Տնային ուսումնասիրության դաս
Վարդապետություն և Ուխտեր 20–23 (Մաս 6)
Նախաբան
Եկեղեցին կազմակերպվեց այն հայտնությունների հիման վրա, որոնք Տերը տվեց Մարգարե Ջոզեֆ Սմիթին: Այս դասն առանձնացնում է Իր մարգարեներին տված Տիրոջ հայտնությունների կարևորությունը:
Ուսուցման առաջարկներ
Վարդապետություն և Ուխտեր 20-21
Տերը կազմավորում է Իր Եկեղեցին
Պատրաստեք ուղեկցող նկարներ երկու տարբեր թղթերի վրա: Ուսանողներին ցույց մի տվեք նկարները, մինչև հետևեք ստորև բերված հրահանգներին:
Ուսանողներին ասացեք, որ ցույց կտաք երկու նկար, և որ նրանք պիտի փորձեն նկարել իրենց տեսածը: Բացատրեք, որ նրանք յուրաքանչյուր նկարը կտեսնեն միայն մեկ վայրկյան, դրա համար էլ նրանք պիտի շատ ուշադիր լինեն: Ցույց տվեք նրանց առաջին նկարը, ժամանակ տվեք նկարելու, իսկ հետո ցույց տվեք երկրորդ նկարը և ժամանակ տվեք նկարելու:
-
Ո՞ր նկարն էր ավելի հեշտ նկարել:
Ցույց տվեք երկու նկարները միաժամանակ: Նշեք, որ երկու նկարներն ունեն գծերի միևնույն քանակը:
-
Ինչո՞ւ էր ավելի հեշտ նկարել երկրորդ նկարը: (Տասներկու գծերը, որոնք տրված էին հասկանալի կարգով, ավելի հեշտ է նկարել:)
-
Ի՞նչ դաս կարող ենք սովորել այս երկու նկարներից:
Բացատրեք որ երբ Հիսուս Քրիստոսը վերականգնեց Իր Եկեղեցին, Նա մի քանի հայտնություններ տվեց այն մասին, թե ինչպես պիտի այն կազմակերպվի և ով պիտի առաջնորդի Եկեղեցին:
-
Ունենալով մարգարե և 12 առաքյալ, Եկեղեցում ինչպե՞ս է կարգուկանոն հաստատվում:
Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 20.1–2 հատվածները, այնուհետև մեկ այլ ուսանողի խնդրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 21.1–3 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել` ուշադրություն դարձնելով առաջին քայլերից մեկին, որ Հիսուս Քրիստոսն արեց, որպեսզի կարգուկանոն հաստատի Իր Եկեղեցում։
-
Համաձայն այդ հատվածների, Տերն ի՞նչ արեց, որպեսզի կարգուկանոն հաստատի և օգնի կազմավորելու Իր Եկեղեցին: (Նա կանչեց Ջոզեֆ Սմիթին որպես Մարգարե, նրան պատվիրաններ և ցուցումներ տվեց, թե ինչպես կազմավորել Եկեղեցին:)
Ամփոփեք ուսանողների պատասխանները` գրատախտակին գրելով. Տերն առաջնորդեց Ջոզեֆ Սմիթին` վերականգնելու Իր Եկեղեցին:
-
Ձեր կարծիքով, մարգարե ունենալն ինչո՞ւ է կարևոր Հիսուս Քրիստոսի Եկեղեցու վերականգնման համար:
Հրավիրեք ուսանողներին կիսվել նրանով, թե ինչպես նրանց ուսումնասիրությունները շաբաթվա ընթացքում օգնեցին ավելի բարձր գնահատել Ջոզեֆ Սմիթին և նրա դերը Հիսուս Քրիստոսի Եկեղեցու վերականգնման գործում: Կիսվեք ձեր վկայությամբ, որ Ջոզեֆ Սմիթը ստացավ հայտնություն և առաջնորդություն` հիմնելու Տիրոջ Եկեղեցին, և որ Ջոզեֆ Սմիթի միջոցով Տերը կարգի բերեց Իր թագավորությունը երկրի վրա:
Յուրաքանչյուր ուսանողի հանձնարարեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտերի 21․5-6 հատվածը, ուշադրություն դարձնելով այն երեք օրհնություններին, որոնք կտրվեն նրանց, ովքեր կընդունեն Մարգարե Ջոզեֆ Սմիթի խոսքերը համբերությամբ ու հավատքով: Երբ նրանք կարդան, բացատրեք, որ այս խոստումները վերաբերում են նաև ապրող մարգարեին հետևելուն:
-
Ինչպե՞ս կամփոփեիք այն խոստումները, որոնք տրվում են նրանց, ովքեր ականջլուր են մարգարեի խոսքերին: (Ահա մի եղանակ, որը հաստատում է հետևյալ սկզբունքը․ Եթե մենք ականջ դնենք մարգարեի խոսքերին, մենք պաշտպանված կլինենք հակառակորդից և կստանանք երկնքի օրհնությունները։)
-
Այս օրհնություններն ընդունել կարողանալու համար ինչո՞ւ է կարևոր ականջալուր լինել (ընդունել ու ապրել) մարգարեի խոսքերին և ոչ թե պարզապես լսել դրանք:
-
Դուք կամ որևէ մեկը, ում ճանաչում եք, երբևէ պաշտպանվել եք չարից` հետևելով կենդանի մարգարեի խոսքերին:
Խնդրեք ուսանողներին մտածել ապրող մարգարեի որևէ ուսմունքի մասին, որի կարիքը նրանք գուցե ունեն, որպեսզի ավելի լավ ականջ դնեն կամ ավելի լավ ապրեն: Խրախուսեք նրանց` անել ինչ-որ բան, որպեսզի գործեն ըստ այդ ուսմունքի:
Գրատախտակին գրեք հետևյալ արտահայտությունը «Մենք գիտենք, որ …»:
Հիշեցրեք ուսանողներին, որ Վարդապետություն և Ուխտերի 20 բաժինը բարձրաձայն կարդացվել է Եկեղեցու վաղ շրջանի համաժողովներում, որը որպես հիշեցում ծառայեց նոր եկեղեցու անդամներին` Հիսուս Քրիստոսի ավետարանի շատ կարևոր ճշմարտությունների մասին: Ուսանողներին բաժանեք չորս խմբի: Յուրաքանչյուր խմբին հանձնարարեք կարդալ այդ հատվածներից մեկը և ուշադրություն դարձնել այն վարդապետություններին, որոնք կարող են ներառվել «Մենք գիտենք, որ … » վերնագրի տակ:
Երբ ուսանողներն ուսումնասիրեն իրենց հանձնարարված հատվածները, խնդրեք նրանց ներկայացնել վարդապետությունները, որոնք նրանք առանձնացրել են: Կարող եք հանձնարարել ուսանողներից մեկին հանդես գալ որպես գրագիր և գրել այդ ճշմարտությունները գրատախտակին, մինչ դասարանի անդամներն առանձնացնեն դրանք։
Ուսանողների առանձնացրած վարդապետությունները կարող են ներառել հետևյալը.
Աստված ապրում է և Նա անսահման, հավերժական և անփոփոխ է (հատված 17):
Մենք ստեղծվել ենք Աստծո պատկերով և նմանությամբ (հատված 18):
Աստված տվեց Իր Միածին Որդուն, որը խաչվեց և հարություն առավ նորից (հատվածներ 21-23):
Բոլորը, ովքեր կհավատան, կմկրտվեն և հավատքով կհամբերեն մինչև վերջ, պիտի փրկվեն (հատվածներ 25, 29):
Երբ ուսանողներն ավարտեն թվարկել այն ճշմարտությունները, որոնք նրանք առանձնացրին այս հատվածներում, խնդրեք նրանց ընտրել մեկը, որը կարևոր է իրենց համար, և որը անձամբ գիտեն, որ ճիշտ է: Հրավիրեք մի քանի ուսանողների` կիսվել իրենց վկայությամբ այն ճշմարտության մասին, որը նրանք ընտրել էին և բացատրել, թե ինչո՞ւ էր ճշմարտությունը կարևոր նրանց համար:
Ավարտեք, կիսվելով ձեր վկայությամբ այսօր քննարկված ճշմարտությունների մասին և ձեր երախտագիտությամբ` Տիրոջ վերականգնված Եկեղեցուն պատկանելու համար:
Հաջորդ մասը (Վարդապետություն և Ուխտեր 24-29)
Ի՞նչ անել, եթե դուք հանդիպել եք ինչ-որ մեկին, ով մարգարե չէր, բայց պնդում էր, որ հայտնություններ է ստանում ողջ Եկեղեցու համար: Հաջորդ բաժնում ուսանողները կուսումնասիրեն, թե Մարգարե Ջոզեֆ Սմիթն ինչպես լուծեց այս խնդիրը: Ուսանողները կսովորեն նաև Երկրորդ Գալուստի մի քանի նշանների մասին: