Մաս 20. Օր 3
Հռովմայեցիս 1–3
Նախաբան
Պողոս Առաքյալը թուղթ կամ նամակ է գրել Հռոմում բնակվող սրբերին: Նա հայտարարել է, որ Հիսուս Քրիստոսի ավետարանը Աստծո զորությունն է ի փրկություն: Նա բացատրել է, որ քանի որ բոլորն էլ մեղք են գործում, ոչ ոք չի կարող փրկվել միայն սեփական գործերով: Նրանք պետք է փրկվեն Աստծո շնորհով, որը հասանելի է դարձել Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ:
Հետևյալ ցանկը կօգնի ձեզ հասկանալ մի քանի բառեր, որոնք Պողոսն օգտագործում է իր թղթերում (նամակներում).
Ավետարան. «Աստծո փրկության ծրագիրը, որը հնարավոր է դարձել Հիսուս Քրիստոսի քավության միջոցով։ Ավետարանն իր մեջ ընդգրկում է հավերժական ճշմարտություններ կամ օրենքներ, ուխտեր և արարողություններ, որոնք մարդկությանն անհրաժեշտ են՝ կրկին Աստծո ներկայությունը մտնելու համար» (Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Ավետարան», scriptures.lds.org):
Փրկություն. «Թե՛ ֆիզիկական, թե՛ հոգևոր մահից փրկվելը» (Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Փրկություն», scriptures.lds.org):
Արդարացում. «Ազատվել մեղքի համար տրվող պատժից և ճանաչվել անմեղ: Անձն արդարացվում է Փրկչի շնորհով՝ նրա հանդեպ ունեցած հավատքով։ Այդ հավատքը ցուցաբերվում է ապաշխարելով և ավետարանի օրենքներին և արարողություններին հնազանդվելով։ Հիսուս Քրիստոսի քավությունը մարդկանց հնարավորություն է տալիս ապաշխարել և արդարացվել կամ ներվել պատժից, որը նրանք հակառակ դեպքում կստանային» (Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Արդարացում, արդարացնել», scriptures.lds.org):
Հավատք. «Ինչպես ամենից հաճախ օգտագործվում է սուրբ գրքերում, հավատքը վստահելն ու ապավինելն է Հիսուս Քրիստոսին, ինչը մարդուն առաջնորդում է հնազանդվելու նրան։ Հավատքը պետք է կենտրոնացած լինի Հիսուս Քրիստոսի շուրջ, որպեսզի առաջնորդի մարդուն դեպի փրկություն» (Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Հավատք», scriptures.lds.org):
Հաշտություն. Հատուցում (վերականգնել կամ արդարացնել). քավել (Ինչպես օգտագործված է սուրբ գրքերում, քավել նշանակում է կրել գործած մեղքի պատիժը՝ ապաշխարող մեղսավորից հեռացնելով մեղքի արդյունքը և թույլ տալով, որ նա հաշտություն ունենա Աստծո հետ։ Հիսուս Քրիստոսը միակ անձն էր, որն ընդունակ էր կատարյալ քավություն անել ողջ մարդկության համար» [Սուրբ գրքերի ուղեցույց, «Քավել, քավություն,» scriptures.lds.org]:)
Շնորհ. «Աստծուց եկող հնարավորության զորություն, որը տղամարդկանց և կանանց թույլ է տալիս օրհնություններ ստանալ այս կյանքում և ձեռք բերել հավերժական կյանք և վեհացում՝ հավատք գործադրելուց, ապաշխարելուց և պատվիրանները պահելու համար իրենց լավագույն ջանքերը գործադրելուց հետո։ Աստվածային այդպիսի օգնությունն ու ուժը տրվում է Աստծո ողորմության և սիրո շնորհիվ։ Յուրաքանչյուր մահկանացու մարդ աստվածային շնորհի կարիքն ունի՝ Ադամի անկման պատճառով և նաև մարդու թուլության պատճառով» (Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Շնորհ», scriptures.lds.org):
Գործեր. «Մարդու գործողությունները՝ բարի, թե չար։ Յուրաքանչյուր անձ դատվելու է ըստ իր իսկ գործերի» (Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Գործեր», scriptures.lds.org):
Օրենք. «Աստծո պատվիրաններն ու կանոնները, որոնց վրա են հիմնված բոլոր օրհնություններն ու պատիժները երկնքում և երկրի վրա։ Նրանք, ովքեր հնազանդվում են Աստծո օրենքներին, ստանում են խոստացված օրհնությունները։ …
Մովսեսի օրենքը [կամ պարզապես «օրենքը», ինչպես Պողոսն է օգտագործել] նախապատրաստական օրենք էր՝ տղամարդկանց և կանանց Քրիստոսի մոտ բերելու համար» (Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Օրենք», scriptures.lds.org):
Հռովմայեցիս 1.1–17
Հիսուս Քրիստոսի ավետարանը Աստծո զորությունն է ի փրկություն
Երեց Լարի Էքո Հոքը` Յոթանասունի քվորումից, կիսվել է իր երիտասարդ տարիներին ունեցած մի փորձառությամբ, երբ ծառայել է Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերում.
«Ես հանդիպեցի իմ շարքային հրահանգիչին՝ կռվում կոփված մի վետերանի, երբ նա ոտքի հարվածով բացեց զորանոցի դուռը և ներս մտավ, հայհոյախառն արտահայտություններ գոռալով:
Այս սարսափեցնող նախաբանից հետո նա սկսեց զորամասի մի ծայրից և դեմ առ դեմ կանգնելով հարցեր էր ուղղում նորակոչիկներին: Առանց բացառության նա որևէ բան էր գտնում յուրաքանչյուր նորակոչիկի մոտ՝ բարձրաձայն և գռեհկորեն նրան ծաղրելու համար: Անցնելով շարքով նա զինվորներից լսում էր պատասխանները, որոնք պատվիրված էր նրանց տալ. «Այո» կամ «Ոչ, պարոն սերժանտ»: Ես չէի կարողանում պարզ տեսնել, թե ինչ էր նա անում, քանի որ մեզ հրամայված էր կանգնել զգաստ՝ հայացքը դեպի առաջ: Երբ իմ հերթը հասավ, նա վերցրեց իմ պայուսակը և դատարկեց դրա պարունակությունը իմ հետևում գտնվող ներքնակի վրա: Նա զննեց իմ իրերը, այնուհետև ետ վերադարձավ՝ կանգնելով իմ դիմաց: Ես նախապատրաստվել էի նրա խիստ քննադատությանը: Նրա ձեռքում էր գտնվում իմ Մորմոնի Գիրքը» («Եկեք ինձ մոտ, ով Դուք, Իսրայելի տուն» Ensign կամ Լիահոնա, նոյ. 2012, 32):
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.
-
Ի՞նչ կզգայիք, եթե լինեիք Երեց Էքո Հոքի իրավիճակում:
-
Ձեր կարծիքով ի՞նչ էր պատրաստվում անել շարքային հրահանգիչը:
-
Երբևէ եղե՞լ եք մի իրավիճակում, երբ մտահոգվել եք, որ ձեր հավատքը կարող է ծաղրի ենթարկվել: Եթե պատահել է, ապա նկարագրեք այդ իրավիճակը:
-
Հռովմայեցիս Ա գլուխն ուսումնասիրելիս փնտրեք ճշմարտություններ, որոնք կարող են օգնել ձեզ, երբ ծաղրի ու հալածանքի եք ենթարկվում ձեր հավատքի կամ չափանիշների համար:
Հռովմայեցիս գիրքը թուղթ է կամ նամակ, որը Պողոս Առաքյալը գրել է Հռոմի սրբերին իր միսիոներական ճամփորդությունների ավարտին: Նա գրել է, պատրաստելով նրանց իր ժամանմանը, որպեսզի հստակեցնի և պաշտպանի իր ուսմունքները և միասնություն խթանի Եկեղեցու հրեա և ոչ հրեա անդամների միջև: Հռոմը՝ Հռոմեական կայսրության մայրաքաղաքը, լի էր աշխարհիկ փիլիսոփայություններով և պետք է որ դժվար տեղ լիներ Հիսուս Քրիստոսի ավետարանը քարոզելու համար:
Հռովմայեցիս 1.1–14 հատվածներում կարդում ենք, թե Պողոսն ինչպես է սկսում իր թուղթը, վկայելով Հիսուս Քրիստոսի մասին և իր ցանկությունն ու հույսը հայտնելով՝ այցելելու Հռոմի սրբերին:
Կարդացեք Հռովմայեցիս 1.15–17 հատվածները, պարզելով, թե ինչ է ուսուցանել Պողոսը Հռոմի սրբերին Հիսուս Քրիստոսի ավետարանի մասին:
Այդ հատվածներն ուսուցանում են հետևյալ ճշմարտությունը. Հիսուս Քրիստոսի ավետարանն Աստծո զորությունն է ի փրկություն բոլոր նրանց, ովքեր հավատք են գործադրում Հիսուս Քրիստոսի հանդեպ: Կարող եք նշագրել այն արտահայտությունները, որոնք ուսուցանում են այդ սկզբունքը Հռովմայեցիս 1.15–17 հատվածներում:
Ավետարանը մեզ ուսուցանում է, թե ինչպես կարող ենք փրկվել թե՛ ֆիզիկական, թե՛ հոգևոր մահից և վերադառնալ Աստծո ներկայությունը: Մենք պետք է հավատք գործադրենք առ Հիսուս Քրիստոս, որպեսզի ստանանք փրկության օրհնությունները, քանի որ Նա իրագործել է Քավությունը, որը փրկությունը հնարավոր է դարձնում:
«Պողոսի համար հավատքն առ Հիսուս Քրիստոս միայն մտավոր համաձայնություն չէր, որ Հիսուս Քրիստոսը Աստծո Որդին է, այլ Հիսուս Քրիստոսին ողջ սրտով ընդունելն էր և վստահելը որպես այն Մեկը, ով Իրեն զոհ է մատուցել մեր մեղքերի քավության համար: Այդ խորը վստահությունը ուղեկցում է դեպի հավատարմությամբ լի կյանք, որը դրսևորվում է մեղքերից ապաշխարելով, մկրտվելով և ձգտելով ապրել ինչպես Հիսուս Քրիստոսն է ուսուցանել (տես Գործք 16.30–33, Հռովմայեցիս 6.1–11, Ա Կորնթացիս 6.9–11): «Հավատքքն առ Հիսուս Քրիստոս … դրսևորվում է ավետարանի օրենքներին ու արարողություններին հնազանդ ապրելով և Քրիստոսին ծառայելով» (Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Փրկություն», scriptures.lds.org)» (Նոր Կտակարանի ուսանողի ձեռնարկ [Եկեղեցու Կրթական Համակարգ, 2014], 334):
Սկզբունքներից մեկը, որ կարող ենք հայտնաբերել Հռովմայեցիս 1.16-ում այն է, որ երբ վկայություն ստանանք, որ Հիսուս Քրիստոսի ավետարանը յուրաքանչյուրիս փրկելու զորություն ունի, մենք ամոթ չենք համարի կիսվել դրանով ուրիշների հետ:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին. Ձեր կարծիքով Հիսուս Քրիստոսի ավետարանի մասին վկայություն ստանալը ինչպե՞ս կարող է օգնել մեզ ուրիշների հետ կիսվելու քաջություն ունենալ:
Կարդացեք Երեց Էքո Հոքի շարքային սերժանտի հետ ունեցած փորձառության շարունակությունը.
«Ես սպասում էի, որ նա կգոռա ինձ վրա. դրա փոխարեն նա մոտեցավ ինձ և շշնջաց. «Դու Մորմո՞ն ես»:
Ինչպես պատվիրված էր, ես բարձր ձայնով պատասխանեցի. «Այո, պարոն սերժանտ»:
Կրկին ես սպասում էի վատագույնին: Դրա փոխարեն նա մի պահ կանգ առավ և բարձրացրեց իր ձեռքը, որով բռնել էր Մորմոնի Գիրքը, և հետո շատ ցածր ձայնով նա ասաց. «Դու հավատու՞մ ես այս գրքին»:
Ես կրկին բացականչեցի. «Այո, պարոն սերժանտ»:
Այդ պահին ես վստահ էի, որ նա արհամարհական բառեր կգոռար մորմոնականների և Մորմոնի Գրքի վերաբերյալ, սակայն նա պարզապես լուռ կանգնած էր: Քիչ անց, նա վերադարձավ իմ մահճակալի մոտ և զգուշորեն ցած դրեց իմ Մորմոնի Գիրքը: Այնուհետև, նա առանց կանգնելու անցավ իմ կողքով և շարունակեց հայհոյանքներով ծաղրել և նսեմացնել մյուս նորակոչիկներին» («Եկեք ինձ մոտ, ով Դուք, Իսրայելի տուն», էջ 32):
Մտածեք, թե Երեց Էքո Հոքի պատասխանն ինչու է Հռովմայեցիս 1.16 հատվածում ուսուցանվող սկզբունքի դրսևորման լավ օրինակ:
Կարդացեք Երեց Էքո Հոքի խոսքերի շարունակությունը. «Հաճախ եմ խորհել, թե ռազմածովային հետևակի այդ կոպիտ սերժանտն ինչու խնայեց ինձ այդ օրը: Սակայն երախտապարտ եմ, որ կարողացա առանց հապաղելու ասել. «Այո, ես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ եմ» և «Այո, ես գիտեմ, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է»: Այս վկայությունը թանկարժեք պարգև է, որ տրվել է ինձ Սուրբ Հոգու միջոցով» («Եկեք ինձ մոտ, ով Դուք, Իսրայելի տուն», էջ 32):
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.
-
Ե՞րբ եք դուք կամ ձեզ ծանոթ ինչ-որ մեկը քաջություն դրսևորել՝ չամաչելով կիսվել Հիսուս Քրիստոսի ավետարանով:
-
Ո՞րն է ձեր վկայությունը Հիսուս Քրիստոսի ավետարանի մասին:
-
Ինչպե՞ս եք դուք ամրապնդում ձեր վկայությունը ավետարանի մասին: Ուրիշ ի՞նչ կարող եք դուք անել ձեր վկայությունը ամրապնդելու համար: Գրեք մի նպատակ, որի վրա կաշխատեք այս շաբաթ, որը կօգնի ամրապնդել ձեր վկայությունը:
-
Հռովմայեցիս 1.18–3.23
Ամենքը մեղանչեցին, և Աստծո փառքիցը պակասված են
Պողոսի ժամանակ, որոշ հեթանոս քրիստոնյաներ ձգտում էին արդարացնել անբարո կամ մեղսավոր վարքը, շեշտելով Աստծո ողորմությունը և անտեսելով Նրա կատարյալ արդարությունը: Ի լրումն, հրեա քրիստոնյաներից ոմանք դեռևս հավատացած էին, որ Մովսեսի օրենքը պահելն անհրաժեշտություն էր փրկության համար: Պողոս Առաքյալը փորձել է ուղղել այդ երկու թյուր ըմբռնումները:
Կարդացեք Հռովմայեցիս 1.22–31 հատվածները, պարզելով, թե ինչ մեղքեր էին գործում հեթանոսները:
Ձեր կարծիքով՝ ըստ Հռովմայեցիս 1.25 հատվածի, ի՞նչ է նշանակում երկրպագել և պաշտել «ստեղծուածներին, քան թէ Ստեղծողին»:
Հետևյալ արտահայտությունները՝ «բնական գործածութիւնը փոխեցին անբնականի հետ» Հռովմայեցիս 1.26 և «կնոջ բնական գործածութիւնը թողելը» Հռովմայեցիս 1.27 վերաբերում են կանանց և տղամարդկանց համասեռամոլ վարքին: Կանանց և տղամարդկանց համասեռամոլ վարքի հանդեպ Եկեղեցու դիրքորոշումն ավելի լավ հասկանալու համար, կարդացեք հետևյալ հայտարարությունները.
Համասեռամոլ և լեսբիական վարքը լուրջ մեղք է: Եթե դուք նույն սեռի հանդեպ խիստ գրավչություն եք զգում կամ եթե ձեզ համոզել են ոչ պատշաճ գործողության մասնակցել, խորհուրդ փնտրեք ձեր ծնողներից և եպիսկոպոսից: Նրանք կօգնեն ձեզ» (Երիտասարդներին զորացնելու համար [գրքույկ, 2011], 36):
Համասեռամոլ վարքը … դեմ է մարդկային սեռական նպատակներին (տես Հռովմայեցիս 1.24–32): Այն աղճատում է սիրո հարաբերությունները և մարդկանց խոչընդոտում է ստանալ այն օրհնությունները, որոնք նրանք կարող են գտնել ընտանեկան կյանքում և ավետարանի փրկարար արարողություններում» (Հավատքին հավատարիմ Ավետարանական վկայակոչում [2004],138):
«Եկեղեցու վարդապետական դիրքորոշումը հստակ է. Սեռական հարաբերությունները նախատեսված են ամուսնացած տղամարդու և կնոջ համար: Ինչևէ, դա չպետք է օգտագործվի անբարյացակամ վերաբերմունքի արդարացման համար: Հիսուս Քրիստոսը, ում մենք հետևում ենք, հստակ դատապարտում էր սեռական անբարոյականությունը, բայց երբեք դաժան չէր: Նա միշտ շահագրգռված էր անձին բարձրացնելու, ոչ թե նվաստացնելու: …
«Եկեղեցին տարբերակում է միևնույն սեռի հանդեպ գրավչությունը և վարքը։ Չնայած նույն սեռի հանդեպ զգացմունքներ և հավակնություն զգալն ինքնին մեղք չէ, բայց համասեռամոլ վարքը հակասում է «վարդապետական սկզբունքին` հիմնված սուրբ գրության վրա … որ տղամարդու և կնոջ միջև ամուսնությունը կարևոր է Արարչի ծրագրում` Իր զավակների հավերժական ճակատագրի համար» [«Առաջին Նախագահության հայտարարությունը միասեռ ամուսնությունների վերաբերյալ»]» («Same-Sex Attraction», topics.lds.org)։
Ինչո՞ւ է մեզ համար կարևոր հասկանալ Տիրոջ մարգարեների և առաքյալների ուսմունքները տղամարդկանց և կանանց համասեռամոլ վարքի վերաբերյալ:
Հռովմայեցիս 2.1–3.8 Պողոսն ուսուցանել է, որ բոլոր մարդիկ դատվելու են ըստ իրենց գործերի և նա ցույց է տվել, որ հրեաների անարդարությունը նրանում է, որ Մովսեսի օրենքը պահում են դրսի երևույթով, բայց ոչ հոգով:
Կարդացեք Հռովմայեցիս 3.9–12, 23 հատվածները, պարզելով, թե ըստ Պողոսի, ում վրա է ազդում մեղքը:
23 հատվածում կարող եք նշագրել, թե մեղքը ինչ աղդեցություն է գործում մեզ վրա:
Այս հատվածների ուսուցանած ճշմարտությունն այն է, որ պատասխանատվության տարիքի հասած բոլոր մարդիկ մեղք են գործում և ունեն Աստծո ներման կարիքը: Այդ ճշմարտությունն ինչպե՞ս է օգնում ավելի լավ հասկանալ, թե ինչու մենք ունենք Հիսուս Քրիստոսի կարիքը:
Շարունակելով ուսումնասիրել Հռովմայեցիս 3 գլուխը՝ պարզեք, թե Պողոսը ինչ ճշմարտություններ է ուսուցանել, որոնք մեզ՝ մեղավորներիս, հույս են տալիս:
Հռովմայեցիս 3.24–31
Ողջ մարդկությունը կարող է արդարանալ՝ Քրիստոսի Քավությունը հավատքով ընդունելու շնորհիվ
Հռովմայեցիս 3.24–31 հատվածներում բացատրելով, որ մենք բոլորս մեղք ենք գործում և դատապարտված ենք Աստծո առաջ, քանի որ Նա չի կարող մեղքը ընդունելի համարել, Պողոս Առաքյալն ուսուցանել է, թե ինչպես հնարավոր է հաղթահարել այդ վիճակը Հիսուս Քրիստոսի Քավության հանդեպ հավատքի շնորհիվ: Այդ հատվածները հասկանալու համար, անհրաժեշտ է հասկանալ հետևյալ բառերի իմաստը. արդարանալ նշանակում է մեղքի պատժից ազատվել և անմեղ ճանաչվել, շնորհը Աստծո ողորմածությունից և սիրուց եկող աստվածային օգնություն և զորություն է, և քավություն անել նշանակում է մեղքի պատիժը իր վրա վերցնել:
Կարդացեք Հռովմայեցիս 3.24–26 հատվածները, տեղադրելով վերոհիշյալ սահմանումները: Հռովմայեցիս 3.24 հատվածում կարող եք նշագրել, թե ինչպես ենք մենք արդարացվում կամ արժանի համարվում Աստծո ներկայության մեջ լինելու համար:
Ջոզեֆ Սմիթի Թարգմանությամբ Հռովմայեցիս 3.24 հատվածը՝ ձրի են արդարանում նորա շնորհքովը փոխվում է՝ նրա շնորհով են միայն արդարանում (տես Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Հռովմայեցիս 3.24 [անգլերեն աստվածաշնչում Romans 3:24, footnote a]): Չնայած մեր բարի գործերը մեզ օգնում են ցույց տալ մեր հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ, մենք չենք կարող միայն այդ գործերով փրկություն վաստակել կամ փրկության արժանանանալ, քանի որ, ինչպես Պողոսն է ուսուցանել Հռովմայեցիս 3.23 հատվածում, մենք բոլորս մեղանչել ենք, ուստի փրկությունից զրկված ենք: Միայն Աստծո շնորհով է՝ Նրա աստվածային զորության և ուժ տվող կարողության շնորհիվ է, որ մենք փրկվում ենք:
Նկատեք Հռովմայեցիս 3.25–26 հատվածներում, որ նրանք, ովքեր հավատում և ապավինում են Հիսուս Քրիստոսին, արդարացվում են Աստծո շնորհով: Հիշեք, որ հավատալ և ապավինել բառերը նշանակում են ողջ սրտով ընդունել Հիսուս Քրիստոսին, ինչը մղում է դառնալ Իր Եկեղեցու անդամ, պատրաստակամ լինելով պահել Նրա պատվիրանները և հնազանդ լինել ավետարանի արարողություններին: Այդ հատվածներից մենք կարող ենք սովորել հետևյալ սկզբունքը. Հավատքով ընդունելով Հիսուս Քրիստոսի Քավությունը, ողջ մարդկությունը կարող է արդարանալ և փրկություն ստանալ:
Մտածեք, թե փրկություն ստանալու համար դուք ինչու ունեք Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի կարիքը: Գրեք մի քանի եղանակ, թե ինչպես կարող եք ցույց տալ, որ հավատքով ընդունում եք Փրկչի Քավությունը.
Կարող եք կիսվել Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության մասին ձեր զգացումներով ու վկայությունով ինչ-որ մեկի հետ, ում հնարավոր է օգնի Փրկչի մասին լսելը:
Հռովմայեցիս 3:27–31 հատվածներում Պողոսը շեշտել է, որ թե՛ հրեաները և թե՛ հեթանոսները արդարացվում են Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքով: Հավատքով դարձի գալով դեպի Հիսուս Քրիստոսը՝ նրանք կատարում կամ «հաստատում են օրենքը» Մովսեսի (Հռովմայեցիս 3.31), որը մատնացույց էր անում Քրիստոսին:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.
Ես ուսումնասիրեցի Հռովմայեցիս 1–3 գլուխները և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):
Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.