Դաս 106
Վարդապետություն և Ուխտեր 101․43-101
Նախաբան
1833թ․ դեկտեմբերի 16 և 17-ին, Մարգարե Ջոզեֆ Սմիթը հայտնություն ստացավ Միսսուրիի Սրբերի վերաբերյալ, ովքեր լքել էին իրենց տները հալածանքներից խուսափելու պատճառով։ Այդ Սրբերից շատերը ստիպված էին թողնելու իրենց բոլոր ունեցվածքը։ Այդ հայտնությունը, որը Մարգարեն ստացավ, գրված է Վարդապետություն և Ուխտեր 101-ում, և քննարկվել է այս ձեռնարկի երեք դասերի ընթացքում։ Այս երրորդ դասն իր մեջ ներառում է ազնվականի և ձիթենիների մասին Տիրոջ առակը, և ուսուցանում է Սիոնի փրկագնման վերաբերյալ Նրա կամքը։ Այն նաև պարունակում է Տիրոջ խորհուրդն այն մասին, որ Սրբերը պետք է շարունակեն հավաքվել (օրինակ բերելով ցորենի և որոմների Իր առակը) և պահանջեն փոխհատուցում իրենց դեմ կատարած հանցագործությունների դիմաց (օրինակ բերելով կնոջ և անիրավ դատավորի Իր առակը)։
Ուսուցանման առաջարկներ
Վարդապետություն և Ուխտեր 101․43-62
Տերը պատմում է ազնվականի և ձիթենիների առակը
Գրատախտակին գրեք … -ի առակը
Բացատրեք, որ առակը «պարզ պատմություն է, որն օգտագործվում է հոգևոր ճշմարտություն կամ սկզբունք լուսաբանելու կամ ուսուցանելու համար։ Առակը հիմնված է հասարակ մի առարկա կամ մի իրադարձություն ճշմարտության հետ համեմատելու վրա» (Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Առակ», scriptures.lds.org)։
Հորդորեք ուսանողներին թվել մի քանի առակ, որոնք Փրկիչն ուսուցանել է իր մահկանացու ծառայության ընթացքում։ Օրինակ, ուսանողները հնարավոր է նշեն բարի Սամարացու կամ տասը կույսերի առակները։
Բացատրեք, որ այսօրվա դասին, ուսանողները կքննարկեն մի առակ, որը Փրկիչը տվել է Ջոզեֆ Սմիթի միջոցով։ Լրացրեք գրատախտակին գրված նախադասությունն այնպես, որ լինի Ազնվականի և ձիթենիների առակը։
Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 101.43 հատվածը: Դասարանին հանձնարարեք հետևել նրան, ուշադրություն դարձնելով այն ուղերձին, որը Տերը ցանկանում էր ցույց տալ այս առակով։ (Նա ցանկանում էր, որ մարդիկ հասկանային Իր «կամքը Սիոնի փրկագնման վերաբերյալ»։) Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 101․44–45 հատվածները, և հանձնարարեք դասարանին հետևել նրան՝ համակ ուշադրություն դարձնելով առակի մանրամասներին։ Որպեսզի հավաստիանաք, որ ուսանողները հասկացել են պատմությունը, տվեք հետևյալ հարցերը.
-
Ի՞նչ պատվիրեց ազնվականն իր ծառաներին։
-
Ինչո՞ւ էր ազնվականը ցանկանում, որ պահապաններ նշանակվեին իր այգում։ Ինչո՞ւ էր նա պահապան ուզում իր աշտարակի վրա։
Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 101.46 հատվածը: Դասարանին հանձնարարեք հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ինչ ճշտությամբ էին ծառաները հետևում ազնվականի հրահանգներին։
Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 101․47-50 հատվածները, կրկին անգամ ուշադրություն դարձնելով, թե ինչ ճշտությամբ էին ծառաները հետևում ազնվականի հրահանգներին։
-
Ի՞նչ ճշտությամբ էին ծառաները հետևում հրահանգներին։ (Կարող եք բացատրել, որ 50 հատվածում, «մեկը մյուսի հետ տարաձայնության մեջ էին» արտահայտությունը նշանակում է, որ ծառաները վիճում էին իրար հետ։)
-
Ինչո՞ւ ծառաները չկառուցեցին աշտարակը։
Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 101.51 հատվածը: Դասարանին հանձնարարեք ուշադրություն դարձնել, թե ինչ պատահեց, երբ ծառաները չկառուցեցին աշտարակը։ Հորդորեք նրանց կիսվել իրենց մտքերով։
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 101․52-54 հատվածները ուսանողների համար։ Դասարանին հանձնարարեք հետևել, ուշադրություն դարձնելով իր ծառաներին ուղղված ազնվականի խոսքերին։
-
Ըստ 54 հատվածի, ինչո՞ւ էր ազնվականը վշտացած, որ իր ծառաները չկառուցեցին աշտարակը։
-
Ինչպե՞ս են այդ առակում նկարագրված դեպքերն առնչվում նրան, թե ինչ պատահեց Միսսուրիի Սրբերի հետ։
Որպես այդ քննարկման մի մաս, կարող եք հիշեցնել ուսանողներին, որ 1831թ․ հուլիսին տրված հայտնության մեջ, Տերը նախատեսել էր տաճարի վայրը Ինդեփենդենսում, Միսսուրի (տես ՎևՈւ 57)։ 1831թ․ օգոստոսի 3-ին, Ջոզեֆ Սմիթը նվիրագործեց տաճարի վայրը Ինդեփենդենսում։ Սակայն Սրբերը ոչինչ չարեցին տաճարը կառուցելու համար։ 1833թ․ օգոստոսի 2-ին, Տերը կրկին հրահանգեց Միսսուրիի Սրբերին կառուցել տաճարը (տես ՎևՈւ 97)։
-
Ինչպե՞ս էր առակում նշված աշտարակն առնչվում տաճարի հետ, որը Սրբերը ձախողեցին կառուցել։
-
Այս առակում, որո՞նք են այն մի քանի սկզբունքները, որոնք մենք կարող ենք կիրառել մեր կյանքում։ (Քանի որ առակը կարող է ունենալ բազմաթիվ իմաստներ, հնարավոր է ուսանողներն առաջարկեն մի քանի սկզբունքներ, այդ թվում և հետևյալը․ Երբ մենք հնազանդվում ենք Տիրոջ պատվիրաններին, մենք զորացվում ենք, որպեսզի դիմակայենք հոգևոր և ֆիզիկական թշնամիներին։ Մարգարեները ծառայում են, որպես աշտարակի պահապաններ, զգուշացնելով մեզ գալիք վտանգների մասին։ Տաճարային աշխատանքի շնորհիվ մենք պատրաստվում ենք դիմակայել հակառակորդին։)
Հանձնարարեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 101․55–62 հատվածները։ Դասարանին հանձնարարեք հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ինչ հրամայեց ազնվականն իր ծառային, որ նա անի։
-
Ի՞նչ պատվիրեց ազնվականն իր ծառային։ (Հավաքել բանակ և փրկագնել այգին։)
Բացատրեք, որ 55 հատվածում նշված ծառան ներկայացնում է Ջոզեֆ Սմիթին (տես ՎևՈւ 103․21)։ Ջոզեֆ Սմիթը հետևեց Տիրոջ հրահանգին և կազմակերպեց մի խումբ, որը կոչվում էր Սիոնի ճամբար՝ Սիոնի հողը փրկագնելու համար։ Սիոնի ճամբարի մասին նյութը կքննարկվի 108-րդ և 110-րդ դասերի ընթացքում։
Վարդապետություն և Ուխտեր 101․63-75
Տերը հորդորում է Սրբերին, որպեսզի շարունակեն հավաքվելու գործը
Բացատրեք, որ թեև Միսսուրիի, Ջեկսոն գավառի Սրբերը արտաքսվել էին իրենց տներից, Տերը պատվիրեց նրանց շարունակել Իր թագավորության կառուցումը։ Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 101․63-64 հատվածները, և հորդորեք դասարանին ուշադրություն դարձնել, թե ինչ ասաց Տերը, որ նա կշարունակի անել։ Հորդորեք ուսանողներին կիսվել իրենց մտքերով։ Ուսանողներին խնդրեք կիսվել իրենց գտած նյութով։
Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 101․65-66 հատվածները, ուշադրություն դարձնելով այն առակին, որի օրինակը բերեց Փրկիչը։
-
Ի՞նչ են ցորենն ու որոմները ներկայացնում այս առակում։ (Ցորենը ներկայացնում է Եկեղեցու հավատարիմ անդամներին, իսկ որոմները ներկայացնում են աշխարհի ամբարիշտներին։ Կարող եք բացատրել, որ որոմները մոլախոտեր են, որոնք նման են ցորենին, երբ նրանք փոքր են։)
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ այս առակը, բացատրեք, որ հնագույն ժամանակներում շտեմարանները մի վայր էր, որտեղ ցորենը հավաքվում էր և ապահով պահվում։ Անդրադառնալով այս առակին և սուրբ գրությունների այլ ուսմունքներին, Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա․ Բեդնարը բացատրել է․ «Շտեմարանները սուրբ տաճարներն են» (“Honorably Hold a Name and Standing,” Ensign or Liahona, May 2009, 97): Հետևյալը գրեք գրատախտակին․ շտեմարաններ = սուրբ տաճարներ։
-
Ելնելով այս առակից, ի՞նչ օրհնություններ մենք կստանանք, եթե հավաքվենք տաճարներում և ծառայենք այնտեղ։ (Ուսանողները կարող են տարբեր բառեր օգտագործել, բայց նրանք պետք է բացահայտեն հետևյալ սկզբունքը. Երբ մենք հավաքվում ենք տաճարում մենք պաշտպանություն ենք ստանում և նախապատրաստվում հավերժական կյանքի համար։)
-
Ձեր կարծիքով, ինչպե՞ս են տաճարային արարողությունները և ուխտերը պաշտպանում մեզ և նախապատրաստում մեզ հավերժական կյանքին։
Մի քանի ուսանողների հորդորեք կիսվել, թե ինչպես են տաճարներն իրենց և իրենց ընտանիքների համար եղել պաշտպանության և նախապատրաստության աղբյուր; Դուք կարող եք կիսվել այդ սկզբունքի վերաբերյալ ձեր վկայությամբ։
Ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 101․67-75 հատվածները, և բացատրեք, որ չնայած Սրբերը ստիպողաբար դուրս էին հանվել Միսսուրիի Ջեկսոն գավառից, Տերը պատվիրում է նրանց շարունակել հողեր գնել այդտեղ և հարակից գավառներում։
Վարդապետություն և Ուխտեր 101․76-101
Տերը պատվիրում է Սրբերին, որպեսզի շարունակեն ուղիներ փնտրել Միսսուրիի իրենց տները վերադառնալու համար։
Բացատրեք, որ Սրբերին հողեր գնելու հրահանգներ տալուց բացի, Տերը պատվիրեց նրանց «վնասների դիմաց փոխհատուցում խնդրել» իրենց հալածողների գործողությունների պատճառով (տես ՎևՈւ 101․76)։ Այլ կերպ ասած, Նա պատվիրեց նրանց արդարադատություն փնտրել կառավարության իրավական համակարգի միջոցով։
Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 100.76-80 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան, և բացահայտել օրենքների այն համակարգը, որը թույլ կտար Սրբերին օգնություն փնտրել կառավարության ղեկավարներից։
-
Ըստ այդ հատվածների, տարիներ առաջ Տերը թույլ էր տվել Միացյալ Նահանգների Սահմանադրության հաստատումը։ Ինչո՞ւ էր Նա ցանկանում, որ այդ սահմանադրությունը պահպանվեր։
-
Տերն ասաց, որ «բարոյական կամքի ազատության» նպատակներից մեկն այն է, որ մենք «պատասխան տանք [մեր] իսկ մեղքերի համար» (ՎևՈւ 101․78)։ Ինչո՞ւ է պատասխան տալու մեր ունակությունը, պատասխանատվությունը մեր արարքների համար, հանդիսանում կամքի ազատության կարևոր մասը։ Ինչպե՞ս դուք կպատասխանեք մեկին, ով ասում է. «Ես ազատ եմ անելու այն, ինչ ես ցանկանում եմ»:
-
Տերն ասում է, որ ոչ մի մարդ մեկ ուրիշի գերության տակ չպետք է լինի։ Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր, որ մարդիկ չլինեն գերության տակ:
Որպես այդ քննարկման մի մաս, հետևյալը գրեք գրատախտակին․ Աստված տվել է մեզ բարոյական կամքի ազատություն, ընտրելու իշխանություն, բայց մենք պետք է …
Հանձնարարեք ուսանողներին շարունակել այդ նախադասությունը, ելնելով Վարդապետություն և Ուխտեր 101.78 հատվածից: (Երբ ուսանողները բացահայտեն հետևյալ սկզբունքը, լրացրեք գրատախտակին գրված նախադասությունը․ Աստված տվել է մեզ բարոյական կամքի ազատություն, ընտրելու իշխանություն, բայց մենք պետք է պատասխանատու լինենք մեր ընտրությունների համար։)
Բացատրեք, որ Տերն օգտագործել է առակը, որպեսզի հորդորի Սրբերին օգնություն փնտրել կառավարության ղեկավարներից։ Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք կարդալ Վարդապետություն և Ուխտեր 101.81-84 հատվածների առակը (տես նաև Ղուկաս 18․1–8)։ Դասարանին հանձնարարեք հետևել նրան և մտածել, թե ինչպես է առակը վերաբերվում Միսսուրիի Սրբերին։ Այնուհետև հանձնարարեք մեկ այլ ուսանողի կարդալ Վարդապետություն և Ուխտեր 101․85-88: Դասարանին հորդորեք ուշադրություն դարձնել, թե ինչպես է Փրկիչը նմանեցնում առակը այդ Սրբերի հետ։
-
Եկեղեցու պատմության այդ հատվածում, ո՞վ կարող էր ներկայացնել այրի կնոջը։ (Եկեղեցու անդամները։) Ո՞վ կարող էր ներկայացնել դատավորին։ (Դատավորը կներկայացներ այն դատավորներին ու կառավարության ղեկավարներին, ում Սրբերը կարող էին դիմել օգնության համար։ Նա կարող էր նաև ներկայացնել Երկնային Հորը, ում Սրբերը կշարունակեին աղոթել։)
-
Այդ առակի օգնությամբ, ի՞նչ առանձնահատուկ բաներ Տերը հրահանգեց Սրբերին, որ անեն։
Բացատրեք, որ Սրբերը դիմեցին տեղի դատարանների դատավորներին, սակայն չստացան ակնկալվող օգնությունը։ Նրանք խնդրեցին Դանիել Դանկլինին, Միսսուրիի նահանգապետին, և Ենդրյու Ջեկսոնին, Միացյալ Նահանգների նախագահին, որպեսզի օգնեին նրանց վերադառնալու իրենց տներն ու հողերը և պաշտպանություն ապահովեին նրանց համար։ Երկու ղեկավարներն էլ հրաժարվեցին օգնել նրանց։ Սրբերը նաև դիմեցին Միսսուրի նահանգի օրենսդիր ժողովին, բայց նրանք հրաժարվեցին օգնել։
Ուշադրություն դարձրեք այն սկզբունքի վրա, որը գրել եք գրատախտակին։ Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 101.89-91 հատվածները: Դասարանին հորդորեք ուշադրություն դարձնել, թե ինչպես կառավարության ղեկավարները կկանչվեն պատասխանատվության, եթե հրաժարվեն օգնել Սրբերին։ Հորդորեք ուսանողներին կիսվել իրենց մտքերով։
Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 101․92-95 հատվածները, ուշադրություն դարձնելով նրան, թե ինչ ասաց Տերը, որ Սրբերն անեն իրենց կառավարության ղեկավարների համար։
-
Ի՞նչ է 92-րդ հատվածն ուսուցանում մեզ Տիրոջ մասին։ (Նա չի ցանկանում պատժել ժողովրդին։ Նա ցանկանում է, որ բոլոր մարդիկ ապաշխարեն, որպեսզի Նա ողորմած լինի նրանց հանդեպ։)
Ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 101․96-101 հատվածները, և բացատրեք, որ Տերը պատվիրեց Սրբերին վերադարձնել Ջեկսոն գավառի իրենց հողերը, չնայած այն բանին, որ նրանց թույլ չէին տալիս ապրել այնտեղ։ Նա խոստացավ, որ եթե նրանք արժանիորեն ապրեն, մի օր նրանք հնարավորություն կունենան բնակվել այնտեղ։
Ավարտեք այս դասը, բերելով ձեր վկայությունը ուսանողների քննարկած սկզբունքների մասին: