Մաս 21. Օր 3
Ա Կորնթացիս 1–2
Նախաբան
Տեղեկանալով, որ Կորնթոսի Եկեղեցու անդամները խնդիրների առաջ էին կանգնած, Պողոսը գրեց նրանց և հորդորեց դադարեցնել հակառակությունը և միաբանվել: Նա բացատրել է նաև, որ Աստված կանչում է թույլ և խոնարհ մարդկանց քարոզելու Իր ավետարանը, և որ Աստծո գործերը հայտնի են դառնում ու հասկացվում Հոգու միջոցով:
Ա Կորնթացիս 1.1–16
Պողոսը գրում է Կորնթոսի սրբերին և նրանց հորդորում է դադարեցնել հակառակությունը և միաբանվել
Մտածեք մի ընտանիքի, սպորտային թիմի և ընկերների մի խմբի մասին:
Այդ խմբերից յուրաքանչյուրում ի՞նչը կարող է երկպառակության և հակառակության պատճառ լինել:
Ինչպե՞ս կարող են նման երկպառակություններն ու հակառակությունն ազդել ընտանիքի, թիմի կամ ընկերների վրա:
Մտածեք այն մասին, թե ինչպես կարող են անդամների միջև երկպառակություններն ազդել Եկեղեցու վրա:
Ուսումնասիրելով Ա Կորնթացիս 1 գլուխը, պարզեք, թե Պողոսը ինչ ճշմարտություն է ուսուցանել Կորնթոսի սրբերին երկպառակությունների և հակառակության վերաբերյալ:
Գտեք Կորնթոսը հետևյալ քարտեզի վրա.
Իր երկրորդ միսիոներական ճամփորդության ժամանակ Պողոսը գնաց Կորնթոս քաղաք, որտեղ նա քարոզեց ավետարանը: Այդ ժամանակ շատ մարդիկ մկրտվեցին (տես Գործք 18.1–18): Ավելի ուշ, երբ Պողոսը քարոզում էր Եփեսոսում, նա տեղեկացավ, որ Կորնթոսի Եկեղեցու անդամների մեջ խնդիրներ են առաջացել, քանի որ նորադարձներից շատերը վերադառնում էին իրենց նախկին հավատքին ու կռապաշտության սովորույթներին: Պողոսը գրեց Կորնթոսի Եկեղեցու անդամներին, որպեսզի նրանց ամրապնդի և հիշեցնի, որ նրանք պարտավորություն են վերցրել ծառայելու Տիրոջը:
Ա Կորնթացիս 1.1–9 հատվածներում Պողոսն ասել է կորնթացի սրբերին, որ նա Աստծուց գոհություն է հայտնում իրենց համար, որ շնորհ են ստացել Հիսուս Քրիստոսից, որը նրանց օրհնել է ամեն ձևով:
Կարդացեք Ա Կորնթացիս 1.10–11 հատվածները, պարզելով, թե Պողոսը Կորնթոսի սրբերին ինչ է խորհուրդ տվել, որ անեն:
Այդ հատվածներում գրված ճշմարտությունը բացահայտելու համար, օգտագործելով տրված բառերը, լրացրեք հետևյալ հայտարարությունը. միաբան, ակնկալել, հակառակություն, դադարեցնել:
Տերը ____________________ մեզանից՝ որպես սրբերի, ____________________ լինել և ____________________ երկպառակություններն ու ____________________:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.
-
Որպես Եկեղեցու անդամներ՝ ի՞նչ օրհնություններ ենք մենք ստանում, երբ ջանում ենք միաբանվել և դադարեցնում ենք երկպառակություններն ու հակառակությունը:
-
Գրեք մի դեպքի մասին, երբ որպես ընտանիք, դասարան, քվորում, ծուխ կամ ճյուղ, դուք օրհնվել եք միաբան լինելու արդյունքում:
-
Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի դադարեցնենք երկպառակություններն ու հակառակությունը Եկեղեցում:
-
Ըստ Ա Կորնթացիս 1.12–16 հատվածների՝ Կորնթոսի Եկեղեցու անդամները, հիմնվելով Եկեղեցու վարդապետության տարբեր մեկնաբանումների վրա բաժանվել էին խմբերի և իրենց տեսակետը պաշտպանում էին, վկայակոչելով Եկեղեցու հայտնի ղեկավարների խոսքերը:
Ա Կորնթացիս 1.17–31
Պողոսը սրբերին ուսուցանում է, որ Աստված կանչում է տկարներին, որ քարոզեն Իր ավետարանը
Պողոսի ժամանակ Հունաստանը հռոմեական իշխանության տակ էր և Կորնթոսում շատ հույներ էին ապրում: Հույները մեծապես արժևորում էին իմաստասիրական գաղափարները և աշխարհի իմաստությունը:
Մտածեք, թե աշխարհի իմաստասիրությունը գնահատող մարդու համար ինչու հավանական է դժվար լինի ընդունել և ապրել ավետարանով:
Ա Կորնթացիս 1.17–31 հատվածներն ուսումնասիրելիս փնտրեք մի ճշմարտություն, որը կօգնի ձեզ հասկանալ աշխարհի իմաստությանն ապավինելու հիմարությունը:
Կարդացեք Ա Կորնթացիս 1.17–22 հատվածները, պարզելով, թե Պողոս Առաքյալն ինչ է ուսուցանել Աստծո իմաստության և աշխարհի իմաստության հակադրության մասին: «Իմաստունների իմաստութիւնը» (Ա Կորնթացիս 1.19) և «այս աշխարհքի իմաստութիւնը» (Ա Կորնթացիս 1.20) արտահայտություններն ակնարկում են այն ժամանակների արատավոր իմաստասիրական ավանդությունները: Օգտակար կլինի իմանալ, որ Պողոսի օգտագործած «խաչը» (Ա Կորնթացիս 1.17–18) ակնարկում է Հիսուս Քրիստոսի կյանքը, առաքելությունը և Քավությունը:
Ձեր կարծիքով անհավատների համար Հիսուս Քրիստոսի Քավության ուղերձը ինչո՞ւ էր հիմարություն համարվում:
Կարդացեք Ա Կորնթացիս 1.25 հատվածը, պարզելով, թե Պողոսն ինչ է ուսուցանել՝ համեմատելով Աստծո իմաստությունն ու մարդկային իմաստությունը: Աստծո հիմար և տկար խոսքերը փոխաբերական են: Պողոսն օգագործել է «Աստուծոյ յիմարն աւելի իմաստուն է քան թէ մարդիկ» և «Աստուծոյ տկարն աւելի զօրաւոր է քան թէ մարդիկ», որպեսզի արտահայտի այն միտքը, որ Աստծո իմաստության ու զորության համեմատ մարդկային իմաստությունն ու զորությունը ոչինչ է:
Շրջանի մեջ վերցրեք ճշմարտությունը, որ լավագույնս նկարագրում է այն, ինչ Պողոսն ուսուցանել է կորնթացիներին Աստծո իմաստության մասին.
-
Աստծո իմաստությունն ավելի մեծ է, քան մարդկային իմաստությունը:
-
Մարդը զորավոր է, երբ իմաստուն է:
-
Երկնքի նշաններն ավելի մեծ են, քան հույների իմաստությունը:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին. Ձեր կարծիքով գիտելիքը, որ Աստծո իմաստությունն ավելի մեծ է, քան մարդկային իմաստությունը, ինչպե՞ս կարող է ազդել նրա վրա, թե ինչպես է մարդ լուծումներ փնտրում իր խնդիրներին:
Կարդացեք Ա Կորնթացիս 1.26–27 հատվածները, պարզելով, թե ում է Աստված ընտրում քարոզելու Իր ավետարանը:
Խորհեք, թե աշխարհի կողմից հիմար և տկար համարվող մարդկանց ինչո՞ւ է Աստված ընտրում ուսուցանելու Իր ավետարանը:
Ա Կորնթացիս 1.28–31 հատվածներից մենք տեղեկանում ենք, որ Հիսուսը Քրիստոսը «իմաստության, արդարության, սրբության և փրկագնման» կատարյալ օրինակ է (Ա Կորնթացիս 1.30) և մենք պետք է փառավորվենք, կամ ուրախանանք Նրանով:
Ա Կորնթացիս 2
Պողոսը բացատրում է, թե ինչպես պետք է սովորենք Աստծո բաները
Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ՝ Նախագահ Բոյդ Ք. Փաքերի հետևյալ փորձառությունը, որը նա ունեցել է նախքան Բարձրագույն Իշխանավոր կանչվելը.
«Ինքնաթիռում ես նստած էի աթեիզմ դավանող մի մարդու կողքը, ով Աստծո հանդեպ իր անհավատությունն այնպիսի ուժով էր պնդում, որ ես կիսվեցի նրա հետ իմ վկայությամբ: «Դուք սխալ եք, – ասացի ես, – Աստված կա: Ես գիտեմ, որ Նա ապրո՛ւմ է»:
Նա առարկեց. «Դուք չգիտե՛ք: Ո՛չ ոք չգիտի դա: Դուք չե՛ք կարող դա իմանալ»: Տեսնելով, որ ես չեմ ընկրկում, աթեիստը, որ իրավաբան էր, թերևս մի վերջնական հարց տվեց վկայության թեմայի շուրջ: «Լավ, – ասաց նա քմահաճ հավանություն տալով, – դուք ասում եք, որ գիտեք: Ասացեք ինձ, թե ինչպես գիտեք դա»:
Երբ փորձեցի պատասխանել, թեև ես առաջադեմ գիտական աստիճաններ ունեի, իմ բացատրությունն անօգուտ էր: …
Երբ ես գործածում էի Հոգի և վկայություն բառերը, աթեիստը պատասխանում էր. «Ես չգիտեմ, թե ինչի մասին եք դուք խոսում»: Աղոթք, խորաթափանցություն և հավատք բառերը նմանապես անիմաստ էին նրա համար: «Տեսնում եք, – ասաց նա, – դուք չգիտեք: Եթե իմանայիք, դուք կկարողանայիք բացատրել ինձ, թե ինչպես գիտեք դա»:
Ես զգացի, որ գուցե իմաստուն չէի, որ վկայություն էի բերել նրան և չգիտեի ինչ անել»: (“The Candle of the Lord,” Ensign, Jan. 1983, 51):
Եթե լինեիք նման իրավիճակում, ի՞նչ կասեիք այդ մարդուն, ով Աստծուն չէր հավատում:
Ա Կորնթացիս 2 գլուխն ուսումնասիրելիս գտեք մի ճշմարտություն, որը կօգնի ձեզ հասկանալ, թե այդ մարդը ինչու չէր հասկանում Նախագահ Փաքերի խոսքերը և թե ինչու դուք կարող եք համոզված լինել հոգևոր հարցերի վերաբերյալ ձեր գիտելիքներում:
Ա Կորնթացիս 2.1–8 հատվածներում կարդում ենք Պողոսի խոսքերը կորնթացի սրբերին, որ նա աշխարհի իմաստությամբ չէ համոզում նրանց ավետարանի ճշմարտության մասին: Նա բացատրել է, որ Հոգու զորությամբ է, որ նա ուսուցանում է, որպեսզի նրանք հավատք ունենան առ Աստված: Պողոսը նրանց ուսուցանել է, որ անհավատ մարդիկ չեն կարող հասկանալ Աստծո խորհուրդները:
Կարդացեք Ա Կորնթացիս 2.9–16 հատվածները, պարզելով, թե ըստ Պողոսի՝ ինչու են ոմանք կարողանում իմանալ և հասկանալ «Աստծո բաները» (Ա Կորնթացիս 2.10–11), մինչդեռ մյուսները չեն կարողանում:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.
-
Ըստ Ա Կորնթացիս 2.9–10 հատվածների՝ Պողոսը և մյուս հավատարիմ մարդիկ ինչո՞ւ էին կարողանում հասկանալ Աստծո բաները:
-
Ըստ Ա Կորնթացիս 2.14 հատվածի՝ ինչո՞ւ որոշ մարդիկ չեն կարողանում հասկանալ Աստծո բաները:
-
Այդ հատվածներից մենք կարող ենք սովորել հետևյալ ճշմարտությունը. Աստծո բաները կարող ենք հասկանալ միայն Նրա Հոգու օգնությամբ: Կարող եք նշագծել Ա Կորնթացիս 2.10–14 հատվածների բառերը, որոնք ուսուցանում են այդ ճշմարտությունը:
Նախագահ Փաքերը ավարտել է իր պատմությունը, բացատրելով, որ այդ պահին ոգեշնչում է զգացել ինքնաթիռում իր կողքին նստած աթեիստին հարցնել, թե արդյոք վերջինս գիտեր աղի համը:
««Իհարկե գիտեմ», պատասխանեց նա:
«Վերջին անգամ ե՞րբ եք փորձել աղի համը»:
«Հենց նոր ինքնաթիռում ճաշելիս»:
«Դուք պարզապես մտածում եք, որ գիտեք աղի համը», ասացի ես:
Նա համառեց. «Ես գիտեմ աղի համը, ինչպես որ ունեմ մնացած բաների իմ գիտելիքը»: …
«Ուրեմն, – ասացի ես, – ենթադրելով, որ ես երբեք չեմ փորձել աղի համը, խնդրում եմ բացատրեք, թե այն ինչ համ ունի»: …
Մի քանի փորձից հետո, իհարկե, նա չկարողացավ բացատրել աղի համը: Նա չկարողացավ բառերով բացատրել հասարակ մի բան՝ ինչպիսին է աղի համը: Ես ևս մեկ անգամ կիսվեցի նրա հետ իմ վկայությամբ և ասացի. «Ես գիտեմ, որ Աստված կա: Քիչ առաջ դուք ծաղրեցիք իմ վկայությունը և ասացիք, որ եթե իսկապես իմանայի, ապա կկարողանայի ճշգրիտ ասել, թե ինչպես գիտեմ դա: Բարեկամս, հոգևոր առումով ասած, ես փորձել եմ աղը: Ես չեմ կարող փոխանցել ձեզ, թե ինչպես է եկել այդ գիտելիքը, ինչպես և դուք չեք կարողանում բացատրել ինձ աղի համը: Բայց ես կրկին ասում եմ ձեզ, որ կա՛ Աստված: Նա իսկապես ապրում է: Եվ միայն այն պատճառով, որ դուք չգիտեք, մի ասեք, որ ես չգիտեմ, որովհետև ես գիտեմ»:
Երբ բաժանվում էինք, տղամարդը դժգոհ փնթփնթում էր. «Ես չեմ հենվի ձեր կրոնի վրա: Ես դրա կարիքը չունեմ»։
Այդ ժամանակից ի վեր ես երբեք չեմ կաշկանդվել, ոչ էլ վատ եմ զգացել, որ չեմ կարողացել բառերով բացատրել իմ հոգևոր գիտելիքները» («The Candle of the Lord», 52):
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում լրացրեք հետևյալը.
-
Գրեք Աստծո բաներից մի քանիսը, որոնք հնարավոր է իմանալ ու հասկանալ միայն Նրա Հոգու միջոցով:
-
Մեզ համար ինչո՞ւ է կարևոր հավատալ, որ Աստծո բաները կարող ենք հասկանալ միայն Նրա Հոգու միջոցով:
-
Մտաբերեք, թե երբ է պատահել, որ Հոգու օգնությամբ իմացել և հասկացել եք սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրած Աստծո բաներից մեկի մասին: Մտածեք, թե ինչ կարող եք հիմա անել, որպեսզի ստանաք Հոգու օգնությունը, երբ փորձում եք իմանալ և հասկանալ Աստծո բաները:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը․
Ես ուսումնասիրեցի Ա Կորնթացիս 1–2 գլուխները և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):
Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.