Ա Թեսաղոնիկեցիս նախաբանը
Ինչո՞ւ պիտի ուսումնասիրել այս գիրքը:
Առաջին Նամակը թեսաղոնիկեցիներին համարվում է առաջինը Պողոս Առաքյալի գոյություն ունեցող նամակներից և հավանաբար Նոր Կտակարանի ամենահին գիրքը: Պողոսի ուսուցումները այս նամակում առաջին հերթին կենտրոնացված են Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալստյան վրա, ներառյալ այն նեղությունները, որ Հիսուս Քրիստոսի հետևորդները կկրեն նախքան Նրա վերադարձը (տես Ա Թեսաղոնիկեցիս 3.3), Երկրորդ Գալստյան ժամանակ քրիստոնյաների հարության (տես Ա Թոսաղոնիկեցիս 4.13-14-ում), և Քրիստոսի գալու ժամանակահատվածի վրա (տես Ա Թեսաղոնիկեցիս 5.1-2): Այս գիրքը ուսումնասիրելիս դուք կսովորեք Երկրորդ Գալստյան մասինև կքաջալերվեք, որ հավատարիմ մնաք Տիրոջը:
Ո՞վ է գրել այս գիրքը:
Պողոսն է գրել Ա Թուղթ առ Թեսաղոնիկեցիս (տես Ա Թեսաղոնիկեցիս 1.1, տես նաև Ա Թեսաղոնիկեցիս 2.18-ում):
Ե՞րբ և որտե՞ղ է այն գրվել:
«Պողոսը այս նամակները գրել էր թեսաղոնիկեցիներին Կորնթոսից, իր երկրորդ միսիոներական ճանապարհորդության ժամանակ, մոտ մ.թ. 50–51 թթ. (Սուրբ գրությունների ուղեցույց, “Pauline Epistles,” scriptures.lds.org):
Ո՞ւմ համար է գրված այս գիրքը և ինչո՞ւ:
Պողոսը գրեց Ա Թուղթ առ Թեսաղոնիկեցիս Թեսաղոնիկեի Եկեղեցու անդամներին: Թեսաղոնիկեն անտիկ Հունաստանի Մակեդոնական թագավորության ամենախիտ բնակեցված և բարգավաճող քաղաքն էր երկու կարևոր պատճառներով. քաղաքը կառուցվել էր Էգեյան Ծովի լավագույն բնական նավահանգստում և տեղադրված էր Հռոմը Ասիային միացնող հիմնական մայրուղու վրա:
Պողոսի երկրորդ միսիոներական ճանապարհորդության ժամանակ Հոգին ուղղորդեց Պողոսին և նրա ընկերակիցներին` Շիղային, Տիմոթեոսին և Ղուկասին, կտրել անցնել Էգեյան Ծովը և գնալ Մակեդոնիա (տես Գործք 16.6-12-ում): Դա նշանակում էր քարոզել ավետարանը Եվրոպայում: Փիլիպպեում քարոզելուց հետո (տես Գործք 16.12-40-ում), Պողոսր և Շիղան ճանապարհորդեցին դեպի Թեսաղոնիկե:
Պողոսը Շիղայի հետ աշխատեց Թեսաղոնիկեում , բայց հրեա ղեկավարները նրանց քաղաքից դուրս հանեցին (տես Գործք 17.1-9): Ավելի ուշ Տիմոթեոսը հաղորդեց Պողոսին, որ Թեսաղոնիկեի սրբերը հավատարիմ էին մնացել անկախ հետապնդումներից, և որ նրանց առաքինի ազդեցությունը տարածվում էր (տես Գործք 18.5, Ա Թեսաղոնիկեցիս 1.7-8, 3.6-8-ում):
Թեսաղոնիկեի դարձի եկածները առաջին եվրոպացիներից էին, ովքեր գրկաբաց ընդունեցին ավետարանը և արդյունքում ենթարկվեցին հալածանքների : Նրանք շատ հարցեր ունեին նաև Երկրորդ Գալստյան մասին: Հետևաբար, Թեսաղոնիկեցիներին ուղղված իր նամակում Պողոսը գրեց քաջալերող և զորացնող խոսքեր, պատասխանելով նրանց հարցերին Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալստյան վերաբերյալ։
Որո՞նք են այս գրքին բնորոշ որոշ առանձնահատկությունները:
Թեսաղոնիկեցիներին ուղղված Պողոսի առաջին նամակում հիմնական թեմաներից մեկը Երկրորդ Գալուստն է: Նա կենտրոնացել էր առաքինիների մասնակցությանը Երկրորդ Գալստյան իրադարձություններին, հատկապես այնՍրբերի, ովքեր արդեն մահացել էին (տես Ա Թեսաղոնիկեցիս 2.19, 3.13, 4.13-17, 5.1-10): Ի տարբերություն Պողոսի ուրիշ շատ նամակների, 1 Թեսաղոնիկեցիս չի պարունակում հիմնական կշտամբանքներ, բայց փոխարենը թեսաղոնիկեցի Սրբերին ուղղում է գովեստի խոսքեր և գովասանքներ:
Համառոտ շարադրանք
Ա Թեսաղոնիկեցիս 1-3 Պողոսը բարձր գնահատանքի է արժանացնում Թեսաղոնիկեի Սրբերին: Նա հիշեցնում է ընթերցողներին նրանց շրջապատում իր բարի ծառայությունը և իր գոհունակությունն է արտահայտում նրանց հավատարմության համար: Նա քաջալերում է Սրբերին` ավելացնել իրենց սերը միմյանց և բոլոր մարդկանց հանդեպ:
Ա Թեսաղոնիկեցիս 4-5 Պողոսը պատվիրում է Սրբերին լինել անբիծ և սրբագործել իրենց: Նա բացատրում է, որ երբ Տերը կրկին գա, Սրբերը, ովքեր հավատարիմ են եղել իրենց վկայությանը Քրիստոսի վերաբերյալ, և՜ մահացածները, և՜ ողջերը, կբարձրանան և կդիմավորեն Տիրոջը: Առաքյալը նաև հիշեցրեց Եկեղեցու անդամներին` նախապատրաստվել և պատրաստ լինել Քրիստոսի Գալստյան օրվան: