Մաս 21. Օր 1
Հռովմայեցիս 8–11
Նախաբան
Պողոս Առաքյալն ուսուցանել է օրհնությունների մասին, որոնք գալիս են հոգեպես վերածնվելու և Երկնային Հոր կամքին ենթարկվելու արդյունքում: Նա ուսուցանել է, որ Իսրայելը մերժել է Աբրահամի և նրա սերունդների հետ կապած Աստծո ուխտը: Պողոսն ուսուցանել է, որ Աստծո ընտրյալ ժողովուրդը որոշվում է ավելի շատ իրենց ուխտերի հավատարմությամբ, քան ազգատոհմով և նա ուսուցանել է ավետարանը հեթանոսներին հասցնելու մասին:
Հռովմայեցիս 8
Պողոսը նկարագրում է հոգեպես վերածնվելու օրհնությունները
Դուք գիտե՞ք ինչ-որ մեկին, ով մեծ արժեք կամ կարևորություն ունեցող մի բան է ժառանգել մեկ այլ անձնավորությունից: Օրինակ, երբեմն ծնողը կամ տատն ու պապը մեծ արժեքի ինչ-որ մի բան են նվիրում իրենց երեխաներին կամ թոռներին:
Եթե հնարավորություն ունենայիք ինչ-որ մեկի ունեցվածը ժառանգելու, ո՞ւմ ունեցվածքը դուք կընտրեիք և ինչո՞ւ:
Մտածեք թե ինչ օրհնություններ դուք կստանայիք, եթե ժառանգեիք այն ամենը, ինչ ունի մեր Երկնային Հայրը: Հռովմայեցիս 8.1–18 հատվածներն ուսումնասիրելիս պարզեք, թե ինչ պետք է մենք անենք, որպեսզի ժառանգենք այն ամենը, ինչ ունի Երկնային Հայրը:
Կարդացեք Հռովմայեցիս 8.1, 5–7, 13 հատվածները, պարզելով, թե Պողոս առաքյալն ինչ է ուսուցանել «մարմնապես վարվելու» կամ մեղք գործելու բնական հակմանը ենթարկվելու և Հոգուն հետևելու մասին:
Այս հատվածներում Պողոսն ուսուցանել է երկու հակադիր պահվածքի՝ «մարմնի խորհրդին» և «հոգու խորհրդին» հետևելու մասին (Հռովմայեցիս 8.6): Մարմնի խորհրդին հետևելը ֆիզիկական հաճույքների, կրքերի և հեշտասիրության մասին մտահոգվելն է: Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում հոգու խորհրդին հետևել:
«Մարմնի գործերը սպանեք» արտահայտությունը (Հռովմայեցիս 8.13) նշանակում է հաղթահարել մահկանացու մարմնի թուլությունները, գայթակղությունները և մեղքերը կամ ազատվել դրանցից (տես անգլերեն աստվածաշնչի Romans 8:13, ծանոթագրություն b, Մոսիա 3.19): Այս հատվածից մենք սովորում ենք, որ եթե հետևենք Հոգու ներգործությանը, մենք կհաղթահարենք մեղք գործելու հակումը:
Կարդացեք Հռովմայեցիս 8.14–17, պարզելով, թե Պողոսն ինչպես է անվանել նրանց, ովքեր հետևում են Հոգուն: Որդիք բառը 14 հատվածում, նշանակում է զավակներ և ներառում է նաև դուստրերին (տես ՎևՈւ 25.1):
Սուրբ գրությունները մեր մասին խոսում են որպես «Աստծո որդիք» (Հռովմայեցիս 8.16) ավելի քան մեկ իմաստով: Նախ՝ յուրաքանչյուր մարդ արարած բառացիորեն մեր Երկնային Հոր սիրված հոգեղեն զավակն է: Երկրորդ՝ մենք վերստին ծնվում ենք որպես Աստծո զավակներ Հիսուս Քրիստոսի հետ ուխտյալ հարաբերություն ձևավորելով, երբ մենք ապաշխարում ենք, մկրտվում և ստանում ենք Սուրբ Հոգին:
Հռոմեական աշխարհում որդեգրությունն ընդունված էր և այն ծանոթ գաղափար էր Պողոսի ընթերցողների համար: Օրինական որդեգրվող անձնավորությանը շնորհվում էին բոլոր իրավունքներն ու արտոնությունները, որոնք ունեին հարազատ երեխաները: Ուստի, երբ մենք ստանում ենք «որդեգրութեան Հոգին» (Հռովմայեցիս 8.15) ավետարանի ուխտի մեջ մտնելով, մենք դառնում ենք Աստծո ժառանգները և «Քրիստոսի ժառանգակիցները» (Հռովմեացիս 8.17):
Մորմոնի Գրքում Բենիամին թագավորը նույնպես ուսուցանել է, թե ինչպես կարող ենք դառնալ «Քրիստոսի զավակներ» (տես Մոսիա 5.5–10):
Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթն ուսուցանել է, որ Հիսուս Քրիստոսը «դառնում է մեր Հայրը … քանի որ մեզ կյանք է առաջարկում՝ հավերժական կյանք, այն քավության շնորհիվ, որը նա կատարել է մեզ համար»: Նա բացատրել է. «Մենք դառնում ենք Հիսուս Քրիստոսի զավակները` որդիներն ու դուստրերը, Նրան հնազանդվելու մեր ուխտերի շնորհիվ» (Doctrines of Salvation, comp. Bruce R. McConkie, 3 vols. 1954–56, 1:29):
Կրկին կարդացեք Հռովմայեցիս 8.17 հատվածը: Ժառանգակիցն այն մարդն է, որը մյուս ժառանգների հետ ժառանգության հավասար բաժին է ստանում:
Եթե մենք Հայր Աստծո զավակներն ենք, ապա ինչո՞ւ, ինքնաբերաբար, հավասար ժառանգություն չենք ստանում Հիսուս Քրիստոսի հետ միասին: Ինչո՞ւ է անհրաժեշտ, որ դառնանք Հիսուս Քրիստոսի որդիներն ու դուստրերը:
Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ․ Օուքսը բացատրել է․ «Մենք բոլորս մեր երկնային ծնողների ժառանգներն ենք: «Աստուծոյ որդիք ենք, – ուսուցանել է Պողոս Առաքյալը, – և եթէ որդիք` ապա ժառանգներ էլ, Աստուծոյ ժառանգներ և Քրիստոսի ժառանգակիցներ» (Հռովմայեցիս 8.16–17): Սա նշանակում է, ինչպես մեզ ասվել է Նոր Կտակարանում, որ մենք «ժառանգ [ենք] … հավիտենական կյանքի» (Տիտոս 3.7) և եթե մենք մոտենանք Հորը, մենք պետք է «ժառանգենք ամէնը» (Հայտնություն 21:7), այն ամենը, ինչ Նա ունի, մի գաղափար, որը մեր մահկանացու միտքը հազիվ է կարողանում ըմբռնել: Բայց, համենայն դեպս, մենք կարող ենք հասկանալ, որ նվաճել այս առավելագույն ճակատագիրը հավերժությունում հնարավոր է միայն, եթե մենք հետևենք մեր Փրկչին` Հիսուս Քրիստոսին, ով ուսուցանել է, որ «Ոչ ով չի գալիս Հօր մօտ, եթէ ոչ ինձանով» (Հովհաննես 14.6)» (« Քրիստոսի հետևորդները» Լիահոնա, մայիս 2013, 98):
Մեր արժանավորությամբ պայմանավորված՝ մենք ոչինչ չէինք ստանա, քանի որ բոլորս մեղանչել ենք և կտրված ենք Աստծո փառքից (տես Հռովմայեցիս 3.23): Սակայն, երբ որդեգրվում ենք Հիսուս Քրիստոսի կողմից, մեր անկատարությունը հաղթահարվում է Նրա կատարյալ կյանքի և Քավության շնորհիվ: Այդպիսով, Հիսուս Քրիստոսի հետ մեր ուխերի և հնազանդության շնորհիվ մենք դառնում ենք [Հիսուս Քրիստոսի] ժառանգակից և «չարչարանքներին կցորդ» (Հռովմայեցիս 8.17): Դա չի նշանակում, որ մենք չարչարվում ենք այնպես, ինչպես Փրկիչը չարչարվեց Իր քավիչ զոհաբերության ժամանակ: Փոխարենը, մենք չարչարվում ենք Նրա հետ, հետևելով Նրան և զոհաբերելով աշխարհիկ բաները, հնազանդվելով պատվիրաններին և հավատքով դիմակայելով հակադրությանը:
Հռովմայեցիս 8.14–18 հատվածներից սովորում ենք, որ եթե մենք Աստծո հավատարիմ ուխտյալ զավակներ լինենք, մենք կարող ենք Հիսուս Քրիստոսի հետ ժառանգել այն ամենն, ինչ ունի Երկնային Հայրը:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գծեք երեք սյունակով մի աղյուսակ, առաջին սյունակը վերնագրելով Պահանջներ, մեջտեղինը՝ Հակադրություն, իսկ երրորդ սյունակը՝ Ժառանգություն: Այնուհետև արեք հետևյալը.
-
«Պահանջներ» սյունակում գրեք չորս կամ հինգ հատուկ պատվիրաններ կամ չափանիշներ, որոնցով պետք է ապրենք, որպեսզի Աստծո հավատրիմ ուխտյալ զավակները համարվենք:
-
«Հակադրություն» սյունակում գրեք հակադրությունների մի քանի օրինակ, որ հնարավոր է հանդիպենք, մինչ ձգտում ենք ապրել որպես Աստծո հավատարիմ ուխտյալ զավակներ:
-
«Ժառանգություն» սյունակում գրեք մի քանի օրհնություններ, որոնք կարող ենք ժառանգել Երկնային Հոր կողմից, եթե ջանանք ապրել որպես Իր հավատարիմ ուխտյալ զավակներ:
-
Նայելով սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում ձեր գրածին, համեմատեք Քրիստոսի հետ ժառանգակից լինելու օրհնություններն ու պահանջները, որոնց պիտի համապատասխանեք և հակադրությունը, որին պիտի դիմակայեք: Ի՞նչ կասեիք մի մարդու, ով ձեզ կհարցներ, թե արդյոք արժե հավատարիմ լինել Տիրոջ պատվիրաններին:
Կարդացեք Հռովմայեցիս 8.18, պարզելով, թե Պողոսն ինչպես է մեր զոհաբերածը համեմատել Երկնային Հոր կողմից սպասվող մեր ժառանգության հետ:
Հռովմայեցիս 8.19–30 հատվածներում Պողոսն ուսուցանել է, որ Հոգին օգնում է մեր տկարություններին, և որ Հիսուս Քրիստոսը նախաերկրային կյանքում կանչվել է լինելու Աստծո զավակների Փրկիչը: (Հռովմայեցիս 8.29–30 հատվածներում նախասահմանել բառը նշանակում է նախապես կարգվել կամ կանչվել: Եփեսացիս թղթում դուք ավելի շատ կուսումնասիրեք նախակարգման մասին Պողոս Առաքյալի ուսմունքների վերաբերյալ):
Կարդացեք Հռովմայեցիս 8.28, 31–39, պարզելով, թե Պողոսն ինչ ճշմարտություններ է ուսուցանել Աստծո սիրո վերաբերյալ, կապված մահկանացու կյանքի հակադրությունների, մարտահրավերների և ձախորդությունների հետ: Կարող եք նշագրել ձեզ համար իմաստալից խոսքերն ու արտահայտությունները:
Ջոզեֆ Սմիթի Թարգմանության մեջ Հռովմայեցիս 8.31 հատվածում ասվում է. «Եթե Աստված մեզ հետ է, ո՞վ կարող է գերիշխել [հաղթել] մեզ»: (Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Հռովմայեցիս 8.31 [անգլերեն աստվածաշնչում Romans 8:31, ծանոթագրություն a]):
Ճշմարտություններից մի քանիսը, որ կարող ենք բացահայտել անցած հատվածներում, հետևյալն են. Եթե սիրենք Աստծուն, ապա բոլոր բաները մեզ գործակից կլինեն՝ բարու համար: Հիսուս Քրիստոսի միջոցով մենք կարող ենք հաղթահարել մահկանացու կյանքի բոլոր մարտահրավերներն ու ձախորդությունները: Ոչինչ չի կարող մեզ բաժանել Աստծո սիրուց, որը երևում է Հիսուս Քրիստոսի Քավության մեջ:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում կատարեք հետևյալ վարժություններից մեկը կամ մի քանիսը.
-
Մտածեք ձեր ունեցած մարտահրավերների ու ձախորդությունների մասին, ապա Հռովմայեցիս 8.28, 31–39 հատվածներից դուրս գրեք երկու պնդում, որոնք դուք հավանել եք և բացատրեք, թե ինչու:
-
Նկարագրեք, թե ինչպես եք զգացել Աստծո սերը ձեր մարտահրավերների ժամանակ:
-
Գրեք մի քանի ուղիներ, թե ինչպես կարող եք ցույց տալ ձեր սերը Աստծո հանդեպ: Նպատակ դրեք գործելու ձեր գրածի համաձայն և վստահ եղեք, որ բոլոր բաները կգործեն ձեր բարիքի համար:
-
Հռովմայեցիս 9–11
Պողոսն ուսուցանում է Աստծո ուխտերը Իսրայելի կողմից մերժելու և ավետարանը հեթանոսներին հասցնելու մասին
Ինչպես գրված է Հռովմայեցիս 9–11 գլուխներում, Պողոս առաքյալը հրեաներ բառի փոխարեն օգտագործել է Իսրայել կամ Իսրայելացիներ: Հին Կտակարանի ժամանակ Աստված ընտրեց Հակոբի կամ Իսրայելի հետնորդներին՝ լինելու Աբրահամի հետ Իր ուխտի մասը (տես Հռովմայեցիս 9.4–5): Այդ ուխտը ներառում էր օրհնություններ, ինչպիսիք էին երկիրը, քահանայության իշխանությունը և աշխարհով մեկ մարդկանց օրհնելը ավետարանի միջոցով, որը հնարավոր է դարձնում հավերժական կյանքը:
Կարդացեք Հռովմայեցիս 9.6, 8, պարզելով, թե Պողոսն ինչ է ուսուցանել Իսրայելի տան անդամների մասին:
Ձեր կարծիքով ի՞նչ նկատի ուներ Պողոսը, ասելով. «ոչ թէ ամենքը որ Իսրայէլիցն են՝ նորանք են Իսրայէլը» (Հռովմայեցիս 9.6):
Հրեաներից ոմանք չէին հասկանում, որ Իսրայելի տանը ծնված ոչ բոլորն էին արժանի Աստծո ուխտի մասը լինել Իսրայելի հետ: Նրանք սխալմամբ հավատում էին, որ ազգատոհմն ինքնաբերաբար ուխտի օրհնություններ էր բերում նրանց:
Կարդացեք Հռովմայեցիս 10.8–13 հատվածները, պարզելով, թե ինչպես կարող է ամեն ոք դառնալ Աստծո ուխտի ժողովուրդը, անկախ նրանից՝ Իսրայելացի է, թե ոչ:
Այս հատվածներում դավանել բառի հունարեն բնագիրն ունի բացահայտ ընդունելու կամ ուխտ անելու իմաստ, իսկ հավատալ բառի հունարեն բնագիրը նշանակում է վստահելի նվիրվածություն: Փրկչի հանդեպ այդ խորը վստահությունը մարդկանց դրդում է հայտնապես ընդունել Նրան այն ուղով, որը Նա է սահմանել: Այդ ուղին ներառում է Աստծո պատվիրաններին հնազանդվելը, ապաշխարելը և ավետարանի փրկարար արարողությունները ստանալը, այդ թվում մկրտությունը և Սուրբ Հոգու պարգևը:
Ըստ Պողոսի ուսմունքների՝ եթե ընդունենք Հիսուս Քրիստոսին ու Նրա ավետարանը և հնազանդվենք, մենք կստանանք Աստծո ուխտերի օրհնությունները և կփրկվենք:
-
Որոշ մարդիկ օգտագործում են Հռովմայեցիս 10.9, 13 հատվածները, պնդելով որ փրկվելու համար բավարար է միայն խոսքերով արտահայտել, որ մենք հավատում ենք Հիսուս Քրիստոսին: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե այս դասին սովորած ճշմարտություններն ինչպես կարող են օգնել ձեզ պատասխանելու նմանատիպ կեղծ պնդմանը:
Հռովմայեցիս 10–11 մնացած գլուխներում կարդում ենք, որ Աստծո խոսքը լսելը կենսական է Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատք ձևավորելու համար: Նա լրացուցիչ բացատրություն է տվել Իսրայելի կողմից Հիսուս Քրիստոսի ավետարանը մերժելու մասին և օգտագործել է վայրի ձիթենու ճյուղերը ընտանի ձիթենու վրա պատվաստելու նմանությունը՝ ներկայացնելով Իսրայելի տան մեջ հեթանոսների որդեգրումը (տես Հակոբ 5): Նա նաև ուսուցանել է, որ ավետարանը կրկին առաջարկվելու է հրեաներին:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.
Ես ուսումնասիրեցի Հռովմայեցիս 8–11 գլուխները և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):
Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.