Դաս 57
Վարդապետություն և Ուխտեր 50
Նախաբան
Երբ Ջոզեֆ Սմիթը ժամանեց Կիրթլենդ, Օհայո, նա նկատեց, որ «որոշ տարօրինակ երևույթներ և կեղծ ոգիներ էին սողոսկել» որոշ սրբերի մեջ: Նա սկսեց ուսուցանել «զգուշությամբ և … իմաստությամբ»` այդ երևույթնեըը հաղթահարելու համար (տես History of the Church, 1.146): Երեց Փարլի Պ. Պրատը վերադարձել էր միսիայից և նույն դրսևորումն էր նկատել Կիրթլենդից դուրս գտնվող եկեղեցու ճյուղերում: Նա և ուրիշ երեցներ գնացին Ջոզեֆ Սմիթի մոտ առաջնորդություն ստանալու նպատակով (տես History of the Church, 1.170): 1831թ. մայիսին մարգարեն հարցրեց Տիրոջը և ստացավ հայտնություն, որն այժմ գրված է Վարդապետություն և Ուխտեր 50 բաժնում: Այս հայտնությամբ Տերը պատվիրել է սրբերին ուսուցանել և ստանալ ավետարանը Հոգու ճշմարտությամբ:
Ուսուցանման առաջարկներ
Վարդապետություն և Ուխտեր 50․1-9
Տերը զգուշացնում է եկեղեցու երեցներին կեղծ ոգիների մասին
Խնդրեք ուսանողներին պատկերացնել, թե ներկա են մի հաղորդության ժողովի, որի ժամանակ եկեղեցու որոշ չափահաս անդամներ կանգնած են նստարանների վրա և բարձրաձայն խոսում են, իսկ մյուսները` գլորվում են հատակի վրա:
-
Ինչպե՞ս ձեզ կզգայիք: Ձեր կարծիքով, ի՞նչ է տեղի ունենում Հոգու հետ այսպիսի հանգամանքներում: (Ուշադիր եղեք, որ այս քննարկումը քննադատություն չդառնա այն կրոնների նկատմամբ, որտեղ մարդիկ այսպիսի վարքագիծ են ունենում):
Բացատրեք, որ երբ Ջոզեֆ Սմիթը ժամանեց Կիրթլենդ առաջին անգամ, նա տեսավ, որ որոշ սրբեր խաբնվել են այդ ընթացքում, երբ նրանք մնացել էին առանց բավականաչափ ղեկավարության: Արդյունքում, «որոշ տարօրինակ երևույթներ և կեղծ ոգիներ էին սողոսկել» նրանց մեջ (History of the Church, 1:146): Կիրթլենդի տարածքի նոր անդամները երկրպագության ծառայությանը որոշ տարօրինակ, բարձրաձայն և շփոթեցնող նորամուծություններ էին հաղորդել: Այդ նորամուծություններն ակտիվացրել էին մարդկանց զգացմունքները, սակայն դրանք վեհացնող չէին: Եկեղեցու որոշ երեցներ չէին հասկանում, թե ինչ էր տեղի ունենում, և նրանք մարգարեից խորհուրդ հարցրեցին: Մարգարեն հարցրեց Տիրոջը և ստացավ հայտնություն, որը կօգներ սրբերին վեհացնել մեկը մյուսին, երբ նրանք ուսուցանում և ուսումնասիրում էին ավետարանի ճշմարտությունները:
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 50.1-3 հատվածները: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, ուշադրություն դարձնելով սրբերի մեջ այդ ազդեցության աղբյուրին:
-
Ո՞վ էր այդ ազդեցության աղբյուրը:
-
Համաձայն 3-րդ հատվածի, ինչո՞ւ էր Սատանան ցանկանում խաբել սրբերին:
Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 50.4–9 հատվածները, ուշադրություն դարձնելով Տիրոջ զգուշացմանը` Օհայոյի եկեղեցու անդամների մեջ եղած որոշ մարդկանց մասին:
-
Ի՞նչ խոսքերով էր բնութագրում Տերը եկեղեցու այդ ժամանակվա որոշ անդամներին:
-
Ո՞վ է կեղծավորը: Ինչպե՞ս կարող է կեղծավորությունը հակառակորդին զորություն տալ:
-
Տիրոջ ասելով, ի՞նչ պիտի լիներ կեղծավորների հետ: (Տես ՎևՈւ 50.6, 8):
Վարդապետություն և Ուխտեր 50․10-36
Քահանայության կրողներին հրահանգվել է, թե ինչպես ուսուցանել և սովորել Հոգով:
Գրատախտակին գրեք հետևյալ հարցերը.
Հրավիրեք ուսանողներին պատասխանել այս հարցերին: Գրի առեք նրանց նշած հիմնական պատասխանները գրատախտակին` յուրաքանչյուր հարցի տակ: Դասարանը երկու խմբի բաժանեք: Մի խմբին խնդրեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 50.13–20 հատվածները, փնտրելով առաջին հարցի պատասխանները: Մյուս խմբին խնդրեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 50.13–20 հատվածները, փնտրելով երկրորդ հարցի պատասխանները: Բավականաչափ ժամանակ տրամադրելուց հետո, հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել իրենց գտածով։
-
Ավետարանն ուսուցանելու և ուսումնասիրելու վերաբերյալ ի՞նչ գործոն է կրկնվում այս հատվածներում: (Հոգու անհրաժեշտությունը)
-
Սուրբ Հոգու դերերից որո՞նք են նշված Վարդապետություն և Ուխտեր 50.14 հատվածում: (Ուսանողները պետք է նշեն, որ Սուրբ Հոգին Մխիթարիչ է և որ Սուրբ Հոգին ուսուցանում է ճշմարտությունը:)
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում ուսուցանել ավետարանը «Հոգով»: ( ՎևՈւ 50.14): Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում ուսուցանել «որևէ այլ ձևով»: ( ՎևՈւ 50.17):
Խնդրեք ուսանողներին մտածել, թե ինչ հնարավորություններ իրենք ունեն` ավետարանն ուսուցանելու: Նրանք կարող են մտածել տանն ուսուցանելու, իրենց ընկերների հետ, սեմինարիայում, եկեղեցում, կամ, որպես տնային ուսուցիչներ: Հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել, թե ավետարանն ուսուցանելիս կամ իրենց վկայություններով կիսվելիս երբ են զգացել Հոգու առաջնորդությունը:
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «ընդունում է [ճշմարտության խոսքը] ճշմարտության Հոգով»: ( ՎևՈւ 50.19): Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում ընդունել դա «որևէ այլ ձևով»: ( ՎևՈւ 50.19):
-
Ի՞նչ կարող եք դուք անել` ավետարանն ավելի լավ ընդունելու համար, երբ այն ուսուցանվում է Հոգով:
Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Յոթանասունից Երեց Ջաք Հ. Գոազլինդի հետևյալ միտքը. Խնդրեք դասարանի անդամներին լսել, թե ինչպես ավելի լավ ընդունենք ճշմարտության խոսքը Հոգով:
«Ձեզանից քանիսի՞ն է ծանոթ «ձանձրալի դիրքը» հաղորդության ժողովի ժամանակ: Ձեզ ծանոթ է այդ դիրքը` մեջքով առաջ թեքված, կզակը հանգստանում է ձեռքերում, արմունկները ծնկների վրա, անտարբեր հայացքը հառած հատակին: Երբևէ գլխի ընկել եք, որ դա ձեր ընտրությունն է, ժողովը հետաքրքիր է, թե` ոչ:
Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալն ասել է, որ երկրպագությունը «անհատական պատասխանատվություն է, և անկախ նրանից, թե ինչ է խոսվում ամբիոնից, եթե մեկը ցանկանում է երկրպագել Տիրոջը հոգով ու ճշմարտությամբ, նա կարող է անել դա: … Եթե ծառայությունը ձեզ համար ձախողված է, դուք եք ձախողվել: Ոչ ոք չի կարող երկրպագել ձեր փոխարեն, դուք պետք է ինքներդ ապավինեք Տիրոջը»: (Ensign, Jan. 1978, p. 5):
«Մի երիտասարդ նկարագրել է, թե ինչպես է առաջին անգամ զգացել երկրպագության ոգին: Նա քիչ ակտիվ է եղել իր Ահարոնյան Քահանայության տարիներին: Երբ հաճախում էր հաղորդության ժողովին, նա, սովորաբար, նստում էր հետևում իր ընկերների խմբի հետ, և ձևանում էր ակնածալից: Մի օր, այնուամենայնիվ, նա մի քիչ ուշ եկավ և ազատ տեղ չկար ընկերների կողքին: Նա մենակ նստեց և կյանքում առաջին անգամ աղոթքների ժամանակ փակեց իր աչքերը, նա երգեց օրհներգեր, լսեց հաղորդության աղոթքները և ուշադրություն դարձրեց ելույթ ունեցողներին: Առաջին խոսողի ելույթի կեսից, նրա աչքերից արցունքներ հոսեցին: Որոշակի շփոթությամբ նա ուշադիր նայում էր շուրջը` իրենից բացի, ոչ ոք կարծես հուզված չէր: Նա հաստատ չգիտեր, թե ինչ է տեղի ունենում իր հետ, սակայն այդ փորձը փոխեց նրա կյանքը: Այդ ժողովի ժամանակ էր, որ նա իսկապես սկսեց հոգեպես պատրաստվել իր միսիային: Նա զգաց ինչ-որ բան, և, բարեբախտաբար, գործեց և այդպիսով պահպանեց այդ զգացմունքները» (“Yagottawanna,” Ensign, May 1991, 46):
Հրավիրեք ուսանողներին կիսվել, թե այս պատմության որ մասը տպավորեց նրանց: Երբ մի քանի ուսանողներ արտահայտվեն, կարող եք առաջարկել, որ նրանք գրեն մի հատուկ եղանակ, որով կարող են բարելավել Հոգով սովորելու իրենց ջանքերը:
Խնդրեք ուսանողներին խորհել` թե ինչպես կարող են հասկանալ, որ ուսուցանում և սովորում են Հոգով: Ապա հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 50․21-22 հատվածները, և խնդրեք դասարանի անդամներին գտնել Տիրոջ ցուցումը, թե ինչպես անել դա:
-
Ի՞նչ է տեղի ունենում, երբ մենք ուսուցանում և սովորում ենք Հոգով:
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «շենանում են և միասին ցնծում»: Ե՞րբ եք ունեցել այսպիսի փորձառություն:
-
Ինչպե՞ս կամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 50․13-22 հատվածների Տիրոջ ուսուցումը: (Ուսանողները պետք է նշեն հետևյալ սկզբունքը. Երբ մենք ուսուցանում և սովորում ենք Հոգով, մենք հասկանում ենք մեկս մյուսին և շենանում ու ցնծում ենք միասին: Գրեք այս սկզբունքը գրատախտակին):
Ուսանողներին հրավիրեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 50.23–25 հատվածները: Խնդրեք նրանց գտնել տարբերությունը, թե ինչ է տեղի ունենում, երբ մարդիկ ուսուցանում են Հոգով և ինչ է տեղի ունենում` երբ ուսուցանում են «որևէ այլ ձևով» (ՎևՈւ 50.17): Հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց գտածով։
-
Ինչպե՞ս է Տերը նկարագրում ուսուցումը, որը չի շենացնում:
-
Ինչպե՞ս է Տերը նկարագրում ուսուցումը, որն «Աստծուց է»: ( ՎևՈւ 50.24): Նրա ասելով, ինչպե՞ս մենք կօրհնվենք, ստանալով այդպիսի ուսուցում:
-
Ի՞նչ վարդապետություն է ուսուցանվում այս հատվածներում: (Ուսանողները պետք է նշեն հետևյալ սկզբունքը. Այն, ինչ գալիս է Աստծուց, լուսավորում և շենացնում է, իսկ այն, ինչն Աստծուց չէ` բերում է շփոթություն և խավար: Գրեք այս ճշմարտությունը գրատախտակին։)
-
Ե՞րբ եք զգացել, որ մի բանը, որ լսել եք, տեսել կամ զգացել եք` Աստծուց չէր: Ինչպե՞ս է Հոգին օգնել ձեզ ճանաչել դա:
Բացատրեք ուսանողներին, որ նրանք կլսեն ու կտեսնեն ուղերձներ, որոնք միտված կլինեն` վնասելու իրենց հավատքը: Սկզբունքները, որ նրանք այժմ սովորում են, կարող են ամրացնել նրանց` դիմակայելու այդ ուղերձներին: Կարող եք կիսվել ձեր փորձով` թե երբ է Հոգին օգնել ձեզ ճանաչել, որ ուղերձն Աստծուց չէ:
Ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 50․26-36 հատվածները, բացատրելով, որ Տերը հրահանգել է քահանայության կրողներին զորության ու պարտականությունների վերաբերյալ, որոնք գալիս են նրանց կարգվելու հետ: Նա ասել է, որ քահանայության կրողները պետք է ծառայեն մյուսներին և իրենց մաքուր պահեն: Երբ այդպես են անում, Տերը նրանց զորություն է տալիս հաղթահարելու կեղծ ոգիներին, ինչպիսիք օրինակ կային սրբերի մեջ այս հայտնության տրման ժամանակ:
Վարդապետություն և Ուխտեր 50․37-46
Տերը քաջալերում է սրբերին շարունակել աճել շնորհով ու ճշմարտությամբ, և վստահեցնում է նրանց, որ Նա իրենց հետ է:
Ցուցադրեք Ընտանեկան Աղոթք նկարը (Gospel Art Book [2009], no. 112; տես նաև LDS.org): Նկարում պատկերված փոքրիկ տղային մատնացույց անելով, տվեք հետևյալ հարցերը.
-
Կարո՞ղ եք պատկերացնել այս փոքրիկ տղային ավելի մեծ հասակում` լիաժամկետ միսիայում ծառայելիս: Ի՞նչն է այս նկարում ցույց տալիս, որ նա պատրաստ կլինի ծառայելու:
-
Հաշվի առնելով այն աշխատանքը, որ Տերը պահել է մեզանից յուրաքանչյուրի համար, ինչո՞վ ենք մենք նման այս փոքրիկ տղային:
Նշեք, որ Վարդապետություն և Ուխտեր 50․37-46 հատվածները պարունակում են Տիրոջ խորհուրդն այն երեցներին, ովքեր ներկա էին այս հայտնությունը ստանալու ժամանակ: Ուսանողներից մեկին խնդրեք բարձրաձայն կարդալ 40-րդ հատվածը: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, տեսնելով, թե ինչ խորհուրդ է տվել Տերն այդ երեցներին:
-
Համաձայն 40 հատվածի, ինչո՞ւ Տերն այս քահանայության կրողներին «փոքր երեխաներ» անվանեց: Ի՞նչ առումով ենք մենք փոքր երեխաների նման:
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «աճել շնորհի մեջ»: Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում աճել «ճշմարտության գիտության մեջ»:
-
Ի՞նչ կարող ենք սովորել այս հատվածից` օրհնությունների մասին, որոնք Փրկիչը ցանկանում է, որ մենք ստանանք: (Ուսանողները պետք է արտաբերեն հետևյալ սկզբունքը. Փրկիչը ցանկանում է, որ մենք աճենք շնորհի մեջ և ճշմարտության գիտության մեջ):
Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 50.41-46 հատվածները: Խնդրեք դասարանի անդամներին գտնել մխիթարության ու հավաստիացման այն բառերը, որոնք Տերն ասել է այդ երեցներին և մեզ:
-
Ի՞նչ է նշանակում ձեզ համար այն, որ Տերն ասում է «դուք իմն եք»: Ինչպե՞ս կարող է այս հավաստիացումն օգնել մեզ` չվախենալ: ( ՎևՈւ 50.41):
-
Այս հատվածներից ուրիշ ո՞ր խոստումներն են նմանապես նշանակալից ձեր համար:
Ամփոփեք ձեր վկայությունը բերելով այս դասին ուսուցանված սկզբունքների մասին: Քաջալերեք ուսանողներին ավելի լիարժեք ուսուցանել և սովորել Հոգով: