Տնային ուսումնասիրության դաս
Յուտայի պատերազմը և Մաունթ Մեդոուսի ջարդերը, Թանկագին Մարգարիտի ստեղծումը Պաշտոնական Հայտարարություն 1-ը և Վարդապետություն և Ուխտեր 138 բաժինը (Մաս 31)
Նախաբան
Այս դասը կարող է օգնել ուսանողներին հասկանալ, թե ինչպես են հոգիների աշխարհում հոգիներին ուսուցանում ավետարանը: Սա կարող է օգնել ուսանողներին հասկանալ, թե ինչպես նրանք կարող են դառնալ մահացածների փրկության հրաշալի աշխատանքի մասը:
Ուսուցման առաջարկներ
Նախքան Վարդապետություն և Ուխտերի 138 բաժնին վերաբերող դասն ուսուցանելը, կարող եք ուսանողներին հարցնել, արդյոք նրանք հարցեր ունեն շաբաթվա ընթացքում սովորած նյութի վերաբերյալ: Օրինակ` նրանք կարող են հարցեր ունենալ Մաունթ Մեդոուսի ջարդի կամ Պաշտոնական Հայտարարություն 1-ի վերաբերյալ:
Վարդապետություն և Ուխտեր 138
Նախագահ Ջոզեֆ Ֆ Սմիթը սովորում է, թե ինչպես էր ավետարանն ուսուցանվում հոգիների աշխարհում
Ասացեք ուսանողներին, որ ամբողջ աշխարհում մարդիկ ունեն տարբեր համոզմունքներ այն մասին, թե ինչ կպատահի նրանց հետ մահից հետո: Հարցրեք, արդյոք ուսանողները երբևէ հանդիպել են ինչ-որ մեկին, ով ունի ուրիշ համոզմունքներ այն մասին, թե ինչ է պատահում մեզ հետ մահից հետո: Հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել իրենց փորձառություններով: (Զգույշ եղեք, որպեսզի բացասաբար չարտահայտվեք այլ կրոնների համոզմուքների մասին:)
-
Մենք ինչպե՞ս կարող ենք իմանալ, թե մահից հետո կյանքի մասին որ համոզմունքներն են ճշգրիտ: (Կարող եք բացատրել, որ նույնիսկ որոշ Վերջին Օրերի Սրբեր կարող են ունենալ սխալ համոզմունքներ մահից հետո եկող կյանքի մասին:)
Ի հավելումն ուսանողների պատասխանների, խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Թոդ Քրիստոֆերսոնի հետևյալ միտքը.
«Սուրբ գրությունները հանդիսանում են արժանահավատության և ճշմարտության չափորոշիչը [չափանիշը]» («Սուրբ գրությունների օրհնությունը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2010, 34):
Հաստատեք, որ մահից հետո կյանքի վերաբերյալ տարբեր համոզմունքների ճշտության մասին կարող ենք իմանալ` համեմատելով այդ համոզմունքները այն ճշմարտությունների հետ, որոնք Տերը բացահայտել է Իր սուրբ գրություններում` ինչպես օրինակ Վարդապետություն և Ուխտերի 138 բաժնում:
Գրատախտակին նկարեք ուղեկցող գծապատկերը: Կարող եք համառոտ բացատրել, որ որոշ առումներով ողջ հոգևոր աշխարհը կարելի է համարել հոգևոր բանտ, որովհետև նույնիսկ արդարները գերություն էին համարում իրենց հոգիների անջատումն իրենց մարմիններից (տես ՎևՈւ 138.49-50):
Որպեսզի օգնեք ուսանողներին համառոտ վերանայել այն ճշմարտությունները, որոնք նրանք ուսումնասիրեցին բաժին 138-ում, դասարանի կեսին հանձնարարեք Վարդապետություն և Ուխտերի 138.12-15, 22 հատվածներում փնտրել մանրամասնություններ նրանց վերաբերյալ, ովքեր կգնան հոգևոր դրախտ մահանալուց հետո և այն պայմանները, որոնցում նրանք կապրեն այնտեղ: Դասարանի մյուս կեսին հանձնարարեք Վարդապետություն և Ուխտերի 138.20-22 հատվածներում փնտրել մանրամասնություններ նրանց վերաբերյալ, ովքեր կգնան հոգևոր բանտ իրենց մահվան ժամանակ և պայմանները, որոնցում նրանք կապրեն: Խնդրեք ուսանողներին կիսվել իրենց գտած նյութով:
Նշեք, որ ոչ միայն ամբարիշտներն ու խռովարարներն են գնում դեպի հոգևոր բանտ իրենց մահվան ժամանակ, այլ նաև նրանք, ովքեր մահանում են իրենց մեղքերի մեջ` առանց ավետարանի մասին գիտելիքի (տես ՎևՈւ 138.32): Հիշեցրեք ուսանողներին, որ մինչ Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը խորհում էր Ա Պետրոսի հատվածների շուրջ, Տերը բացահայտեց նրան, թե հոգևոր բանտում գտնվող մարդիկ ինչպես հնարավորություն կունենան ստանալու ավետարանի օրհնությունները:
Որևէ ուսանողի հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 138․29–32 հատվածը և խնդրեք դասարանին ուշադրություն դարձնել, թե ավետարանն ինչպես է ուսուցանվում հոգևոր աշխարհում: Խնդրեք ուսանողներին կիսվել իրենց գտած նյութով: Նրանք պիտի ուսուցանեն հետևյալ ճշմարտությանը նման մի բան. Հիսուս Քրիստոսի ղեկավարության ներքո արդար սուրհանդակները ուսուցանում են ավետարանը հոգևոր բանտում:
Գրատախտակի գծապատկերի վրա նկարեք մի սլաք, որը հոգևոր դրախտից կտանի դեպի հոգևոր բանտ, որպեսզի ներկայացնեք, թե ինչպես են Տիրոջ արդար սուրհանդակները քարոզում ավետարանը հոգևոր բանտում:
Ամփոփեք Վարդապետություն և Ուխտերի 138.33-37 հատվածները` բացատրելով, որ Երկնային Հոր բոլոր զավակները հնարավորություն կունենան ընդունել Հիսուս Քրիստոսի ավետարանի սկզբունքներն ու արարողությունները թե երկրի վրա, թե հոգևոր աշխարհում:
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե ինչպես բոլորը կիմանան ավետարանի մասին, բացատրեք, որ չնայած Փրկիչն Իր մահից հետո այցելեց հոգևոր աշխարհ մի կարճ ժամանակով, Նա կազմակերպեց արդար հոգիներին` քարոզելու ավետարանը հոգևոր բանտում գտնվողներին: Այս ջանքերը շարունակվում են նաև այսօր: Երբ մարդիկ, ովքեր չեն լսել կամ ընդունել ավետարանը մեր օրերում, մահանան, նույնպես հնարավորություն կունենան լսելու և ընդունելու ավետարանը հոգևոր աշխարհում:
Հիշեցրեք ուսանողներին, որ Վարդապետություն և Ուխտերի 138.38-49 հատվածներում Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը թվարկեց շատ «մեծերի և հզորների» հոգիների անունները, որոնց նա տեսավ հոգևոր աշխարհում, ովքեր սպասում էին, որ Փրկիչը կհայտնվի նրանց` խաչի վրա Իր մահից հետո: Հոգիներից մի քանիսը, ում Փրկիչը այցելեց, Հին Կտակարանի և Մորմոնի Գրքի մարգարեներն էին: Սկսած հատված 53-ից, մենք կարդում ենք, որ Նախագահ Սմիթը տեսավ նաև ընտրյալ հոգիներ, ովքեր առաջ էին գալու վերջին տնտեսության մեջ` ներառյալ Մարգարե Ջոզեֆ Սմիթը (նրա հորեղբայրը) և Հայրում Սմիթը (նրա հայրը):
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 138.53-56 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել և ուշադրություն դարձնել, թե ինչպես են այդ մարդիկ նպաստել հոգևոր բանտում գտնվողների փրկության գործին, մինչ նրանք երկրի վրա էին:
-
Ինչպե՞ս են Վերջին Օրերի Եկեղեցու ղեկավարները օգնել բանտում գտնվող հոգիներին:
Երբ ուսանողները բացահայտեն, որ վերջին օրերի մարգարեները օգնել են մահացածների փրկագնմանը, կառուցելով տաճարներ և սպասավորելով տաճարային արարողություններ մահացածների համար, տաճարի մի նկար տեղադրեք կամ նկարեք գրատախտակին գտնվող գծապատկերի կողքին:
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 138.58-59 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով, թե մահացածներն ի՞նչ պիտի անեն փրկագնվելու համար: Հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց գտածով։
-
Ի՞նչ կպատահի նրանց հետ, ովքեր ապաշխարում են հոգևոր աշխարհում: (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն նրանք պետք է արտահայտեն հետևյալ վարդապետությունը․ Այն հոգիները, ովքեր ապաշխարում են, կփրկագնվեն տաճարային արարողութուններին հնազանդվելու միջոցով, կմաքրագործվեն Քավության միջոցով և կստանան իրենց պարգևը ։)
-
Մենք ինչպե՞ս կարող ենք օգնել մահացածների փրկության ծրագրին, երբ մենք երկրի վրա ենք: (Ավարտելով ընտանեկան պատմության աշխատանքը և մասնակցելով մահացածների համար կատարվող տաճարային արարողություններին:)
Ցույց տվեք տաճարի նկարը գրատախտակին: Վկայեք, որ երբ մենք գնում ենք տաճար արարողություններ կատարելու նրանց համար, ովքեր մահացած են, մենք օգնում ենք նրանց, եթե նրանք ընտրում են ընդունել արարողությունները, փրկագնվել հոգևոր բանտից և միանալ արդար հոգիներին դրախտում:
Գրատախտակի գծապատկերի վրա նկարեք մի սլաք, որն ուղղված է հոգևոր բանտից դեպի հոգևոր դրախտ` ներկայացնելու ապաշխարող հոգիների փրկագնումը հոգևոր բանտից:
-
Այս գիտելիքն ինչպե՞ս կարող է անդրադառնալ տաճարային և ընտանեկան պատմության աշխատանք կատարելու ձեր փորձառության վրա:
-
Դուք ինչպե՞ս եք օրհնվել` մասնակցելով ընտանեկան պատմության և տաճարային աշխատանքին: (Կարող եք կիսվել նաև ձեր անձնական փորձառությամբ։)
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 138.60 հատվածը: Դասարանին խնդրեք հետևել` փնտրելով Նախագահ Ջոզեֆ Ֆ Սմիթի վկայությունը այն ճշմարտությունների մասին, որոնք նա գրանցել է:
Խնդրեք ուսանողներին պլանավորել կատարելու մի քանի ընտանեկան կամ տաճարային աշխատանք հաջորդ շաբաթների ընթացքում։
Եզրափակեք` կիսվելով Տեր Հիսուս Քրիստոսի և Քավության այն օրհնությունների մասին ձեր վկայությամբ, որոնք մատչելի են ողջերին և մահացածներին:
Հաջորդ մասը (Եկեղեցու Կազմակերպություններն ու Ծրագրերը, Պաշտոնական Հայտարարություն 2, Արագացնել Փրկության Աշխատանքը, Ընտանիքի Հայտարարությունը և Ապրող Մարգարեն)
Հարցրեք ուսանողներին, թե որտեղից գիտեն, որ Տերը ուղղորդում է Իր Եկեղեցին: Ինչո՞ւ է կարևոր ունենալ ապրող մարգարե: Ընտանիքներն ինչքանո՞վ են կարևոր: Հրավիրեք ուսանողներին փնտրել պատասխաններ այս հարցերին, երբ նրանք ուսումնասիրեն դասերը հաջորդ շաբաթ: