Դաս 60
Վարդապետություն և Ուխտեր 56
Նախաբան
Էզրա Թայրին հանձնարարվել էր Ջոզեֆ Սմիթ ավագի հետ միասին ապրել և աշխատել Ֆրեդերիկ Գ. Վիլյամսի ֆերմայում` Կիրթլենդում, Օհայո: Եղբայր Թայրը նաև օգնել էր վճարել հողի պարտքի որոշ մասը: 1831թ. հունիսի սկզբին նա և Թոմաս Բ. Մարշը կանչվել էին միսիա` Միսսուրի (տես ՎևՈւ 52.22): Հպարտության և եսասիրության պատճառով, եղբայր Թայրը պատրաստ չէր մեկնելու եղբայր Մարշի հետ: Վարդապետություն և Ուխտեր 56 բաժնում գրված հայտնությամբ, որը ստացվել էր հունիսի 15-ին, Տերը չեղյալ է համարել եղբայր Թայրի կանչը և նոր զուգընկեր նշանակել եղբայր Մարշին: Տերը զգուշացրել է հպարտության վտանգի մասին և ուսուցանել սրբերին, որ Նա շատ ավելին ունի պահած նրանց համար, քան հողը և գումարը:
Ուսուցանման առաջարկներ
Վարդապետություն և Ուխտեր 56․1-13
Տերը չեղյալ է համարում Էզրա Թայրի միսիայի կանչը և զգուշացնում է նրան, որ պետք է ապաշխարի:
Հարցրեք ուսանողներին, թե արդյոք նրանք ճանաչում են ինչ-որ մեկին, ով հրաժարվել է մի կարևոր բանից, որպեսզի հնազանդվի Տիրոջ պատվիրաններին: (Օրինակները կարող են ներառել ինչ-որ մեկին, ով զոհաբերության գնով է միանում Եկեղեցուն, գնում միսիա, կամ հնազանդվում Եկեղեցու չափանիշներին:) Մի քանի ուսանողների հրավիրեք կիսվել իրենց օրինակներով:
Բացատրեք, որ 1831թ. հունիսին, Տերը կանչեց Էզրա Թայրին ծառայել Միսսուրիի միսիայում` Թոմաս Բ Մարշի հետ: Գույքի և փողի մասին եղբայր Թայրի մտահոգությունները պատճառ էին հանդիսացել, որ նա պատրաստ չէր մեկնելու, երբ եղբայր Մարշը պատրաստ էր, այդպիսով, եղբայր Մարշը գնաց Ջոզեֆ Սմիթին հարցնելու` թե ինչ պետք է անի: Երբ մարգարեն հարցրեց Տիրոջը, Տերը պատասխանեց նրան հայտնությամբ, որը գրված է Վարդապետություն և Ուխտեր 56-ում:
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 56.1-2 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել` ուշադրություն դարձնելով, թե ինչ ասաց Տերը նրանց մասին, ովքեր հրաժարվում են հնազանդվել Իր պատվիրաններին։
-
Ի՞նչ է ասել Տերը նրանց մասին, ովքեր չեն կամենում հնազանդվել Նրա պատվիրաններին:
Գրատախտակին գրեք հետևյալ անավարտ նախադասությունը. Փրկվելու համար, մենք պետք է …:
Հրավիրեք ուսանողներին ավարտել նախադասությունը 2-րդ հատված-ի հիման վրա: Ուսանողները կարող են տարբեր խոսքերով բացատրել, սակայն նրանք պետք է նշեն հետևյալ սկզբունքը. Փրկվելու համար, մենք պետք է վերցնենք մեր խաչը, հետևենք Փրկչին և պահենք Նրա պատվիրանները: (Ավարտեք գրատախտակին գրված սկզբունքը):
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «վերցնել [մեր] խաչը»: (Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ այս արտահայտությունը, կարող եք հրավիրել նրանց կարդալ Ջոզեֆ Սմիթի Թարգմանությամբ Մատթեոս ԺԶ.24 հատվածը, որը գտնվում է Մատթեոս ԺԶ.24, ծանոթագրություն ե):
-
Ի՞նչ պատվիրաններ է Տերը տվել, որը պահանջում է, որ դուք վերցնեք ձեր խաչը և զոհաբերություններ կատարեք հնազանդ լինելու համար: (Որոշ օրինակներ կարելի է գտնել Երիտասարդներին զորացնելու համար գրքույկում):
-
Ի՞նչ օրհնություններ եք ստացել, կամ կստանաք, քանի որ որոշել եք հնազանդվել:
Հարցրեք, թե ինչպե՞ս հետևյալ մարդիկ կարող են վերցնել իրենց խաչերը և հնազանդվել Տիրոջ պատվիրաններին.
-
Մի երիտասարդ մոտենում է միսիա ծառայելու տարիքին: Նա անհանգստանում է այն ամենի համար, որ թողնելու է ետևում, երբ գնա ծառայության:
-
Մի երիտասարդ կին գիտի, որ իր ծխի երիտասարդները այցելելու են տաճար, բայց նա չունի տաճարային երաշխավորագիր: Այս պահին նրա կյանքում մի բան կա, ինչը թույլ չի տալիս, որ նա ստանա այն:
Բացատրեք, որ եթե մենք որոշում ենք չվերցնել մեր խաչը, մենք կորցնում ենք հնարավորությունները` օրհնելու մյուսներին և օրհնություններն անձամբ ստանալու: Ուսանողներից մեկին խնդրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 56.3-5 հատվածները: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, տեսնելով, թե ինչ տեղի ունեցավ այն պատճառով, որ Էզրա Թայրը պատրաստ չեր գնալու Միսսուրի: Նախքան ուսանողների կարդալը, կարող եք բացատրել, որ չեղյալ համարել նշանակում է հետ վերցնել կամ չեղարկել:
-
Ի՞նչ կորցրեց Էզրա Թայրը, քանի որ նա պատրաստ չեր գնալու: (Նա կորցրեց իր հնարավորությունը` ծառայելու միսիայում, ինչպես նաև ստանալու օրհնությունները, որոնք կտրվեին դրա արդյունքում:)
-
Համաձայն 4-րդ հատվածի, ի՞նչ կարող է անել Տերն Իր տված պատվիրանների հետ: (Ուսանողները պետք է նշեն հետևյալ սկզբունքը. Տերը կարող է տալ պատվիրան, կամ չեղյալ համարել այն Իր հայեցողությամբ):
Հարցրեք ուսանողներին, թե արդյոք կարող են օրինակներ մտաբերել սուրբ գրություններից կամ եկեղեցու պատմությունից, երբ Տերը տվել է, իսկ այնուհետև հետ է վերցրել որևէ հրահանգ: Ստորև տրվում են մի քանի օրինակներ.
-
Երբ Տերը Մովսեսին և նրա ժողովրդին բարձրագույն օրենքը տվեց, Իսրայելի որդիներն ապստամբեցին և սկսեցին երկրպագել ոսկե հորթին: Ապա Տերը տվեց նրանց փոքրագույն օրենքը: (Տես Ելից ԼԲ–ԼԴ; Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Ելից 34.1–2; ՎևՈւ 84.23–27):
-
Իր երկրային ծառայության ժամանակ Փրկիչն ուղարկել էր առաքյալներին միայն Իսրայելի տան անդամների մոտ (տես Մատթեոս Ժ.5): Հարությունից կարճ ժամանակ հետո Փրկիչն ասաց առաքյալներին, որ քարոզեն ավետարանը բոլոր ազգերի մարդկանց (տես Մատթեոս ԻԸ.19):
-
Այս ժամանակաշրջանում Տերը պատվիրել էր որոշ վաղ սրբերին գործադրել բազմակնություն: Մարգարե Ջոզեֆ Սմիթը և եկեղեցու մյուս ղեկավարները այս պատվիրանը դժվար էին համարել, սակայն հնազանդվել էին: Հայտնություն ստանալուց հետո, Նախագահ Վիլֆորդ Վուդրուֆը մանիֆեստ արձակեց, որն ընդունվեց եկեղեցու կողմից 1890թ. հոկտեմբերի 6-ին, որպես հեղինակավոր ու պարտավորեցնող: Սա վերջ դրեց բազմակնության գործադրմանը եկեղեցում (տես Պաշտոնական Հայտարարություն 1):
Ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 56.6-7 հատվածները, բացատրելով, որ Տերը փոխեց նաև Սելա Ջ. Գրիֆինի և Նյուել Նայթի կանչերը: Հիշեցրեք ուսանողներին, որ Թոմսոնում, Օհայո, Լեման Քոփլիի առաջացրած դժվարությունների պատճառով, Քոլսվիլի սրբերը ուղղորդվեցին դեպի Միսսուրի: Նրանք հարցրեցին մարգարե Ջոզեֆ Սմիթին, թե արդյոք կարող են ճանապարհ ընկնել Նյուել Նայթի առաջնորդությամբ, ինչպես դա եղավ Քոլսվիլից դուրս գալու ժամանակ: Նյուել Նայթը կանչված էր ծառայելու Սելա Ջ. Գրիֆինի հետ նախքան այս դժվարությունների ի հայտ գալը (տես ՎևՈւ 52.32), և Տերն ուղղորդեց Սելա Ջ. Գրիֆինին զբաղեցնել Էզրա Թայրի տեղը` որպես Թոմաս Մարշի զուգընկեր և որ Նյուել Նայթը մնար Քոլսվիլի սրբերի հետ:
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 56.8-11 հատվածները: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, տեսնելով, թե ինչ պատվիրեց Տերն Էզրա Թայրին անել, նրանից հետո, երբ նրա միսիայի կանչը չեղյալ էր համարվել:
-
Տիրոջ ասելով, ի՞նչ տեղի կունենար, եթե Էզրա Թայրն ապաշխարեր: Ի՞նչ տեղի կունենար, եթե նա չապաշխարեր:
Բացատրեք, որ Էզրան որոշեց ապաշխարել և յոթ ամիս անց, նա կրկին կանչվեց ծառայելու որպես միսիոներ Թոմաս Բ Մարշի հետ (տես ՎևՈւ 75.31):
Վարդապետություն և Ուխտեր 56․14-20
Տերը զգուշացնում է սրբերին ագահության և հպարտությամբ լցված սրտերի վտանգի մասին:
Խնդրեք ուսանողներին պատկերացնել, թե մի ընկեր ունեն, որը մեղք է գործել և վատ է իրեն զգում: Այդ ընկերը գալիս է իրենց մոտ և հարցնում է. «Ի՞նչ պետք է ես անեմ, որ ապաշխարեմ»: Ուսանողներին խորհելու և պատասխանելու ժամանակ տվեք: Երբ նրանք պատասխանեն, հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 56․14-20 հատվածները: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, գտնելով այն մոտեցումներն ու գործողությունները, որոնք խոչընդոտում են մեր մեղքերի համար ներում ստանալուն:
-
Վարդապետություն և Ուխտեր 56․14-20 հատվածների համաձայն, ո՞ր մոտեցումներն ու գործողություններն են խոչընդոտում մեր մեղքերին ներում ստանալու կամ ներվելու համար:
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «խորհուրդ անել ձեր իսկ ուղիներով» արտահայտությունը: Ի՞նչ է նշանակում «ձեր սրտերը բավարարված չեն» արտահայտությունը: (Այն ենթադրում է գոհ չլինել նրանով, ինչ ունեք):
-
Ի՞նչ կարող ենք սովորել 14 և 15 հատվածներից, թե ինչ է անհրաժեշտ ապաշխարելու և ներում ստանալու համար: (Ուսանողները կարող են տարբեր սկզբունքներ ասել, բայց ուշադիր եղեք, որ ընդգծվի հետևյալ ճշմարտությունը. Ապաշխարությունը ներառում է հնազանդվել Տիրոջ խորհրդին և շրջվել անարդար ցանկություններից: Կարող եք հրավիրել ուսանողներին գրել այս ճշմարտությունն իրենց սուրբ գրություններում`Վարդապետություն և Ուխտեր 56․14-15 հատվածների կողքին:
-
Ինչո՞ւ է հնազանդությունը և անարդարությունից շրջվելն անհրաժեշտ ճշմարիտ ապաշխարության համար:
Բացատրեք, որ ապաշխարությունը ոչ թե պարզապես հետևելն է մի շարք քայլերի, այլ այն պահանջում է սրտի ամբողջական փոփոխություն, Տիրոջը հնազանդվելու պարտավորվածություն և հեռանալ բոլոր անարդարություններից: Երբ ստացվեց այս հայտնությունը, պարզ դարձավ, որ Էզրա Թայրի եսասիրությունը և հպարտությունը հետ էին պահում նրան Տիրոջ խորհրդին հնազանդվելուց:
-
Ինչպե՞ս կարող է մարդու հպարտությունը ազդել ապաշխարող սիրտ ունենալու նրա ունակության վրա:
Ուսանողներին հրավիրեք զույգերով կարդալ Վարդապետություն և Ուխտեր 56.16–17 հատվածները: Զուգընկերներից մեկին խնդրեք գտնել, թե հարուստ մարդու պարագայում ինչպիսի դրսևորում կարող է ունենալ չապաշխարող սիրտը: Մյուս զուգընկերոջը խնդրեք գտնել, թե աղքատ մարդու պարագայում ինչպիսի դրսևորում կարող է ունենալ չապաշխարող սիրտը: Կարող եք առաջարկել, որ գրքերում նշեն այն, ինչ գտան: Խնդրեք ուսանողներին բացատրել զուգընկերոջը, թե ինչ հայտնաբերեցին և, ապա, միասին քննարկեք հետևյալ հարցերը (կարող եք հարցերը գրել գրատախտակին).
-
Ի՞նչ նմանություններ կարող եք տեսնել չապաշխարող սրտերի մեջ` թե՛ հարուստի և թե՛ աղքատի:
-
Ինչո՞ւ ագահությունը կարող է ընդհանուր հատկանիշ լինել` ինչպես հարուստի, այնպես էլ աղքատի դեպքում:
Խնդրեք ուսանողներին մտաբերել, թե երբ են տեսել այսպիսի դրսևորումներ իրենց կյանքում, կամ ուրիշ մարդկանց կյանքում, ում նրանք ճանաչում են:
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 56.18 հատվածը: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, ուշադրություն դարձնելով բառերին, որոնք նկարագրում են այն մարդկանց սրտերը, ովքեր պիտի օրհնվեն:
-
Համաձայն 18 հատվածի` ինչպիսին պետք է լինեն մեր սրտերը: Ի՞նչ է նշանակում կոտրված սիրտ ունենալ: Իսկ ի՞նչ կասեք փշրված հոգու մասին: (Այս հատկանիշները ցույց են տալիս Տիրոջ հանդեպ խոնարհություն ու հնազանդություն ունենալը):
-
Եթե մեր սրտերն ագահ կամ հպարտ են եղել, ինչպե՞ս կարող ենք մենք փոխվել:
Հրավիրեք ուսանողներին շարունակել կարդալ Վարդապետություն և Ուխտեր 56.19-20 հատվածները զույգերով: Խնդրեք նրանց ուշադրություն դարձնել այն օրհնություններին, որոնք Տերը խոստացել է խոնարհ սրտեր ունեցողներին: Կարող եք առաջարկել, որ գրքերում նշեն այն, ինչ գտան:
Հետևյալ անավարտ միտքը գրեք գրատախտակին. Խոնարհ սիրտ ունեցողները․
-
Համաձայն 18-20 հատվածների, ո՞ր օրհնություններով կավարտվի գրատախտակին գրված նախադասությունը: Երբ ուսանողները ներկայացնեն այս հատվածներում գրված օրհնությունները, գրեք դրանք գրատախտակին: Կարող եք բացատրել, որ վարձք բառը վերաբերում է բարի գործերի պարգևներին և անարդար գործողությունների պատժին):
Բացատրեք, որ նվիրաբերման օրենքով ամեն մի անհատի կամ ընտանիքի նրանց հանգամանքների համաձայն տրվող բաժինը կոչվում էր «ժառանգություն» (ՎևՈւ 57.7): Հավանական է, որ վաղ օրերում այս օրենքի գործադրման ժամանակ որոշ սրբեր, Էզրա Թայրի պես, չափազանց մտահոգ էին դարձել` իրենց «ժառանգությունը» ստանալու հետ կապված:
Գրատախտակին թվարկված օրհնությունների ցուցակի կողքին գրեք Իմ ժառանգությունը բառերը:
-
Ելնելով վերոնշյալից, ինչպես կամփոփեք օրհնությունները, որոնք Տերը պահել է նրանց համար, ովքեր սրտով խոնարհ են: (Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, բայց նրանք պետք է նշեն հետևյալ սկզբունքը. Նրանք, ովքեր սրտով խոնարհ են, կժառանգեն երկիրը):
-
Ինչպե՞ս են 18-20 հատվածներում նկարագրված օրհնությունները համեմատվում Էզրա Թայրի և մյուս վաղեմի սրբերի սեփականության և փողի հետ, որոնց համար նրանք մտահոգ էին:
Վկայեք օրհնությունների կամ «ժառանգության» մասին, որոնք Տերը պահել է մեզ համար, եթե հեռու ենք պահում մեզ անարդարությունից և պարտավորվում` հետևել Նրա պատվիրաններին: