Դաս 89
Վարդապետություն և Ուխտեր 85-86
Նախաբան
1832 թվականի նոյեմբերի վերջին, որոշ Սրբեր տեղափոխվել էին Սիոն, բայց չէին նվիրաբերել իրենց սեփականությունը` ինչպես Տերը պատվիրել էր: Քանի որ նրանք չէին նվիրաբերել իրենց սեփականությունը, չէին ստացել իրենց ժառանգությունը՝ համաձայն Եկեղեցում հաստատված կարգի: Մարգարե Ջոզեֆ Սմիթը այս հարցով դիմեց Վիլյամ Վ. Ֆելփսին` մի ոգեշնչված նամակում, որը գրվել է 1832 թվականի նոյեմբերի 27-ին: Այս նամակի մի մասը գրանցված է Վարդապետություն և Ուխտեր 85 բաժնում: Ավելի ուշ, 1832 թվականի դեկտեմբերի 6-ին, Աստվածաշնչի ոգեշնչված թարգմանության վրա աշխատելիս, Ջոզեֆ Սմիթը հայտնություն ստացավ, որը գրանցված է Վարդապետություն և Ուխտեր 86 բաժնում: Այս հայտնությունը հավելյալ բացատրություն տվեց ցորենի ու որոմների առակին: Հայտնությունը լրացուցիչ բացատրություն ապահովեց նաև այն մասին, թե քահանայությունն ինչ դեր ունի արդարներին վերջին օրերում հավաքելու Տիրոջն օգնելու գործում:
Ուսուցանման առաջարկներ
Վարդապետություն և Ուխտեր 85
Տիրոջ գործավարը պետք է վարի Աստծո ժողովրդի գրանցումը
Խնդրեք ուսանողներին պատկերացնել, որ իրենց նշանակել են որևէ սպորտային թիմի ղեկավար: (Դուք կարող եք անվանել ձեր երկրում գերակշիռ դիրք ունեցող սպորտային թիմը կամ մեկ այլ հայտնի թիմ այդ սպորտաձևում:) Մի քանի օր այս թիմի հետ խաղալուց հետո նրանք նկատում են, որ թիմի անդամներից մեկը եսասեր խաղացող է, որոշ խաղացողներ պատշաճ ձևով չեն խաղում, իսկ մյուսները անտեսում են մարզիչին:
-
Ինչո՞ւ է հնարավոր, որ այս թիմը չհաղթի: Ի՞նչը կարելի է փոխել, որ այս թիմը ավելի լավ խաղա:
Բացատրեք, որ նմանատիպ իրավիճակ ստեղծվեց 1832 թվականին, երբ աճող քանակությամբ Սրբեր էին ժամանում Միսսուրի: Ավելի վաղ ստացած հայտնությունները պայման էին դնում, որ Սիոնը կառուցվի Ջեկսոն գավառում, Միսսուրի, համաձայն Տիրոջ օրենքների և քահանայության ղեկավարության ներքո: Համաձայն այս օրենքների, Եկեղեցու անդամները չպիտի ուղևորվեին Սիոն, եթե ժառանգություն չէին ստացել Եկեղեցու ղեկավարներից: Ժամանելուն պես նրանք պետք է Եկեղեցուն նվիրաբերեին իրենց ողջ գումարն ու սեփականությունը և ժառանգություն ստանային եպիսկոպոսից: Բացի այդ, նրանք պետք է պահեին Աստծո բոլոր պատվիրանները: (Տես ՎևՈւ 64.34-35, 72.15-19, 24-26:)
Որպեսզի օգնեք ուսանողներին` հասկանալ Վարդապետություն և Ուխտեր 85-ում գրանցված հայտնության բովանդակությունը, բացատրեք, որ շատ սրբեր Միսսուրիում ներդաշնակ էին ապրում այն օրենքների հետ, որոնք Տերը ներկայացրել էր Սիոնի կառուցման համար: Սակայն, Եկեղեցու մի շարք անդամներ չհնազանդվեցին Տիրոջ հրահանգին` նվիրաբերելու իրենց սեփականությունը և ուղևորվեցին Սիոն` առանց իրենց ղեկավարներից վկայագիր ձեռք բերելու: Այս պատճառով նրանք չստացան իրենց ժառանգությունները:
-
Ինչո՞ւ կարող էր Սիոն քաղաքի հիմնադրումը դժվար լինել նման իրավիճակում:
Բացատրեք, որ Միսսուրիում այս դժվարությունների կապակցությամբ Ջոզեֆ Սմիթը նամակ ուղարկեց Վիլյամ Վ. Ֆելփսին` Եկեղեցու մի ղեկավարի, ով այդ ժամանակ ապրում էր Ինդիփենդենսում (տես Վարդապետություն և Ուխտեր 85 բաժնի նախաբանը):
Բացատրեք որ Մարգարեի նամակը հրահանգներ էր պարունակում Տիրոջ գործավարի` Ջոն Ուիթմերի համար, ով ապրում էր Միսսուրիում: Ուսանողներից մեկին հրավիրեք` բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 85.1-2 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան և փնտրել, թե ինչ հրահանգեց Տերը, որ կատարի Միսսուրիի գործավարը։
-
Ի՞նչ հրահանգվեց գործավարին` գրանցելու:
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 85.3-5 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել և փնտրել, թե Տերը ո՞ւմ մասին ասաց, որ իրենց անունները չպիտի գրված լինեն Եկեղեցու գրանցումներում:
-
Ո՞ր մարդկանց անունները չպիտի գրված լինեին Եկեղեցու գրանցումներում:
Բացատրեք, որ ինչպես Ջոզեֆ Սմիթի ժամանակ, մեր օրերում նույպես Եկեղեցում գրանցումներ են արվում: Այս գրանցումների նպատակներից մեկն այն է, որ պահպանվի հավատարիմ անդամների անունները, ինչպես նաև նրանց գործերի նկարագրությունը:
-
Ո՞րոնք են այն մի քանի քայլերը, որ մենք պետք է կատարենք, որպեսզի մեր անունները գրանցված ունենանք` որպես Եկեղեցու հավատարիմ անդամներ:
Ուսանողների պատասխաններից հետո գրեք հետևյալ սկզբունքը գրատախտակին. Եթե մենք ապրենք Աստծո օրենքներով, մեր անունները կգրվեն Եկեղեցու գրանցումներում` որպես հավատարիմ անդամներ։ Բացատրեք, որ հավատարիմների գործերը, որոնք գրանցված են երկրի վրա, գրանցվում են նաև երկնքում` այսպես կոչված կյանքի գրքում (տես ՎևՈւ 128.6–7): Ուսանողներին հանձնարարեք հաջորդաբար ընթերցել Վարդապետություն և Ուխտեր 85․5, 9, 11 հատվածները և գտնել այլ անուններ, որոնք տրվում են գրանցմանը, որը պահվում է երկրի վրա նրանց մասին, ովքեր հավատարիմ են: Խնդրեք ուսանողներին` կիսվել իրենց գտած նյութով:
Որպեսզի օգնեք ուսանողներին` զգալ գրատախտակին գրված ճշմարտության կարևորությունը, խնդրեք նրանց պատկերացնել, որ նրանք ծրագրեր ունեն մասնակցելու որևէ հեղինակավոր իրադարձության: Հարցրեք նրանց, թե ինչպես կզգային, եթե ժամանեին այդ վայրը, բայց նրանց ասվեր, որ ներս մտնել չի կարելի, որովհետև նրանց անունը չկա հրավիրվածների ցուցակում:
Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 85․9-11-ը և պատկերացնել, թե ինչպես կզգային` չգտնելով իրենց անունը Տիրոջ հիշատակի գրքում:
-
Ի՞նչ եք կարծում, ի՞նչ է նշանակում, որ նրանք, ում անունները գրանցված չեն, «չեն գտնի ժառանգություն» Սրբերի հետ: (Նրանք չեն ստանա օրհնությունները, որոնք կտրվեն հավատարիմներին:)
-
Համաձայն հատված 11-ի, ի՞նչը կարող է պատճառ հանդիսանալ, որ Եկեղեցու անդամների անունները հեռացվեն Աստծո օրենքի գրքից:
-
Ինչպե՞ս կամփոփեիք ձեր սովորածը այն բանի կարևորության մասին, որ ձեր անունը գրանցված լինի որպես Եկեղեցու հավատարիմ անդամ:
Վկայեք, որ գրանցումները պահվում են թե այստեղ` երկրի վրա, թե երկնքում: Մենք բոլորս պիտի հաշիվ տանք մեր գործողությունների և Աստծո օրենքներով հավատարմորեն ապրելու մասին: Հրավիրեք ուսանողներին` խորհել Աստծո օրենքների հանդեպ իրենց վերաբերմունքի և հնազանդության մասին։
Վարդապետություն և Ուխտեր 86
Տերը բացատրում է ցորենի և որոմների առակը:
Նախքան դասը սկսելը` մի ուսանողի խնդրեք կարդալ Մատթեոս ԺԳ.24-30-ը և պատրաստվել ամփոփել ցորենի և որոմների առակը դասարանի համար: Հետևյալ բառերը գրեք գրատախտակին․ ցորեն, որոմներ, դաշտ, սերմնացան և թշնամի:
Երբ ընտրված ուսանողներն ամփոփեն առակը, դասարանին տվեք հետևյալ հարցերը.
-
Ի՞նչ են խորհրդանշում ցորենը և որոմները: (Ցորենը խորհրդանշում է արդարներներին, իսկ որոմները` ամբարիշտներին [տես Մատթեոս ԺԳ.38]:)
-
Ինչո՞ւ է առակի մարդը ցանկանում սպասել որոմները հանելու համար:
Ցուցադրեք ցորենի և որոմների ուղեկցող նկարը, կամ նկարեք այն գրատախտակին: Բացատրեք, որ որոմը թունավոր մոլախոտի տեսակ է: Ցորենն ու որոմը համարյա նույնն են, երբ ծլում են, բայց դրանք կարելի է տարբերել, երբ արդեն հասունացած են: Եթե հնձվորը փորձեր քաղել-հանել որոմները` նախքան ցորենի ու որոմների հասունանալը, նա հավանաբար կփչացներ նաև ցորենի մեծ մասը:
Հրավիրեք մի քանի ուսանողների` հերթով բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 86.1-6 հատվածները: Խնդրեք դասարանին` հետևել և փնտրել դաշտի, սերմնացանների և թշնամու իմաստները: Խնդրեք ուսանողներին պատմել` ինչ նրանք սովորեցին:
-
Հիմնվելով խորհրդանիշերին տված Տիրոջ բացատրության վրա, ինչպե՞ս կամփոփեիք առակի իմաստը:
Բացատրեք, որ Ջոզեֆ Սմիթը վերանայում և խմբագրում էր Աստվածաշնչի ոգեշնչված թարգմանությունը (Ջոզեֆ Սմիթ. Թարգմանություն), երբ նա ստացավ այս հայտնությունը: Վարդապետություն և Ուխտեր 86-ում գրանցված հայտնությունը տարածվում է Մատթեոս 13.24–30-ում բերված առակի վրա: Օրինակ, Վարդապետություն և Ուխտեր 86-ից մենք սովորում ենք, որ առակի սերմնացանները խորհրդանշում են Փրկչի Առաքյալներին (տես հատված 2), և, որ որոմները «խեղդում են ցորենը և անապատ քշում Եկեղեցին» (հատված 3): Մենք նաև սովորում ենք, որ «վերջին օրերին», ցորենի նոր ցողունները կսկսեն «ծլել» (հատված 4): Որոմները ցանելը կարող է ներկայացնել Ուրացությունը, իսկ նոր ցորենի ծլումը կարող է ներկայացնել Վերականգնումը:
Նշեք, որ առակում տանտերը հրահանգեց ծառաներին` նախ հավաքել որոմները և այրել, իսկ հետո հավաքել ցորենը ամբարի մեջ (տես Մատթեոս ԺԳ.27-30): Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 86․7 հատվածը, բացահայտելու այն ենթադրությունը, որը հստակեցնում է հավաքման կարգը։
-
Ի՞նչ ենք մենք սովորում հատված 7-ից հավաքման կարգի մասին։
-
Ի՞նչ է սա ուսուցանում այն մասին, թե ինչ կպատահի արդարներին և ամբարիշտներին վերջին օրերում: (Ուսանողները պետք է գտնեն հետևյալ վարդապետությունը․ Տերը կհավաքի արդարներին վերջին օրերին, իսկ հետո կոչնչացնի ամբարիշտներին Իր Երկրորդ գալուստի ժամանակ։)
Ցուցադրեք նկարներ Միսիոներներ. Երեցներ և Միսիոներներ. Քույրեր (Gospel Art Book [2009], nos.109, 110; տես նաև LDS.org)։
-
Ինչպե՞ս են այս նկարները կապված ցորենի և որոմների առակի հետ: (Օգնեք ուսանողներին հասկանալ, որ մենք կարող ենք օգնել` հավաքել արդարներին` ավետարանով կիսվելով ուրիշների հետ:)
Բացատրեք, որ հիշելը այն բազմաթիվ ուղիների մասին, որոնցով մենք օրհնված ենք որպես Տիրոջ Եկեղեցու անդամներ, կարող է մեծացնել մեր ցանկությունը` կիսվել այդ օրհնություններով ուրիշների հետ: Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 86.8-10 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել նրան և փնտրել, թե ինչպես ենք մենք օրհնվել` որպես Տիրոջ Եկեղեցու անդամներ։
-
Համաձայն 8-10 հատվածների, որո՞նք են այն մի քանի եղանակները, որոնցով մենք օրհնվել ենք` որպես Տիրոջ Եկեղեցու անդամներ:
Նշեք հետևյալ արտահայտությունը` «քանզի դուք օրինական ժառանգներ եք» հատված 9-ում: Բացատրեք, որ սա նշանակում է, որ Հիսուս Քրիստոսի Եկեղեցու անդամները այն ուխտի մասն են, որն Աստված կապեց Աբրահամի հետ, որի միջոցով Աբրահամին խոստացվեց, որ նրա ժառանգները կվայելեն քահանայության օրհնությունները և կկիսեն այդ օրհնությունները ուրիշների հետ (տես Աբրահամ 2.9–11):
-
Ինչպե՞ս եք դուք օրհնվել քահանայության միջոցով:
Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 86.11 հատվածը և խնդրեք դասարանին` գտնել այն ուղիները, որոնցով մենք պետք է օգնենք ուրիշներին: Խնդրեք ուսանողներին պատմել` ինչ նրանք գտան: Գրեք հետևյալ սկզբունքը գրատախտակին. Մենք կարող ենք փրկություն բերել ուրիշներին` օգնելով նրանց ստանալ քահանայության օրհնությունները։
Հրավիրեք ուսանողներին կիսվել փորձառություններով, որ նրանք ունեցել են, երբ նրանք կարողացել են արդար օրինակ ծառայել ուրիշի համար, երբ նրանք օգնել են մեկ այլ մարդու` ստանալ քահանայության օրհնությունները: