Սեմինարիաներ և Ինստիտուտներ
Դաս 64. Վարդապետություն և Ուխտեր 58.34-65


Դաս 64

Վարդապետություն և Ուխտեր 58․34-65

Նախաբան

Ի պատասխան երեցների հարցերի Սիոն քաղաքը կառուցելու մասին, Տերը հայտնություն տվեց, որը 1831թ. օգոստոսի 1-ին գրառվեց Վարդապետություն և Ուխտեր 58-ում: Հատվածներ 34–65 պարունակում են հրահանգներ նվիրաբերման օրենքով ապրելու մասին նրանց համար, ովքեր տեղափոխվել էին Սիոն: Այս հատվածներում Տերը նաև ուսուցանում է ապաշխարության սկզբունքները, պատվիրում է երեցներին քարոզելու ավետարանը և խորհուրդներ է տալիս նրանց Սիոնը կառուցելու վերաբերյալ:

Ուսուցման առաջարկներ

Նախորդ դասին ուսանողներին հանձնարարվեց օգտագործել իրենց կամքի ազատությունը՝ անելով որևէ գործ մինչև հաջորդ հանդիպումը: Ստուգեք այդ առաջադրանքը, խնդրելով ուսանողների կիսվել բարի գործի մեջ «ջերմեռանդ ներգրավված լինելու» իրենց փորձառություններով (ՎևՈւ 58.27):

Վարդապետություն և Ուխտեր 58․34-43

Տերը հրահանգներ է տալիս Սիոնի վերաբերյալ և ուսուցանում ապաշխարության սկզբունքները

Մինչև դասը սկսելը գրեք հետևյալ հարցը գրատախտակին. Ի՞նչ է նշանակում ապաշխարել:

Խնդրեք մի քանի ուսանողների պատասխանել այս հարցին: Այնուհետև գրեք հետևյալ հարցերը գրատախտակին. Ինչպե՞ս ես կարող եմ իմանալ, թե արդյոք լիարժեք ապաշխարել եմ: Ինչպե՞ս ես կարող եմ իմանալ, որ Տերը ներել է իմ մեղքերը:

Հրավիրեք ուսանողներին պատասխանել հետևյալ հարցերին իրենց դասարանային նոթատետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում: Այնուհետև նրանց մի քանի րոպե ժամանակ տվեք գրելու համար յուրաքանչյուր հարցի պատասխանը: Բավարար ժամանակից հետո տեղեկացրեք նրանց, որ կանդրադառնաք նրանց պատասխաններին ավելի ուշ դասի ընթացքում:

Ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 58.34-37, բացատրելով, որ շատ երեցներ, որոնք ճանապարհորդել էին Միսսուրի և պետք է ապրեին այնտեղ, ուզում էին իմանալ, թե ինչպես պետք է պլանավորեին, կազմակերպեին և կառուցեին Սիոն քաղաքը: Տերը հրահանգեց նրանց, ովքեր տեղափոխվում էին Միսսուրի, նվիրաբերել իրենց փողը և ունեցվածքը Սիոնը կառուցելու գործին: Մարտին Հարրիսին հրահանգ տրվեց օրինակ ծառայել, փող տալով եպիսկոպոսին: Նա նվիրաբերեց մեծ գումար օգնելու համար Եպիսկոպոս Էդվարդ Պատրիջին հող գնել Եկեղեցու համար:

Գրեք հետևյալ անունները գրատախտակին. Մարտին Հարրիս, Վիլյամ Վ․ Ֆելփս, և Զիբա Պիտերսոն: Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 58.38-41, 60 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով, թե ինչ խորհուրդ տվեց Տերը Մարտին Հարրիսին, Վիլյամ Վ․ Ֆելփսին և Զիբա Պիտերսոնին Սիոնի կառուցմանը պատրաստվելու վերաբերյալ:

Երբ ուսանողները պատասխանեն հետևյալ հարցերին, գրեք նրանց պատասխանները գրատախտակին համապատասխան անվան տակ:

  • Համաձայն Տիրոջը, ո՞րն էր Մարտին Հարրիսի մեղքը: Տերն ի՞նչ ասաց նրան անել:

  • Համաձայն Տիրոջը, որո՞նք էին Վիլյամ Վ․ Ֆելփսի մեղքերը: Ի՞նչ Տերն ասաց նրան անել: (Դուք կարող եք բացատրել, որ «գերազանցություն է փնտրում» արտահայտությունը [հատված 41-ում] չի նշանակում անել մեր լավագույնը կամ փորձել բարելավել: Փոխարենը, այդ արտահայտությունը վերաբերում է անարդար, մեծամիտ ցանկությանը՝ երևալու ավելի լավը կամ ավելի կարևոր, քան այլ մարդիկ են:)

  • Ի՞նչ էր փորձում անել Զիբա Պիտերսոնը իր մեղքերի պատճառով:

Շեշտեք, որ այդ մարդկանց մեղքերի պատճառով նրանք չէին կարող օգնել կառուցել Սիոնը:

  • Որա՞նք են այն մի քանի ուղիները, որով մեր մեղքերը սահմանափակում են Տիրոջը ծառայելու մեր կարողությունը:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 58.42 հատվածը: Դասարանին խնդրեք հետևել` ուշադրություն դարձնելով, թե Տերն ինչ ուսուցանեց ապաշխարության մասին:

  • Համաձայն այդ հատվածի, ի՞նչ է խոստանում Տերը մեզ, եթե մենք ապաշխարենք մեր մեղքերը: (Ուսանողները պետք է գտնեն հետևյալ սկզբունքը. Եթե մենք ապաշխարենք մեր մեղքերից, Տերը կների մեզ և այլևս չի հիշի մեր մեղքերը: Գրեք այս սկզբունքը գրատախտակին: Կարող եք առաջարկել ուսանողներին նշել խոսքերը, որոնք ուսուցանում են այդ սկզբունքը հատված 42-ում:)

  • Մեր ո՞ր մեղքերին է վերաբերում այդ սկզբունքը: (Բոլոր:)

Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահ Բոյդ Ք․ Փաքերի խոսքերը. Դասարանին խնդրեք լսել, թե որ խոսքերն ու արտահայտություններն են առնչվում գրատախտակին գրված սկզբունքին:

Նախագահ Բոյդ Ք. Փաքեր

«Կարևոր չէ, թե ինչպիսին են եղել մեր օրինազանցությունները, որքան մեծ վնաս են պատճառել դրանք ուրիշներին, դրանք կարող են մաքրվել: Ինձ համար սուրբ գրություններում առավել գեղեցիկ արտահայտությունը երևի թե Տիրոջ այս խոսքերն են. «Ահա, ով որ ապաշխարել է իր մեղքերից, նա ներվում է, և ես Տերս, այլևս չեմ հիշում դրանք» (ՎևՈւ 58.42):

«Սա է Հիսուս Քրիստոսի ավետարանի և Քավության խոստումը» («Քավությունը» Ensign կամ Լիահոնա նոյեմբեր 2012, 77):

Անդրադարձեք գրատախտակին գրված հարցերին:

  • Ինչպե՞ս է Տիրոջ խոստումը հատված 42-ում օգնում պատասխանել երրորդ հարցին. Ինչպե՞ս ես կարող եմ իմանալ, որ Տերը ներել է իմ մեղքերը: (Տիրոջ խոստումն օգնում է մեզ իմանալ, որ նա միշտ ներում է տալիս մեզ, եթե մենք ամբողջովին ապաշխարում ենք:)

  • Բացի այն, որ մենք իմանում ենք, որ Տերը խոստանում է ներել մեզ, երբ մենք ամբողջովին ապաշխարում ենք, ի՞նչ այլ ձևով մենք կարող ենք իմանալ, որ ներվել ենք:

Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Առաջին Նախագահությունից Նախագահ Դիտեր Ֆ․ Ուխդորֆի խոսքերը. Ուսանողներին խնդրեք լսել, թե ինչպես կարող են իմանալ, որ Տերը ներել է իրենց մեղքերը:

Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆ

«Երբ մենք իսկապես ապաշխարենք, Քրիստոսը կհեռացնի մեր մեղավորության զգացողության բեռը: Մենք կարող ենք իմանալ, որ ներվել ենք և մաքրվել: Սուրբ Հոգին կհաստատի դա մեզ. Նա Մաքրագործողն է: Չկա ներման ավելի մեծ վկայություն» («Ապահով վերադարձի կետ», Ensign կամ Լիահոնա, մայիս 2007, 101):

  • Ինչպե՞ս է օրհնել ձեր կյանքը իմանալը, որ դուք կարող եք ներվել ձեր բոլոր մեղքերի համար:

Բացատրեք ուսանողներին, որ շատ մարդիկ սխալմամբ մտածում են, որ եթե դեռ հիշում են իրենց մեղքերը, ապա ամբողջովին չեն ապաշխարել: Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Նախագահ Դիտեր Ֆ․ Ուխդորֆի հետևյալ խոսքերը. Դասարանին խնդրեք լսել, թե ինչու մենք կարող ենք դեռ հիշել մեր մեղքերը անգամ ապաշխարելուց հետո:

Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆ

«Սատանան կփորձի ստիպել մեզ հավատալ, որ մեր մեղքերը չեն ներվել, քանի դեռ մենք կարող ենք հիշել դրանք: Սատանան ստախոս է, նա փորձում է աղավաղել մեր տեսադաշտը և հեռացնում է մեզ ապաշխարության և ներման ուղուց: Աստված չի խոստացել, որ մենք չենք հիշի մեր մեղքերը: Հիշելը կօգնի մեզ չկատարել նորից նույն սխալները: Բայց եթե մենք մնանք ճշմարիտ և հավատարիմ, մեր մեղքերի հիշողությունները ժամանակի ընթացքում կմեղմանան: Դա կլինի ապաքինման և սրբագործման անհրաժեշտ ընթացքի մասը» («Ապահով վերադարձի կետ», 101).

Շեշտեք, որ գրատախտակին գրված խոստումը պայմանական է: Մենք կարող ենք ստանալ Տիրոջ ներումը միայն այն դեպքում, եթե անենք այն, ինչ կարող ենք, որպեսզի լիովին ապաշխարենք մեր մեղքերը:

  • Ի՞նչ է նշանակում ապաշխարել: (Կարող եք հրավիրել ուսանողներին կրկին անդրադառնալ գրատախտակին գրված հարցերի պատասխաններին:)

Ուսանողների պատասխաններից հետո խնդրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ հետևյալ հայտարարությունը Երիտասարդներին զորացնելու համար գրքույկից: Դասարանին խնդրեք լսել, թե ինչ լրացուցիչ բաներ կարող են սովորել ապաշխարելու նշանակության մասին:

«Ապաշխարությունը ավելին է, քան սխալները պարզապես ընդունելը: Ապաշխարությունը մտքի և սրտի փոփոխություն է: Այն ներառում է մեղքից շրջվելը և ներման համար Աստծուն դիմելը: Այն թելադրվում է Աստծո հանդեպ սիրուց և Նրա պատվիրաններին հնազանդվելու անկեղծ ցանկությունից։ (Երիտասարդներին զորացնելու համար [գրքույկ 2011], 28):

Բացատրեք, որ ճշմարիտ ապաշխարությունը մի քանի պահանջներ է պարունակում: Այդ պահանջներից երկուսը գրված են Վարդապետություն և Ուխտեր 58.43-ում: Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ այդ հատվածը: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով այն երկու բաները, որոնք մենք պետք է անենք մեր մեղքերը լիովին ապաշխարելու համար:

  • Համաձայն հատված 43-ի, ի՞նչ երկու բան մենք պետք է անենք մեր մեղքերը լիովին ապաշխարելու համար: (Ուսանողները պետք է գտնեն հետևյալ սկզբունքը. Ապաշխարելու համար մենք պետք է խոստովանենք և թողնենք մեր մեղքերը: Գրեք այս սկզբունքը գրատախտակին):

  • Ինչպե՞ս է այս ճշմարտությունը օգնում մեզ պատասխանել այս հարցին. Ինչպե՞ս ես կարող եմ իմանալ, թե արդյոք լիարժեք ապաշխարել եմ: (Օգնեք ուսանողներին հասկանալ, որ մեղքերը խոստովանելը և թողնելը անհրաժեշտ են լիարժեք ապաշխարության համար:)

  • Ի՞նչ է նշանակում խոստովանել մեր մեղքերը:

Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ, թե ինչ է նշանակում խոստովանել մեր մեղքերը, հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ․ Թոդ Քրիստոֆերսոնի հետևյալ հայտարարությունը.

Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոն

«Խոստովանելը և թողնելը զորեղ գաղափարներ են: Դրանք ավելին են, քան սովորական «Ես ընդունում եմ դա: Ես ներողություն եմ խնդրում»: Խոստովանությունը սխալի և Աստծուն կամ մարդուն հասցրած վիրավորանքի խորը, երբեմն տենդային գիտակցումն է: («Ապաշխարության Աստվածային պարգևը» Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2011, 40):

  • Ինչպե՞ս կարող է մեր մեղքերը խոստովանելը օգնել մեզ հրաժարվել մեղքից և դիմել Աստծուն ներման համար:

Այս քննարկման ընթացքում ուսանողները կարող են մտածել, թե ինչ մեղքեր պետք է խոստովանեն և ում դրանք պետք է խոստովանեն: Բացատրեք, որ մենք պետք է խոտովանենք մեր բոլոր մեղքերը Երկնային Հորը: Լուրջ մեղսագործությունները, օրինակ սեռական բնույթի մեղքերը կամ պոռնոգրաֆիա օգտագործելը, պետք է նույնպես խոստովանել եպիսկոպոսին կամ ճյուղի նախագահին:

Անդրադարձեք գրատախտակին գրված վերջին ճշմարտությանը:

  • Ի՞նչ է նշանակում թողնել մեր մեղքերը: (Մեր մեղքերից լիովին հրաժարվելը և այլևս դրանք չկրկնելը:)

Վկայեք Փրկչի Քավության և ապաշխարության և ներման ձեր քննարկած սկզբունքների մասին: Հրավիրեք ուսանողներին խորհել, արդյոք կան մեղքեր, որի համար պետք է ապաշխարեն, և խրախուսեք նրանց ապաշխարել, գործելով համաձայն իրենց սովորած ճշմարտությունների:

Վարդապետություն և Ուխտեր 58․44-65

Տերը պատվիրում է երեցներին քարոզել ավետարանը և խորհուրդներ է տալիս նրանց Սիոնը կառուցելու վերաբերյալ

Ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 58.49-62 հատվածները, բացատրելով, որ Տերն ասաց երեցներին, որոնք պետք է մնային Միսսուրիում, որ հող գնեին և պատրաստեին Սրբերի հավաքումը Միսսուրիում:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 58.46-47, 63-65 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով Տիրոջ խորհուրդը, որը նա տվեց երեցներին, ովքեր պետք է վերադառնային Օհայո:

  • Համաձայն հատվածներ 46-47-ի, ի՞նչ պետք է անեին երեցները, երբ վերադառնային Օհայո:

  • Համաձայն հատված 64-ի, ո՞ւմ պետք է քարոզվի ավետարանը: (Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, սակայն նրանց պատասխանները պետք է արտացոլեն հետևյալ ճշմարտությունը. Ավետարանը պետք է քարոզվի յուրաքանչյուր անձի: Կարող եք առաջարկել ուսանողներին նշել խոսքերը, որոնք ուսուցանում են այդ ճշմարտությունը հատված 64-ում:)

Խրախուսեք նրանց հետևել Հոգու հուշումներին, կիսվելով ավետարանական ճշմարտություններով ձեր շուրջը գտնվողների հետ:

Բացատրական և պատմական տեղեկություն

Վարդապետություն և Ուխտեր 58.39։ «Ապաշխարեք»

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնն ուսուցանել է, որ ապաշխարությունը միայն գործերի ցանկում նշումներ կատարելը չէ .

Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆ

«Ապաշխարության որոշակի քայլերի ցանկ ստեղծելու փորձերը կարող են օգտակար լինել ոմանց համար, սակայն կարող են նաև դառնալ մեխանիկական՝ վանդակները նշելու գործողություն՝ առանց իրական զգացումի կամ փոփոխության: Իրական ապաշխարությունը արհեստական չէ: Տերը տալիս է երկու գերակայող պահանջ. «Այս բանով դուք կարող եք իմանալ, թե արդյոք մարդն ապաշխարում է իր մեղքերից,– ահա նա կխոստովանի և կթողնի դրանք» (ՎևՈւ 58.43)» ( «Ապաշխարության աստվածային պարգևը», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2011, 40):

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռասսել Մ. Նելսոնը բացատրել է, թե ինչ է նշանակում ապաշխարել.

Երեց Ռասսել Մ. Նելսոն

«Ապաշխարության վարդապետությունը շատ ավելի լայն է, քան բառարանի սահմանումը: Երբ Հիսուսն ասաց «ապաշխարեք», Նրա աշակերտները այդ պատվիրանը գրեցին հունարեն լեզվով metanoeo բառով: Այդ զորեղ բառը մեծ նշանակություն ունի: Այդ բառի մեջ meta նախածանցը նշանակում է «փոխել»: Վերջածանցը վերաբերում է հունարեն լեզվի չորս կարևոր արտահայտություններին. nous նշանակում է «միտք», gnosis՝ «գիտելիք», pneuma՝ «հոգի» և pnoe՝ «շունչ»:

Այսպիսով, երբ Հիսուսն ասաց «ապաշխարեք»,Նա խնդրեց մեզ փոխել մեր միտքը, գիտելիքը և հոգին՝ անգամ մեր շունչը: Մարգարեն բացատրել է, որ շունչը փոխելը նշանակում է շնչել ավելի մեծ երախտագիտությամբ Նրա հանդեպ, ով շնորհում է յուրաքանչյուր շունչը: Բենիամին թագավորն ասել է. «Եթե դուք ծառայեք նրան, ով ստեղծել է ձեզ … և պահպանում է ձեզ օրեցօր, շունչ տալով ձեզ … մի պահից մյուսը,– ես ասում եմ, եթե դուք ծառայեք նրան ձեր հոգու ողջ նվիրվածությամբ, այնուամենայնիվ, դուք կլինեք անպիտան ծառաներ»: [Մոսիա 2.21]

Այո, Տերը պատվիրել է մեզ ապաշխարել, փոխել մեր ուղիները, գալ դեպի Նա և դառնալ Իր նման: [Տես 3 Նեփի 27.21, 27:] Դա պահանջում է լիարժեք փոփոխություն» («Ապաշխարություն և դարձ», Ensign կամ Լիահոնա, մայիս 2007, 103):

Վարդապետություն և Ուխտեր 58.42։ «Այլևս չեմ հիշում դրանք»:

Յոթանասունից Երեց Ֆ. Բըրթըն Հովարդը կիսվել է իր փորձով, որի արդյունքում սովորել է, որ ապաշխարությունից հետո Տերը այլևս չի հիշում մեր մեղքերը.

Elder F. Burton Howard

«Վերջին պատմությունը, կրկին, իմ եպիսկոպոս լինելու ժամանակներից: Մի գիշեր, երբ ես խորը քնած էի, հնչեց դռան զանգը: Ես դանդաղ հասա դռանը և տեսա քահանաների քվորումի երիտասարդ անդամներից մեկին: Ես նրան լավ էի ճանաչում. նրա հետ երեկույթների էի գնացել, աղոթել էի նրա հետ և նրա համար, և ուսուցանել էի նրան: Ես նրան այնքան լավ գիտեի, որքան կարող էր եպիսկոպոսն իմանալ ակտիվ տասնութամյա քահանայի, և կարող էի հարցնել, թե ինչ է նա անում իմ դռան առաջ գիշերվա կեսին:

Նա ասաց. «Ես պետք է խոսեմ ձեզ հետ, եպիսկոպոս: Ես հենց նոր շատ լուրջ բան եմ արել և չեմ կարող գնալ տուն»:

Նա իրավացի էր: Նա լուրջ էր խոսում: Ես նրան ներս հրավիրեցի և մենք զրուցեցինք։ Նա խոսում էր, իսկ ես լսում էի, ապա ես խոսեցի, իսկ նա լսեց՝ մինչև լուսաբաց: Նա շատ հարցեր ուներ: Նա լուրջ մեղք էր կատարել: Նա ցանկանում էր իմանալ, թե արդյոք կար որևէ հույս: Նա ուզում էր իմանալ, թե ինչպես կարող էր ապաշխարել: Նա ցանկանում էր իմանալ, թե արդյոք ապաշխարությունը նշանակում էր ասել նաև ծնողներին։ Նա շատ էր ցանկանում իմանալ, թե արդյոք միսիա գնալու հավանականություն կար: Նա ուզում էր շատ ուրիշ բաներ իմանալ:

Ես չունեի բոլոր պատասխանները, բայց ես ասացի նրան, որ հույս կար: Ես ասացի նրան, որ ետդարձի ճանապարհը դժվար էր լինելու, բայց հնարավոր էր: Ես բացատրեցի այն, ինչ գիտեի ապաշխարության գործընթացի մասին և օգնեցի նրան հասկանալ, թե ինչ նա պետք է աներ: Ես ասացի նրան, որ եթե նա իրոք ուզում էր միսիայի գնալ, այդ որոշումը կարող էր միայն ապագայում կայացվել, նրանից հետո, երբ նա կապաշխարեր: Այնուհետև ես ասացի նրան գնալ տուն, և նա գնաց:

Նա հաշտվեց իր ծնողների հետ: Նա ներողություն խնդրեց նրանցից, ում հանդեպ սխալ էր գործել: Նա հրաժարվեց մեղքից և վատ միջավայրից և արեց այն, ինչ կարող էր, որպեսզի ապաշխարեր:

Մոտ մեկ տարի անց այդ քվորումից հինգ երիտասարդ գնացին միսիայի: Նա նրանցից մեկն էր: Ես մոտ էր նրանց բոլորին: Ես ներկա էի բոլորի հրաժեշտի հավաքներին: Նրանք բոլորը արժանի միսիա ծառայեցին: Տուն վերադառնալուց քիչ ժամանակ անց նրանք բոլորն ամուսնացան տաճարում: Ես և կինս ներկա էինք բոլորի արարողություններին: Անգամ այսօր ես կարող եմ վերցնել թուղթ և գրել նրանց անունները, նրանց կանանց անունները և նրանց երեխաների անունները: Ահա, թե որքան լավ ես գիտեի նրանց:

Բայց թույլ տվեք այժմ մի բան ասել՝ շատ անձնական և շատ կարևոր: Ես չեմ կարող հիշել այն երիտասարդ տղամարդու անունը, որ եկավ իմ տուն գիշերվա կեսին: Ես գիտեի, որ նա այդ հինգից մեկն էր, սակայն ես չեմ հիշում, թե որ մեկը:

Մի ժամանակ ես շատ էի անհանգստացած դրանով: Ես կարծում էի, թե հիշողության խնդիրներ ունեի: Ես անընդմեջ փորձում էի հիշել, թե որ մեկն էր նրանցից, որ խնդիր ուներ, սակայն չէի կարողանում:

Ի վերջո, ես հրաժարվեցի դա անելուց և ամբողջ պատմությունը հանեցի ուղեղիցս դուրս: Տարիներ անց, ուշ երեկոյին զբոսանքի ժամանակ ես հայտնվեցի ծխի մոտ, որտեղ մի ժամանակ եպիսկոպոս էի: Լռության ստվերները ետ բերեցին հին հուշերը: Խոր մտքերի մեջ էի, երբ տեսա, որ քայլում եմ տան կողքով, որտեղ տարիներ առաջ ապրում էր իմ քահանաներից մեկը: Հանկարծակի հիշեցի այդ երիտասարդ տղամարդու պատմությունը, և կրկին փորձեցի հիշել, թե հինգից որ մեկն էր նա: Ապրո՞ւմ էր նա այդ տանը: Մտածում էի ես: Ինչո՞ւ ես չեմ կարող հիշել:

Երբ շարունակեցի ճանապարհս, մի բան տեղի ունեցավ, ինչը դժվար է բացատրել, սակայն դա շատ իրական էր ինձ համար: Ես, կարծես, մի ձայն լսեցի. «Չե՞ս հասկանում, որդիս: Ես մոռացել եմ դա: Ինչո՞ւ դու պետք է հիշես»:

Ես տրտմեցի: Այդ հարցի բավարար պատասխան չունեի: Երբեք այլևս չմտածեցի այդ մասին: Եվ ես գիտեի այնպիսի խոր համոզվածությամբ, ինչպիսին նախկինում չէի ունեցել, որ Տերը գոհ է լինում, երբ իր զավակներն իր մոտ են վերադառնում:

Բոլոր նրանք, ովքեր հովիվներ են, և բոլոր մոլորված ոչխարները պետք է հիշեն այս վերջին բանը. Տերն իսկապես ի նկատի ուներ դա, երբ ասաց. «Ով որ աապաշխարել է իր մեղքերից, նա ներվում է, և ես՝ Տերս, այլևս չեմ հիշում դրանք» (ՎևՈւ 58.42)» (“Come Back to the Lord,” Ensign, Nov. 1986, 77–78):

Վարդապետություն և Ուխտեր 58.43։ «Խոստովանեք դրանք»

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ. Սքոթը բացատրել է խոստովանության պահանջները.

Երեց Ռիչարդ Գ. Սքոթ

«Դուք միշտ պետք է խոտովանեք ձեր մեղքերը Տիրոջը: Եթե լուրջ մեղսագործություն է կատարվել, օրինակ [սեռական] անբարոյականություն, ապա այն պետք է խոստովանվի նաև եպիսկոպոսին կամ ցցի նախագահին: Խնդրում եմ, հասկացեք, որ խոստովանությունը ապաշխարություն չէ: Դա կարևոր քայլ է, սակայն միայն իրենով բավարար չէ: Մասնակի խոստովանությունը, երբ սխալների մի մասը չի հիշատակվում, չի օգնի ձեզ լուծել ավելի լուրջ, չբացված մեղսագործությունը: Ներման համար կարևոր է պատրաստակամությունը լիովին բացելու Տիրոջ առաջ և, երբ անհրաժեշտ է, Նրա քահանայության դատավորի առաջ այն ամենը, ինչ դուք արել եք» (“Finding Forgiveness,” Ensign, May 1995, 76):

Նախագահ Սպենսեր Վ․ Քիմբալը ուսուցանել է մեղքերը խոստովանելիս անկեղծ և ամբողջովին ազնիվ լինելու կարևորությունը.

Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալ

«Ոչ ոք երբևէ չի կարող ներվել որևէ մեղսագործությունից, մինչև տեղի չունենա ապաշխարություն, և նա չի կարող ապաշխարել, եթե չի բացել իր հոգին և ընդունել իր մտադրությունները և թուլությունները առանց պատճառանքների և արդարացումների» (Love versus Lust, Brigham Young University Speeches of the Year [Jan. 5, 1965], 10):

Վարդապետություն և Ուխտեր 58.43։ Ինչո՞ւ որոշ մեղքեր պետք է խոստովանվեն լիազորություն ունեցող քահանայության ղեկավարին:

Ծխում որպես Ահարոնյան Քահանայության նախագահ եպիսկոպոսը կամ ճյուղի նախագահը կրում է իր ծխի մարդկանց ապաշխարության բանալիները: Եպիսկոպոսները և ճյուղերի նախագահները օգտագործում են այդ բանալիները, որպեսզի որոշեն Եկեղեցում անձի արժանավորության կարգավիճակը և օգնեն նրան ապաշխարության գործընթացում: Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ. Սքոթը լրացուցիչ պարզաբանում է տվել լուրջ մեղքերը լիազորված քահանայության ղեկավարներին խոստովանելու նպատակի մասին.

Երեց Ռիչարդ Գ. Սքոթ

«Լուրջ մեղսագործությունը, ինչպիսին է անբարոյականությունը, պահանջում է իշխանության բանալիները կրողի, օրինակ՝ եպիսկոպոսի կամ ցցի նախագահի օգնությունը, և հանդարտ աշխատանքը ապաշխարության գործընթացի վրա, հավաստիանալու համար, որ այն ամբողջությամբ և պատշաճ ձևով կատարվել է» (“The Power of Righteousness,” Ensign, Nov. 1998, 69–70).

Վարդապետություն և Ուխտեր 58.43: «Խոստովանեք և թողեք դրանք»

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռասսել Մ. Նելսոնը բացատրել է, թե ինչ է նշանակում ապաշխարել.

Երեց Նիլ Լ. Անդերսեն

«Մեղքերը թողնելը նշանակում է երբեք չվերադառնալը: Թողնելը ժամանակ է պահանջում: Մեզ օգնելու համար Տերը երբեմն թույլ է տալիս, որ մեր սխալների մնացորդը մնա մեր հիշողության մեջ: Դա մեր մահկանացու կյանքի կենսական մասն է:

Երբ մենք ազնվորեն խոստովանում ենք մեր մեղքերը, վերականգնում ենք վնասները և թողնում մեր մեղքերը, պահելով պատվիրանները, մենք ներում ստանալու գործընթացի մեջ ենք մտնում: Ժամանակի ընթացքում մենք կզգանք, որ մեր վշտի ցավը հեռանում է, վերցնելով հանցանքը մեր սրտերից [տես Ալմա 24.10] և պարգևելով «խղճմտանքի խաղաղություն»: [Մոսիա 4.3:]

Նրանց, ովքեր իսկապես ապաշխարել են, սակայն չեն կարողանում իրենց ազատված զգան, ես ասում եմ՝ շարունակեք պահել պատվիրանները: Ես խոստանում եմ ձեզ, հանգստությունը կգա ըստ Տիրոջ ժամանակի: Բուժումը նույնպես ժամանակ է պահանջում» [«Ապաշխարեք, … որպեսզի ես կարողանամ բուժել ձեզ», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2009, 42]):