Հուդայի նախաբանը
Ինչո՞ւ ուսումնասիրել այս գիրքը:
Հուդայի ընդհանրական թուղթը նկարագրում է ուրացության ուժերը, որոնք գործում էին վաղ Եկեղեցում: Երբ ուսումնասիրեք այս թուղթը, դուք կարող եք սովորել, ինչպես զանազանել նրանց, ովքեր ձգտում են Հիսուս Քրիստոսի աշակերտներին մոլորեցնել հավատքից: Դուք նաև կարող եք սկսել զգալ հավատքի համար համառորեն պայքարելու և դրան հավատարիմ մնալու կարևորությունը:
Ո՞վ է գրել այս գիրքը:
Այս թղթի հեղինակը իրեն անվանում է «Հուդա՝ Յիսուս Քրիստոսի ծառայ եւ Յակոբոսի եղբայր» (Հուդա 1.1): Ավանդաբար հասկացվել է, որ հեղինակը Հուդան է, ով Հիսուս Քրիստոսի խորթ եղբայրն էր (տես Մատթեոս 13.55, Մարկոս 6.3, Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Հուդա»):
Հուդան ակնհայտորեն Եկեղեցու բարձր գնահատված անդամ էր Երուսաղեմում, և նա հավանաբար ճանապարհորդել էր որպես միսիոներ (տես Գործք 1.13–14, 1 Կորնթացիս 9.5): Նշված չէ, թե քահանայության ինչ պաշտոն էր Հուդան զբաղեցնում, բայց թուղթն ինքնին ենթադրել է տալիս, որ նա իշխանության դիրք ունեցող էր, որը նրան իրավունք էր տալիս խորհրդատվական նամակներ գրել:
Ե՞րբ և որտե՞ղ է այն գրվել:
Մենք չգիտենք, թե որտեղ է Հուդայի թուղթը գրվել: Եթե այս թուղթն իսկապես գրվել է Հուդայի՝ Հիսուսի եղբոր կողմից, ապա այն հավանաբար գրվել է 40-80 թվականների միջև Ք.ծ.հ. :
Ու՞մ համար է գրված այս գիրքը և ինչու՞:
Հուդայի թուղթն ուղղված է «Աստուած Հօրից սրբուած, եւ Յիսուս Քրիստոսումն պահուած» հավատարիմ քրիստոնյաներին (Հուդա 1.1): Հուդայի նշած նպատակն էր՝ հորդորել իր ընթերցողներին «որ [համառորեն կռվեն] հավատքով» (Հուդա 1.3) անաստված ուսուցիչների դեմ, ովքեր մտել են Եկեղեցի և խրախուսում են անբարոյական վարք և կեղծ ուսմունքներ, որոնք ուրանում են Տեր Հիսուս Քրիստոսին:
Որո՞նք են այս գրքին բնորոշ որոշ առանձնահատկությունները:
Չնայած սա Նոր կտակարանի ամենակարճ գրքերից է, Հուդայի թուղթը պարունակում է տեղեկություն, որը չի գտնվում որևէ այլ տեղ Աստվածաշնչում: Հուդան գրել է «հրեշտակների մասին, ովքեր իրանց իշխանութիւնը չպահեցին» (Հուդա 1.6, տես նաև Աբրահամ 3.26), Միքայելի և Լյուցիֆերի միջև Մովսեսի մարմնի համար մի վիճաբանության մասին (Հուդա 1.9), և Փրկիչի Երկրորդ Գալուստի վերաբերյալ Ենովքի մի մարգարեության մասին (Հուդա 1.14–15, տես նաև Մովսես 7.65–66):
Երեց Բրյուս Ռ. Մակքոնկին Տասներկու Առաքյալների Քվորումից նշել է Հուդայի թղթին բնորոշ մի քանի հատկանիշներ.
«Ողջ Աստվածաշնչում միայն Հուդան է, ով պահպանել է մեզ համար այն գաղափարը, որ նախագոյությունը մեր առաջին վիճակն էր, և որ որոշ հրեշտակներ ձախողվեցին` չանցնելով իրենց ստուգարքները:
Հենց նրան ենք մենք պարտական Մովսեսի մարմնի վերաբերյալ Միքայելի և Լյուցիֆերի միջև վիճաբանության մասին մեր աղքատիկ գիտելիքի համար:
Միայն նա է գրել Ենովքի փառահեղ մարգարեության մասին՝ Մարդու Որդու Երկրորդ Գալուստի վերաբերյալ» (Doctrinal New Testament Commentary, 3 vols. [1965–73], 3:415):
Հուդայի խոսքերը սուր են նրանց դեմ, ովքեր հակառակվեցին Աստծուն և Նրա ծառաներին և նրանց դեմ, ովքեր կիրառում էին անբարոյական հեթանոսական պաշտամունք և պնդում, որ ազատված էին Աստծո պատվիրաններին հնազանդվելու անհրաժեշտությունից, ներառյալ՝ մաքրաբարոյության օրենքը: Նա նկարագրել է այդ փչացած անձնավորություններին բնորոշ որոշ առանձնահատկություններ:
Համառոտ շարադրանք
Հուդա 1: Հուդան հորդորում է Եկեղեցու անդամներին «[համառորեն կռվել] հավատքի համար» (Հուդա 1.3): Նա բացատրում է, որ մարդիկ գաղտագողի թափանցել են Սրբերի մեջ և տարածում են կեղծ վարդապետություն և խրախուսում չար սովորույթներ: Նա նախազգուշացնում է այն պատիժների մասին, որոնք գալիս են նրանց վրա, ովքեր հեռանում են Աստծուց և խորհուրդ է տալիս Եկեղեցու անդամներին շենացնել իրենց հավատքը և «[իրենց] Աստուծոյ սէրի մէջ պահեն» (Հուդա 1.21):