Դաս 82
Վարդապետություն և Ուխտեր 77
Նախաբան
1832 թվականի փետրվարին և մարտին, Ջոզեֆ Սմիթը շարունակեց Նոր Կտակարանի իր ոգեշնչված վերանայումը: Երբ նա սկսեց աշխատել Հայտնության գրքի վրա, որոշ հատվածների իմաստը նրան խորհելու տեղիք տվեցին: Նա խնդրեց Տիրոջից` բացատրել որոշ նշանների և իրադարձությունների իմաստը, որ Հովհաննես Հայտնողը նկարագրել էր: Ի պատասխան Ջոզեֆ Սմիթի հարցերին` Հայտնության գրքի 1-11 գլուխների վերաբերյալ, Տերը հայտնություն տվեց, որը գրանցված է Վարդապետություն և Ուխտեր 77-ում։
Նշում. Չնայած այս դասը դիմում է Հայտնության գրքի բովանդակությանը, այն դաս չէ Հայտնության գրքի մասին: Դասաժամանակի մեծ մասն անցկացրեք` քննարկելով Վարդապետություն և Ուխտեր 77-ում լուսաբանված վարդապետություններն ու սկզբունքները, այլ ոչ թե Հայտնության գիրքը:
Առաջարկներ ուսուցանման համար
Վարդապետություն և Ուխտեր 77․1-15
Տերը պատասխանում է Հայտնությունների գրքի վերաբերյալ Ջոզեֆ Սմիթի հարցերին
Խնդրեք ուսանողներին` լուռ խորհել այն բանի մասին, թե ինչ են նրանք սովորել սուրբ գրությունների իրենց անհատական ուսումնասիրության ժամանակ` վերջին մի քանի օրերի ընթացքում: Հրավիրեք նրանցից մի քանիսին` կիսվել իրենց ձեռք բերած գիտելիքներով: Այնուհետև խնդրեք մի քանիսին` կիսվել հարցերով, որոնք առաջացել են իրենց անհատական ուսումնասիրության ընթացքում և դրանից հետո: Սրանք կարող են ընդգրկել հարցեր, որոնք վերաբերում են որևէ բառի կամ արտահայտության իմաստին, իրենց կարդացած նյութի պատմական նախադրյալներին կամ կոնկրետ հատվածի կարևորությանը: (Այս վարժության նպատակը սուրբ գրությունների մասին ուսանողների հարցերին պատասխանելը չէ, այլ ուսումնասիրության ընթացքում հարցեր տալու կարևորությունը շեշտելն է:) Երբ մի քանի ուսանողներ կիսվեն դրանով, տվեք հետևյալ հարցը․
-
Ի՞նչն օգնեց ձեզ` գտնել ձեր հարցերի պատասխանները և ավելի լավ հասկանալ սուրբ գրությունները:
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ Վարդապետություն և Ուխտեր 77-ի բովանդակությունը, հրավիրեք նրանց կարդալ բաժնի նախաբանը և փնտրել, թե ինչ էր անում Մարգարե Ջոզեֆ Սմիթը, երբ նա ստացավ այս հայտնությունը: Երբ ուսանողները հաղորդեն իրենց գտած նյութի մասին, կարող եք նրանց ուշադրությունը հրավիրել հետևյալ արտահայտության վրա` «Սուրբ գրքերի թարգմանության առնչությամբ», որը վերաբերում է Տիրոջ այն պատվիրանին, որ Ջոզեֆ Սմիթը պետք է ոգեշնչված փոփոխություններ կատարի Աստվածաշնչի Թագավոր Հակոբոսի տարբերակում: Այս փոփոխությունները հայտնի են որպես Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն: Բացատրեք, որ Հայտնության գրքի վրա աշխատելիս Ջոզեֆ Սմիթը դիմեց Տիրոջը որոշ հատվածների իմաստի վերաբերյալ: Հարցերը, որ նա տվեց, և պատասխանները, որ Տերը հայտնեց, գրված են Վարդապետություն և Ուխտեր 77-ում։ Խրախուսեք ուսանողներին փնտրել կռահումներ Վարդապետություն և Ուխտեր 77-ում, որոնք կարող են օգնել նրանց` խորացնել սուրբ գրությունների ըմբռնումը:
Հանձնարարեք ուսանողներին վերանայել Վարդապետություն և Ուխտեր 77-ը և խնդրեք նրանց բացատրել, թե ինչպես է այս բաժնի ֆորմատը տարբերվում Վարդապետություն և Ուխտերի այլ բաժինների ֆորմատից։ Նրանք պետք է նկատեն Հ և Պ տառերը յուրաքանչյուր հատվածի կամ պարբերության կողքին` ամբողջ բաժնում: Բացատրեք, որ յուրաքանչյուր Հ տառը գրված է Ջոզեֆ Սմիթի հարցից առաջ, իսկ յուրաքանչյուր Պ տառը` Տիրոջ պատասխանից առաջ:
Հարցրեք ուսանողներին` արդյո՞ք նրանցից որևէ մեկը կարդացել է Հայտնության գիրքն ամբողջությամբ:
-
Ի՞նչը կարող է դժվարացնել Հայտնության գրքի ընթերցումը: (Եթե ուսանողները չեն նշում սա, գուցե դուք ցանկանաք բացատրել, որ Հայտնության գիրքը կարող է դժվար հասկացվել` նրա մեջ պարունակվող սիմվոլիզմի պատճառով:)
Հայտնության գրքի խորհրդանշական պատկերի օրինակ ապահովելու համար, հանձնարարեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Հայտնություն Դ․2-8: Դասարանին խնդրեք հետևել նրան՝ խորհրդանիշեր փնտրելով այս հատվածներում։ Հրավիրեք ուսանողներին` անվանել այս խորհրդանիշերը, իսկ նրանցից մեկին խնդրեք` գրել դրանք գրատախտակի վրա: (Պատասխանները կարող են ներառել. ծիածան` աթոռի շուրջը, քսանևչորս աթոռներ, ոսկե պսակներ, կրակի յոթ լամպեր, ապակյա ծով և չորս կենդանիներ:)
Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Ջոզեֆ Սմիթի հարցերը Վարդապետություն և Ուխտեր 77. 1-ում։ Խնդրեք մի ուսանողի գրատախտակի վրա շրջանակի մեջ վերցնել այն խորհրդանիշը, որ Ջոզեֆ Սմիթը խնդրեց Տիրոջը օգնել իրեն` հասկանալ (ապակյա ծովը): Այնուհետև խնդրեք մեկ այլ ուսանողի կարդալ Տիրոջ բացատրությունը Վարդապետություն և Ուխտեր 77.1-ում։
-
Այս պատասխանն ինչպե՞ս է օգնում մեզ ավելի լավ հասկանալ Հայտնություն 4.6 հատվածը:
Ուսանողներին բաժանեք զույգերի: Խնդրեք զույգերին միասին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 77․2-5 հատվածները` փնտրելով լրացուցիչ հարցեր, որոնք Ջոզեֆ Սմիթը տվեց Հայտնություն 4 գլխի խորհրդանիշերի վերաբերյալ և Տիրոջ պատասխաններն այդ հարցերին: Բավարար ժամանակ տրամադրելուց հետո հրավիրեք մի քանի ուսանողների` կիսվել, թե ինչպես են Տիրոջ պատասխանները Ջոզեֆ Սմիթի հարցերին օգնում նրանց հասկանալ խորհրդանշական պատկերներից մի քանիսը Հայտնություն Դ.2-8-ում:
Հրավիրեք ուսանողներին խորհել, թե իրենք ինչպես կօգտագործեն իրենց սովորածը Վարդապետություն և Ուխտեր 77 բաժնում, որպեսզի ամփոփեն, թե Հովհաննեսը ի՞նչ էր նկարագրում Հայտնություն 4.2–8 հատվածներում: Մի քանի ուսանողների հրավիրեք կիսվել իրենց համառոտ շարադրանքով: Ապա տվեք հետևյալ հարցը.
-
Ի՞նչ կարող ենք մենք սովորել Վարդապետություն և Ուխտեր 77-ից մարգարեի դերի մասին` օգնելու մեզ հասկանալ սուրբ գրության իմաստը: (Չնայած ուսանողները կարող են ուրիշ բառեր օգտագործել, նրանք պետք է արտահայտեն հետևյալ վարդապետությունը․ Տերը բացահայտում է սուրբ գրության ճիշտ թարգմանությունը Իր մարգարեների միջոցով։ Կարող եք առաջարկել, որ ուսանողները գրեն այդ վարդապետությունը իրենց սուրբ գրություններում։)
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ այս վարդապետությունը, տվեք հետևյալ հարցերը.
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր իմանալ, թե մարգարեներն ի՞նչ են ուսուցանել սուրբ գրություններում մեր ուսումնասիրածի վերաբերյալ:
Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ ըմբռնել այս հարցը, հրավիրեք ուսանողներից մեկին կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ. Մակքոնկիի հետևյալ հայտարարությունը.
«Մարգարեները տվել են սուրբ գրությունը, և մարգարեները պետք է մեկնաբանեն այն: Հին ժամանակների սուրբ մարդիկ ստանում էին հայտնություն Սուրբ Հոգուց, որը նրանք գրանցում էին որպես սուրբ գրություն, հիմա մարդիկ պետք է ունենան նույն Սուրբ Հոգին` որպեսզի բացահայտեն, թե ինչ է նշանակում սուրբ գրությունը, այլապես կլինեն մեծ քանակությամբ անձնական մեկնաբանումներ և հետևաբար, շատ տարբեր անմիաբան եկեղեցիներ, որն այսօրվա կրոնական աշխարհի ճշգրիտ պատկերն է» (in Conference Report, Oct. 1964, 38):
-
Համաձայն Երեց Մակքոնկիի, ինչո՞ւ մենք կարիք ունենք, որ մարգարեն մեկնաբանի սուրբ գրության ճիշտ իմաստը:
-
Որտե՞ղ կարող ենք մենք գտնել մարգարեների ուսմունքները` սուրբ գրություններում մեր կարդացածի իմաստի մասին: (Պատասխանները կարող են ներառել, որ մենք գտնում ենք այդպիսի ուսմունքները գերագույն համաժողովի ելույթներում, Եկեղեցու ամսագրերում և Եկեղեցու այլ հրապարակումներում:)
Երբ ուսանողները պատասխանեն այս հարցին, նշեք, որ Վարդապետություն և Ուխտեր 77-ը ցույց է տալիս, որ սուրբ գրություններում գրանցված մարգարեների խոսքերը կարող են օգնել բացատրել այլ սուրբ գրություններ: Շատ անգամներ մի հատվածում գրանցված մարգարեի խոսքերը կբացատրեն կամ կմեկնաբանեն այն, ինչ բացահայտված է մեկ այլ հատվածում: Բացատրեք, որ սուրբ գրություններում պարունակվող ծանոթագրությունները հաճախ ապահովում են հղումներ այդ օգտակար հատվածներին:
Որպեսզի պարզաբանեք այս կետը, հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Հայտնություն 5.1 փնտրելով, թե Հովհաննեսը ինչ տեսավ այն անձնավորության ձեռքում, ով նստած էր աթոռին: Խնդրեք ուսանողներին զեկուցել իրենց գտած նյութի մասին: Եթե ուսանողներն օգտագործում են Աստվածաշնչի Թագավոր Ջեյմսի Տարբերակի Վերջին Օրերի Սրբերի հրատարակությունը, հրավիրեք նրանց դիմել սուրբ գրությանը` մեջբերված ծանոթագրություն բՀայտնություն Ե.1-ում (ՎևՈւ 77.6): Եթե ուսանողները հնարավորություն չունեն օգտագործել Աստվածաշնչի Թագավոր Ջեյմսի Տարբերակի ՎՕՍ հրատարակությունը, հրավիրեք նրանց անմիջապես դիմել Վարդապետություն և Ուխտեր 77.6-ին այն բանից հետո, երբ նրանք նկարագրեն, թե ինչ գտան Հայտնություն Ե.1-ում:
Ուսանողներից մեկին հրավիրեք կարդալ Վարդապետություն և Ուխտեր 77.6-7-ը բարձրաձայն: Դասարանին խնդրեք հետևել նրան, փնտրելով Ջոզեֆ Սմիթի հարցերը Հայտնություն Ե.1-ի մասին, ինչպես նաև Տիրոջ պատասխանները: (Օգտակար կլինի բացատրել, որ 7,000 տարիները վերաբերում են Ադամի և Եվայի Անկումից սկսած ժամանակաշրջանին: Այն չի վերաբերում երկրի իսկական տարիքին` ներառյալ արարման ժամանակաշրջանները:
Խնդրեք ուսանողներին սեփական բառերով ամփոփել հարցերը և պատասխանները: Վարժությունն ավարտելուց հետո բացատրեք, թե սուրբ գրությունների ուսումնասիրման ժամանակ ծանոթագրությունների օգտագործումն ինչպես կարող է օգնել մեզ պարզել, թե մարգարեներն ինչ են ասել մեր կարդացած սուրբ գրությունների մասին:
Նշեք, որ չնայած միայն մարգարեներն իշխանություն ունեն մեկնաբանելու սուրբ գրություններն աշխարհի համար, մեզանից յուրաքանչյուրը պետք է անհատապես ուսումնասիրի սուրբ գրությունները` ըմբռնում և անձնական կիրառություն փնտրելով:
-
Ինչպե՞ս կարող ենք սուրբ գրությունների մեր անհատական ուսումնասիրությունը նմանեցնել այն աշխատանքին, որ Ջոզեֆ Սմիթը կատարում էր Հայտնության գիրքն ուսումնասիրելիս և դրա շուրջը խորհելիս: (Ուսանողները կարող են գտնել այսպիսի սկզբունք. Եթե մենք խնդրենք Տիրոջից, Նա կարող է օգնել մեզ` հասկանալ սուրբ գրությունները:)
-
Ինչո՞ւ է կարևոր, որ մենք հասկանանք սուրբ գրությունների ճիշտ իմաստը և ապա ձգտենք կիրառել դրանք անհատապես:
Խնդրեք ուսանողներին խորհել մի ժամանակի մասին, երբ նրանք խնդրում էին Տիրոջը օգնել իրենց` հասկանալ սուրբ գրությունները և կիրառել սուրբ գրությունների ուսմունքները իրենց սեփական հանգամանքների դեպքում։ Հրավիրեք մի քանի ուսանողների` կիսվել իրենց փորձառություններով:
Բացատրեք, որ Վարդապետություն և Ուխտեր 77-ի մնացած մասը պարունակում է ավելի շատ հարցեր, որ Ջոզեֆ Սմիթը տվեց Հայտնության գրքի մասին և Տիրոջ պատասխանները այդ հարցերին: Ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 77․8-15-ը ասելով ուսանողներին, որ այս հայտնությունը թույլ տվեց Ջոզեֆ Սմիթին իմանալ իրադարձություններից մի քանիսի մասին, որոնք տեղի կունենան նախքան Տիրոջ Երկրորդ Գալուստը:
Տեղեկացրեք ուսանողներին, որ երբ նրանք ուսումնասիրեն Հայտնության գիրքն ապագայում, Տիրոջ պատասխանները Վարդապետություն և Ուխտեր 77-ում կարող է օգնել նրանց` հասկանալ գրքի խորհրդանշական պատկերի իմաստը:
Ամփոփեք այս դասը` կիսվելով ձեր վկայությամբ` այս դասում քննարկվող վարդապետությունների և սկզբունքների մասին, կամ կիսվելով փորձառությամբ, որը դուք ունեցել եք, երբ դիմել եք Տիրոջը, որ օգնի հասկանալ սուրբ գրությունները: