Մաս 3. Օր 4
Մատթեոս 13․1-23
Նախաբան
Երբ Փրկիչը Գալիլեայում էր, մի մեծ բազմություն եկավ Նրա մոտ: Նա ուսուցանեց ժողովրդին՝ օգտագործելով առակներ, սկսելով սերմնացանի առակից
Մատթեոս 13․1-17
Փրկիչն ուսուցանում է սերմնացանի առակը:
Մտածեք մի պարտեզի կամ ծաղկամանում տնկած բույսի մասին: Որո՞նք են բերրի հողի հատկությունները: Որո՞նք են անբերրի հողի որոշ հատկությունները:
Մատթեոս 13.1–23-ում, մենք կարդում ենք, որ Փրկիչը համեմատեց տարբեր տեսակի հողերը մարդկանց սրտերի հետ: Երբ դուք ուսումնասիրեք այս հատվածներն այսօր, մտածեք, թե հողի ո՞ր տեսակն է ամենից \նման ձեր սրտին:
Կարդացեք Մատթեոս 13.1–3 հատվածները` փնտրելով, թե ինչպես Հիսուսն ուսուցանեց բազմությանը Գալիլեայում:
Ինչպե՞ս էր Հիսուսն ուսուցանում բազմությանը:
Ի՞նչ է առակը: (Տես Աստվածաշնչի բառարանը, «Առակներ»։)
Առակը «պարզ պատմություն է, որն օգտագործվում է հոգևոր ճշմարտություն կամ սկզբունք ուսուցանելու համար։ Առակը հիմնված է հասարակ մի առարկա կամ մի իրադարձություն ճշմարտության հետ համեմատելու վրա» (Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Առակ», scriptures.lds.org)։
Համաձայն Մատթեոս 13.3-ի, ինչի՞ մասին էր Փրկիչի առակը:
Ցանել նշանակում է սերմ տարածել կամ տնկել: Կարդացեք Մատթեոս 13.4–9` փնտրելով հողի չորս տեսակները, որոնց վրա ընկան սերմնացանի սերմերը:
Հողի ի՞նչ տեսակի վրա ընկան սերմնացանի սերմերը:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում նկարեք պատկերներ, որոնք ներկայացնում են չորս տիպի հողերը: Երբ սովորեք առակի մեկնաբանության մասին, ավելացրեք պիտակներ ձեր նկարներին:
-
Ճամփեզրը արահետ է դաշտի կողքին, և այն կարծրանում է, երբ մարդիկ քայլում են դրա վրայով: Ճամփեզրի կարծրությունը չի թողնում, որ սերմերն արմատ գցեն հողի մեջ:
-
Քարքարոտ տեղերը ժայռոտ մակերեսներ են, որոնք ծածկված են հողի բարակ շերտով: Չնայած սերմերը կարող են արձակել մակերեսային արմատներ, մակերեսի տակ գտնվող ժայռը թույլ չի տալիս, որ արմատները ներթափանցեն խորը:
-
Փշերով հողը բերրի հող է, բայց փշերը խեղդում են բույսերին` զրկելով նրանց լույսից, ջրից և անհրաժեշտ սննդանյութերից:
-
Բարի երկիրը բերրի հող է՝ բավականաչափ խորությամբ առողջ արմատների համար:
Մատթեոս 13.10–11-ն արձանագրում է, որ Փրկիչի աշակերտները հարցրին Նրան, թե ինչու է Նա ուսուցանում առակներով: Նա բացատրեց, որ առակները բացահայտում են երկնքի արքայության խորհուրդներն ու ճշմարտությունները նրանց, ովքեր պատրաստ են ստանալու դրանք, մինչդեռ թաքցնում են իմաստը նրանցից, ովքեր հոգեպես անպատրաստ են (տես Նոր Կտակարանի ուսանողի ձեռնարկ [Եկեղեցու կրթական համակարգի ձեռնարկ, 2014], 45):
Կարդացեք Մատթեոս 13.14–15` փնտրելով, թե ինչն էր խանգարում մարդկանց հասկանալ Փրկիչի ուսուցանած ճշմարտությունները:
Ըստ Հիսուսի, ի՞նչն էր խանգարում մարդկանց տեսնել, լսել և հասկանալ ճշմարտությունները, որոնք Նա էր ուսուցանում:
Մարգարե Ջոզեֆ Սմիթն ասել է. «Դատապարտությունը, որը հանգչեց բազմության վրա, ովքեր չէին ընդունում Նրա ասածները, այն պատճառով էր, որ նրանք չէին կամենում տեսնել իրենց աչքերով և լսել իրենց ականջներով, ոչ թե այն պատճառով, որ չէին կարող և արտոնված չէին տեսնելու և լսելու, այլ որովհետև նրանց սրտերը լցված էին անօրինությամբ և պղծություններով»: Նա նաև ուսուցանել է. « Պատճառը, թե ինչու բազմությունը կամ աշխարհը, ինչպես կոչվեցին նրանք Փրկիչի կողմից, չէին ընդունում բացատրություն Նրա առակների վերաբերյալ, հենց անհավատությունն էր» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ [2007], 296, 298):
«Այս ժողովրդի սրտերը թանձրացան» արտահայտությունը հատված 15-ում նշանակում է, որ մարդկանց սրտերը կարծրացել էին և դարձել անզգա: Համաձայն 15-րդ հատվածի, ի՞նչ օրհնություններ մենք կարող ենք կորցնել, եթե մենք կարծրացնենք մեր սրտերը:
Այս հատվածներից մենք սովորում ենք, որ եթե մենք կարծրացնում ենք մեր սրտերը, ապա մենք չենք հասկանա Աստծո խոսքը կամ դարձի չենք գա դեպի Փրկիչը և չենք բժշկվի: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք այս սկզբունքը ճամփեզրի հողի ձեր նկարի կողքին:
Մտածեք, թե ինչ է նշանակում դարձի գալ դեպի Փրկիչը և բժշկվել:
Երբ դուք դարձի եք գալիս, դուք դառնում եք փոխված և մաքրված Նրա Քավության միջոցով, որպեսզի ձեր հավատալիքները, սիրտը և կյանքը ներդաշնակության մեջ լինեն Երկնային Հոր կամքի հետ և դուք ազատված լինեք մեղքի բեռից:
Մատթեոս 13.16–17-ում, Հիսուսն ասաց Իր աշակերտներին, որ նրանք օրհնված էին, որովհետև նրանք ունեին աչքեր` տեսնելու համար և ականջներ` լսելու համար:
Մատթեոս 13.18-23
Փրկիչը տալիս է սերմնացանի առակի մեկնաբանությունը
Կրկին նայեք ճամփեզրի հողի ձեր նկարին: Կարդացեք Մատթեոս 13.18–19` փնտրելով թե ինչի հետ էր Փրկիչը համեմատում սերմը, ճամփեզրը և թռչունները, որոնք նշված են Մատթեոս 13.4-ում: Ապա պիտակավորեք ձեր նկարը` համաձայն Փրկիչի մեկնաբանության: Հատված 19-ում, «չէ իմանում» արտահայտությունը կարող է վերաբերել կարծրացած սրտի արդյունքին, իսկ «չարը» կարող է ներկայացնել սատանային և նրա ծառաներին:
Խորհեք, թե ինչպես Փրկիչի ուսմունքները ճամփեզրի վերաբերյալ կարող է օգնել ձեզ խորապես հասկանալ սկզբունքը, որ եթե մենք կարծրացնենք մեր սրտերը, ապա չենք հասկանա Աստծո խոսքը կամ դարձի չենք գա դեպի Փրկիչը և չենք բժշկվի:
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում նայեք ձեր նկարած քարքարոտ տեղին։ Կարդացեք Մատթեոս 13.20–21 և Ղուկաս 8.13-ը` փնտրելով քարքարոտ տեղերի վերաբերյալ Փրկիչի մեկնաբանությունը: (Շուտով բառը 20-րդ հատվածում նշանակում է անմիջապես կամ շատ չանցած։)
Այս հատվածներում Հիսուսն ուսուցանում է, որ բույսերը, որոնք աճում են քարքարոտ տեղերում, ներկայացնում են նրանց, ովքեր ունեն վկայություն, որը խորապես արմատավորված չէ: Պիտակավորեք քարքարոտ տեղերում բույսերի ձեր նկարը՝ Վկայություն, որը խորապես արմատավորված չէ:
Համաձայն Մատթեոս 13.20-21-ի և Ղուկաս 8.13-ի, ի՞նչ է ներկայացնում արևի տաքությունը: Մակերեսային արմատներով բույսերի ձեր նկարի վերևում գրեք, թե իրենից ինչ է ներկայացնում արևի տաքությունը:
Գրեք հետևյալ սկզբունքը քարքարոտ տեղի ձեր նկարի կողքին: Եթե մենք չձգտենք խորացնել մեր վկայությունները, մենք կզրկվենք ուժից, որն անհրաժեշտ է՝ դիմանալու չարչարանքներին, հալածանքներին և գայթակղություններին:
Նայեք փշոտ տեղի ձեր նկարին: Կարդացեք Մատթեոս 13.22-ը, փնտրելով թե ինչ են ներկայացնում փշերը: Պիտակավորեք ձեր նկարը, թե ինչ են ներկայացնում փշերը:
Որո՞նք են աշխարհիկ հոգսերի որոշ օրինակներ, որոնք կարող են «խեղդել խոսքը»:
Աշխարհիկությունը, ագահությունը և նյութական շեղումները մի քանի օրինակներ են այն հոգսերի, որոնք կարող են «խեղդել խոսքը» և մեզ հեռացնել Աստծուց: Փշոտ տեղի ձեր նկարի կողքին գրեք հետևյալ սկզբունքը. Աշխարհի հոգսերը կարող են խեղդել մեր հավատքը և Աստծո խոսքի մեր վկայությունը:
Նայեք բարի հողի նկարին: Կարդացեք Մատթեոս 13.23 և Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը Մատթեոս 13.23, ծանոթություն բ:
Ուշադրություն դարձրեք, որ Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունն օգնում է մեզ հասկանալ, որ բույսերը բարի հողում դիմացան: Ուշադրություն դարձրեք նաև, որ բույսերը բարի հողում ենթարկվում էին արևի նույն ջերմությանը (որը ներկայացնում է չարչարանքները, հալածանքները և գայթակղությունները)` ինչպես չորացած բույսերը քարոտ հողում: Մտածեք, ինչպես դուք կամփոփեիք, թե ինչ է ներկայացնում բարի հողը և պիտակավորեք ձեր նկարածը:
Հիմնվելով Մատթեոս 13.15-ից ձեր սովորածի վրա, ի՞նչ կարող էր պտուղը ներկայացնել, որը նշված է հատված 23-ում :
Բարի հողի մասին Փրկիչի ուսուցանածից մենք սովորում ենք այն սկզբունքը, որ երբ ստանում ենք Աստծո խոսքը, հասկանում ենք այն և դիմանում չարչարանքներին, հալածանքներին և գայթակղություններին, մենք դարձի ենք գալիս դեպի Փրկիչը: Գրեք այս սկզբունքը բարի հողի ձեր նկարի կողքին:
Կարդացեք հետևյալ սցենարները. Մի գիծ քաշեք յուրաքանչյուր տիպի հողից դեպի սցենարը, որը լավագույնն է լուսաբանում սկզբունքը, որն ուսուցանվում է և ներկայացվում այդ հողի միջոցով սերմնացանի առակում:
|
Մի երիտասարդ կին սիրում էր Եկեղեցի հաճախել ամեն կիրակի։ Սակայն, երբ նա մեծացավ, նրա ընկերներից ոմանք սկսեցին ծաղրել նրան նրա չափանիշների պատճառով: Նա սկսեց խախտել պատվիրաններից մի քանիսը: Նա այլևս հարմարավետ չէր զգում եկեղեցում և կորցրել էր հաճախելու ցանկությունը: |
|
Մի երիտասարդ կին հաճախում է եկեղեցի և լուռ աղոթում է, որ կարողանա ընկալունակ լինել Սուրբ Հոգու հուշումներին: Երբ նա ստանում է հուշումներ, նա գործում է ըստ դրանց: Նա մոտ է զգում Տիրոջը և երախտապարտ է այն ուղիների համար, որոնցով ոգեշնչվել է՝ գայթակղությունը հաղթահարելու համար: |
|
Մի երիտասարդ տղա կանոնավորապես հաճախում է եկեղեցի, բայց նա հազվադեպ է մասնակցում և չի բացում իր սիրտը Սուրբ Հոգու ազդեցության առջև: Նա կարդում է տեղեկություններ կայքէջերում, որոնք քննադատում են Եկեղեցու վարդապետությունները և կասկածում է, թե դեռ հավատում է ավետարանի ճշմարտացիությանը: |
|
Մի երիտասարդ տղամարդ ժամանակի մեծ մասն անցկացնում է պարապելով, որպեսզի կարողանա ընդունվել հեղինակավոր համալսարան: Երբ նա չի պարապում, զբաղված է աշխատանքով: Նա ինքն իրեն ասում է, որ սուրբ գրությունները կարդալու, աղոթելու կամ եկեղեցի հաճախելու ժամանակ չունի: |
Կարևոր է հիշել, որ սրտերը հողի նման կարող են փոխվել և բարելավվել:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.
-
Ի՞նչ կարելի է անել, որպեսզի հողի յուրաքանչյուր տեսակ դարձվի կամ պահվի՝ առողջարար, պտղատու բույսեր աճեցնելու համար:
-
Ինչպե՞ս կարող ենք նմանեցնել յուրաքանչյուր հողի բարեփոխումը նրա հետ, ինչը մենք կարող ենք փոխել մեր սրտերում` Աստծո խոսքի հանդեպ ավելի ընկալունակ լինելու համար:
-
Աստծո խոսքը ստանալու և հասկանալու ձգտումը ինչպե՞ս է օգնել ձեզ՝ դառնալ խորապես դարձի եկած դեպի Փրկիչը:
-
Խորհեք, թե որ տեսակի հողն է լավագույնս ներկայացնում մեր սրտերի վիճակն այժմ:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք մի նպատակ այն բանի վերաբերյալ, թե ինչ եք պատրաստվում անել, որպեսզի ավելի լավ ընկալեք և հասկանաք Աստծո խոսքը և դիմանաք չարչարանքներին, հալածանքներին և գայթակղություններին:
-
Այսօրվա հանձնարարության տակ` սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք հետևյալը.
Ես ուսումնասիրեցի Մատթեոս 13.1–23-ը և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):
Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.