Գրադարան
Բարի գալուստ Նոր Կտակարան


Բարի գալուստ Նոր Կտակարան

Ի՞նչ է Նոր Կտակարանը

Նոր Կտակարանը պարունակում է առաջին Առաքյալների և Հիսուս Քրիստոսի վաղեմի աշակերտների գրվածքները, ովքեր գրել են Սուրբ Հոգու ոգեշնչմամբ: Այն պարունակում է չորս Ավետարանները, որոնք հանդիսանում են Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի և Հովհաննեսը վկայությունները Հիսուս Քրիստոսի մասին, որպես խոստացված Մեսիա՝ Փրկիչ և Քավիչ և հարություն առած Տեր: Չորս ավետարանները պատմում են Հիսուսի կյանքից դրվագներ և Նրա բազմաթիվ ուսմունքների գրանցումներն են: Նոր Կտակարանը պարունակում է Փրկիչի և Նրա Առաքյալների կողմից ուսուցանված վարդապետություններն ու սկզբունքները, որպեսզի օգնեն մարդկանց վերադառնալ Հայր Աստծո հետ ապրելու և հավերժական կյանք ձեռք բերելու գործում: Վերջին օրերի սրբերի համար Աստվածաշունչը Մորմոնի Գրքի, Վարդապետություն և Ուխտերի և Թանկագին Մարգարիտի հետ մեկտեղ սուրբ գրություն է (տես Հավատո Հանգանակներ 1.8):

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ. Մակքոնկին ամփոփել է Նոր Կտակարանի բովանդակության կարևորությունը. «Նոր Կտակարանը … պատմում է հնագույն խոստումների կատարման մասին՝ Խոստացված Մեկի ծննդյան, առաքելության և քավիչ զոհաբերության մասին: Այն շարադրում է Նրա հավիտենական ավետարանի փրկող վարդապետությունները, արձանագրում է օրերի գագաթնակետին ավետարանի գործի աճի և ընդլայնման մասին, կանխատեսում է համաշխարհային հեռացումը հավատից, որը մի անգամ տրվել էր սրբերին: Այն խոստանում է ավետարանի փառավոր վերականգնումը վերջին օրերում, գեղարվեստորեն ու դրամատիկ պատկերավորմամբ զգուշացնում է Մարդու Որդու Երկրորդ Գալուստին նախորդող, ուղեկցող և կատարվող իրադարձությունները: Դրա հիմնական նպատակն է վկայություն բերել Քրիստոսի մասին» (A New Witness for the Articles of Faith [1985], 392):

Ինչո՞ւ է կարևոր ուսումնասիրել Նոր Կտակարանը:

Ինչպես և բոլոր սուրբ գրությունները, Նոր Կտակարանն ուսուցանում և վկայում է Հիսուս Քրիստոսի և Նրա աստվածային բնույթի մասին: Հովհաննես Առաքյալն ասել է, որ իր Ավետարանը գրելու նպատակն էր՝ համոզել մյուսներին «հավատալ, որ Հիսուսն է Քրիստոսը՝ Աստծո Որդին. և որ հավատալով կյանք ունենանք նրա անունովը» (Հովհաննես 20.31): Ուսումնասիրելով Նոր Կտակարանը, դուք կիմանաք Փրկիչի հրաշալի ծննդյան մասին, ականատես կլինեք Նրա հրաշքներին ու բժշկումներին, կլսեք Նրա ավետարանի ակնառու ճշմարտությունները և կվերապրեք Նրա քավիչ զոհաբերության օրերը, խաչելությունը և փառահեղ հարությունը: Երբ ուսումնասիրեք Փրկիչի կյանքն ու ուսմունքները, դուք կիմանաք, թե ինչպես գնալ դեպի Նա, ստանալու համար հույս, ներում, խաղաղություն, և հավերժական երջանկություն: Նոր Կտակարանի անկեղծ ուսումնասիրությունը կամրացնի ձեր հավատն առ Հիսուս Քրիստոս և կօգնի ձեզ ապավինել Նրա ուսմունքներին ու Քավությանը:

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Լ. Թոմ Փերին ուսուցանել է, որ Նոր Կտակարանը «սուրբ գրությունների պատմության կենտրոնական մասն է, ճիշտ այնպես, ինչպես Փրկիչը կենտրոնական մասն է մեր կյանքի: Մենք պետք է պարտավորվենք ուսումնասիրել և գնահատել այն:

Իմաստության անգին մարգարիտներ կարելի է գտնել Նոր Կտակարանն ուսումնասիրելիս» («Հանգստության օրը և հաղորդությունը» Ensign կամ Լիահոնա, մայիս 2011, 6):

Ահա Նոր Կտակարանում գտնվող ճշմարտության ու իմաստության մի քանի անգին մարգարիտներ.

  • Հիսուս Քրիստոսն է «ճանապարհը եւ ճշմարտութիւնը եւ կեանքը» և Նրա միջոցով դուք կարող եք ճանաչել Երկնային Հորը (տես Հովհաննես 14.6–7):

  • Սուրբ Հոգին է «Մխիթարիչը… նա ամեն բան կսովորեցնէ ձեզ, եւ կհիշեցնէ ձեզ ամեն ինչ» (Հովհաննես 14.26):

  • Հիսուս Քրիստոսի աշակերտները պատասխանատվություն ունեն քարոզելու ավետարանը ամբողջ աշխարհին (տես Մատթեոս 28.19):

  • Փրկիչը շարունակում է առաջնորդել Իր Եկեղեցին Իր ընտրյալ ծառաներին հայտնություն տալու միջոցով (տես Գործք 1.2):

  • Դուք Աստծո ազգից եք կամ Նրա զավակն եք (տես Գործք 17.28–29):

  • Փրկիչի հարության շնորհիվ բոլորը կհաղթեն մահը և կապրեն կրկին (Ա Կորնթացիս 15.21–26):

  • Եթե իմաստության պակաս ունեք, դուք կարող եք աղոթքով խնդրել Աստծուց և Նա կպատասխանի (տես Հակոբոս 1.5–6):

  • Հավատարիմ սրբերը, որ հաղթում են չարին, կստանան հավիտենական կյանք (տես Հայտնություն 3):

Մարգարե Ջոզեֆ Սմիթի կյանքի փորձառությունը օրինակ է հանդիսանում, թե Նոր Կտակարանի ուսումնասիրությունն ինչպես կարող է ազդել ձեր կյանքի վրա: Երիտասարդ Ջոզեֆը տանջվում էր՝ դժվարանալով պարզել ինքն իր համար, թե եկեղեցիներից որն էր ճշմարիտը: Մի օր նա բացեց Աստվածաշունչը և կարդաց Հակոբոս 1.5 հատվածը: Ավելի ուշ նա գրել է. «Սուրբ գրքի ոչ մի հատված երբևէ այդպիսի ուժով չի ազդել մարդու սրտի վրա, ինչպես այդ ժամանակ եղավ ինձ հետ: Այն ասես մեծ ուժով ներթափանցեց սրտիս զգացմունքների խորքը: Ես նորից ու նորից վերընթերցեցի այն» (Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1.12):

Նոր Կտակարանում այդ խոսքերը կարդալուց և դրանց մասին խորհելուց հետո Ջոզեֆը որոշեց գործել ըստ իր սովորած ճշմարտության և հարցրեց Աստծուն, ինչպես որ ուսուցանում էր Հակոբոսը: Նրա որոշմանը հետևեց նրա հրաշալի Առաջին Տեսիլքը: Ջանասիրաբար ուսումնասիրելով Նոր Կտակարանը, դուք նույնպես կզգաք, որ Սուրբ Հոգին դիպչում է ձեր սրտին ու օգնում բացահայտել եղանակներ՝ կիրառելու ավետարանի սկզբունքները ձեր կյանքում:

Աղոթքով ուսումնասիրելով Նոր Կտակարանը, գործեք ըստ Սուրբ Հոգու հուշումների: Անելով այդ, դուք ավելի լիարժեք դարձի կգաք դեպի Տերը: Իրական դարձը տեղի է ունենում, երբ շարունակում եք գործել ըստ այն վարդապետությունների, որոնք գիտեք, որ ճշմարիտ են և պահում եք պատվիրանները օրեցօր, ամսե-ամիս և ձեր կյանքի մնացած օրերում:

Նոր Կտակարանի մասին

Աստվածաշունչը մեկ գիրք չէ: Դա գրքերի հավաքածու է: Հունարեն բառը, որից ծագել է աստվածաշունչը նշանակում է «գրքեր»: «Քրիստոնեական Աստվածաշունչն ունի երկու բաժին, որոնք սովորաբար կոչվում են Հին և Նոր Կտակարաններ» (Սուրբ գրությունների ուղեցույց, «Աստվածաշունչ,»scriptures.lds.org): Կտակարան թարգմանված բառը կարող է նաև թարգմանվել որպես ուխտ: Այսպիսով, Նոր Կտակարանը նոր ուխտ է:

Ավետարանի համատեքստում, ուխտը մի հատուկ պայմանագիր է Տիրոջ և որևէ անձի կամ խմբի միջև: Հին Կտակարանը կամ հին ուխտը Տիրոջ տված օրենքն է Իր ժողովրդին հին օրերում: «Երբ Փրկիչը եկավ ժամանակների գագաթնակետին, Նա վերականգնեց ավետարանը Պաղեստինի հրեաներին: Քանի որ նրանք շեղվել էին` նույնիսկ Մովսեսի օրենքից, դա մի նոր ուխտ էր նրանց համար» (Աստվածաշնչի բառարան, «Աստվածաշունչ»):

Նոր Կտակարանը հիմնականում բաղկացած է Ավետարաններից, Գործք Առաքելոցից, Պողոսի թղթերից, ընդհանրական թղթերից և Հայտնության գրքից:

  1. Ավետարանները Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի և Հովհաննեսի գրքերը կոչվում են Ավետարաններ, որոնցից յուրաքանչյուրը կրում է իր հեղինակի անունը: Ավետարան բառը նշանակում է «բարի լուր»: Թեև չորս Ավետարանները տարբերվում են մանրամասնություններով ու տեսանկյունով, դրանք բոլորը պատմում են Փրկիչի կյանքի իրադարձությունների և հրեաների մեջ երկրային ծառայության մասին։ Բոլոր չորս Ավետարանները վկայում են, որ Հիսուս Քրիստոսը Աստծո Որդին է և աշխարհի Փրկիչը: «Մատթեոսի, Մարկոսի և Ղուկասի արձանագրությունները ներկայացնում են նյութերի նմանատիպ հավաքածու, և ունեն նման դարձվածաբանություն, ինչպես նաև նույնատիպ հիմնական կետեր, և այդպիսով, երբեմն պիտակավորվում են որպես «համատեսական ավետարաններ» (ինչը նշանակում է «տեսնել նույնը»): Այնուամենայնիվ, յուրաքանչյուրը եզակի է և ունի շատ մանրամասներ, որոնք չեն կրկնվում մյուսների մոտ: Հովհաննեսի գրածը բավական տարբերվում է մյուս երեքից իր բառապաշարով, դարձվածաբանությամբ և իրադարձությունների շարադրմամբ» (Աստվածաշնչի բառարան, «Ավետարաններ»):

  2. Գործք Առաքելոց Գործք Առաքելոցը գրել է Ղուկասը և այն Եկեղեցու աճի պատմությունն է Պետրոսի և մյուս Առաքյալների ղեկավարության ներքո (տես Աստվածաշնչի բառարան, «Գործք Առաքելոց»):

  3. Պողոսի թղթերը: Պողոսի թղթերը կամ նամակները անվանված են Եկեղեցու ճյուղի, անհատի կամ խմբի անունով, ում նամակը հասցեագրված էր: Պողոսի թղթերը դասավորված են «ըստ երկարության, նվազման կարգով՝ ամենաերկար (Հռովմայեցիս) թղթից մինչև ամենակարճը (Փիլիմոն): Բացառություն է կազմում Առ Եբրայեցիս գրված թուղթը, որը տեղադրվել է վերջում, քանի որ ոմանք կասկածի տակ են առել այն փաստը, որ դա գրվել էր Պողոսի կողմից» (Աստվածաշնչի բառարան «Պողոսի թղթերը»):

  4. Ընդհանրական թղթեր: Հոկոբոսից մինչև Հուդայի գրքերը կոչվել են ընդհանրական թղթեր, քանի որ բացառությամբ Հովհաննեսի 2-րդ և 3-րդ թղթերի, դրանք հասցեագրված չեն կոնկրետ որևէ անձի կամ Եկեղեցու ճյուղի: Դրանք անվանված են հեղինակի անունով: (Տես Աստվածաշնչի բառարան, «Ընդհանրական թղթեր»)

  5. Հայտնության գիրքը: Հայտնության գիրքը (երբեմն հիշատակվում է որպես Ապոկալիպսիս) գրվել է Հովհաննես Առաքյալի կողմից, ով նաև գրել է Ավետարանը և թղթեր, որոնք կրում են նրա անունը: Դա Հովհաննեսի հայտնության պատմությունն է, որը նա ստացել է Տիրոջից: (Տես Աստվածաշնչի բառարան, «Հովհաննեսի Հայտնությունը»):

Ջոզեֆ Սմիթի թարգմանություն (ՋՍԹ) և Ջոզեֆ Սմիթ-Մատթեոս

Տերը պատվիրեց Ջոզեֆ Սմիթին թարգմանել կամ վերանայել Աստվածաշնչի Հակոբոս թագավորի տարբերակը։ Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը (երբեմն կրճատ՝ ՋՍԹ) Աստվածաշնչի թարգմանությունը չէ մի լեզվից մյուսը: Ավելի շուտ, այն պարունակում է փոփոխություններ, որոնք Տերը ոգեշնչեց մարգարեին կատարել Աստվածաշնչի տեքստում:

Ջոզեֆ Սմիթը սկսեց իր թարգմանությունը 1830 թվի հունիսին և ավարտեց 1833 թվի հուլիսին, սակայն մինչև իր մահը` 1844 թիվը, նա շարունակում էր փոփոխություններ կատարել ձեռագրում (տես Աստվածաշնչի բառարան, «Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն»): Մինչ Մարգարե Ջոզեֆ Սմիթի թարգմանության որոշ մասեր հրատարակվեցին նրա կենդանության օրոք, Աստվածաշնչի իր ամբողջական ոգեշնչված թարգմանությունը առաջին անգամ հրատարակվել է 1867 թվականին Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Վերակազմավորված Եկեղեցու կողմից (որն այժմ հայտնի է որպես Քրիստոսի Համայնք): Վերջին օրերի սրբերի հրատարակությամբ 1979 թվականից հետո տպագրվող Աստվածաշնչի Հակոբոս Թագավորի տարբերակն ընդգրկեց Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունից վարդապետական կարևորություն ունեցող հարյուրավոր հատվածներ՝ ծանոթագրություններում և հավելվածում: (Տես Ռոբերտ Ջ. Մեթյուս, “Joseph Smith’s Efforts to Publish His Bible ‘Translation,’” Ensign, Jan. 1983, 57–64, Աստվածաշնչի բառարան, «Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն»): Վերջին օրերի սրբերի հրատարակությամբ 2009 թվից հետո տպագրվող Աստվածաշունչն իսպաներենով՝ Ռեյնա-Վալերա տարբերակը, նույնպես ընդգրկեց հատվածները՝ ծանոթագրություններում և հավելվածում: 2015 թվականին Վերջին Օրերի Սրբերի տարբերակով Աստվածաշունչը հրատարակվեց պորտուգալերենով:

Թանկագին Մարգարիտում գտնվող Ջոզեֆ Սմիթ—Մատթեոս-ը քաղվածք է Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունից (Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Մատթեոս 23.39–24.56): Դա Մատթեոս 23.39–24.55 հատվածների ոգեշնչված թարգմանությունն է:

Ջոզեֆ Սմիթ Թարգմանությունը նպաստում է Նոր Կտակարանի մեր ըմբռնմանը` վերականգնելով որոշ պարզ և թանկարժեք ճշմարտություններ, որոնք կորել էին Աստվածաշնչից (տես 1 Նեփի 13.20-41) և ավելացնելով Տիրոջ մեկնաբանությունն ու պարզաբանումը: