեկը խոսի, և թող բոլորը լսեն նրա ասածները, որ բոլորի խոսելուց հետո, բոլորը կարողանան միմյանցով շենանալ, և որ ամեն մարդ ունենա հավասար արտոնություն:

123 Տեսեք, որ դուք սիրեք միմյանց, դադարեք ագահ լինել. սովորեք բաժին հանել մեկդ մյուսին, ինչպես պահանջում է ավետարանը:

124 Դադարեք ծույլ լինել. դադարեք անմաքուր լինել. դադարեք սխալներ գտնել միմյանց մեջ. դադարեք քնել ավելի շատ, քան անհրաժեշտ է. վաղ մտեք ձեր անկողինը, որպեսզի չհոգնեք. վաղ վեր կացեք, որ ձեր մարմինն ու միտքն առույգ լինեն:

125 Եվ ամեն բանից վեր, ձեր վրա հագեք գթության կապը, ինչպես մի թիկնոց, որը կատարելության և խաղաղության կապն է:

126 Միշտ աղոթեք, որպեսզի չնվաղեք, մինչև որ ես գամ: Ահա, տեսե՛ք, ես շուտով գալիս եմ, և ինձ մոտ կառնեմ ձեզ: Ամեն:

127 Եվ բացի այդ, այն տան կարգի վերաբերյալ, որը պատրաստվել է մարգարեների դպրոցի նախագահության համար, հաստատված՝ նրանց հրահանգների համար, բոլոր բաներում, որոնք նպատակահարմար են նրանց, այսինքն՝ եկեղեցու բոլոր պաշտոնյաների համար, կամ, այլ խոսքով, նրանց, ովքեր ծառայության են կանչվել եկեղեցում, սկսած քահանայապետերից, նույնիսկ մինչև սարկավագները,–

128 Եվ սա պիտի լինի այդ տան կարգը դպրոցի նախագահության համար. նա, ով նշանակված կլինի նախագահ, կամ ուսուցիչ, պետք է գտնվի իր տեղում, այն տանը, որը պատրաստված կլինի նրա համար:

129 Հետևաբար, նա առաջինը պիտի լինի Աստծո տան մեջ, այնտեղ, որտեղ տան ժողովքը կկարողանա ուշադիր և պարզորեն լսել նրա խոսքերը, բայց ոչ բարձր ձայնով:

130 Եվ երբ նա գալիս է Աստծո տուն, քանզի նա պետք է առաջինը լինի տան մեջ,– ահա, դա գեղեցիկ է, որ նա կարողանա օրինակ լինել,–

131 Թող նա ծնկաչոք աղոթքով մատուցի իրեն առ Աստված, ի նշան կամ ի հիշատակումն հավիտենական ուխտի:

132 Եվ երբ որևէ մեկը ներս մտնի իրենից հետո, թող ուսուցիչը կանգնի, և, ձեռքերը դեպի երկինք պարզած, այո, այսինքն՝ ուղիղ, ողջունի իր եղբորը կամ եղբայրներին՝ հետևյալ խոսքերով.

133 Եղբա՞յր ես, կամ, եղբայրնե՞ր եք: Ես ողջունում եմ քեզ՝ Տեր Հիսուս Քրիստոսի անունով, ի նշան կամ ի հիշատակումն հավիտենական ուխտի, ուխտ, որով ես ընդունում եմ քեզ ընկերակցության՝ հաստատուն, անսասան և անփոփոխ վճռականությամբ, լինելու քո բարեկամն ու եղբայրը՝ Աստծո շնորհով, սիրո կապով, քայլելու անարատ՝ Աստծո բոլոր պատվիրաններով, գոհաբանությամբ, հավիտյանս հավիտենից: Ամեն:

134 Եվ նա, ով անարժան գտնվի այս ողջույնին, տեղ չի ունենա ձեր մեջ. քանզի դուք չպիտի թույլ տաք, որ իմ տունը պղծվի նրա կողմից:

135 Եվ նա, ով ներս է մտնում և հավատարիմ է իմ առաջ, և եղբայր է, կամ եթե եղբայրներ են, նրանք պետք է ողջունեն նախագահին կամ ուսուցչին՝ ձեռքերը դեպի երկինք պարզած, այս նույն աղոթքով և ուխտով, կամ ասելով՝ Ամեն, ի նշան համաձայնության:

136 Ահա, ճշմարիտ ասում եմ ձեզ, որ սա օրինակ է ձեզ համար՝ Աստծո տանը, մարգարեների դպրոցում միմյանց ողջունելու համար:

137 Եվ դուք կանչված եք դա անելու աղոթքով և գոհաբանությամբ, ինչպես որ Հոգին ձեզ խոսել կտա՝ ձեր բոլոր գործերում, Տիրոջ տանը, մարգարեների դպրոցում, որպեսզի այն դառնա սրբարան, Սուրբ Հոգու խորան՝ ձեր շինության համար:

138 Եվ դուք չպետք է ընդունեք որևէ մեկին ձեր մեջ՝ այս դպրոց, եթե նա մաքուր չէ այս սերնդի արյունից.

139 Եվ նա պիտի ընդունվի ոտնլվայի արարողությամբ, քանզի այս նպատակի համար էր ոտնլվայի արարողությունը հաստատվել:

140 Եվ բացի այդ, ոտնլվայի արարողությունը պետք է սպասավորվի նախագահի կամ եկեղեցու նախագահող երեցի կողմից:

141 Այն պետք է սկսվի աղոթքով. և հացից ու ջրից ճաշակելուց հետո, նա պետք է գոտևորվի՝ համաձայն այն օրինակի, որը տրված է իմ մասին Հովհաննեսի վկայության տասներեքերորդ գլխում: Ամեն: