Դաս 55
Վարդապետություն և Ուխտեր 47-48
Նախաբան
1831թ. մարտին, եկեղեցու կազմակերպումից մոտավորապես մեկ տարի անց, մարգարե Ջոզեֆ Սմիթը հայտնություններ ստացավ, որոնք գրված են որպես Վարդապետություն և Ուխտերի 47 և 48 բաժիններ: Մինչև այդ ժամանակը Օլիվեր Քաուդերին գործում էր որպես Եկեղեցու պատմագիր և մատենագիր: Իր պարտականության համաձայն, նա գրի առավ մարգարեի ստացած հայտնությունները: Սակայն, Օլիվեր Քաուդերին միսիայում էր 1830թ. հոկտեմբերից, հետևաբար, չէր կարող շարունակել գործել որպես պատմագիր և մատենագիր: Վարդապետություն և Ուխտեր 47 բաժնում տեղ գտած հայտնությամբ Տերը կանչեց Ջոն Ուիթմերին փոխարինել Օլիվերին այս պաշտոնում: Այդ ժամանակ Օհայոյի սրբերը նույնպես առաջնորդություն էին փնտրում, թե ինչպես օգնեն եկեղեցու անդամներին արտագաղթել Նյու Յորքից: Վարդապետություն և Ուխտեր 48 բաժնում տեղ գտած հայտնությամբ Տերը հրահանգել է սրբերին իրենց հողերից մաս հատկացնել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն և պատրաստվել Սիոնի հիմքը դնելուն:
Ուսուցանման առաջարկներ
Վարդապետություն և Ուխտեր 47
Տերը նշանակում է Ջոն Ուիթմերին` արձանագրել Եկեղեցու պատմությունը
Խնդրեք ուսանողներին մտաբերել հոգևոր նշանակալից փորձառություններ, որ նրանք ունեցել են և զգում են, որ դրանք արժե հիշել: (Օրինակ, նրանք կարող են մտաբերել տաճարի նվիրաբերման կամ եկեղեցու որևէ ժողովի պես իրադարձությունները, կամ կարող են մտաբերել մի ժամանակ, երբ ստացել են իրենց աղոթքի պատասխանը, կամ զգացել են Սուրբ Հոգու ներկայությունը): Հրավիրեք մի քանի ուսանողի կիսվել իրենց փորձառություններով: Այդ ուսանողներից յուրաքանչյուրին ուղղեք հետևյալ հարցերը.
-
Ինչո՞ւ է այդ փորձառությունը նշանակալից ձեզ համար:
-
Ի՞նչ եք կարծում, ինչու է կարևոր հիշել այդ փորձառությունը:
-
Ինչպե՞ս կարող է այդ փորձի արձանագրությունն օրհնել ձեզանից հետո եկող սերունդներին:
Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 47 բաժնի նախաբանը: Դասարանի անդամներին խնդրեք հետևել և ուշադրություն դարձնել, թե Տերը ինչ հրահանգեց Ջոն Ուիթմերին անել։ Ապա հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 47․1-3 և գտնել լրացուցիչ մանրամասներ Ջոն Ուիթմերի կոչման հետ կապված։ Հրավիրեք ուսանողներին ասել, թե ինչ սովորեցին: (Կարող եք հիշեցնել ուսանողներին, որ նախկին մի հայտնությամբ Տերն ասել է. «Մի հիշատակարան պիտի պահվի ձեր մեջ» [ՎևՈւ 21.1]: Բացատրեք, որ այժմ եկեղեցում Առաջին Նախագահությունը կանչում է եկեղեցու պատմագիր և մատենագիր [սովորաբար, հայտնի է որպես եկեղեցու պատմագիր] և ներկայացնում նրան քվեարկությամբ հաստատման:)
-
Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ է կարևոր, որ գրի առնվի եկեղեցու պատմությունը:
-
Եկեղեցու պատմությունից ո՞ր պատմվածքներն են հատկապես ոգեշնչել ձեզ:
Խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ հետևյալ խոսքը` Յոթանասունից երեց Մերլին Կ. Ջենսենի, ով 2005թ.-ից մինչև 2012թ. ծառայել է որպես եկեղեցու պատմագիր.
«Կան այլևայլ ուշագրավ պատմություններ մեր պատմության մեջ, որ արժանի են իմացվելու և ուսուցանվելու եկեղեցում և տանը: Կիրթլենդի փորձառությունները, Միսսուրիի փորձությունները, Նավու քաղաքում ունեցած հաղթանակները և սրբերի վերջնական արտաքսումն այնտեղից, դեպի արևմուտք պիոներների գաղթը` սրանք պատմություններ են, որոնք ոգեշնչում են ցանկացած երկրի և լեզվի վերջին օրերի սրբերին: Բայց կան ոչ պակաս հետաքրքրաշարժ պատմություններ եկեղեցու վերելքի ու առաջընթացի մասին, ավետարանի ազդեցության մասին սովորական անդամների կյանքում` ցանկացած ազգից, որին դիպչել է վերականգնված ավետարանը: Սրանք նույնպես գրի առնվելու և պահպանվելու կարիք ունեն:
Եկեղեցու ուշագրավ պատմություններից շատերը պարունակվում են անձնական և ընտանեկան պատմույուններում, և դրանք մեր անձնական ու ընտանեկան ժառանգության մի մասն են» (“There Shall Be a Record Kept among You,” Ensign, Dec. 2007, 31):
-
Ձեր կարծիքով, ի՞նչ նշանակություն ունեն անձնական և ընտանեկան պատմությունները:
Անդրադարձեք այն փորձառություններին, որոնք ուսանողները մտաբերեցին դասի սկզբին: Խնդրեք ուսանողներին պատկերացնել, որ նրանց երեխաներն ու թոռները կարդում են այդ փորձառությունների մասին` նրանց անձնական պատմություններում: Խնդրեք ուսանողներին խորհել հետևյալ հարցերի շուրջ.
-
Փորձառության ո՞ր մասը դուք կկարևորեիք: Ի՞նչ կցանկանայիք, որ ձեր ընտանիքը զգար ու իմանար` ձեր պատմությունը կարդալիս:
Բացատրեք, որ այն սկզբունքները, որոնց Ջոն Ուիթմերը հետևում էր որպես եկեղեցու պատմագիր և մատենագիր, կարող են վերաբերել նաև մեր անձնական ու ընտանեկան պատմագրությանը: Ուսանողներին հանձնարարեք կարդալ Վարդապետություն և Ուխտեր 47.4 հատվածը մտքում, ուշադրություն դարձնելով, թե ինչ էր խոստացել Տերը, եթե Ջոն Ուիթմերը հավատարիմ լիներ իր ջանքերում:
-
Ի՞նչ էր խոստացել Տերը Ջոն Ուիթմերին: (Տերը խոստացել էր, որ Մխիթարիչը` Սուրբ Հոգին կօգնի նրան իր ջանքերում` եկեղեցու պատմությունը գրելիս):
-
Ինչպե՞ս կարող ենք վերագրել սա մեր ջանքերին` մեր անձնական և ընտանեկան պատմագրությունը պահելու հարցում: (Օգնեք ուսանողներին ճանաչել հետևյալ սկզբունքը. Եթե մենք հավատարիմ ենք մեր անձնական և ընտանեկան պատմագրությունը պահելու մեր ջանքերում, Սուրբ Հոգին կօգնի մեզ: Կարող եք գրել այս սկզբունքը գրատախտակին):
-
Ինչպե՞ս կարող է Սուրբ Հոգին օգնել անձին, երբ նա գրում է անձնական կամ ընտանեկան պատմագրությունը:
Քանի դեռ ուսանողները քննարկում են այս հարցի շուրջ, օգնեք նրանց իմանալ, որ Սուրբ Հոգին կարող է բաներ հիշեցնել (տես Հովհաննես ԺԴ.26) և օգնել մեզ գրելու իրադարձությունների և իրավիճակների մասին այնպես, որ դա օրհնություն լինի ընտանիքի անդամների և այլոց համար:
Քաջալերեք ուսանողներին խնդրել Սուրբ Հոգու օգնությունը, երբ գրի են առնում իրենց անձնական և ընտանեկան պատմությունները:
Վարդապետություն և Ուխտեր 48
Տերը հրահանգում է Օհայոյի սրբերին օգնել նրանց, ովքեր գալիս են Նյու Յորքից:
Խնդրեք ուսանողներին պատկերացնել, որ սրբերը մի հեռավոր տարածքում ստիպված են լքել իրենց տները: Եկեղեցու ղեկավարները խնդրում են ուսանողների ընտանիքներին մի քանի ամիս ապաստան և սնունդ հատկացնել տեղահանված որոշ ընտանիքներին:
-
Ի՞նչ հարցեր ու մտահոգություններ կարող են առաջանալ ձեր և ձեր ընտանիքի մոտ այս խնդրանքի հետ կապված:
-
Ի՞նչ մտահոգություններ ու հույզեր կունենան, ձեր կարծիքով, նրանք, ովքեր տեղափոխվում են ձեր տուն:
Հրավիրեք ուսանողներին բացել Քարտեզ 3-ը («ԱՄՆ-ի Նյու Յորք, Պենսիլվանիա և Օհայո տարածքները») իրենց սուրբ գրությունների Եկեղեցու Պատմության Քարտեզներ բաժնում: Խնդրեք նրանց ցույց տալ Ֆայեթ, Նյու Յորք և Կիրթլենդ, Օհայո և որոշել մոտավոր հեռավորությունը այս քաղաքների միջև (մոտ 250 մղոն կամ 400 կմ): Հիշեցրեք ուսանողներին, որ 1830թ. դեկտեմբերին Տերը պատվիրեց Նյու Յորքի սրբերին տեղափոխվել Օհայո (տես ՎևՈւ 37.3):
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 48.1–3 հատվածները: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, տեսնելով, թե ինչ էր ասել Տերը Օհայոյի սրբերին անել, որ եկեղեցու անդամները տեղափոխվեին այդ շրջան: Այնուհետև հրավիրեք ուսանողներին ասել, թե ինչ իմացան:
-
Ի՞նչ էր պատվիրել Տերն անել Օհայոյի սրբերին: (Նա պատվիրել էր նրանց, ովքեր հողեր ունեին` բաժին հանել այդ տարածք տեղափոխվող սրբերի համար): Ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել այս պատվիրանից: (Ուսանողների պատասխանները կարող են արտացոլել հետևյալ սկզբունքը. Տերը պատվիրում է վերջին օրերի սրբերին կիսվել իրենց ունեցածով կարիքավորների հետ: Օգտակար կլինի նշել, որ ոչ բոլոր սրբերն Օհայոյում հող ունեին, որ կիսվեին, այդպիսով, Նյու Յորքից եկած որոշ անդամներ պետք է գնեին իրենց համար հողակտորը):
-
Ինչպե՞ս կարող ենք կիսվել մյուսների հետ մեր ունեցածով:
Խնդրեք ուսանողներին պատմել, թե երբ են տեսել, որ մարդիկ կիսվում են իրենց ունեցածով կարիքավորների հետ: Կարող եք նաև խնդրել նրանց պատմել, թե երբ են իրենք օգուտ ստացել ինչ-որ մեկի առատաձեռնության և ծառայության շնորհիվ:
Կարիքավորներին օգնելու վերաբերյալ օրինակ բերելու համար, խնդրեք մի ուսանողի կարդալ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի պատմությունը` երիտասարդ տարիներին Երեխաների Միությունում նրա ունեցած փորձից.
«Մենք ձեռնարկեցինք մի նախագիծ` կոպեկները խնայելու, որպեսզի Սուրբ Ծննդյան առթիվ ունենայինք մի հսկայական երեկույթ: Քույր Գերչը մեր առաջադիմության արդյունքներն էր գրանցում: Տղաներին բնորոշ ախորժակով մենք մտքում տորթերը, բլիթները, կարկանդակներն ու պաղպաղակները վերածում էինք դրամական միավորների: Հիշարժան մի իրադարձություն էր սպասվում: Մեր ուսուցիչները նախկինում ոչ մի այսպիսի սոցիալական միջոցառում չէին առաջարկել, ինչպիսին պետք է այս մեկը լիներ:
Ամառվա ամիսները փոխվեցին աշնան: Աշունը դարձավ ձմեռ: Երեկույթի նպատակին մենք հասել էինք: Դասարանը մեծացել էր: Լավ հոգի էր տիրում:
Մեզանից ոչ ոք չի մոռանա այդ մռայլ առավոտը, երբ մեր սիրելի ուսուցիչը հայտարարեց, որ մեր դասընկերներից մեկի մայրիկը մահացել է: Մենք մտածեցինք մեր մայրերի մասին և թե որքան թանկ են նրանք մեզ համար: Մենք անկեղծ վիշտ զգացինք Բիլլի Դեվենպորտի մեծ կորստի համար:
Այդ կիրակի դասը Գործք, գլուխ Ի, հատված 35-ն էր. «Տեր Հիսուսի խոսքը հիշել, որ ինքն ասեց. Ավելի երանելի է տալը, քան թէ առնելը»: Լավ պատրաստված ու մատուցված դասն ավարտելով Լյուսի Գերչն ակնարկեց Բիլլիի ընտանիքի սոցիալական վիճակի մասին: Ֆինանսական ճգնաժամի տարիներ էին և փողը սակավ էր: Խոնավությունից փայլող աչքերով նա հարցրեց. «Կցանկանա՞ք արդյոք հետևել մեր Տիրոջ այս ուսմունքին: Ի՞նչ եք կարծում, չվերցնե՞նք մեր երեկույթի գումարը և դասարանի կողմից հանձնենք դա Դեվենպորտների ընտանիքին` ի նշան մեր սիրո»: Որոշումը միաձայն էր: Մենք խնամքով հաշվեցինք ամեն մի կոպեկը և ընդհանուր գումարը դրեցինք մի մեծ ծրարի մեջ: Մի գեղեցիկ բացիկ գնվեց և մեր անունները գրվեցին նրա վրա:
Բարության այս պարզ դրսևորումը միաձուլեց մեզ իրար» (“Your Personal Influence,” Ensign կամ Լիահոնա, Մայիս 2004թ., 21–22):
-
Ի՞նչ կարող ենք սովորել այս պատմությունից: Ինչպե՞ս կարող են բարությունն ու ծառայությունը օրհնել կյանքը` ինչպես տվողի, այնպես էլ ստացողի:
Խնդրեք ուսանողներին պատմել իրենց փորձից, թե երբ են օգնել (կամ տեսել ուրիշներին օգնելիս) կարիքավորներին: Քաջալերեք ուսանողներին մտածել մի եղանակ, թե ինչպես կարող են օգնել ինչ-որ մեկին հաջորդ շաբաթվա ընթացքում:
Ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 48․4-6 հատվածները, բացատրելով, որ Տերը ցանկանում էր, որ սրբերը պատրաստվեին հող գնելու, երբ Նա կհայտներ Սիոնի, կամ Նոր Երուսաղեմի տեղը: Տերը պատվիրել էր սրբերին` որքան կարող էին տնտեսել ամբողջ դրամը, պատրաստվելով այդ քաղաքի հիմքը դնելուն (տես ՎևՈւ 48.4–6): Ասացեք ուսանողներին, որ ապագա դասերին նրանք ավելի շատ բան կսովորեն Սիոն քաղաքը հիմնադրելու սրբերի ջանքերի մասին: