Մաս 23. Օր 1
Ա Կորնթացիս 15.1–29
Նախաբան
Պողոս Առաքյալը տեղեկացել էր, որ Կորնթոսի Եկեղեցու որոշ անդամներն ուսուցանում էին, որ մահացածները հարություն չեն առնելու: Նա վկայել է, որ Հիսուս Քրիստոսը հարություն է առել մեռելներից և բացատրել է, թե ինչ նշանակություն ունի հարությունը Երկնային Հոր բոլոր զավակների համար:
Ա Կորնթացիս 15.1–10
Պողոսը վկայություն է տալիս Հիսուս Քրիստոսի Հարության մասին:
Կարդացեք Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի հետևյալ հայտարարությունը. «Իմ եղբայրնե՛ր և քույրե՛ր, մենք ծիծաղում ենք, լաց ենք լինում, աշխատում ենք, խաղում ենք, սիրում ենք, ապրում ենք: Ապա մահանում ենք: Մահը մեր ընդհանուր ժառանգությունն է: Բոլորը պետք է անցնեն դրա դարպասներով: Մահը տանում է տարեցներին, հոգնածներին և մաշվածներին: Այն այցելում է հույսի ծաղկման մեջ և սպասումների փառքի մեջ գտնվող երիտասարդներին: Ոչ էլ փոքր երեխաներն են ազատվում նրա ճանկերից: Պողոս Առաքյալի խոսքերով. «Մարդկանց համար սահմանված է մեկ անգամ մեռնել» [Եբրայեցիս 9.27]» («Գիտեմ, ապրո՛ւմ է Փրկիչն իմ» Ensign կամ Լիահոնա, մայիս 2007, 24):
Հիշեք ձեր մտքերն ու ապրած զգացումները, երբ ծանոթ մի մարդ է մահանում:
Ա Կորնթացիս 15.1–29 հատվածներն ուսումնասիրելիս փնտրեք սկզբունքներ, որոնք կօգնեն ձեզ, երբ ձեզ ծանոթ մի մարդ մահանա:
Ավարտելով Կորնթոսի սրբերին գրված իր նամակը՝ Պողոս Առաքյալը արձագանքում է որոշ անդամների կողմից ուսուցանվող կեղծ վարդապետությանը: Կարդացեք Ա Կորնթացիս 15.12, պարզելով, թե ինչ կեղծ ուսմունքներ էին ուսուցանվում:
Ձեր կարծիքով այդ կեղծ հավատամքն ինչո՞ւ էր մտահոգում Պողոսին:
Կարդացեք Ա Կորնթացիս 15.3–8, պարզելով, թե Պողոս Առաքյալը ինչ է գրել, որպեսզի Եկեղեցու անդամներին օգնի հասկանալ Փրկչի Հարության իրականությունը: (Նկատեք, որ Կեփաս անունը Պետրոս Առաքյալի անուններից մեկն է:)
Այդ հատվածներից կարող ենք սովորել, որ Առաքյալները վկայում են, որ Հիսուս Քրիստոսը մահացել է մեր մեղքերի համար և մեռելներից հարություն է առել: (Կարող եք նշագծել կամ գրել այս արտահայտությունը ձեր սուրբ գրություններում:)
Նախագահ Մոնսոնը կիսվել է հետևյալ վկայությամբ. «Իմ ողջ սրտով և իմ հոգու եռանդով ես բարձրացնում եմ իմ ձայնը վկայությամբ որպես հատուկ վկա և հայտարարում եմ, որ Աստված ապրո՛ւմ է: Հիսուսը Նրա Որդին է, Հոր Միածինը մարմնի մեջ: Նա մեր Քավիչն է: Նա մեր Միջնորդն է Հոր առաջ: Դա Նա էր, ով զոհվեց խաչի վրա մեր մեղքերը քավելու համար: Նա դարձավ Հարության առաջնապտուղը: Քանի որ Նա մահացավ, մենք բոլորս կրկին կապրենք: «Այնպես ցնծում է իմ հոգին՝ Գիտե՛մ, ապրում է Փրկիչն իմ»: [«Գիտեմ ապրում է Փրկիչն իմ», Հիմներ և մանկական երգեր, էջ 38]: Թող ողջ աշխարհն իմանա դա և ապրի ըստ այդ գիտելիքի» («Գիտեմ, ապրո՛ւմ է Փրկիչն իմ» 25):
Մտածեք, թե Հիսուս Քրիստոսի Հարության մասին Առաքյալների վկայություններն ինչպես են ձեզ օգնել, որ ամրապնդեք ձեր հավատքը Փրկչի և Նրա Հարության վերաբերյալ:
Ա Կորնթացիս 15.11–29
Պողոսը մեկնաբանում է Հարության վարդապետությունը
Ինչպես արձանագրված է Ա Կորնթացիս 15.11–15 հատվածներում, Պողոս Առաքյալը հարցադրել է, թե ինչու են կորնթացի սրբերը սկսել կասկածի տակ դնել Հարության իրականությունը: Նա տրամաբանել է, որ եթե չկա հարություն մեռելներից, ապա Հիսուս Քրիստոսն էլ հարություն չի առել: Եվ եթե Հիսուս Քրիստոսը հարություն չի առել մեռելներից, ապա Նրա հարության բոլոր վկաները կեղծ էին և ավետարանը քարոզելն անիմաստ էր:
Մարգարե Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է. «Մեր կրոնի հիմնական սկզբունքներն են Առաքյալների և Մարգարեների վկայությունը Հիսուս Քրիստոսի մասին, որ Նա մահացավ, թաղվեց և բարձրացավ երրորդ օրը և համբարձվեց երկինք, իսկ բոլոր մյուս բաները, որոնք կապված են մեր կրոնի հետ, միայն դրա հավելումներն են» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ [2007], 49, հավելումները ինչ-որ բաների լրացումն են կամ ավելի մեծի մասը):
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գծեք հետևյալ աղյուսակը: Այնուհետև կարդացեք աղյուսակի ձախ սյունակի սուրբ գրությունները, պարզելով, թե ինչպես կլրացնեք աջ սյունակի համապատասխան նախադասությունները: Ապա ավարտեք նախադասությունները սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում.
Նկատի առեք, որ առաջինեկ բառը Ա Կորնթացիս 15.20 հատվածում համարժեք է երկրագործի հավաքած բերքի առաջնապտղին: Ճիշտ ինչպես առաջնապտղին հաջորդում է մեծ բերքահավաքը, այնպես էլ հարության դեպքում՝ Հիսուս Քրիստոսը հարության առաջինեկն էր: (Նշեք, որ Ա Կորնթացիս 15.20–22 սերտման սուրբ գրության հատված է: Դուք կարող եք այն առանձնահատուկ ձևով նշել, որպեսզի հետագայում կարողանաք գտնել):
Եթե Հիսուսը հարություն չառներ մեռելներից, ապա …
Եթե Հիսուսը հարություն է առել մեռելներից, ապա …
Անդրադարձեք Ա Կորնթացիս 15.19 հատվածի Պողոսի հայտարարությանը. «Եթէ միայն այս կեանքումն ունինք յոյս Քրիստոսի վերայ, ամեն մարդկանցից աւելի ողորմելի ենք»: 20–22 հատվածների Պողոսի վկայությունից սովորած ճշմարտություններից մեկն այն է, որ Հիսուս Քրիստոսի հարության շնորհիվ մենք կարող ենք հույս ունենալ:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե Հիսուս Քրիստոսի հարությունն ինչպես կարող է ձեզ հույս տալ, երբ ձեզ ծանոթ մի մարդ մահանում է, կամ երբ ձեր մոտ վախ կա ի վերջո մահանալու հանդեպ:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերից մեկին կամ մի քանիսին.
-
Գրեք ձեր վկայությունը հարության իրականության և Երկնային Հոր փրկության ծրագրի կարևորության վերաբերյալ: Աշխատեք մեկ այլ անձի հետ կիսվել հարության մասին ձեր վկայությամբ:
-
Խնդրեք որևէ ծնողի, ընկերոջ կամ Եկեղեցու ղեկավարի ձեզ հետ կիսվել հարության մասին իր վկայությամբ: Գրեք այն մասին, թե ինչ սովորեցիք և զգացիք, երբ լսեցիք նրանց վկայությունը:
-
Ինչպես գրված է Ա Կորնթացիս 15.23–24 հատվածներում, Պողոսն ուսուցանել է, որ հարությունը կարգով կլինի: Առաջինը հարություն առավ Հիսուս Քրիստոսը, իսկ հետո հարություն կառնեն Նրա հավատարիմ հետևորդները: Վարդապետություն և Ուխտերն ուսուցանում են, որ այդ հավատարիմ հետևորդները սելեստիալ փառք կժառանգեն (տես ՎևՈւ 76.50–70, 88.97–98): Նրանք, ովքեր անվեհեր չեն Հիսուս Քրիստոսի իրենց վկայության մեջ, և նրանք, ովքեր ամբարիշտ են, ավելի ուշ հարություն կառնեն (տես ՎևՈւ 76.71–86, 88.99–101): Պողոսն ուսուցանել է, որ երբ գա վախճանը (Հազարմյան), երբոր կխափանվի աշխարհի «իշխանութիւնը եւ պետությունը» Հիսուս Քրիստոսը Երկնային Հորը կհանձնի թագավորությունը (Ա Կորնթացիս 15.24):
Կարդացեք Ա Կորնթացիս 15.25–26 հատվածները, պարզելով, թե ըստ Պողոսի ուսուցանածի՝ ինչ կպատահի Հիսուս Քրիստոսի թշնամիների հետ Հազարամյայի ժամանակ:
Նկատի առեք, թե ով է վերջին թշնամին, որին Քրիստոսը կկործանի: Ինչո՞ւ է մահը թշնամի համարվում Հիսուս Քրիստոսին կամ Երկնային Հոր ծրագրին: (Տես Մովսես 1.39):
Կարդացեք Ա Կորնթացիս 15.29 հատվածը, պարզելով, թե ինչպիսի արարողություն էին կատարում կորնթացի սրբերը:
Ձեր խոսքերով կրկնեք այն հարցը, որ Պողոսը տվել էր սրբերին մահացածների մկրտության մասնակցության վերաբերյալ.
Ա Կորնթացիս 15.29 հատվածից սովորած ճշմարտություններից մեկն այն է, որ նրանք, ովքեր մահացել են առանց մկրտության, կարող են ստանալ այդ էական արարողությունը:
Նախագահ Գորդոն Բ. Հինքլին բացատրել է, որ տաճարները կանգնած են որպես հարության հանդեպ մեր հավատքի խորհրդանիշ. Յուրաքանչյուր տաճար՝ փոքր, թե մեծ, հին, թե նոր, արտահայտում է մեր վկայությունը, որ մահկանացու կյանքի պես կյանքը գերեզմանից այն կողմ իրական է և որոշակի: Եթե մարդկային հոգին հավերժական չլիներ, ապա տաճարների կարիք չէր լինի: Այդ սրբազան տներում կատարվող ամեն մի արարողություն հավիտենական նշանակություն ունի» (“This Peaceful House of God,” Ensign, May 1993, 74):
Եթե դուք ապրում եք տաճարին մոտ, մտաբերեք այն ժամանակը, երբ դուք մահացածների համար մկրտություններ էիք կատարում կամ ձեր նախնիների անուններն էիք նախապատրաստում տանելու տաճար: Ի՞նչ ապրումներ եք ունեցել, երբ պատրաստել եք անուններ կամ տաճարում աշխատանք եք կատարել նրանց համար: Եթե մոտ չեք ապրում տաճարին, մտածեք, թե ինչ կարող եք անել, որպեսզի աջակցեքմահացածների փրկության աշխատանքին:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին. Ի՞նչ կարող եք անել, որպեսզի ավելի լիովին մասնակցեք ընտանեկան պատմության և տաճարային աշխատանքին և ձեր կարծիքով ինչպե՞ս կարող է ձեր մասնակցությունը ամրապնդել ձեր վկայությունը հարության վերաբերյալ:
Թղթի կտորի վրա անձնական մի նպատակ գրեք, թե ինչպես կարող եք ավելի լավ մասնակցել ընտանեկան պատմության և տաճարային աշխատանքին: Թուղթը դրեք այնպիսի տեղում, որը կհիշեցնի ձեզ աշխատել ձեր նպատակի ուղղությամբ:
Սերտման սուրբ գրություն` Ա Կորնթացիս 15.20–22
-
Սերտման սուրբ գրության այս հատվածները (Ա Կորնթացիս 15.20–22) կօգնեն ձեզ ունենալ բառերը և հասկացողությունը, որոնց օգնությամբ կարող եք ուրիշներին ուսուցանել հարության վարդապետությունը: Մի քանի րոպե տրամադրեք 22 հատվածը մտապահելուն, այնուհետև, առանց սուրբ գրություններին նայելու, անգիր ասեք այն: Նույնը կրկնեք 21 հատվածի համար, անգիր ասելով 21–22 հատվածները, ապա 20 հատվածը՝ հերթականությամբ անգիր ասելով բոլոր երեք հատվածները: Ի վերջո, փորձեք հիշելով գրել սերտման սուրբ գրության ամբողջ հատվածը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.
Ես ուսումնասիրեցի Ա Կորնթացիս 15.1–29 հատվածները և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):
Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.