Մաս 1. Օր 1
Փրկության ծրագիրը
Նախաբան
Տասներկու Առաքյալների Քվորումից Նախագահ Բոյդ Կ. Փաքերը շեշտել է սեմինարիայի յուրաքանչյուր տարվա սկզբում փրկության ծրագրի վերաբերյալ մի հակիրճ ակնարկ ներկայացնելու կարևորությունը:
«Երջանկության ծրագրի» համառոտ ակնակը, …սկզբում տրվելու և ժամանակ առ ժամանակ վերանայվելու դեպքում խիստ արժեքավոր կլինի ձեր ուսանողների համար: …
Երիտասարդները զարմանում են, թե «ինչո՞ւ» են մեզ պատվիրում անել որոշ բաներ և ինչո՞ւ են պատվիրում չանել այլ բաներ: Երջանկության ծրագրի գիտելիքը, նույնիսկ ակնարկի ձևով, կարող է երիտասարդ մտքին տալ «ինչու» հարցի պատասխանը» (“The Great Plan of Happiness,” in Teaching Seminary: Preservice Readings [Church Educational System manual, 2004], 69–70, LDS.org; տես Ալմա 12.32):
Այս դասը հակիրճ պատմում է փրկության ծրագրի մասին և կենտրոնանում է այդ ծրագրում Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության առանցքային դերի վրա:
Հիսուս Քրիստոսի դերը նախաերկրային կյանքում
Ինչպե՞ս կպատասխանեիք, եթե ինչ-որ մեկը հարցներ ձեզ, թե ինչու է Հիսուս Քրիստոսը կարևոր ձեզ համար:
Այսօրվա դասի ընթացքում դուք կսովորեք Երկնային Հոր փրկության ծրագրում Հիսուս Քրիստոսի ունեցած դերի մասին: Ուսումնասիրելով այս դասը գտեք ճշմարտություններ, որոնք կօգնեն ամրացնել ձեր հավատքն առ Հիսուս Քրիստոս:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գծեք հետևյալ աղյուսակը: Այս դասն ուսումնասիրելիս դուք գրելու եք վարդապետություններ ձեր աղյուսակում:
Հիսուս Քրիստոսն առանցքային դեր ունի Երկնային Հոր փրկության ծրագրում։
Նախաերկրային կյանք
Մահկանացու կյանք
Հետմահկանացու կյանք
Մեր փրկության համար նախատեսված Երկնային Հոր ծրագիրը բաղկացած է երեք հիմնական փուլերից. մեր նախաերկրային կյանքից, որը նախորդել է մեր ֆիզիկական ծննդին, մեր մահականացու կյանքից և մեր հետմահկանացու կյանքից:
Կարդացեք հետևյալ խոսքերը և նշեք այն բառերը կամ արտահայտությունները, որոնք նկարագրում են այն սահմանափակումները, որ ունեցել ենք մեր նախամահկանացու կյանքում.
