Դաս 6
Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1.1–20
Նախաբան
1838թ. Ջոզեֆ Սմիթը սկսեց աշխատել իր պաշտոնական պատմության վրա: Այդտեղ նա նկարագրեց իր ընտանիքին և այն վայրերը, որտեղ նրանք ապրում էին։ Նա նաև մանրամասնեց անսովոր հուզմունքը կրոնի վերաբերյալ, որը 1820թ-ին առաջացել էր արևմտյան Նյու Յորքում։ Կրոնի նկատմամբ խանդավառությունը նրան մղեց «լուրջ մտախոհության ու մեծ անհանգստության», թե որ եկեղեցուն միանար (Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1․8)։ Սուրբ գրությունները քննելուց հետո, հատկապես Հակոբոս 1․5, Ջոզեֆը որոշեց աղոթքով դիմել Աստծուն իր հարցերի պատասխանների համար։ Ի պատասխան իր աղոթքի Հայր Աստված և Նրա Որդին, Հիսուս Քրիստոսը, հայտնվեցին նրան:
Ուսուցանման առաջարկներ
Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.1-4
Ջոզեֆ Սմիթը գրում է Եկեղեցու պատմությունը
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Կանադայում տեղի ունեցած երկու միսիոներների հետևյալ փորձառությունը, ինչպես որ պատմել է Նախագահ Թոմաս Ս․ Մոնսոնը (պատմության շարունակությունը կկարդանք ավելի ուշ այս դասի ընթացքում):
«Երկու [միսիոներներ] կանգ առան Պր Էլմեր Փոլարդի տան առջև։… Նրանք ներկայացրեցին իրենց ուղերձը և հրավիրեցին նրան աղոթել միասին։ Նա համաձայնվեց այն պայմանով, որ նա պետք է ասեր աղոթքը:
Նրա ասած աղոթքն ապշեցրեց միսիոներներին: Նա ասաց. «Երկնային Հայր, օրհնիր այս երկու անհաջողակ, մոլորված միսիոներներին, որպեսզի նրանք կարողանան վերադառնալ իրենց տները և իրենց ժամանակը չվատնեն Կանադայի ժողովրդին պատմելով մի ուղերձի մասին, որն այնքան անիրական է և որի մասին նրանք այդքան քիչ գիտեն»:
Երբ նրանք ծնկաչոք աղոթելուց հետո ոտքի կանգնեցին, պարոն Փոլլարդը խնդրեց միսիոներներին երբեք չվերադառնալ իր տուն: Նրանց հեռանալուց հետո նա ծաղրանքով ասաց նրանց. «Դուք չեք կարող ասել ինձ, որ դուք իսկապես հավատում եք, որ Ջոզեֆ Սմիթը Աստծո մարգարեն է եղել» և շղկացրեց դուռը» (“The Prophet Joseph Smith: Teacher by Example,” Ensign or Liahona, Nov. 2005, 69)։
-
Եթե դուք լինեիք այդ միսիոներներից մեկը, ի՞նչ կասեիք Պր․ Փոլարդին։
-
Ինչպե՞ս կարող է անձն իմանալ, որ Ջոզեֆ Սմիթը Աստծո Մարգարեն էր:
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1․1–2 հատվածները։ Դասարանին հորդորեք հետևել նրան և ուշադրություն դարձնել այն պատճառներին, որոնց համար Ջոզեֆ Սմիթը գրել է իր և Եկեղեցու պատմությունը։
-
Համաձայն 1 հատվածի, ի՞նչ էր տարածվում մարդկանց մեջ վաղ Եկեղեցու շրջանում։ (Բազում սխալ զեկուցումներ, որոնք նպատակ ունեին մարդկանց դրդել Եկեղեցու դեմ։)
-
Ի՞նչ պատճառ բերեց Ջոզեֆը իր պատմությունը գրելու համար։ (Հանրությանը տրամադրել հուսալի և ճշգրիտ պատմություն Առաջին Տեսիլքի և Վերականգնման իրադարձությունների վերաբերյալ։)
Բացատրեք, որ այսօր ևս կան անհատներ կամ խմբեր, ովքեր կեղծ կամ ապակողմնորոշիչ տեղեկություններ են տարածում Եկեղեցու վերաբերյալ՝ հավատքը քայքայելու մտադրությունից ելնելով։
-
Իր պատմությունը գրելու Ջոզեֆ Սմիթի պատճառից, ի՞նչ կարող ենք մենք սովորել, որի օգնությամբ մենք կխուսափենք խաբվել կեղծ կամ ապակողմնորոշիչ տեղեկություններից։ (Նրանք ովքեր անկեղծորեն ցանկանում են իմանալ ճշմարտությունը, պետք է ջանասիրաբար փնտրեն վստահելի տեղեկությունների աղբյուրներ Եկեղեցու և նրա պատմության վերաբերյալ, այլ ոչ թե պարզապես ընդունեն իրենց լսած տեղեկությունը, այդ թվում այն, ինչ երևում է համացանցի որոնման արդյունքում։)
-
Ինչո՞ւ է կարևոր, որ Վերականգնման մասին «ճշմարտություն փնտրողները» կարդան Ջոզեֆ Սմիթի պատմությունը։ (Մարգարեի պատմության վրա հիմնվելով անհատները կխուսափեն խաբվելուց կեղծ կամ ապակողմնորոշիչ տեղեկություններով։)
-
Ջոզեֆ Սմիթի խոսքերը կարդալով, ինչպե՞ս կարող է ինչ-որ մեկն իմանալ ճշմարտությունն իր փորձառությունների վերաբերյալ։
Կիսվեք Երեց Նիլ Լ․ Անդերսենի հետևյալ նախազգուշացումով։
«Միշտ կլինեն մի քանիսը, ովքեր կփորձեն հեղինակազրկել Եկեղեցին և ոչնչացնել հավատքը: Այսօր նրանք օգտագործում են համացանցը:
Եկեղեցու մասին որոշ տեղեկություններ, անկախ նրանց համոզիչ լինելուց, պարզապես ճշմարիտ չեն» («Ձեր հավատքի փորձությունը» Ensign կամ Լիահոնա, նոյ. 2012, 41)։
Հանձնարարեք որևէ ուսանողի կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսի հետևյալ միտքը. Դասարանին հորդորեք լսել, թե ինչպես մենք պետք է գնահատենք այն, ինչ կարդում ենք Եկեղեցու և նրա պատմության վերաբերյալ։ (Կարող եք յուրաքանչյուր ուսանողի տրամադրել այդ նյութի մեկական օրինակ։)
«Վերջին Օրերի Սրբեր ընթերցողները պետք է … լինեն… իմաստուն իրենց կարդացածի գնահատման հարցում։…
Մեր անհատական, անձնական վկայությունները հիմնված են Հոգու վկայության վրա, այլ ոչ թե պատմական փաստերի համակցման կամ հավաքման վրա։ Եթե մենք այդպես արմատավորված լինենք, պատմական փաստերի ոչ մի փոփոխություն չի կարող սասանել մեր վկայությունները։ Մեր Երկնային Հայրը տվել է մեզ տրամաբանության զորությունը և մեզանից ակնկալվում է կիրառել այն ամբողջովին։ Բայց նա նաև տվել է մեզ Մխիթարիչին, ով Նրա ասելով մեզ կտանի դեպի ճշմարտությունը և որի զորությամբ մենք կարող ենք իմանալ ճշմարտությունը բոլոր բաների։ Այն Վերջին Օրերի Սրբերի համար, ովքեր արժանի են և ցանկանում են ապավինել դրան, դա է վերջնական ուղեցույցը» (“The Message of the Old Testament” [address to CES religious educators, Aug. 16, 1985], 7, LDS.org)։
Հորդորեք ուսանողներին կիսվել, թե նրանք ինչ առանձնացրեցին Երեց Օուքսի խորհրդից և ինչու է այն օգտակար։
Կարող եք բացատրել, որ Ջոզեֆ Սմիթը 1838թ-ին գրել է Առաջին Տեսիլքի պատմությունը, որպես Եկեղեցու պաշտոնական պատմություն, որպեսզի հրապարակվի աշխարհով մեկ։ Գոյություն ունի Առաջին տեսիլքի ինը պատմություն՝ չորսը գրված և թելադրված Ջոզեֆ Սմիթի կողմից և հինգը գրված ուրիշների կողմից, ովքեր վերապատմել են նրա փորձառությունը։ (Ջոզեֆ Սմիթի Առաջին Տեսիլքի չորս պատմությունների մասին լրացուցիչ տեղեկության համար տես Միլտոն Վ․ Բեքման Կրտ․-ի, «Ջոզեֆ Սմիթի շարադրանքը Առաջին Տեսիլքի մասին» Ensign, Jan. 1985, 8–17։)
Կարող եք նաև բացատրել, որ Առաջին Տեսիլքի բազմաթիվ պատմություններ են պատրաստվել տարբեր ժամանակներում և տարբեր լսարանների համար։ Այդ պատմությունների մեջ Ջոզեֆ Սմիթը շեշտում է Առաջին Տեսիլքի իր փորձառության տարբեր դիրքորոշումները, սակայն բոլոր պատմություններն էլ հիմնական ճշմարտության հարցում համընկնում են նրանում, որ Ջոզեֆ Սմիթին իսկապես երկինքները բացվել են և նա տեսել է աստվածային սուրհանդակներին, այդ թվում Հայր Աստծուն և Տեր Հիսուս Քրիստոսին։ Քանի որ 1838թ-ի պատմությունը կազմում էր Ջոզեֆ Սմիթի պաշտոնական պատմության և աշխարհին իր վկայության մի մասը, այն ընդգրկվեց Թանկագին Մարգարիտում որպես սուրբ գրություն։
-
Ճիշտ այնպես, ինչպես որ Ջոզեֆ Սմիթն էր մատնանշել իր բազմաթիվ պատմությունների տարբեր դիրքորոշումները, այդպես էլ Պողոս Առաքյալն է մատնանշել Փրկչի վերաբերյալ իր տեսիլքի տարբեր դիրքորոշումները տարբեր լսարաններին (տես Գործք Առաքելոց 9․1–9; Գործք Առաքելոց 22․5–11; Գործք Առաքելոց 26․12–20)։ Ձեր կարծիքով, ինչո՞ւ են Ջոզեֆ Սմիթը և Պողոսը շեշտում տարբեր բաներ ամեն անգամ իրենց տեսիլքների պատմությունները պատմելիս։
Ամփոփեք Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1․3–4-ը, բացատրելով, որ Ջոզեֆը ծնվել է Վերմոնտ նահանգում, բայց 10 տարեկան հասակում տեղափոխվել է Նյու Յորք նահանգի Պալմիրա շրջան։
Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.5-13
Կրոնական խառնաշփոթի մեջ Ջոզեֆ Սմիթը որոշում է հարցնել Աստծուն, թե որ Եկեղեցին է ճիշտ։
Բացատրեք, որ Ջոզեֆ Սմիթն ապրել է կրոնի մասին մեծ հուզումների ժամանակաշրջանում։ Հանձնարարեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1․5-7: Դասարանին հանձնարարեք ուշադրություն դարձնել այն բառերին ու արտահայտություններին, որոնք նկարագրում են այն իրավիճակը, որի մեջ հայտնվել էր Ջոզեֆը։ Հանձնարարեք որևէ ուսանողի գրատախտակին գրել այն բառերն ու արտահայտությունները, որոնք նրանք գտել են։ Այնուհետև հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1․8, 10 հատվածները։ Դասարանի ուշադրությունը դարձրեք այն բանի վրա, թե ինչպես էր Ջոզեֆ Սմիթը իրեն զգում այդ ժամանակ։
-
Ինչպե՞ս էր Ջոզեֆը զգում իրեն շրջապատած կրոնական հուզումների արդյունքում։
-
Որո՞նք էին այն հարցերը, որոնց պատասխանները նա ցանկանում էր ստանալ։
-
Արդյո՞ք ձեզանից որևէ մեկը երբևէ նմանատիպ հարցեր է ունեցել։ Ի՞նչ եք արել դրանց պատասխանները գտնելու համար։
Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1․11 և ուշադրություն դարձրեք նրան, թե ինչ արեց Ջոզեֆ Սմիթը իր հարցերի պատասխանները գտնելու համար։
-
Ո՞ւմ դիմեց Ջոզեֆը իր հարցերի պատասխանները ստանալու համար։
-
Ո՞ր սկզբունքը Հակոբոս 1․5 հատվածի մեջ օգնեց Ջոզեֆ Սմիթին վստահություն ձեռք բերել, որ նա կարող է գտնել իր հարցերի պատասխանները։ (Ուսանողները կարող են տարբեր խոսքերով բացատրել, սակայն պետք է հնչեցնեն հետևյալ սկզբունքը. Եթե հավատքով խնդրենք Աստծուն, Նա կպատասխանի մեր աղոթքներին: Կարող եք բացատրել, որ Աստված կպատասխանի մեր աղոթքներին Իր ժամանակացույցով և Իր ձևով։)
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1․12-13 հատվածները: Դասարանին հանձնարարեք բացահայտել, թե ինչպես է Հակոբոս 1․5 հատվածի մեջ ուսուցանված սկզբունքն ազդել Ջոզեֆ Սմիթի վրա։
Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1.14-20
Ջոզեֆ Սմիթը տեսնում է Հայր Աստծուն և Նրա Որդի Հիսուս Քրիստոսին։
Հանձնարարեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1․14–15 հատվածները:
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ էր սատանան փորձում խանգարել Ջոզեֆ Սմիթին աղոթել։
Հանձնարարեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1․16–17 հատվածները: Դասարանին հանձնարարեք բացահայտել, թե ինչպես Ջոզեֆն արձագանքեց իր զգացած ընդդիմությանը։ Նաև հանձնարարեք նրանց Ջոզեֆի վկայությունից նշել այն արտահայտությունները, որոնք նշանակալից են նրանց համար կամ որոնք կարող են օգտագործել ուրիշներին Առաջին Տեսիլքն ուսուցանելու համար։
-
Այդ հատվածներից ո՞ր արտահայտություններն են նշանակալից ձեզ համար: Ինչո՞ւ:
Հետևյալ ճշմարտությունը գրեք գրատախտակին․ Ջոզեֆ Սմիթը տեսել է Հայր Աստծուն և Նրա Որդի Հիսուս Քրիստոսին։
-
Ինչո՞ւ է կարևոր ունենալ վկայություն այն մասին, որ Ջոզեֆ Սմիթը տեսել է Հայր Աստծուն և Նրա Որդի Հիսուս Քրիստոսին։
-
Ինչպե՞ս եք իմանում, որ Ջոզեֆ Սմիթը տեսել է Հայր Աստծուն և Նրա Որդի Հիսուս Քրիստոսին։
Երբ ուսանողներից մի քանիսը կիսվեն իրենց վկայությամբ, բացատրեք, որ Առաջին Տեսիլքը Վերականգնման հիմնարար իրադարձությունն է։ Առաջին Տեսիլքը նաև տալիս է կարևոր վարդապետական հարցերի պատասխանները։ Հանձնարարեք որևէ ուսանողի մտքում կրկնել Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1․15–17, փնտրելով այն ճշմարտությունները, որոնք մենք կարող ենք սովորել այդ պատմությունից։ Կարող եք տալ հետևյալ հարցերը.
-
Ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1․15–16 հատվածներից, որը կարող է մեզ օգնել հաղթահարելու գայթակղությունը։ (Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, սակայն նրանք պետք է հասկանան հետևյալ սկզբունքը․ Եթե մենք ջանասիրաբար փնտրենք Աստծո օգնությունը այն ժամանակ, երբ սատանան փորձում է հուսահատեցնել մեզ, Աստված մեզ կազատի թշնամուց։)
-
Ի՞նչ են այս հատվածները սովորեցնում Հայր Աստծո և Հիսուս Քրիստոսի բնույթի մասին։ (Պատասխանները կարող են ներառել հետևյալը․ Հայր Աստված և Նրա Որդի Հիսուս Քրիստոսն ապրում են։ Երկնային Հայրը և Նրա Որդի Հիսուս Քրիստոսը առանձին և տարբեր էակներ են։)
-
Ո՞րն էր առաջին բառը, որ Աստված ասաց Ջոզեֆ Սմիթին։ (Ջոզեֆ։) Ինչո՞ւ է դա կարևոր իմանալ: Ի՞նչ ճշմարտություններ կարող ենք սովորել դրանից: (Պատասխանները կարող են ներառել հետևյալը․ Հայր Աստված գիտի մեր անունը։ Աստված պատասխանում է մեր աղոթքներին։)
Որպեսզի ուսանողներին օգնեք հասկանալ և զգալ այս դասի ընթացքում սովորած վարդապետություններն ու սկզբունքները, կարող եք տալ հետևյալ հարցերը.
-
Ինչո՞ւ է էական իմանալ և հասկանալ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին այդ ճշմարտությունները։
-
Ե՞րբ են մեկ կամ մի քանի այդպիսի ճշմարտություններ օրհնել ձեր կյանքը։ (Հիշեցրեք ուսանողներին, որ որոշ փորձառություններ չափազանց անձնական կամ սրբազան են կիսվելու համար։)
Բացատրեք, որ Ջոզեֆ Սմիթը նույնպես ստացել է իր հարցերի պատասխանները Առաջին Տեսիլքի ընթացքում։ Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1․18–20 հատվածները։
-
Ի՞նչ իմացավ Ջոզեֆը ի պատասխան իր աղոթքին։
Հիշեցրեք ուսանողներին միսիոներների մասին այն պատմությունը, որն ընթերցվեց դասի սկզբում։ Հանձնարարեք որևէ ուսանողի ընթերցել պատմության մյուս կեսը․
«Այդ երկուսը վերադարձան Պր․ Փոլարդի դռան մոտ։ Պր․ Փոլարդը զայրացած պատասխանեց թակոցին․ «Կարծում էի, ես ասացի ձեզ, որ այլևս չվերադառնաք»։
Ապա կրտսեր զուգընկերն ասել էր իր ողջ համարձակությամբ, որ կարող էր ունենալ. «Պարոն Փոլլանդ, երբ մենք հեռացանք ձեր տանից, դուք ասացիք, որ մենք իրականում չենք հավատում, որ Ջոզեֆ Սմիթն Աստծո մարգարե էր: Ես ուզում եմ վկայել ձեզ, պարոն Փոլլարդ, որ ես գիտեմ, որ Ջոզեֆ Սմիթը Աստծո մարգարեն է եղել, որ ոգեշնչման միջոցով նա թարգմանել է սրբազան հիշատակարանը, որը հայտնի է որպես Մորմոնի Գիրք, որ նա տեսել է Հայր Աստծուն և Հիսուսին` Որդուն»: Ապա միսիոներեները հեռացան:
[Ավելի ուշ վկայել է պարոն Փոլլարդը.] «Այդ գիշեր քուն չեկավ իմ աչքերին: Ես անընդհատ շուռումուռ էի գալիս: Իմ մտքում ես կրկին ու կրկին լսում էի բառեր. «Ջոզեֆ Սմիթը Աստծո Մարգարեն էր: Ես գիտեմ, դա … Ես գիտեմ, դա … Ես գիտեմ դա»: Ես հազիվ էի կարողանում սպասել լույսը բացվելուն: Ես զանգահարեցի միսիոներներին։… Նրանք վերադարձան, և այս անգամ իմ կինը, իմ ընտանիքը և ես միասին ներկա գտնվեցինք զրույցին` որպես ճշմարտության անկեղծ որոնողներ: Դրա արդյունքում մենք բոլորս էլ ընդունեցինք Հիսուս Քրիստոսի ավետարանը» (“The Prophet Joseph Smith: Teacher by Example,” 69)։
Հորդորեք ուսանողներին կարդալ Ջոզեֆ Սմիթ - Պատմությունը և խնդրել Երկնային Հորը օգնել իրենց ամրապնդել իրենց վկայությունն այն մասին, որ Առաջին Տեսիլքի մասին Ջոզեֆ Սմիթի պատմությունը ճշմարիտ է։ Կարող եք նաև խրախուսել նրանց կիսվել մեկ ուրիշի հետ Առաջին Տեսիլքի ուղերձով։ Ավարտեք, կիսվելով ձեր վկայությամբ այն ճշմարտությունների վերաբերյալ, որոնք դուք այսօր քննակեցիք։