Հովհաննեսի ավետարանի նախաբանը
Ինչո՞ւ ուսումնասիրել այս գիրքը:
Քրիստոնյաների դեմ աճող հալածանքի, ուրացության և Հիսուս Քրիստոսի բնության վերաբերյալ վիճաբանությունների ժամանակ, Հովհաննես Առաքյալն արձանագրել է իր վկայությունը Փրկչի մասին։ Հովհաննեսի ավետարանն ուսումնասիրելը կարող է օգնել ձեզ ճանաչել Երկնային Հորը՝ Նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի ծառայության միջոցով։ Հովհաննեսի պատմությունը սովորեցնում է, որ նրանք, ովքեր ապրում են համաձայն Հիսուս Քրիստոսի ուսմունքների, կարող են ստանալ մեծ օրհնություններ, այդ թվում հավերժական կյանք։
Ո՞վ է գրել այս գիրքը:
Այս գիրքը գրել է Հովհաննես Առաքյալը: Գրքի ողջ հիշատակարանում նա դիմել է իրեն որպես «աշակերտ, որին Յիսուսը սիրում էր» (տես Հովհաննես 13.23, 19.26, 20.2, 21.7, 20)։
Հովհաննեսն ու իր եղբայր Հակոբոսը եղել են ձկնորսներ (տես Մատթէոս 4.21)։ Մինչև Հիսուս Քրիստոսի աշակերտ ու Առաքյալ դառնալը, Հովհաննեսը, ըստ երևույթի, եղել է Հովհաննես Մկրտչի հետևորդ (տես Հովհաննես 1.35–40, Սուրբ Գրությունների Ուղեցույց, «Հովհաննես՝ Զեբեդեոսի Որդի», scriptures.lds.org)։
Ե՞րբ և որտե՞ղ է այն գրվել:
Մենք հաստատ չգիտենք, թե երբ է Հովհաննեսը գրել այս գիրքը։ Գրքի գրվելու համար առաջարկված տարեթվերը ընդգրկում են Ք.հ. 60 թվականից մինչև Ք.հ. 100 թվականը։ Ք.հ. երկրորդ դարի վաղ քրիստոնեական գրողներն ասել են, որ Հովհաննեսը գրել է իր գիրքը Փոքր Ասիայի Եփեսոս քաղաքում (ժամանակակից Թուրքիա)։
Ո՞ւմ համար է գրված այս գիրքը և ինչո՞ւ:
Թեպետ Հովհաննեսի գրվածքները նախատեսված են բոլորի համար, նրա ուղերձն ունի նաև ավելի հատուկ ունկնդիրներ։ Տասներկու Առաքյալների Քվորումից՝ Երեց Բրյուս Ռ. Մակքոնկին գրել է. «Հովհաննեսի ավետարանը հիշատակարան է սրբերի համար. այն նախևառաջ ավետարանն է Եկեղեցու համար» (Doctrinal New Testament Commentary, 3 vols. [1965–73], 1:65)։ Հովհաննեսն ասել է, որ այս գիրքը գրելու նրա նպատակը եղել է մարդկանց համոզելը՝ «որ հաւատաք, թէ Յիսուսն է Քրիստոսը՝ Աստուծոյ Որդին. եւ որ հաւատալով կեանք ունենաք նորա անունովը» (Հովհաննես 20.31)։ «Հիսուսի կյանքից ընտրված դրվագները, որոնք [Հովհաննեսը] նկարագրում է, զգուշորեն ընտրված և դասավորված են՝ աչքի առաջ ունենալով այդ նպատակը։ (Սուրբ գրքերի ուղեցույց, «Հովհաննես՝ Զեբեդեոսի Որդի. Հովհաննեսի ավետարանը»)։
Որո՞նք են այս գրքին բնորոշ առանձնահատկությունները:
Հովհաննեսի Ավետարանի նյութի մոտ 92 տոկոսը ներառված չէ ավետարանական մյուս հիշատակարանների մեջ։ Սա, հավանաբար, այն պատճառով է, որ Հովհաննեսի թիրախային ունկնդիրները, – Եկեղեցու անդամները, ովքեր արդեն ունեին հասկացողություն Հիսուս Քրիստոս մասին, – առանձնապես տարբերվում էին Մատթեոսի, Մարկոսի և Ղուկասի թիրախային ունկնդիրներից։ Հովհաննեսի պատմած յոթ հրաշքներից հինգը արձանագրված չեն Ավետարանի մյուս գրքերում։ Մինչդեռ Մատթեոսը, Մարկոսը և Ղուկասը ներկայացրել են բավական տեղեկություն Հիսուսի ծառայության մասին Գալիլեայում, Հովհաննեսը արձանագրել է բազմաթիվ իրադարձություններ, որոնք տեղի են ունեցել Հրեաստանում։ Հովհաննեսի Ավետարանը առատապես վարդապետական է, որի հիմնական թեմաներից մի քանիսը պատմում են Հիսուսի՝ որպես Աստծո Որդու աստվածության, Քրիստոսի Քավության, հավերժական կյանքի, Սուրբ Հոգու, կրկին ծնվելու կարիքի, ուրիշներին սիրելու և Փրկչին հավատալու կարևորության մասին։
Հովհաննեսը շեշտել է Հիսուս Քրիստոսի աստվածությունը՝ որպես Աստծո Որդու: Հովհաննեսի արձանագրության մեջ Հիսուսն ավելի քան 100 անգամ ակնարկում է Իր Հորը, որից 20-ը միայն Հովհաննես 14 գլխում։ Հովհաննեսի մեծ ներդրումներից մեկն այն է, որ նա ներառել է Փրկչի ուսմունքներն Իր աշակերտներին ժամեր առաջ մինչև Նրա ձերբակալումը, այդ թվում նաև մեծ Միջնորդական Աղոթքը, որը Նա ասել է Գեթսեմանիում տառապելու գիշերը։ Հովհաննեսի պատմության այս մասը (Հովհաննես 13–17) ներկայացնում է Հովհաննեսի ավետարանի էջերի ավելի քան 18 տոկոսը, մեզ հնարավորություն տալով ավելի շատ հասկանալ Փրկչի վարդապետությունը և այն, ինչ Նա ակնկալում է Իր աշակերտներից։
Համառոտ շարադրանք
Հովհաննես 1։ Հովհաննեսը վկայում է Հիսուս Քրիստոսի նախաերկրային աստվածության և բոլոր մարդկանց փրկություն տալու առաքելության մասին։ Հովհաննեսը արձանագրում է Հիսուսի մկրտությունը և Իր մի քանի աշակերտներ կանչելը։
Հովհաննես 2–4։ Հիսուսը ջուրը դարձնում է գինի։ Նա ուսուցանում է Նիկոդեմոսին հոգևոր վերածննդի մասին և վկայում կնոջը ջրհորի մոտ, որ Նա Քրիստոսն է։ Նա բուժում է ազնվականի որդուն։
Հովհաննես 5–7։ Փրկիչը բուժում է կաղ մարդու Բեթհեզդայի ավազանի մոտ և հռչակում Իր աստվածային զորությունը և իշխանությունը։ Նա կերակրում է ավելի քան 5000 մարդ իր Կյանքի Հացի բանախոսությանը նախապատրաստվելու համար, հռչակում է, որ Նա Մեսիան է, և տաղավարահարաց տոնի ժամանակ հայտարարում է, որ միայն նրանք, ովքեր ընդունում են Նրան, կստանան հավերժական կյանք։
Հովհաննես 8–10։ Շնության մեջ մեղադրվող կնոջ փորձառության օրինակով, Հիսուսն ուսուցանում է կարեկցանքի և ապաշխարության մասին։ Նա հայտարարում է Իրեն որպես Եհովա՝ մեծ «Ես եմ»։ Նա բուժում է ի ծնե կույր մարդուն և խոսում է Իր մասին որպես Բարի Հովիվի, ով սիրում և Իր կյանքն է դնում Իր ոչխարների համար։
Հովհաննես 11–13։ Հիսուսը կենդանացնում է Ղազարոսին մեռելներից՝ ցուցաբերելով Իր զորությունը մահվան վրա։ Նա մուտք է գործում Երուսաղեմ հաղթականորեն։ Վերջին Ընթրիքի ժամանակ Հիսուս Քրիստոսը լվանում է Իր աշակերտների ոտքերը և ուսուցանում է նրանց սիրել միմյանց։
Հովհաննես 14–16։ Հիսուսը խրատում է Իր աշակերտներին սիրո և հնազանդության հարաբերության վերաբերյալ։ Նա խոստանում է ուղարկել Մխիթարիչին (Սուրբ Հոգին) և անձամբ ծառայել Իր աշակերտներին։ Նա հայտարարում է, որ Ինքն է Ճշմարիտ Որթը, և որ Նա հաղթել է աշխարհին։
Հովհաննես 17–19։ Հիսուսն ասում է Միջնորդական Աղոթքն Իր աշակերտների և նրանց համար, ովքեր կհավատան նրանց քարոզին։ Նրան դավաճանում են, ձերբակալում, դատում և դատապարտում։ Խաչի վրա տառապելուց հետո, Նա մահանում է և թաղվում։
Հովհաննես 20–21։ Հարություն առած Հիսուս Քրիստոսը հայտնվում է Մարիամ Մագդաղենացուն Պարտեզի Գերեզմանում, իսկ հետո Իր մի քանի աշակերտներին Երուսաղեմում։ Նա հայտնվում է Իր յոթ աշակերտներին Գալիլեայի ծովի մոտ և լիազորում Պետրոսին առաջնորդել աշակերտներին ուրիշներին սպասավորելու գործում։