Դաս 74
Վարդապետություն և Ուխտեր 68
Նախաբան
1831թ. նոյեմբերի 1-ին Մարգարե Ջոզեֆ Սմիթը հանդիպեց մի խումբ երեցների հետ հատուկ համաժողովին Հայրամում, Օհայո։ Նրանք քննարկեցին Պատվիրանների Գրքի հրատարակումը, որը Մարգարեի կողմից ստացված հայտնությունների հավաքածուն էր։ Համաժողովին ներկա երեցներից չորսը խնդրեցին Ջոզեֆ Սմիթին Տիրոջը հարցնել, թե որն է Իր կամքը նրանց համար։ Ի պատասխան այդ խնդրանքին Մարգարեն հայտնություն ստացավ, որն այժմ գրառված է Վարդապետություն և Ուխտեր 68 բաժնում։ Հայտնությունը պարունակում է խորհուրդ նրանց, ովքեր կանչվել էին քարոզելու ավետարանը, հրահանգներ եպիսկոպոսի կոչման վերաբերյալ և պատվիրան, որով ծնողները պետք է ուսուցանեին իրենց երեխաներին ավետարանի սկզբունքները և արարողությունները։
Ուսուցման առաջարկներ
Վարդապետություն և Ուխտեր 68․1-12
Փրկիչը խորհուրդ է տալիս նրանց, ովքեր կանչվել են քարոզել ավետարանը
Եթե դուք կամ ձեզ մոտ որևէ անձ ծառայել է Եկեղեցու միսիայում, դասը սկսեք, կիսվելով այն զգացմունքներով, որոնք մարդիկ ունենում են, երբ պատրաստվում են հեռանալ տնից և դառնալ լիաժամկետ միսիոներներ։ Ապա տվեք հետևյալ հարցերը.
-
Ի՞նչ անհանգստություններ կամ մտահոգություններ կարող է ունենալ անձը, ով պատրաստվում է ծառայել լիաժամկետ միսիայում։
-
Ի՞նչ պատճառներով են մարդիկ երբեմն անհանգիստ զգում, երբ պետք է կիսվեն ավետարանով իրենց ընտանիքի անդամների և ընկերների հետ։
Բացատրեք, որ 1831թ․ նոյեմբերի 1-ին տեղի ունեցած համաժողովին չորս երեցներ, որոնք պետք է միսիոներներ դառնային, մոտեցան Ջոզեֆ Սմիթին և խնդրեցին նրան հարցնել Տիրոջը և իմանալ Նրա կամքը իրենց վերաբերյալ։ Ի պատասխան՝ Տերը հայտնի դարձրեց ավետարանը քարոզելու մի ձև: Հրավիրեք հինգ ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 68.1-5: Դասարանին խնդրեք հետևել, գտնելով այդ գործընթացի տարրերը: Նրանց կարդալուց առաջ շեշտեք, որ հատվածներ 2 և 3-ը պարունակում են օրինակ բառը։ Օրինակը դա ձև է կամ գործընթաց։
-
Ի՞նչ եք սովորում այդ հատվածներից այն մասին, թե ինչպես մենք պետք է քարոզենք ավետարանը:
-
Հատվածներ 3–5-ում ի՞նչ խորհուրդ է տալիս Տերը Իր ծառաներին։
-
Ի՞նչ են անում միսիոներների ոգեշնչված խոսքերը նրանց համար, ովքեր ընդունում են դրանք։ (Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, սակայն նրանք պետք է առանձնացնեն հետևյալ սկզբունքը․ Երբ Տիրոջ ծառաները շարժվում են Սուրբ Հոգով, նրանց խոսքերը տանում են մարդկանց դեպի փրկություն։ Գրեք այս սկզբունքը գրատախտակին):
-
Ի՞նչ մենք կարող ենք անել, որպեսզի հրավիրենք Սուրբ Հոգու ազդեցությունը, երբ կիսվում ենք ավետարանով։
Բացատրեք, որ թեև նրանք, ովքեր կարգված են քարոզելու ավետարանը, կարող են օգնել մարդկանց վկայություն ստանալ ճշմարտության մասին, միայն Եկեղեցու Նախագահը իրավունք ունի ստանալու և հայտարարելու Տիրոջ կամքը ամբողջ Եկեղեցու համար։ Նրա ղեկավարության ներքո Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի մյուս անդամները նույնպես իշխանություն ունեն հայտարարելու մեր վերաբերյալ Աստծո կամքը։
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 68.6 հատվածը: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով լրացուցիչ խրախուսանք, որը Տերը տվեց Իր ծառաներին:
-
Ի՞նչ ճշմարտություններ եք տեսնում այդ հատվածում, որը կարող է մխիթարություն տալ միսիոներին:
-
Ինչո՞ւ է կարևոր ձեզ համար իմանալը, որ Տերը կանգնած է Իր հավատարիմ ծառաների կողքին:
Շեշտեք, որ հատված 6-ը սահմանում է Տիրոջ ծառաների հիմնական պարտականությունը՝ վկայել Հիսուս Քրիստոսի և Նրա առաքելության մասին անցյալում, ներկայում և ապագայում։ Այնուհետև ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 68․7–12-ը, բացատրելով, որ Տերը կանչում է Եկեղեցու հավատարիմ երեցներին քարոզելու ավետարանը և մկրտելու նրանց, ովքեր հավատում են։
Կարող եք կիսվել ձեր փորձառությամբ, երբ ղեկավարվել եք Հոգով իմանալու համար, թե ինչպես կիսվել ավետարանով որևէ մեկի հետ:
Վարդապետություն և Ուխտեր 68․13-24
Տերը հայտնում է, որ Առաջին Նախագահությունը վերահսկում է եպիսկոպոսների կոչումը։
Ուսանողներին խնդրեք պատկերացնել, որ մեկ այլ հավատքի պատկանող իրենց ընկերը հետևյալ հարցն է տալիս․ «Ինչպե՞ս է ընտրվել ձեր եպիսկոպոսը»։
-
Ինչպե՞ս դուք կպատասխանեիք:
Բացատրեք, որ Էդվարդ Պատրիջը առաջին եպիսկոպոսն էր, որը կանչվեց Հիսուս Քրիստոսի վերականգնված Եկեղեցում (1831թ․ փետրվարի 4-ին, տես ՎևՈւ 41․9)։ Նրանից առաջ, երբ Ջոզեֆ Սմիթը ստացավ հայտնությունը, որը գրառված է Վարդապետություն և Ուխտեր 68-ում (1831թ․ նոյեմբերին), Եպիսկոպոս Պատրիջը Եկեղեցու միակ եպիսկոպոսն էր։ Մի քանի եպիսկոպոս ևս կանչվեցին նրանից հետո, երբ Մարգարեն ստացավ այդ հայտնությունը։
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 68.14-15 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել, տեսնելով, թե ինչպես են ընտրվում եպիսկոպոսները:
Նշում․ 15–20 հատվածները պարունակում են հրահանգներ Ահարոնի անմիջական հետնորդների վերաբերյալ, ովքեր կարող են կանչվել որպես Նախագահող Եպիսկոպոս։ «Ահարոնի անմիջական հետնորդ» արտահայտությունը վերաբերում է Հին Կտակարանի Մովսեսի եղբայր Ահարոնի սերունդներին։ Այդ հետնորդը իրավունք կունենա կրելու Նախագահող Եպիսկոպոսի պաշտոնը, եթե կանչվի և հաստատվի Առաջին Նախագահության կողմից։16–20 հատվածները վերաբերում են միայն Նախագահող Եպիսկոպոսի պաշտոնին, ոչ թե ծխերի եպիսկոպոսներին (տես Joseph Fielding Smith, Doctrines of Salvation, comp. Bruce R. McConkie, 3 vols. [1954–56], 3:92–93)։ Եկեղեցու վաղ գրականության մեջ Եպիսկոպոս Պատրիջը հաճախ անվանվում է Նախագահող Եպիսկոպոս։ Նախագահող Եպիսկոպոսի պարտականությունները հաջորդ մի քանի տարիների ընթացքում զարգացել և փոփոխվել են։ Նախագահ Բրիգամ Յանգի ղեկավարությամբ Վինթեր Քվորթերսում 1847թ․ Նախագահող Եպիսկոպոսի պարտականությունները ավելի հստակեցվեցին և դարձան ավելի ամբողջական, երբ Եպիսկոպոս Նյուել Ք․ Ուիթնին ստացավ այդ կոչումը։
Կարող եք բացատրել, որ Եկեղեցու վաղ շրջանում Առաջին Նախագահության անդամները կարգում և ի սպաս էին դնում բոլոր եպիսկոպոսներին։ Այսօր Եկեղեցում այս գործընթացը նույնն է Նախագահող Եպիսկոպոսի համար։ Ինչևէ, եպիսկոպոսներին կանչելը, կարգելը և ի սպաս դնելը կատարվում է ցցերի նախագահների կողմից Առաջին Նախագահության ղեկավարությամբ։ Ցցի նախագահը ցցի նախագահության իր խորհրդականների հետ հայտնություն է փնտրում իմանալու համար, թե երբ պետք է կանչի նոր եպիսկոպոս և ում պետք է կանչի։ Նա իր առաջարկն ուղարկում է Առաջին Նախագահությանը հաստատման համար։ Երբ Առաջին Նախագահությունը հաստատում է կոչումը, ցցի նախագահը լիազորություն է ստանում կարգելու և ի սպաս դնելու նոր եպիսկոպոսին։ (Լրացուցիչ տեղեկության համար տես Ձեռնարկ Բ․ Եկեղեցում սպասավորելը [2010], 19.6։)
-
Ինչո՞ւ է կարևոր ձեզ համար իմանալը, որ Առաջին Նախագահությունը հաստատել է ձեր եպիսկոպոսի կոչումը։
Վարդապետություն և Ուխտեր 68․25-35
Տերը պատվիրում է ծնողներին ուսուցանել ավետարանը իրենց երեխաներին:
Խնդրեք ուսանողներին մտածել այն մասին, որ իրենք մի քանի տարի անց ծնողներ են դառնալու: Շեշտեք, որ Տերը վստահում է մայրերին և հայրերին մեծ պատասխանատվություն․ նրանք պետք է ուսուցանեն ավետարանն իրենց երեխաներին խոսքով և օրինակով (տես ՎևՈւ 29․46–50 և «Ընտանիք` Հայտարարություն աշխարհին»՝ այս ձեռնարկի հավելվածում)։ Հրավիրեք նրանց իրենց տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրման օրագրերում թվարկել երեք սկզբունք, որոնք կցանկանային ուսուցանել իրենց երեխաներին:
Բաժանեք ուսանողներին զույգերի: Խնդրեք նրանց կարդալ իրենց ցուցակները միմյանց համար: Այնուհետև հրավիրեք նրանց միասին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 68․25–27 հատվածները, գտնելով այն, ինչ կարող են ավելացնել իրենց ցուցակներին։
-
Ի՞նչ Տերը պատվիրեց ծնողներին ուսուցանել իրենց երեխաներին: (Ուսանողները պետք է առանձնացնեն հետևյալ վարդապետությունը․ Տերը պատվիրել է ծնողներին ուսուցանել իրենց երեխաներին հասկանալ ապաշխարության վարդապետությունը, ունենալ հավատք առ Քրիստոս, մկրտությունը և Սուրբ Հոգու պարգևը։ Կարող եք հրավիրել ուսանողներին նշել հատված 25-ի այն արտահայտությունները, որոնք ուսուցանում են այդ վարդապետությունը։)
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր, որ փոքր երեխաները հասկանան ապաշխարությունը: Հավա՞տքը առ Քրիստոս։ Մկրտությո՞ւնը։ Սուրբ Հոգու պարգև՞ը։
Հրավիրեք ուսանողներին գրել այն ժամանակների մասին, երբ իրենք տեսել են, թե ինչպես են ծնողները ուսուցանել Վարդապետություն և Ուխտեր 68․25 հատվածներում նշված սկզբունքները և արարողությունները։ Երբ ուսանողները բավարար ժամանակ ունենան գրելու համար, նրանցից մի քանիսին հրավիրեք դասարանի հետ կիսվել իրենց գրածով:
Խնդրեք ուսանողներին շարունակել աշխատել զույգերով հաջորդ վարժության ժամանակ։ Բացատրեք, որ Վարդապետություն և Ուխտեր 68․28–31-ում Տերը լրացուցիչ խորհուրդ է տալիս ծնողներին։ Տվեք հետևյալ տեղեկության մեկական օրինակ յուրաքանչյուր զույգի։ Խրախուսեք զուգընկերներին կարդալ սուրբ գրությունների յուրաքանչյուր հատվածը և միասին քննարկել հարցերը։ Բացատրեք, որ երբ նրանք ավարտեն, պետք է կիսվեն իրենց սովորածով դասարանի հետ։
Երբ ուսանողներն ավարտեն այս վարժությունը, խնդրեք նրանց կիսվել իրենց սովորածով։ (Կարող եք խնդրել ուսանողներից մեկին գրել մյուս ուսանողների պատասխանները գրատախտակին:) Մի սկզբունք, որը կարող եք շեշտել հատվածներ 31 և 32-ից, դա այն է, որ մենք պետք է վերացնենք ծուլությունը և ժլատությունը մեր կյանքից։ (Երբ ուսանողները քննարկեն այս սկզբունքը, կարող եք շեշտել, որ պարտադիր չէ, որ մենք ունենանք այն ամենը, ինչ ունեն մեր ընկերները, որպեսզի երջանիկ լինենք։)
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր, որ ծնողները ուսուցանեն ավետարանի չափանիշները և ապրեն դրանց համաձայն:
-
Ի՞նչ կարող են անել երիտասարդ տղամարդիկ և երիտասարդ կանայք օգնելու համար իրենց ընտանիքներին «քայլել ուղիղ Տիրոջ առաջ»:
Եթե դուք ծնող եք, կարող եք հայտնել ձեր երախտագիտությունը ձեր երեխաներին, որոնք օգնում են ձեզ հետևել Տիրոջ պատվիրաններին, որոնք գրված են Վարդապետություն և Ուխտեր 68-ում։ Այնուհետև հրավիրեք ուսանողներին գրի առնել մի նպատակ, որը կօգնի իրենց պատրաստվել դառնալ լավ ծնողներ։ Կամ հրավիրեք նրանց գրի առնել մի նպատակ, որը կօգնի իրենց ծնողներին կատարել իրենց պարտականությունները։ Եթե ժամանակը թույլ է տալիս, կարող եք խնդրել մի քանի ուսանողների կիսվել իրենց նպատակներով դասարանի հետ: