Տնային ուսումնասիրության դաս
Վարդապետություն և Ուխտեր 121-123 Նավուի հիմնադրումը (Մաս 26)
Նախաբան
Այս դասում ուսանողները կվերանայեն որոշ ուսմունքներ Վարդապետություն և Ուխտեր 121-122 բաժիններից, որոնք կարող են օգնել մեզ, երբ մենք դժվարություններ ենք կրում կյանքում: Նրանք կբացահայտեն նաև, որ հալածանքը կարող է ազդել Տիրոջ գործի վրա, որ այն առաջ գնա և ոչ թե արգելի դրա առաջընթացը: Ի վերջո, ուսանողները կսովորեն Իլլինոյսի Նավուում Սփոփող Միության հիմնադրման մասին և կկիսվեն այն մասին, թե այսօր ինչ ուղիներով է Սփոփող Միությունը օրհնում մարդկանց:
Ուսուցման առաջարկներ
Վարդապետություն և Ուխտեր 121-122
Սրբերը շատ կարևոր դասեր քաղեցին հալածանքների ժամանակ իրենց ունեցած փորձառություններից
Գրատախտակին գրեք Բնաջնջման հրաման, Հաունս Միլ և Լիբերթիի բանտ: Հրավիրեք ուսանողներին օգտագործել այս բառերը, որպեսզի ամփոփեն իրենց սովորածն այն հալածանքների մասին, որ Սրբերը կրեցին Միսսուրիում 1838-39 թվականներին:
Գրատախտակին գրեք Վարդապետություն և Ուխտեր 121.7-10, 122.7-9: Հիշեցրեք ուսանողներին, որ այս հատվածներում Տերը Ջոզեֆ Սմիթին հայտնեց սկզբունքներ, որ սփոփի նրան և Սրբերին իրենց փորձությունների ժամանակ: Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ այս հատվածները` փնտրելով այն ուղիները, որոնցով այս հատվածների ուսմունքները կարող են օգնել նրանց փորձության ժամանակ: Հրավիրեք մի քանի ուսանողի կիսվել իրենց գրածով:
Շաբաթվա ընթացքում ուսանողներն ուսումնասիրեցին Վարդապետություն և Ուխտերի 121.36, 41-42 հատվածները, որոնք սուրբ գրությունների սերտման հատվածների ցանկից են: Կարող եք խնդրել նրանց կրկնել դրանք` արտասանելով հատված 36-ը միասին։ Կարող եք խնդրել նրանց թվարկել բոլոր արդար գործերը, որոնք Տերը նշել է 41-42 հատվածներում։
-
Դուք ո՞ւմ գիտեք, որ կարող է այս արդար սկզբունքների օրինակը հանդիսանալ:
Կիսվեք, թե որքան բարձր եք գնահատում արդար քահանայություն կրողներին և օրհնությունները, որոնք բոլոր մարդիկ կարող են ստանալ քահանայության զորության շնորհիվ:
Նավուի հիմնադրումը
Ուսանողներին հանձնարարեք թվարկել կրակը մարելու մի քանի եղանակներ։ Ապա հարցրեք, թե ինչը կարող է նպաստել, որ կրակը թեժանա: Բացատրեք, որ Ջոզեֆ Սմիթը Աստծո գործը համեմատել է կրակի հետ:
-
Ձեր կարծիքով, արդյո՞ք Սրբերի հալածանքները Միսսուրիում նման էին ջրի, որը սկսում էր մարել Աստծո գործը, թե՞ յուղի, որը թեժացնում էր կրակը: Ինչո՞ւ:
Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մարգարե Ջոզեֆ Սմիթի հետևյալ խոսքերը: Բացատրեք, որ Մարգարեն գրեց այս հայտարարությունը մի նամակի մեջ, որն ուղղված էր թերթի գլխավոր խմբագիր Ջոն Վենթվորթին 1842 թվականի մարտի 1-ին:
«Հալածանքը չի դադարեցրել ճշմարտության առաջընթացը, այլ միայն յուղ է ավելացրել կրակին:…
«…Ճշմարտության չափանիշն արդեն ստեղծված է. ոչ մի անսուրբ ձեռք չի կարող կանգնեցնել այս աշխատանքը: Հալածանքները կարող են մոլեգնել, ամբոխները կարող են համախմբվել, բանակները կարող են հավաքվել, աղետները կարող են կործանել, բայց Աստծո ճշմարտությունը առաջ կընթանա համարձակ, ազնվորեն և անկախ ձևով, մինչև թափանցի ամեն մի մայրցամաք, այցելի ամեն աշխարհագրական գոտի, ծածկի ամեն մի երկիր և հասնի ամեն ականջի, մինչև որ Աստծո նպատակներն իրականանան և Մեծ Եհովան ասի, որ աշխատանքն արված է» (in History of the Church, [4], 540):
-
Մենք ի՞նչ սկզբունք ենք սովորում այս հայտարարությունից: (Ուսանողները կարող են գտնել տարբեր ճշմարտություններ, սակայն շեշտեք հետևյալը. Ոչինչ չի կանգնեցնի Տիրոջ աշխատանքը ողջ երկրի վրա:)
-
Այսօր ի՞նչ վկայություն եք դուք տեսնում այս սկզբունքի վերաբերյալ:
-
Դուք ի՞նչ ուղիներով կարող եք մասնակցել Աստծո գործի առաջընթացին:
Բացատրեք, որ երբ Մարգարե Ջոզեֆ Սմիթը գրեց այս նամակը Ջոն Վենթվորթին, Տերն արդեն սկսել էր միսիոներներ կանչել` քարոզելու ավետարանը տարբեր երկրներում: Այդ մարգարեությունը սկսեց իրականանալ, երբ հազարավոր մարդիկ` հիմնականում Մեծ Բրիտանիայից, մկրտվեցին: Նոր անդամները Եկեղեցուն մեծ ուժ բերեցին և շատերը ուղևորվեցին Նավու` միանալու Սրբերին:
Տեղեկացրեք, որ Իլինոյսի նահանգի Նավու քաղաքում կանայք մեծ ուժ էին ներկայացնում Տիրոջ աշխատանքն առաջ տանելու գործում: Հանձնարարեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ հետևյալ երկու պարբերությունները.