«Նախքան այս երկրի վրա ծնվելը մենք ապրել ենք որպես մեր Երկնային Հոր հոգևոր զավակներ [տես Գործք 17.28–29; Աբրահամ 3.22–26]: Սակայն մենք մեր Երկնային Հոր նման չէինք, ոչ էլ կարող էինք երբևէ Նրան նմանվել և վայելել բոլոր օրհնությունները, որ Նա է վայելում, առանց ֆիզիկական մարմին առնելու և մահկանացու կյանքով ապրելու:
«Աստծո ողջ նպատակը՝ Նրա աշխատանքը և փառքն է, մեզանից յուրաքանչյուրի համար հնարավոր դարձնել վայելելու Իր բոլոր օրհնությունները [տես Մովսես 1.39]: Նա Իր նպատակն իրագործելու կատարյալ ծրագիր տվեց: Մենք հասկացանք և ընդունեցինք այդ ծրագիրը, նախքան Երկիր գալը: …
… Որպեսզի առաջադիմեինք և դառնայինք Աստծո նման, մեզանից յուրաքանչյուրը պետք է մարմին ձեռք բերեր և փորձվեր Երկրի վրա փորձաշրջան անցնելով» (Քարոզիր իմ ավետարանը. Միսիոներական ծառայության ուղեցույց (2004), 48-49):
Երբ Երկնային Հայրը ներկայացրեց Իր երջանկության ծրագիրը, մենք իմացանք, որ այդ ծրագիրն ի կատար ածելու համար մի փրկչի կարիք էր լինելու: Երկնային Հոր հոգևոր զավակներից մեկը՝ Լյուցիֆերը ապստամբեց Երկնային Հոր ծրագրի դեմ: Նա հայտնի դարձավ որպես սատանա:
Կարդացեք Մովսես 4.1-3 հատվածը և գտնեք, թե ինչ էր Երկնային Հորից պահանջում սատանան:
Ի՞նչ էր սատանան պահանջում Երկնային Հորից:
Մովսես 4.2-ում մենք սովորում ենք, որ Հիսուս Քրիստոսն ընտրվել էր ի սկզբանե, որ կատարեր Երկնային Հոր կամքը: Ձեր աղյուսակում «Նախաերկրային կյանք» սյունակում գրեք հետևյալ վարդապետությունը, որ սովորում ենք այս հատվածից. Հիսուս Քրիստոսն ընտրվեց նախաերկրային կյանքում` լինելու մարդկության Փրկիչը:
Երբ Հիսուս Քրիստոսն ընտրվեց իրագործելու մեր Երկնային Հոր փրկության ծրագիրը, պետք է երկիր ստեղծվեր, որտեղ մենք կարող էինք ֆիզիկական մարմին ստանալ և փորձ ձեռք բերել:
Կարդացեք Եբրայեցիս 1.1-2 և գտնել՝ ինչ դեր է ունեցել Հիսուս Քրիստոսը երկրի արարման գործում:
Այս հատվածներից մենք սովորում ենք հետևյալ վարդապետությունը. Երկնային Հոր ղեկավարության ներքո` Հիսուս Քրիստոսը ստեղծեց այս երկիրը: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում աղյուսակի «Նախաերկրային կյանք» սյունակում գրեք այս վարդապետությունը:
-
Մտածեք, թե որքան գեղեցիկ է երկիրը և հիշեք, թե երբ և որտեղ եք իրապես գնահատել դա: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին․
-
Նկարագրեք երբ եք գնահատել երկրի գեղեցկությունը:
-
Գիտելիքը, որ Հիսուս Քրիստոսն արարել է այս երկիրը, ինչպե՞ս է ազդել Նրա հանդեպ ունեցած ձեր զգացմունքների վրա:
-
Հիսուս Քրիստոսի դերը Մահկանացու կյանքում
Երկիր գալուց և ֆիզիկական մարմին ձեռք բերելուց հետո, այլ խոչընդոտներ են ի հայտ գալիս, որոնք կարող են խանգարել մեզ նմանվել Երկնային Հորը և վերադառնալ Նրա ներկայություն: Այդ խոչընդոտներից երկուսը ֆիզիկական մահը և հոգևոր մահն են: Ֆիզիկական մահը մեր մարմնի և հոգու բաժանումն է, իսկ հոգևոր մահը մեր բաժանումն է Աստծուց: Կարդացեք հետևյալ խոսքերը և նշեք բառերը կամ արտահայտությունները, որոնք նկարագրում են մեր մահկանացու կյանքում դրսևորվող այդ երկու խոչընդոտները.
«Մահկանացու կյանքում մենք ապրում ենք մի վիճակում, որտեղ ենթակա ենք և ֆիզիկական և հոգևոր մահվան: Աստված ունի մսից ու ոսկորներից կազմված կատարյալ, փառավորված, անմահ մարմին: Աստծուն նմանվելու և Նրա ներկայություն վերադառնալու համար մենք ևս պետք է ունենանք մսից և ոսկորներից կազմված կատարյալ, անմահ մարմին: Սակայն, Ադամի և Եվայի անկման պատճառով երկրի վրա ամեն մարդ ունի անկատար, մահկանացու մարմին և, ի վերջո, մահանում է: Եթե չլիներ Փրկիչ Հիսուս Քրիստոսը, մահը վերջ կդներ Երկնային Հոր հետ ապագա գոյության ամեն հույսի:
Ֆիզիկական մահվան հետ միասին մեղքն այն հիմնական խոչնդոտն է, որ խանգարում է մեզ նմանվել մեր Երկնային Հորը և վերադառնալ Նրա ներկայություն: Մեր մահկանացու վիճակում մենք հաճախ տեղի ենք տալիս գայթակղությանը, խախտում ենք Աստծո պատվիրանները և մեղանչում: … Չնայած դա երբեմն այլ կերպ է երևում, մեղքը միշտ տանում է դեպի դժբախտություն: Մեղքն առաջացնում է հանցանքի և ամոթի զգացումներ: Մեր մեղքերի պատճառով, մենք չենք կարող վերադառնալ ապրելու Երկնային Հոր հետ, մինչև որ նախ չներվենք և չմաքրվենք:
… Ինչպես ֆիզիկական մահվան դեպքում, մենք չենք կարող ինքնուրույն հաղթահարել մեղքի հետևանքները: Մենք անօգնական ենք առանց Հիսուս Քրիստոսի Քավության» (Քարոզիր իմ ավետարանը, 50):
Նախքան Հիսուսը կծնվեր երկրի վրա, երբ Հովսեփն իմացավ, որ Մարիամը երեխա է սպասում, երազում նրան մի հրեշտակ այցելեց: Կարդացեք Մատթեոս 1.21 և գտեք՝ ինչ հայտնեց հրեշտակը Հովսեփին:
Հիսուսի մասին ասված հրեշտակի խոսքերից մենք սովորում ենք, որ Հիսուս Քրիստոսը եկավ փրկելու մեզ մեր մեղքերից: Ձեր աղյուսակի «Մահկանացու կյանք» սյունակում գրեք այս վարդապետությունը:
Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ մենք կարող ենք փրկվել մեր մեղքերից: Քավությունը ներառում է Հիսուս Քրիստոսի տառապանքը, մահը և Հարությունը:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.
-
Ի՞նչ պիտի մենք անենք, որպեսզի Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով փրկվենք մեր մեղքերից:
-
Ըստ Գործք 2.32, ուրիշ ի՞նչ պետք է մենք անենք:
-
Հիսուս Քրիստոսի դերը հետմահկանացու կյանքում
Երբևէ մահը խլե՞լ է ձեզանից սիրելի ընտանիքի անդամ կամ ընկեր:
Երկնային Հոր փրկության ծրագրի մասին մեր գիտելիքի շնորհիվ մենք գիտենք, որ մահանալուց հետո բոլոր մարդկանց հոգիները մուտք են գործում հոգիների աշխարհ:
Կարդացեք Ա Պետրոս 3.18-20 և Ա Պետրոս 4.6, և գտնեք, թե մահանալուց անմիջապես հետո ի՞նչ արեց Հիսուսը:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 138.18-19, 30-32, և գտեք, թե ինչ արեց Հիսուս Քրիստոսը, որպեսզի ավետարանը քարոզվեր բոլորին՝ հոգևոր աշխարհում: (Վարդապետություն և Ուխտեր 138-ը հայտնություն է հոգևոր աշխարհի մասին, որ ստացել է Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը, մինչ նա խորհում էր հոգևոր աշխարհ կատարած Փրկչի այցի մասին, մինչ Նրա մարմինը գտնվում էր գերեզմանում:)
Ամփոփեք, թե ինչ արեց Հիսուս Քրիստոսը, որպեսզի հոգևոր աշխարհում ավետարանը քարոզվեր բոլորին:
Փրկիչը մահանալուց հետո երրորդ օրը հարություն առավ (տես Ա Կորնթացիս 15.4): Երբ մարդը հարություն է առնում, նրա հոգին և ֆիզիկական մարմինը վերամիավորվում են, որպեսզի այլևս չբաժանվեն (տես ՎևՈւ 138.17):
Կարդացեք Ա Կորնթացիս 15.20-22 հատվածը և գտեք, թե ինչպես է Հիսուս Քրիստոսի Հարությունն ազդում մեզանից յուրաքանչյուրի վրա:
Ձեր աղյուսակի «Հետմահկանացու կյանք» սյունակում գրեք հետևյալ վարդապետությունը. Հիսուս Քրիստոսի Հարության շնորհիվ բոլոր մարդիկ հարություն կառնեն:
Կարդացեք Հայտնություն 20.12 հատվածը և գտեք, թե ինչ տեղի կունենա մեզանից յուրաքանչյուրի հետ հարություն առնելուց հետո:
Կյանքի գիրքը ներկայացնում է այս կյանքում մարդու մտքերն ու գործերը, ինչպես նաև երկնային հիշատակարան է պահվում արդարակյացների մասին (տես Bible Dictionary, “Book of life”): Մենք դատվելու ենք ոչ միայն ըստ մեր գործերի, այլև մեր մտքերի, խոսքերի և ցանկությունների (տես Մոսիա 4.30, Ալմա 12.14, ՎևՈւ 137.9):
Կարդացեք Հովհաննես 5.22, և գտնել, թե ով է մեզ դատելու: (Կարող եք գրել Հովհաննես 5.22 ձեր սուրբ գրությունների լուսանցքում՝ Հայտնություն 20.12 հատվածի կողքին:)
Ձեր աղյուսակի «Հետմահկանացու կյանք» սյունակում գրեք հետևյալ վարդապետությունը. Հիսուս Քրիստոսը կդատի ողջ մարդկությանը:
Երկնային Հոր ծրագրի վերջնական նպատակն է՝ Իր բոլոր զավակներին ընձեռել հնարավորություն՝ ձեռք բերել հավերժական կյանք կամ վեհացում, որը նշանակում է դառնալ Երկնային Հոր նման և Նրա հետ հավերժ ապրել հավերժական ընտանիքներում: Դիտարկեք ձեր ընտանիքը այժմ և ընտանիքը, որ հույս եք տածում ունենալ մի օր:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե ինչու է կարևոր ձեզ համար հավերժ ապրել Երկնային Հոր և ձեր ընտանիքի անդամների հետ:
Կարդացեք Հովհաննես 3.5, 16-17, և գտեք, թե ինչ պետք է մեզանից յուրաքանչյուրն անի հավերժական (կամ հավիտենական) կյանք ստանալու համար:
Հավատալ Միածին Որդուն նշանակում է հավատք գործադրել առ Հիսուս Քրիստոս և ապրել Նրա ավետարանին համաձայն:
Ձեր աղյուսակում «Հետմահկանացու կյանք» սյունակում գրեք հետևյալ սկզբունքը. Եթե հավատք ենք գործադրում առ Հիսուս Քրիստոս և ապրում Նրա ավետարանով, մենք կարող ենք ստանալ հավերժական կյանք:
-
Կրկին մտածեք դասի սկզբում տրված հարցի մասին. «Ինչպե՞ս կպատասխանեիք, եթե ինչ-որ մեկը հարցներ ձեզ, թե ինչու է Հիսուս Քրիստոսը կարևոր ձեզ համար»: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք այս հարցի պատասխանը հիմնվելով այն բանի վրա, թե ինչ սովորեցիք և զգացիք այսօր ձեր ուսումնասիրության ընթացքում:
Օգտագործեք աղյուսակը, որ կազմել եք սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում, որպեսզի ուսուցանեք ձեր ընտանիքին կամ ուրիշներին Երկնային Հոր փրկության ծրագրում Հիսուս Քրիստոսի ունեցած դերի մասին:
-
Գրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.
Ես սովորեցի «Փրկության ծրագիրը» դասը և ավարտեցի այն (ամսաթիվ):
Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.