Հռովմայեցիս նախաբանը
Ինչո՞ւ ուսումնասիրել այս գիրքը:
Առ Հռովմայեցիս թուղթը Պողոս Առաքյալի նամակներից ամենածավալունն է և շատերի կողմից համարվում է լավագույնը նրա գրածներից: Այս թուղթը պարունակում է ամբողջական բացատրություն արդարացման վարդապետության մասին, որը գալիս է ոչ թե Մովսեսի օրենքը պահելով, այլ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքով: Այն պարունակում է շատ ուսմունքներ փրկության վարդապետությունների մասին և այդ վարդապետության գործնական կիրառումները ամենօրյա կյանքում: Ուսումնասիրելով այս թուղթը՝ դուք ավելի մեծ երախտագիտություն կզգաք Հիսուս Քրիստոսի Քավության համար և այն հույսի ու խաղաղության համար, որ բոլոր մարդիկ կարող են գտնել Քրիստոսում:
Ո՞վ է գրել այս գիրքը:
Թուղթ առ Հռովմայեցիս գրքի հեղինակը Պողոս Առաքյալն է (տես Հռովմայեցիս 1.1): Պողոս Առաքյալին այս նամակը գրելիս օգնել է նրա դպիր Տերտիոսը, որը նամակի ավարտին իր ողջույններն է հղել Հռոմի սրբերին (տես Հռովմայեցիս 16.22):
Ե՞րբ և որտե՞ղ է այն գրվել:
Թուղթ առ Հռովմայեցիս նամակը Պողոսը գրել է Կորնթոսից՝ իր երրորդ միսիոներական ճամփորդության ավարտին: Մի քանի հիշատակումներ կան, որ իր նամակը նա գրել է Կորնթոսում բնակվելու երեք ամիսների ընթացքում (տես Գործք 20.2–3. այդ հատվածների Ելլադա բառը վերաբերում է Կորնթոսին), հավանաբար Ք.ծ.հ 55 և 56 թվականների միջև: (Տես Սուրբ գրքերի ուղեցույց, «Պողոսի թղթերը»:)
Ո՞ւմ համար է գրվել այս գիրքը և ինչու:
Պողոսի թուղթը առ Հռովմայեցիս ուղղված է Հռոմ քաղաքի Եկեղեցու անդամներին (տեսՀռովմեացիս 1.7): Հռոմում Եկեղեցու կազմավորման օրերը հայտնի չեն, սակայն, հավանաբար, եղել է Պենտեկոստեի օրից ոչ շատ անց, երբ Հռոմ այցելած հրեաները լսեցին Պետրոսի քարոզը (տես Գործք 2.10): Չնայած որ Պողոսը դեռ չէր եղել Հռոմում, նա անձնական ողջույններ է հղել Հռոմի մի քանի սրբերի, որոնց ճանաչել է անձամբ կամ Պրիսկիղայի և Ակիւղասի միջոցով (տես Գործք 18.1–2, 18, Հռովմայեցիս 16.1–16, 21):
Կա առնավազն երեք հիմնական պատճառ, թե ինչու էր Պողոսը նամակ ուղարկել Հռոմի սրբերին.
(1) Որպեսզի նախապատրաստեր իր այցելությանը Հռոմ: Տարիներ շարունակ Պողոսը ցանկանում էր քարոզել ավետարանը Հռոմում (տես Գործք 19.21, Հռովմայեցիս 1.15, 15.23): Նա նաև հույս ուներ, որ Հռոմի Եկեղեցին որպես հիմք կծառայեր, որ նա կարողանար առաքելության գնալ նաև Իսպանիա (տես Հռովմայեցիս 15.22–24, 28):
(2) Որպեսզի պարզաբաներ ու պաշտպաներ իր ուսմունքները: Պողոսը կրկին ու կրկին բախվում էր այն անձանց ընդդիմությանը, ովքեր սխալ էին հասկանում կամ խեղաթյուրում էին իր ուսմունքները Մովսեսի օրենքի և Քրիստոսի հավատքի մասին (տես Գործք 13.45, 15.1–2, 21.27–28, Հռովմայեցիս 3.8, Բ Պետրոս 3.15–16): Նա ակնհայտորեն պատճառ ուներ կասկածելու, որ նման թյուրիմացությունները հասել էին Եկեղեցու անդամներին Հռոմում, այնպես որ նա գրեց, որպեսզի իր գալուց առաջ ցրի մտահոգությունները:
(3) Որպեսզի միաբանություն խրախուսեր Եկեղեցու հրեա և հեթանոս անդամների միջև: Պողոս առաքյալի այս նամակը գրելուց ոչ շատ առաջ, հրեա քրիստոնյաները, ովքեր արտաքսվել էին Հռոմից Կլավդիոս կայսեր կողմից (տես Գործք 18.2) սկսել էին վերադառնալ Հռոմ, որտեղ եկեղեցու մեծամասնությունը հեթանոս քրիստոնյաներ էին: Այդ իրավիճակը, հնարավոր է, որոշ լարվածության ու խնդիրների տեղիք էր տվել հրեա և հեթանոս քրիստոնյաների միջև: Որպես «հեթանոսների առաքեալ» (Հռովմայեցիս 11.13), Պողոսը ջանում էր օգնել, որ հեթանոս նորադարձները Եկեղեցու հետ ամբողջություն կազմեն. մյուս կողմից, որպես հրեա (տես Հռովմայեցիս 11.1), նա մեծ փափագ ուներ օգնել, որ իր ժողովուրդն ընդունի ավետարանը: Նա նպաստում էր Եկեղեցու միաբանությանը, ուսուցանելով, թե ավետարանի վարդապետություններն ինչպես են կիրառելի բոլոր սրբերի համար (տես Հռովմայեցիս 3.21–4.25, 11.13–36, 14.1–15.13):
Որո՞նք են այս գրքի բնորոշ առանձնահատկություններից մի քանիսը:
Նախնական ողջույնից հետո նամակը սկսվում է իր բնաբանի շարադրմամբ. «Հիսուս Քրիստոսի ավետարանն Աստծո զորությունն է ի փրկություն» բոլոր նրանց, ովքեր ապրում են առ Հիսուս Քրիստոսը հավատքով (Հռովմայեցիս 1.16–17):
Չնայած նրան, որ Պողոսի նամակը Հռոմեացիներին կարևոր դեր է խաղացել քրիստոնեական պատմության մեջ, ցավոք, այն նաև եղել է «վարդապետական թյուրիմացություն, սխալ մեկնաբանության և կռվի աղբյուր, առավել քան որևէ այլ աստվածաշնչյան գիրք», – ըստ Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ՝ Երեց Բրյուս Ռ. Մակքոնկիի (Doctrinal New Testament Commentary, 3 vols. [1965–73], 2:211): Անգամ վաղ ժամանակների քրիստոնյաների համար Պողոսի գրվածքները «դժուարիմաց» էին և նրա ուսմունքները երբեմն աղավաղվում ու խեղաթյուրվում էին (Բ Պետրոս 3.15–16):
Համառոտ շարադրանք
Հռովմայեցիս 1–3: Պողոսը բացատրում է Հիսուս Քրիստոսի հավատքով արդարանալու վարդապետությունը: Նա սահմանում է ողջ մարդկության մեղսավոր կացությունը և ուսուցանում է, որ Աստծո կողմից այդ խնդրի լուծումը ողջ մարդկության համար Հիսուս Քրիստոսի Քավությունն է: Հավատքով ընդունելով Քրիստոսի Քավությունը, ողջ մարդկությունը կարող է արդարանալ (ներում ստանալ) և փրկություն ձեռք բերել:
Հռովմայեցիս 4–8: Պողոսը վկայակոչում է Աբրահամի օրինակը, որպեսզի ցույց տա հավատքով արդարացվելու վարդապետությունը: Նա բացատրում է փրկության վարդապետությունները և ուսուցանում է, թե ինչպես են այդ վարդապետություններն ազդում բոլորի վրա, ովքեր հավատում են Քրիստոսին:
Հռովմայեցիս 9–16: Պողոսը գրում է Իսրայելի ընտրյալ կարգավիճակը, ավետարանի ներկայիս մերժումը և վերջնական փրկությունը: Նա Եկեղեցու հրեա և հեթանոս անդամներին խորհուրդ է տալիս ապրել ավետարանով, որպեսզի Եկեղեցում խաղաղություն և միաբանություն լինի: Նա աղերսում է, որ Հռոմի սրբերը շարունակեն պահել պատվիրանները: