Դաս 104
Վարդապետություն և Ուխտեր 101․1-16
Նախաբան
1833թ․ դեկտեմբերի 16 և 17-ին, Մարգարե Ջոզեֆ Սմիթը հայտնություն ստացավ այն չարչարանքների վերաբերյալ, որոնց Սրբերը ենթարկվում էին Միսսուրիում։ Այդ հայտնությունը, որը գրված է Վարդապետություն և Ուխտեր 101-ում, կքննարկվի երեք դասի ընթացքում։ Առաջին դասը Տիրոջ մեկնաբանության մասին է, թե ինչու Նա թույլ տվեց, որ Սրբերը չարչարվեն։ Այն նաև պարունակում է Տառապող Սրբերին ուղղված Նրա խորհրդի ու մխիթարության խոսքերը։
Ուսուցանման առաջարկներ
Վարդապետություն և Ուխտեր 101․1-8
Տերը բացատրում է, թե ինչու է թույլ տալիս, որ Իր ժողովուրդը ենթարկվի փորձությունների
Դասարանի առջև, գրատախտակի վրա գծեք ուղեկցող քարտեզը ։ Կարող եք դասի ընթացքում հղում անել քարտեզին որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ դասի պատմական ակնարկները։
Դասը սկսելու համար, տվեք հետևյալ հարցը․
-
Որո՞նք են հալածանքների այն մի քանի օրինակները, որոնց ենթարկվում էին Սրբերը Ջեկսոն գավառում, Միսսուրիում։ (Կարող եք հիշեցնել ուսանողներին՝ Սրբերի տպագրատան, տների և դաշտերի բերքի ոչնչացման և Էդվարդ Պատրիջի ու Չարլզ Ալենի ձութապատման ու փետուրներով պատման մասին։)
Ամփոփեք կամ կարդացեք հետևյալ պարբերությունը, կամ հանձնարարեք որևէ ուսանողի կարդալու դա։
Միսսուրիի Ջեկսոն գավառի ամբոխի բռնությունների պատճառով, 1833թ․ հուլիսին, Միսսուրիի Եկեղեցու ղեկավարները համաձայնվեցին հեռանալ գավառից։ Այնուամենայնիվ, 1833թ․ օգոստոսին, Կիրթլանդում Եկեղեցու գերագույն ղեկավարների խորհուրդ հավաքվեց, որպեսզի քննարկեն Միսսուրիում տեղի ունեցող խնդիրները։ Նրանք հրահանգներ ուղարկեցին, որում ասվում էր, որ Միսսուրիի Սրբերը չպետք է վաճառեին իրենց հողերը կամ հեռանային գավառից, եթե, իհարկե, նրանք արդեն համաձայնագրեր չէին ստորագրել դա անելու համար։ Եկեղեցու ղեկավարները միջնորդություն ներկայացրեցին կառավարություն և օգտագործեցին բոլոր հնարավոր օրինական կապերը՝ Միսսուրիի իրենց հողերը պահպանելու, և բռնությունների համար պատասխանատու անձանց արդարադատությանը հանձնելու համար։ Լսելով այդ գործողությունների մասին և համոզված լինելով, որ Սրբերը չէին ցանկանում հեռանալ, ինչպես որ սպասվում էր, ոչ անդամ բնակիչները կրկին անգամ հարձակվեցին Սրբերի վրա։ 1833թ․ հոկտեմբերի 31-ի գիշերը, 50 ձիավորներով ամբոխը ներխուժեց Ուիթմերի ավան, որը գտնվում է Ինդեփենդենսից արևմուտք։ Նրանք ավիրեցին 13 տների տանիքներ և ծեծեցին մի քանի տղամարդկանց, գրեթե սպանելով նրանց։ Այդ հարձակումները Ինդեփենդենսի և այլ վայրերի վրա, որտեղ Սրբերն ապրում էին, շարունակվեցին հաջորդ երկու գիշերվա ընթացքում։ Տղամարդկանց ծեծի էին ենթարկել, իսկ կանանց ու երեխաներին ահաբեկել։
-
Ձեր կարծիքով, այդ պահին ի՞նչ հարց կարող էր ծագել Միսսուրիի Սրբերի գլխում։ (Եթե ուսանողները դժվարանան պատասխանել այդ հարցին, կարող եք նրանց հուշել, որ միգուցե Սրբերը մտածում էին, թե ինչու Տերը թույլ տվեց, որ նրանք հալածվեն։)
Հարցրեք ուսանողներին, թե արդյոք երբևէ նրանք խորհել են, թե ինչու է Տերը թույլ տալիս, որ նրանք կամ նրանց մերձավորները ենթարկվեն չարչարանքների։
Բացատրեք, որ երբ Միսսուրի Սրբերը տառապում էին այդ փորձությունների մեջ, Տերը հայտնեց ճշմարտություններն այն բանի մասին, թե ինչու է Նա հանդուրժել, որ Իր ժողովուրդը ենթարկվի չարչարանքների։ Հանձնարարեք ուսանողներին նայել Վարդապետություն և Ուխտեր 101 բաժնի նախաբանին և բացահայտել, թե որ ամսաթվին է Ջոզեֆ Սմիթը ստացել այդ հայտնությունը։ Ապա, հորդորեք նրանց արագ աչքի անցկացնել բաժնի նախաբանի մնացած մասը, որպեսզի բացահայտեն այն լրացուցիչ դժվարությունները, որոնց ենթարկվեցին Սրբերը 1831թ․ հոկտեմբերի հարձակման և այս հայտնության ամսաթվերի միջև ընկած ժամանակահատվածում։ Հորդորեք նրանց կիսվել իրենց մտքերով։ (Իրենց մտքերով կիսվելուց հետո, կարող եք բացատրել, որ ավելի քան 1000 Սրբեր դուրս էին հանվել Ջեկսոն գավառի իրենց տներից։)
Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 101.1-2 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան, և բացահայտել այն պատճառը, թե ինչու էր Տերը հանդուրժել, որ Ջեկսոն գավառի Սրբերը կրեին հալածանքներ և չարչարանքներ։ Հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց գտածով։
-
Ի՞նչ կարող ենք 2 հատվածից սովորել Աստծո պատվիրանները խախտելու հետևանքների մասին։ (Ուսանողները կարող են տարբեր բառեր օգտագործել, բայց նրանք պետք է արտահայտեն հետևյալ սկզբունքը. Եթե մենք խախտում ենք պատվիրանները, Աստված թույլ է տալիս, որ մենք տառապենք։)
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր, որ հասկանանք այդ սկզբունքը:
Նշեք, որ չնայած Միսսուրիի Սրբերից շատերն էին հավատարիմ ու հնազանդ, նրանք, այնուամենայնիվ, տառապեցին հալածանքների պատճառով։ Ուսանողներից որևէ մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 100.3-5 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան և փնտրել այն պատճառը, թե ինչու է Տերը թույլ տալիս, որ նույնիսկ արդարակյաց Սրբերը չարչարվեն։ Հորդորեք ուսանողներին կիսվել իրենց մտքերով։ Կարող եք բացատրել, որ խրատվել բառը նշանակում է պատժվել կամ ուղղվել, որ փորձվել բառը նշանակում է ստուգվել, և որ սրբագործել բառը նշանակում է ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին դարձնել մաքուր կամ սուրբ։
-
Համաձայն այս հատվածների, ինչո՞ւ է Տերը խրատում և փորձում Իր ժողովրդին։ (Ուսանողները պետք է արտահայտեն հետևյալ սկզբունքը․ Եթե մենք չդիմանանք խրատվելուն, մենք չենք կարող սրբագործվել։ Գրեք այս սկզբունքը գրատախտակին):
-
Ինչպե՞ս կարող է խրատվելն օգնել, որ մենք սրբագործվենք։
-
Այդ հատվածների ուղերձը, ինչպիսի՞ ազդեցություն կարող էր ունենալ Միսսուրիի Սրբերի վրա։
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե ինչպես կարող է խրատվելն ու փորձվելն օգնել, որ մենք սրբագործվենք, հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ․ Թոդ Քրիստոֆերսոնի հետևյալ հայտարարությունը․
«Մեր ապաշխարությունը խթանելուց բացի, ինքնին, պատիժն ընդունելու փորձառությունը կարող է մաքրագործել մեզ և նախապատրաստել հոգևոր ավելի մեծ արտոնություններ ստանալուն» (“As Many as I Love, I Rebuke and Chasten,” Ensign or Liahona, May 2011, 98)։
Նշեք, որ Տերը Աբրահամին օրինակ է բերել, որպես մեկի, ով խրատվել ու փորձվել է։ Կարող եք հանձնարարել որևէ ուսանողի ամփոփել այն պատմությունը, որտեղ Տերը պատվիրում է Աբրահամին զոհաբերել իր որդի Իսահակին (տես Ծննդոց 22․1–14)։ Բացատրեք, որ Աբրահամի հավատարմությունն այդ ստուգման և այլ փորձությունների ժամանակ, նախապատրաստեց նրան ստանալու հոգևոր ավելի մեծ օրհնություններ (տես Ծննդոց 22․15–18)։ Ուսանողների ուշադրությունը դարձրեք այն սկզբունքի վրա, որը գրել եք գրատախտակին։
-
Ինչպե՞ս կարող է այդ ճշմարտությունն օգնել մեզ դժվար ժամանակներում։
Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 101․6-8 հատվածները, ուշադրություն դարձնելով այն մեղքերի վրա, որոնք կատարել էին Միսսուրիի Սրբերից մի քանիսը, որը բոլորին բերեց չարչարանքներ։ Հորդորեք ուսանողներին դասարանի հետ կիսվել իրենց մտքերով։
-
Ի՞նչ եք սովորում 7-8 հատվածներից։
-
Ըստ 8-րդ հատվածի, ինչին են հակված որոշ մարդիկ, երբ նրանց կյանքը խաղաղ է։
-
Ըստ 8-րդ հատվածի, ինչ են սկսում անել որոշ մարդիկ, երբ հայտնվում են նեղության մեջ։ Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «փնտրել» Տիրոջը։
Հորդորեք ուսանողներին մտածել այն փորձառությունների մասին, երբ նրանց փորձությունները ստիպել են նրանց դարձնել իրենց սրտերը դեպի Տերը։
Վարդապետություն և Ուխտեր 101․9-16
Տերը հրահանգում և մխիթարում է Սրբերին
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 101․9 և հորդորեք դասարանին ուշադրություն դարձնել այն հույսի ուղերձին, որը Տերը տալիս է Սրբերին, ովքեր տառապում էին Միսսուրիում։
-
Ի՞նչ ուղերձ է Տերը հղում 9-րդ հատվածում, որը կարող է օգնել մեզ, երբ մենք տառապում ենք մեր մեղքերի հետևանքներից։ (Ուսանողների պատասխանները կարող են տարբեր լինել, բայց նրանք պետք է նշեն հետևյալ ճշմարտությունը․ Նույնիսկ, եթե մենք մեղք ենք գործել, Տերը կարեկցանք է զգում մեր հանդեպ։ Հետևյալ ճշմարտությունը գրեք գրատախտակին։ Կարող եք նաև առաջարկել, որ ուսանողները գրեն դա իրենց սուրբ գրություններում։)
-
Ինչպե՞ս կարող է այդ ճշմարտությունը հույս տա մեզ։
Խնդրեք ուսանողներին իրենց դասարանային նոթատետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում գրել, թե ինչ կարող են նրանք անել իրենց սրտերը դեպի Տերը դարձնելու և Նրա կարեկցանքը զգալու համար։
Ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 101․10-11 հատվածները, և բացատրեք, որ նույնիսկ այն բանին, որ Տերը թույլ է տվել Սրբերին հալածվել, Նա ասաց, որ Նա կպատժի այն մարդկանց, ովքեր հալածել են նրանց։ Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ հետևյալ պարբերությունը, և հորդորեք դասարանին լսել այն մյուս փորձությունների մասին, որոնց Միսսուրիի Սրբերը ենթարկվեցին։ Կարող եք հորդորել ուսանողներին պատկերացնել, թե ինչպես կզգային այդ փորձությունները տեսնելիս կամ դրանց ենթարկվելիս։
Ջեկսոն գավառի ամբոխը շարունակում էր հալածել Սրբերին, մինչև որ Եկեղեցու բոլոր անդամները դուրս հանվեցին գավառից։ Լիման Ուայթը գրել է․«Ես տեսա հարյուր և իննսուն կանանց և երեխաների, որոնք քշվում էին 30 մղոն տափաստանով մեկ, իրենց հետ ունենալով միայն երեք զառամյալ տղամարդ, նոյեմբեր ամսին, երբ գետինը բարակ շերտով պատված էր թաց ձյունով, և ես հեշտությամբ կարող էի հետևել նրանց ուղուն, այն արյան հետքով, որը հոսում էր նրանց պատռված ոտքերից տափաստանի կարճ հնձած խոտի վրա» (in History of the Church, 3:439)։
Սրբերի մեծ մասը փախան հյուսիս, որտեղ նրանք ստիպված էին անցնել Միսսուրի գետը։ Լաստանավի մոտ գետի ափը լցված էր փախստականներով։ Ոմանց բախտն այնքան էր բերել, որ փախել էին իրենց որոշ կենցաղային ապրանքներով, բայց շատերն ամեն ինչ կորցրել էին։ Պարլի Պ․ Պրատը գրել է․ «Ամեն ուղղությամբ կարող էիր տեսնել հարյուրավոր մարդկանց, ոմանք իրենց վրաններում և ոմանք էլ իրենց խարույկի շուրջը, բաց երկնքի տակ, մինչդեռ հորդառատ անձրև էր գալիս։ Ամուսինները փնտրում էին իրենց կանանց, կանայք փնտրում էին իրենց ամուսիններին, ծնողները՝ իրենց զավակներին, իսկ զավակները՝ իրենց ծնողներին։ … Տեսարանը աննկարագրելի էր և ես համոզված եմ, որ երկրի վրա գտնվող յուրաքանչյուրի սիրտը կհալչեր, բացի մեր կույր կեղեքիչներից և կույր ու տգետ համայնքից» (Autobiography of Parley P. Pratt, ed. Parley P. Pratt Jr. [1938], 102)։
-
Այս փորձությունների ո՞ր մասը ձեզ համար հատկապես ամենադժվարը կլիներ տեսնել կամ ենթարկվել:
-
Ձեր կարծիքով, ինչպե՞ս կարձագանքեիք, եթե նման չարչարանքներ ունենայիք։ (Կարող եք թույլ տալ, որ ուսանողները մտքում խորհեն այդ հարցի շուրջ և չպատասխանեն բարձրաձայն։)
Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 101.12-16 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան և ուշադրություն դարձնել արդարակյաց Սրբերին տված Տիրոջ խոստմանը։ Հորդորեք ուսանողներին կիսվել իրենց մտքերով։ Բացատրեք, որ 12-րդ հատված-ում «ողջ իմ Իսրայելը» նկատի ունի նրանց, ովքեր հավատարիմ են ավետարանի ուխտին։
-
Ի՞նչ սկզբունք եք սովորում 12-16 հատվածներից։ (Մեկ նախադասությամբ գրատախտակին ամփոփեք ուսանողների պատասխանները։ Նրանց պատասխանները պետք է արտացոլեն հետևյալ սկզբունքը․ Երբ մենք արդար ենք ապրում, մենք կարող ենք մխիթարություն գտնել այն մտքից, որ բոլոր մարդիկ Տիրոջ ձեռքում են։)
-
Ձեր կարծիքով, 16-րդ հատվածում ո՞րն է «հանգիստ եղեք և իմացեք, որ ես եմ Աստված» հրահանգի նշանակությունը։
-
Ինչպե՞ս կարող է «հանգիստ» լինելն օգնել մեզ ստանալու մխիթարություն Տիրոջ կողմից։
Հորդորեք ուսանողներին մտածել այն մասին, երբ նրանք խաղաղություն են զգացել և իմացել, որ նրանք Աստծո ձեռքերում են գտնվում։ Մի քանի ուսանողների հորդորեք կիսվել իրենց փորձառություններով: Կարող եք կիսվել ձեր փորձառությամբ այն մասին, երբ օրհնվել եք խաղաղությամբ ձեր չարչարանքների ժամանակ։
Հորդորեք ուսանողներին շարունակաբար դառնալ դեպի Տերը և վստահ լինել, որ Նա նրանց համար կանի ամեն լավագույնը։