Հակոբոսի թղթի նախաբանը
Ինչո՞ւ ուսումնասիրել այս գիրքը:
Հակոբոսի ընդհանրական թուղթը հայտնի է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներին նշանավոր Հակոբոս 1.5 հատվածի համար, որը երիտասարդ Ջոզեֆ Սմիթին օգնեց ճշմարտություն փնտրել Աստծուց։ Ամբողջ նամակում Հակոբոսն ընդգծել է, որ մենք պետք է լինենք «խոսքը կատարողներ, ոչ թե միայն լսողներ» (Հակոբոս 1.22): Այդ գրքի ուսումնասիրությունը կարող է օգնել ձեզ հասկանալ, թե որքան կարևոր է ձեր հավատը դրսևորել ձեր գործերով կամ արարքներով (տես Հակոբոս 2.14–26), և ոգեշնչել ձեզ փնտրելու «կեանքի պսակը …, այն որ Տէրը խոստացաւ իրան սիրողներին» (Հակոբոս 1.12)։
Ո՞վ է գրել այս գիրքը:
Այդ թուղթն ասում է, որ դրա հեղինակը «Յակոբոս[ն է ՝] Աստուծոյ եւ Տէր Յիսուս Քրիստոսի ծառայ» (Հակոբոս 1.1)։
Քրիստոնեական ավանդույթն ասել է, որ այդ Հակոբոսը Հուդայի նման Մարիամի ու Հովսեփի որդին է և, հետևաբար, Հիսուսի Քրիստոսի մասնակի եղբայրը (տես Մատթեոս 13.55, Մարկոս 6.3, Գաղատացիս 1.19)։ Այն փաստը, որ Հակոբոսն առաջին անգամ հիշատակվում է Մատթեոս 13.55 հատվածում` որպես Հիսուսի եղբայրներից մեկը, կարող է ցույց տալ, որ նա այդ մասնակի եղբայրներից ամենամեծն էր։ Ինչպես Տիրոջ մյուս մասնակի եղբայրները, Հակոբոսը սկզբում չդարձավ Հիսուսի աշակերտ (տես Հովհաննես 7.3–5): Սակայն Հիսուսի հարությունից հետո Հակոբոսն այն անհատներից մեկն էր, ում Նա հայտնվեց որպես հարություն առած էակ (տես Ա Կորնթացիս 15.7)։
Հետագայում Հակոբոսը դարձավ Առաքյալ, իսկ համաձայն վաղ քրիստոնյա գրողների՝ Եկեղեցու առաջին եպիսկոպոսը Երուսաղեմում (տես Գործք 12.17, 21.18, Գաղաթացիս 1.18–19, 2.9)։ Որպես Եկեղեցու ղեկավար, նա կարևոր դեր է խաղացել Երուսաղեմում տեղի ունեցած խորհրդում (տես Գործք 15.13)։ Նրա ազդեցությունը Եկեղեցում, անկասկած, ամրապնդվել է Հիսուսի հետ իր ազգակցության շնորհիվ, այնուամենայնիվ, Հակոբոսը ցուցաբերել է խոնարհություն՝ իրեն ներկայացնելով ոչ թե որպես Հիսուսի եղբայր, այլ Տիրոջ ծառա (տես Հակոբոս 1.1)։
Ե՞րբ և որտե՞ղ է այն գրվել:
Հայտնի չէ, թե երբ է Հակոբոսը գրել այս նամակը: Քանի որ նա ապրել է Երուսաղեմում և այնտեղ հսկել է Եկեղեցու գործերը, նա հավանաբար գրել է այս թուղթը այդ տարածքում։
Այն փաստը, որ Հակոբոսը չի հիշատակել շուրջ Ք.հ. 50 թվականին տեղի ունեցած Երուսաղեմի համաժողովը (տես Գործք 15), կարող է ցույց տալ, որ այդ նամակը գրվել էր նախքան դրա անցկացումը։ Եթե այդ նամակն իսկապես գրվել էր մինչև Երուսաղեմի համաժողովը, այն ամենավաղ թղթերից մեկն է Նոր Կտակարանում։
Ու՞մ համար է այն գրված և ինչու՞:
Հակոբոսն ուղղել է իր նամակը «տասնեւերկու ցեղերի[ն] որ ցրուած է[ն]» (Հակոբոս 1.1), նկատի ունենալով ողջ Իսրայելի տունը. նա հրավիրում էր նրանց «ընդունել ավետարանը … [և] միանալ Քրիստոսի հոտին» (Bruce R. McConkie, Doctrinal New Testament Commentary, 3 vols. [1965–73], 3:243)։ Հակոբոս Առաքյալը Եկեղեցու անդամներին ցուցում է տալիս, որ նրանք իրենց կյանքը ապրեն որպես առ Հիսուս Քրիստոս իրենց հավատի արտաքին դրսևորում:
Որո՞նք են այս գրքին բնորոշ որոշ առանձնահատկությունները:
Հակոբոսի Ընդհանրական նամակը երբեմն դասակարգվել է որպես իմաստության գրականություն, որը նման է Հին Կտակարանի Առակաց գրքին։ Նամակի տեքստը բաղկացած է քրիստոնյա ապրելակերպին վերաբերող կարճ մեկնաբանություններից։ Ի լրումն, կան սերտ զուգահեռներ Մատթեոս 5–7 գլուխներում արձանագրված Փրկիչի Լեռան Քարոզի և Հակոբոսի խոսքերի միջև։ Մի քանի նմանատիպ թեմաներ ներառում են՝ դիմանալ հալածանքին (տես Հակոբոս 1.2–3, 12, Մատթեոս 5.10–12), դառնալ «կատարեալ» կամ հոգևորապես հասուն (տես Հակոբոս 1.4, 2.22, Մատթեոս 5.48), խնդրել Աստծուն (տես Հակոբոս 1.5, Մատթեոս 7.7–8), կատարել Աստծո կամքը (տես Հակոբոս 1.22, Մատթեոս 7.21–25), սիրել ուրիշներին (տես Հակոբոս 2.8, Մատթեոս 5.43–44, 7.12), ճանաչել բարին և չարն իրենց պտուղներով (տես Հակոբոս 3.11–12, Մատթևոս 7.15–20), լինել խաղաղարար (տես Հակոբոս 3.18, Մատթեոս 5.9), և չտալ երդումներ (տես Հակոբոս 5.12, Մատթեոս 5.34–37)։
Համառոտ շարադրանք
Հակոբոս 1–2։ Հակոբոսը ողջունում է իր ընթերցողներին և ներկայացնում է իր թղթի մի քանի կարևոր թեմաներ, ներառյալ` կրել նեղություններ, փնտրել իմաստություն և ապրել մարդու խոստովանած հավատին համաձայն։ Աստծո խոսքը լսողները պետք է նաև խոսքը կատարողներ լինեն։ Հակոբոսը սահմանում է «սուրբ … կրօնասիրութիւն[ը]» որպես «որբերին եւ այրիներին» հոգալը և մեղքից զերծ կյանք փնտրելը (Հակոբոս 1.27)։ Սրբերը պետք է սիրեն իրենց մերձավորներին և ցուցաբերեն իրենց հավատն իրենց գործերով։
Հակոբոս 3–4։ Հակոբոսը բացատրում է անվերահսկելի խոսքի կործանարար էությունը և հակադրում է այն հաշտության մեջ գտնվողների արդարակեցության պտուղի հետ։ Նա նախազգուշացնում է իր ընթերցողներին չդառնալ աշխարհի բարեկամներ, այլ դիմադրել դևին և մոտենալ Աստծուն։
Հակոբոս 5։ Հակոբոսը զգուշացնում է այն հարուստներին, ովքեր ամբարիշտ են։ Նա ամփոփում է խորհրդով՝ համառոտ բացատրելով Սրբերի պարտականությունները Եկեղեցու մյուս անդամների հանդեպ։ Նա Սրբերին խորհուրդ է տալիս համբերատար տոկալ մինչև Տիրոջ Գալուստը և լինել ճշմարտախոս իրենց բոլոր շփումներում։ Նա խրախուսում է հիվանդներին կանչել երեցներին, որպեսզի օծվեն յուղով։