1842 թվականին մի քանի կանայք Նավուում` Իլինոյս, հավաքվեցին քննարկելու այն ուղիները, որոնցով նրանք կարող են աջակցել Նավուի տաճարի շինարարությանը: Նրանք մի միություն կազմավորեցին և ապա դիմեցին` իմանալու Մարգարե Ջոզեֆ Սմիթի կարծիքն այդ մասին: Նա հավանության արժանացրեց այն, բայց ոգևորված էր կազմակերպելու Սփոփող Միությունը` «քահանայության հովանու ներքո` քահանայության օրինակով» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ [2007], 451; տես նաև Daughters in My Kingdom: The History and Work of Relief Society [2011], 12):
Էմմա Սմիթը կանչվեց որպես Սփոփող Միության առաջին գերագույն նախագահ: Քույր Էլիզա Ռ. Սնոուն, ով ծառայել էր որպես Սփոփող Միության քարտուղար Նավուում, իսկ ավելի ուշ կանչվել էր ծառայելու որպես Սփոփող Միության գերագույն նախագահ, ուսուցանել է. «Չնայած Սփոփող Միություն անունը կարող է ժամանակակից լինել, կազմակերպությունը հին ծագում ունի: Մարգարե Ջոզեֆ Սմիթը մեզ ասել է, որ նույն կազմակերպությունը եկեղեցում գոյություն է ունեցել անցյալում» (“Female Relief Society,” Deseret News, Apr. 22, 1868, 1; տես նաև Daughters in My Kingdom, 7):
-
Սփոփող Միության մասին ի՞նչ կարող ենք իմանալ Էլիզա Ռ. Սնոուի հայտարարությունից: (Երբ ուսանողները պատասխանեն, գրեք հետևյալ ճշմարտությունը գրատախտակին. Սփոփող Միությունը Հիսուս Քրիստոսի Եկեղեցու Վերականգնման ոգեշնչված մասն է։)
-
Ձեր կարծիքով, մեզ համար ինչո՞ւ է կարևոր հասկանալ այս ճշմարտությունը:
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ հետևյալ խոսքերը Սփոփող Միության նպատակների մասին.
Սփոփող Միությունը հիմնվել է` օգնելու նախապատրաստել Աստծո դուստրերին հավերժական կյանքի օրհնությունների համար: Սփոփող Միության նպատակներն են. ուժեղացնել հավատը և անձնական արդարակեցությունը, ամրացնել ընտանիքները և տները, սփոփել` փնտրելով և օգնելով կարիքավորներին» (Իմ Արքայության դուստրերըxi):
Խնդրեք ուսանողներին կարդալ իրենց օրագրի գրառումները օր 4-ի համար, առաջադրանք 7: (Նրանց խնդրել էին խոսել Սփոփող Միության մի անդամի հետ և գրել այն մի քանի ուղիների մասին, որոնցով Սփոփող Միությունը օրհնել է նրա կյանքը և հնարավորություններ տվել նրան մասնակցել Տիրոջ գործին:) Հրավիրեք ուսանողներին կիսվել այս վարժությունից իրենց սովորածով:
Եզրափակեք այս դասը` կիսվելով ձեր վկայությամբ այն մասին, թե ինչպես են հավատարիմ կանանց և տղամարդկանց ջանքերն օգնում, որ Տիրոջ գործը շարունակի ընդլայնվել աշխարհով մեկ: Հրավիրեք ուսանողներին հավատարմորեն ապրել այնպես, որ կարողանան շարունակել մասնակցել Տիրոջ գործին:
Հաջորդ Մասը (Վարդապետություն և Ուխտեր 124-128)
Խնդրեք ուսանողներին մտածել այն ժամանակների մասին, երբ մասնակցել են մահացածների համար մկրտություններ և հաստատումներ կատարելու գործին: Բացատրեք, որ հաջորդ շաբաթ նրանց ուսումնասիրման նյութերի մեծ մասը կլինի Նավուի տաճարի և մահացածների համար մկրտության արարողության վերականգնման մասին: